Մի նրբերանգ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական հայացքի ներկապնակից
Հրանտ Մաթևոսյանի ջղաձիգ հայացքը փորձում էր համադրել, մի տեսադաշտի բերել Երկնայինն ու Երկրայինը։ Խիստ, սուր հայացքով զննում էր կյանքը, կյանքի առեղծվածը, նույնքան դիպուկ ու սուր լեզվով, իմաստասեր գրողի անսպասելի գտած դիտանկյուններից տալիս էր իրականության «գրառենտգենյան» պատկերը ու միշտ միտված էր Երկնքի, «խղճի պոստուլատներով» Այստեղայինի պատասխանները գտնելու հոգսին։ Մի անգամ իր հետ զրուցելիս խոսք բացեցի Թումանյանի քառյակների մասին, զգացի, որ ի՛նքն էլ հատուկ վերաբերմունք ունի դրանց հանդեպ, բայց տխուր մի բացականչությամբ, հիասթափվածության պես ասաց․ «Այո, բայց ի՜նչ են դրանք Անհունի հանդիման․․․»։ Կարծես թե մոսկովյան իր ընկերներից Անդրեյ Բիտովի պատմածից եմ հիշում։ — Միասին մի ժամանակ եղել են Իսպանիայում մի գրական գիտաժողովի առիթով։ Ասում է՝ Հրանտն այդ գիտաժողովի նիստերին համարյա չէր երևում։ Ասում է՝ մի օր նրան գտա օվկիանոսի ափին, հայացքը՝ օվկիանոսի հեռուներում «կորցրած», կոնյակի շշից դանդաղ կումեր անելիս․․․ Բիտովը նույնն է ասում՝ Հրանտին հմայել տարել էր նույն այդ Անհունը։ Բայց նաև Երկրին ուղղված իր հայացքը երկրային «օբյեկտիվ ռեալությունը» խոր բացահայտող էր։ Հենրիկ Մալյանի «Սարոյան եղբայրներ» ֆիլմը նկարահանելիս, Խորեն Աբրահամյանի պատմածից եմ ասում, ասում է՝ «լռվել, դեմ էինք առել» երկու եղբայրների գերեզմանոցում արած զրույցի տեսարանը նկարահանելիս, գտանք Հրանտին, տարանք փակեցինք մի հյուրանոցի համարում, սնունդ-բան՝ ամեն ինչ, դրեցինք կողքը, «հրամայեցինք» մինչև այսինչ ժամն ավարտել եղբայրների երկխոսության սցենարական այդ հատվածն ու․․․ դուռը վրան փակեցինք, գնացինք․․․ Հիշում ենք, թե ընդամենը փոքր մի զրույցի հատվածում ինչպես է տրվում տվյալ պահի մեր ազգային ճակատագրի ողջ ողբերգական պատկերը, փրկության երկընտրանքի անելանելի փնտրտուքը Արևմուտքի ու Հյուսիսի միջև, որ կարծես հավերժական նզովք է մեր ժողովրդի գլխին կախված և, ավաղ, կարծես արդիական է հենց այսօր էլ․․․ Իսկ Հենրիկ Մալյանն ասել է, թե ինքը «Մենք ենք, մեր սարերը» անունով․․․ ֆիլմ չի նկարահանել, ինքը պարզապես շարժանկարի է վերածել Հրանտի երկխոսությունները․․․
Մի հեգնախառն վշտով էր քննում մեր ազգային ճակատագիրը։ Երկնայինի և Երկրայինի անողոք հակադրության մեջ, դոնկիխոտյանի անխուսափելի պարտության օրենքով, «Մեծամոր» խոհագրության մեջ խաչակիրների նիզակը խրվում-լռվում է խաշնարած բարբարոսների ոչխարների գեղմի մեջ։ Քարանձավից լուսաշխարհ դուրս եկած հայ ճգնավոր գիտնականի այն «զեկույցին» առ այն, թե ինքն այդքան երկար տարիներ ճգնելով «տեսականորեն» հայտնագործել է մարդու արյան շրջանառության փաստը, խաշնարած բարբարոսների զինյալ առաջնորդը հեգնանքով պատասխանում է, որ ինքը դա վաղուց գիտեր՝ առանց տարիներով տքնելու, զոհի պարանոցին իջեցրած թրի մի հարվածի շնորհիվ․․․ «Մեսրոպ» վիպակում իր համանուն հերոսը նույնպես հեգնախառն դառն է «ձևակերպում» մեր ազգային ընթացքի սեղմապատկերը։ Մեսրոպն ասում է․ «Հայերին Լեոն է հնարել։ Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել։ Էն է Լեոյի ժամանակն էր, էլի, սարի պես մարդուն տվին աչքիս դեմ շուռ տվին՝ մի ձեն հանող չեղավ։ Հայ կա՞ր, որ հայի համար ձեն հանող լիներ — կաթ, ոչխար, ես ինչ իմանամ ուրիշ ինչ։ Մերանը Լեոն գցեց։ Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում՝ դառնում է մածուն, Լեոն հայերին էդպես է հնարել։ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» — ոչ կատուն է արհեստավոր եղել, ոչ էլ շունը՝ անգլխարկ, գլխարկը շան ինչի՞ն է պետք, այտա, Հովհաննես Թումանյանը նստել ու երեխեքի համար հնարել է, կարդում են։ Էն է մյուս սեղանին էլ Լեոն է նստել ու մեր հայերիս պատմությունը հնարել։ Զարմայր նահապետ, չէ՜ մի, զահրումար նահապետ․․․»։
Անավարտ, բայց իր գրականագետ Համո եղբոր ջանքերով «կարգի բերված» ու լույս ընծայված «Տախը» վեպում շարունակում է ողբերգական ոլորապտույտներ անել ազգային բախտին հառված իր այդ հայացքը՝ ռուս ցարի օրհնությամբ Լոռվա սարերին տեր դարձած թուրք գեներալ Ղափչօղլու և Հովհաննես Թումանյանի բանակցությունների տեսարաններում՝ քսաներորդ դարասկզբին այդ նույն ցարի հրահրած հայ-ադրբեջանական ազգամիջյան ջարդերի օրերին։ Իսկ հաղագս այդ թեմայի Հրանտ Մաթևոսյանի ասելիքը, անելանելիորեն արձակ իր ստեղծագործության մեջ այլևս չկարողանալ-չպարփակվելով, հիմնականում տարածվում է նրա հրապարակախոսական գործերի ու հարցազրույցների տարածքներում։
Զավեն Բեկյան






