«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է աննախադեպ հայտեր
Այս տարվա «Նոթեյշնս» (Notations) երաժշտական լաբորատորիան արժանացել է միջազգային աննախադեպ հետաքրքրության․ Հայաստանում երկու շաբաթ ինտենսիվորեն ստեղծագործելու համար դիմել է գրեթե 250 արվեստագետ և հետազոտող աշխարհի ավելի քան 38 երկրներից։
Հայաստանից և տարածաշրջանի երկրներից բացի, հայտեր են ստացվել Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Հարավային Աֆրիկայից, Ճապոնիայից, Նիգերիայից, Ավստրալիայից, Սիեռա Լեոնեից, Պերուից, Ինդոնեզիայից, Հնդկաստանից, Տրինիդադ և Տոբագոյից, Ռումինիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, Կոտ դ’Իվուարից, Սինգապուրից, Վիետնամից և այլ երկրներից։

Այս ցուցանիշը փաստում է, որ ընդամենը երկրորդ անգամ անցկացվող «Նոթեյշնս»-ը վերածվում է միջազգային ստեղծագործական հարթակի, որը միավորում է տարբեր մայրցամաքներից արվեստագետների, երաժիշտների, հետազոտողների, կատարողների և այլոց։
hosq հիմնադրամի կողմից կազմակերպվող երաժշտական լաբորատորիան այս տարի կանցկացվի «Ծեսեր» (Rituals) խորագրի ներքո։ Հուլիսի 20-ից օգոստոսի 2-ը տևող 12-օրյա լաբորատորիան նախատեսված է ձայնի, երաժշտության, տարբեր մեդիաների, ինստալյացիայի, պերֆորմանսի և հետազոտությունների ոլորտում աշխատող արվեստագետների համար։
Լաբորատորիայի համադրողական թիմի կազմում են կոմպոզիտոր, դաշնակահար և երգահան Արման Պեշտմալջյանը, շեփորահար Տիգրան Սուչյանը, կոմպոզիտոր, սրնգահար Արամ Հովհաննիսյանը, կոմպոզիտոր և էլեկտրոնային պրոդյուսեր Շահեն Խանդկարյանը (Shhau), էթնիկ/էլեկտրոնային կոմպոզիտոր և պրոդյուսեր Բեն Ուիլերը, DJ և պրոդյուսեր Հայկ Կարոյին և այլ ճանաչված մասնագետներ։
«Notations-ը հարթակ է, որտեղ արվեստագետները ոչ միայն ներկայացնում են իրենց աշխատանքը, այլ նաև միասին ապրում, հետազոտում և վերաիմաստավորում են ձայնի, տարածության և մարդկային ներկայության փոխհարաբերությունները։ Այս տարվա թեման մեզ համար փորձ է հասկանալու, թե ինչպես են ծեսերը ձևավորում մեր հավաքական հիշողությունը, ինչպես են դրանք փոխանցվում ժամանակի ընթացքում և ինչ կերպ կարող են վերածվել ժամանակակից ստեղծագործական փորձառության։ Մենք ուզում ենք ստեղծել միջավայր, որտեղ արվեստը դառնում է հաղորդակցության, վստահության, համատեղ ստեծարարության և միավորման հնարավորություն»,- նշում են նախաձեռնության կազմակերպիչները։

Մասնակցության հայտերի ընդունման ավարտից հետո ընտրվելու է 65 մասնակից։ Մասնակիցների 70 տոկոսը լինելու են Հայաստանում գործող և բնակվող արվեստագետներ, իսկ 30 տոկոսը՝ միջազգային հյուրեր։
Լաբորատորիան կամփոփվի օգոստոսի 1-2-ը կայանալիք «Նոթեյշնս» երաժշտական փառատոնով, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց ստեղծած աշխատանքները Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում և Հայաստանի ազգային պատկերասրահում։ Փառատոնի ծրագիրը ներառելու է նաև համերգներ, դասախոսություններ, վարպետաց դասեր, տոնավաճառ և այլ հանրային միջոցառումներ։
Հիշեցնենք, որ 2025 թվականին անցկացված առաջին «Նոթեյշնս»-ը միավորել էր 60 արվեստագետների և 22 համադրողների Հայաստանից և ինը այլ երկրներից։ Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի հիման վրա իրականացված լաբորատորիայի արդյունքում ստեղծվել էր 37 նոր նախագիծ, վավերագրական ֆիլմ, վինիլային սկավառակ և վեց թվային երաժշտական թողարկում, իսկ երկօրյա փառատոնը հյուրընկալել էր ավելի քան 1000 այցելու։






