ԳրաԴաշտ

Ղոլամհոսեյն Սաեդի. Սև Վագոն

Ղոլամհոսեյն Սաեդի. Սև Վագոն

Թարգմանիչ՝ Անի Հովսեփյան

  Ո՛չ անուն, ո՛չ կարգին ինքնություն ուներ, ինչպես և բոլոր թափառաշրջիկները։ Տարբեր տեղերում տարբեր անուններով էին կանչում նրան, երկաթուղու կայարանում՝ Հայկ, Շահփուրի խորքում՝ Մայք, Մոխթարիում՝ Ղառափեթ, կազմակերպությունում՝ Հառափեթ, Սանգելաջում՝ Բարղոս, Թուփխանեում՝ Մարղոս, Լալեզարում՝ Միրզա Պողոս, Ստամբոլ փողոցում՝ Բադ-արմանի[1], Խելառ Ավանես, Մողոս, Փողոս, ու վերջն այդպես էլ չիմացանք՝ իսկական անունն ինչ է, որտեղ են լույս աշխարհ գցել նրան, որտեղ է հասակ առել, ծնողներն ովքեր են եղել, ուսում որտեղ է առել, ոնց է ապրել ու երբ է խելքը թռցրել։

  Մի քանի տարի էր, ինչ հայտնվել էր մեր կողմերում։ Ու բոլորն արդեն ճանաչում էին նրան․ ամեն Աստծու օր, ճիշտ նույն ժամին հայտնվում էր նույն տեղում՝ ժամը իննին՝ Սանգելաջում, տասին՝ Թուփխանում, տասն անց կեսին՝ Լալեզարում, տասնմեկին՝ Ստանբոլ փողոցում, ու այսպես մինչև երեկո։ Տարօրինակ կերպար էր ստեղծել իր համար՝ առատ մազմորուք, նիհար ու ոսկրոտ դեմք, անատամ բերան, բարձր ու կքած-կոր հասակ, աջ ոտքը կաղում, ձախ ուսը ճոճվում էր, գլխին հնամաշ ու կեղտոտ շլյապա էր կրում, քթին՝ պրոֆեսորական կլոր ակնոց, տարին բոլոր ոտքի կոճերին հասնող երկար անձրևանոց էր հագնում, մեջքին զանազան գրքերի ժապավենով կապած մի տրցակ կար, մենակ ափեղցփեղ խոսեր ու դեմքը ծամածռելով խեղկատակություն աներ։ Մուրացկանություն ընդհանրապես չէր անում, բայց ինչ տային, շատ հանգիստ, առանց քաշվելու, անխոս վերցնում էր։ Միշտ ուտելիս էիր տեսնում նրան, ուտում էր շատ, ուտում էր ամեն ինչ, անատամ բերանով պոպոք-պնդուկ կոտրում, չոր հաց էր ծամում, ծխախոտի քնթուկներ էր հավաքում ու արագ-արագ ծխում։ Սրճարաններում ու օղեվաճառի կրպակներում որ սեղանին մոտենար, մի բաժակ տալիս էին, կոնծում էր, խայթող մի խոսք ասում ու անցնում։ Արտասովոր առոգանություն ուներ, դրա համար շատերին թվում էր՝ հերթական օյինն է խաղում՝ հայի տեղ դնելով իրեն։ Կեսօրի կողմերը ստվերոտ, լուռ մի անկյուն գտնում, գրքերը տեղավորում, բացում, թերթում, թեթևակի աչքի անցկացնում ու նորից հավաքում էր։ Ինչ լեզվով ասես գիրք ուներ՝ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, հայերեն, ասորերեն, ռուսերեն, գերմաներեն։ Ու իրոք ամեն լեզվից քիչ թե շատ հասկանում էր։ Գուցե ստում էր, չգիտեմ։ Ասում էին՝ շատ կարդալուց էլ խելքը թռցրել, ցնորվել է։ Գրագետ մարդու հանդիպելիս իսկույն լրջանում ու խոսքի էր բռնվում հետը, վերջն էլ շվարած թողնում ու ճամփան շարունակում էր։ Քանիցս տեսել էի նրան «Մրջան» սրճարանում, «Միթրա» գինետանը, Սիմեթրիի խաչմերուկում, ու ոչ մի անգամ նրա մասին վատ բան չէր անցել մտքովս, ու ես կասկած անգամ չունեի, տարակույս չունեի բնավ,որ ուղղակի խելագարի մեկն է։

Առաջին անգամ, երբ ահազանգ ստացվեց, նույնիսկ ծիծաղս եկավ։ Մտածեցի՝ անգործությունից մեզ հանելու նպատակով չեղած տեղից գործ են բացում մեզ համար։ Ինքս էլ նշանակվեցի քննելու՝ ով է, ինչացու, ինչ տեղեր է գնում-գալիս, ինչպիսի մարդկանց է հանդիպում։ Իրականում առանձնակի դժկամությամբ էլ չէի հանձն առնում գործը։ Հուսադրում էի ինձ, թե քսանչորս ժամ մի խելագարի հետ անցկացնելը պետք է որ շատ հետաքրքիր լինի։

  Հաջորդ օրը քողարկված արտաքինով երկաթուղու կայարան գնացի։ Գիտեի, որ այդ կողմերի հյուղերից մեկում է ապրում։ Գիտեի նաև, թե ո՛ր կողմերից է հայտնվում։ Մի քիչ ոտքս կախ գցեցի, վեր-վար քայլեցի, իրար հետևից մի քանի ծխախոտ վառեցի, մինչև երևաց, նույն, մշտական արտաքինով։ Ճամփի հողաթմբից ելավ, մի պահ կանգնեց, ակնոցն ուղղեց, նայեց արևին ու ճամփա ընկավ, այնպիսի անհոգ մի տեսքով, ասես իրենից բացի շնչավոր ոչ մի ուրիշ արարած աշխարհում չկար։ Ինձ չհասած կռացավ, պատռված մի կոշիկ վերցրեց գետնից, տնտղեց ու շպրտեց։ Հետոմի պահ մտածեց, հետ դարձավ, նորից կոշիկը վերցրեց ու փողոցի մյուս կողմը շպրտեց։ Քթի տակ օտարոտի ծիծաղեց ու ինձ հասնելուն պես աչքով արեց ու ցածր ձայնով հարցրեց.

-Ո՞նց ես։

-Լավ,- ասացի,- ոչինչ, դո՞ւ։

 Սպառնալից ինձ նայեց ու թե.

-Լա՞վ, պարզ է, որ լավ  ես։

 Հարցրի.

-Ոնց որ դառնացած ես։

 Ասաց.

-Պարզ է, որ դառնացած եմ, ինչո՞ւ երեկ գիշեր չեկար պայմանավորված տեղը։

Մտածեցի՝ ուրիշ մեկի հետ է շփոթել։ Այլ կերպ մոտեցա.

-Ճիշտն ասած, մեր պայմանավորված տեղն էի մոռացել։

Նա էլ թե՝ 

-Ա՜յ դու Աստծու տխմար արարած։

Ու ճամփա ընկավ։ Զրույցի կծիկը նա ինքն էր հեշտուհանգիստ բացել ու դյուրացրել գործս։ Հետևեցի նրան։ Մի քանի քայլից հետո հարցրի․

-Մսյո՛ Պողոս, իրոք, որտե՞ղ էինք պայմանավորվել։

Հոնքերը կիտած ու թթված պատասխանեց․

-Ես մսյո չեմ, մուղդուսի եմ, մսյոները երշիկ են ծախում[2], մուղդուսիները աղոթում, Հիսուս Քրիստոսին են հետևում, նրանք Աստծու զավակներն են։

Հանկարծ կանգ առավ ու հարցրեց.

-Իրոք, գաստրոնոմն ո՞ւր է։

Ասացի․

-Գաստրոնոմն ի՞նչ է։

Ասաց.

-Չգիտեմ, մի ժամանակ էստեղ էր, հիմա տեղում ծառ է աճել։

Ու սկսեց քթի տակ դնդնալ այնպիսի անհոգ տեսքով, ասես կողքին չէի։ Արդեն որոշ ժամանակ էր՝ քայլում էինք, որ հարցրի.

-Իսկ բացի ինձնից՝ մյուսները եկե՞լ էին պայմանավորված տեղը։

Գլուխը տարուբերեց ու պատասխանեց․

-Ոչ մեկն էլ չեկավ, արդեն սովորություն են սարքել չգալու։

Հարցրի՝ քանի՞սն են։ Ասաց՝ բոլորը։ Բոլորը պայմանավորվում են ու պայմանը խախտում։ Ահա՛, ահա նրանք, բոլորն անհոգ քայլում են։

Նորից գլուխը հակեց ու շարունակեց իր երգը։ Երբեմն հետը համաքայլ էի գնում, երբեմն առաջ ընկնում, երբեմն էլ հետ մնում ու ամեն պահի ավելի ու ավելի համոզվում, որ անհեթեթ բան եմ անում ու որ խելագարությամբ ու աղբով լեցուն մի պարկի հետևելով, արդյունքի չեմ հասնի։ Հանկարծ անզուսպ ցանկություն ունեցա զննելու նրա գրքերն ու մոտեցա։ Ձեռքս դիպավ մեկի կազմին, նա շրջվեց ու զայրացած հարցրեց.

-Ի՞նչ ես անում։

Ասացի.

-Ոչինչ, ես․․․

-Դու ո՞վ ես,- հարցրեց։

-Հենց նա, ում հետ խոսում էիր,- ասացի։

-Ե՞րբ էի խոսում։

-Հենց նոր, րոպեներ առաջ։

Ու նա թե.

-Ա՛յ մարդ, ես ոչ մեկի հետ էլ չէի խոսում։

-Լավ,- ասացի,- բա կռիվ ինչի՞ ես անում։

Ժպտաց ու ձեռքը երկարեց ինձ։ Չոր մաշկ ու ծուռ-մուռ մատներ ուներ։ Բարեհամբույր ասաց․

-Ես երբեք ոչ մեկի հետ չեմ կռվում, ես շա՜տ բարի մարդ եմ։

 Ես էլ ծիծաղեցի ու ձեռքս դուրս բերելով ձեռքից՝ ասացի․

-Գիտեմ, դու շա՜տ լավ մարդ ես։

-Էդ ո՞նց ես փակ աչքերով գուշակում։

 Ասացի.

-Մի՞թե չես․․․

Ասաց.

-Բա ի՞նչ եմ, որ չեմ։

-Քո կամքն է,- ասացի։

 -Իզուր տեղը հաճոյախոսություններ մի բստրի, դու ինձ հոչե՛ս ճանաչում: Թե՞ ճանաչում ես։

 Ինձուինձ ասացի. «Դե ճիշտ է ասում, որտեղի՞ց եմ ճանաչում»։ Գլխով հաստատեցի ու ասացի.

-Չէ, չեմ ճանաչում։

Դժգոհեց.

-Որ չես ճանաչում, լավ կլինի գործ չունենանք իրար հետ։

 -Եղավ,- ասացի։

Եղավ ասելով գործը գլուխ չի գա։

 -Բա ո՞նց գլուխ կգա,- հարցրի։ 

-Միակ ձևը, — ասաց,- էն է, որ ինձնից առաջ անցնես։

-Շատ լավ,-ասացի,- դա էլ հո դժվար չէ։

Ու առաջ անցա նրանից։ Հազիվ մի քանի քայլ էի արել, երբ հանկարծ բղավեց.

-Հե՜յ, Միրզա Պողո՜ս։

Շրջվեցի թե չէ, հարցրեց․

-Ինչի՞ շրջվեցիր։

Ասացի.

-Դո՛ւ կանչեցիր ինձ։

Հարցրեց.

-Դու, ի՞նչ է, Միրզա Պողո՞սն ես։

-Չէ՛,- ասացի։

 Հարցրեց․

-Բա Միրզա Պողո՞սը։

 Ասացի՝ չգիտեմ։

 Բղավեց.

-Դե որ չգիտես, փշտ եղիր, ուրեմն, մարդո՛ւկ։

Ստիպված ճամփա ընկա։ Ավելի մեծ քայլեր էի վերցնում, ուզում էի անցնել փողոցի մյուս կողմը, երբ նորից ձայնեց.

-Մսյո՜, հե՜յ, մսյո՛։

Անտարբերության մատնեցի։ Արագացրեց քայլքն ու թևս բռնեց։

Շրջվեցի ու հարցրի.

-Ի՞նչ ես ուզում։

Ասաց.

-Ինչի՞ ես ինձնից առաջ անցնում։

 Ասացի.

-Բա ի՞նչ անեմ։

-Ճիշտ կլինի՝ հետևի՛ցս գաս,- պատասխանեց։

Հարցրի.

-էդ ինչի՞ որ։

 Ասաց.

-Երեք պատճառով։

Ասացի.

-Ի՞նչ երեք…

 Ասաց.

-Նախ, որովհետև տարիքով ես քեզնից մեծ եմ, ճի՞շտ է։

-Ճիշտ է,- ասացի։

-Երկրորդ,- շարունակեց,- իմ ուսումը, խելքն ու առավելությունները քոնից շատ են, ճի՞շտ է։

Ասացի.

-Ի՞նչ գիտես։

Արաբերեն մի նախադասություն արտաբերեց ու հարցրեց․

-Ի՞նչ էր նշանակում։

Ասացի.

-Չգիտեմ։

Քմծիծաղեց.

-Պա՛րզ է, որ չգիտես։ Հիմա լսիր՝ ինչ եմ ասում,-ու եվրոպական մի լեզվով ինչ-որ բան ասաց ու հարցրեց․

-Դե ասա՝ ի՞նչ լեզվով խոսեցի։

Ասացի.

-Անգլերեն։

Ասաց.

— Ֆրանսերեն էր, ա՛յ դդում գլուխ։

Ասացի.

-Դե, ֆրանսերեն ես չգիտեմ։

Հարցրեց․

-Բա ի՞նչ գիտես դու։

Ասացի․

-Ոչինչ էլ չգիտեմ,եսի՞մ։ 

Մեկեն լրջացավ ու ասաց.

-Էս էլ ասեմ, ականջիդ օղ ար․ հազար լեզվի իմացությունն անգամ գիտուն լինելու համար բավարար պատճառ չէ, ճի՞շտ է։

Ճիշտ է՝ ասացի։

Ոտքից գլուխ չափեց ինձ ու թե.

-Ո՛չ, արի ու տես, որ շատ սխալ է։

Հարցրի.

-Հիմա ի՞նչ անեմ։

Ասաց.

-Հետևի՛ր ինձ։

Հետևից ճամփա ընկա։ Շատ արագ մոռացավ ինձ՝ ասես առհասարակ հետևից գնացող չկար։ Այդպես մի խաչմերուկի հասանք։ Անտարբեր կտրեց-անցավ, ես՝ նույնպես։ Մի դերձակատան մոտ կանգնեց, դուռը կիսաբաց արեց, գլուխը մտցրեց ներս։ Քայլերս դանդաղեցրի ու մի ծառի տակ կանգնեցի։ Բաներ էր ասում, որ չէի հասկանում։ Բայց դերձակատան մեջ ծիծաղի էնպիսի մի ձայն էր թնդում, որ անցորդները շրջվում-նայում էին։ Նա էլ կարծես ճամփա ընկնելու միտք չուներ ընդհանրապես։ Մի որոշ ժամանակ ինձ պարապության մատնեց, ու երբ երկրորդ ծխախոտը վառեցի, դուրս եկավ։ Հալից ընկած ու անարտահայտիչ, անհոգ դեմք ուներ, ասես ոչ մեկի հետ էլ չէր զրուցել։ Մի քանի քայլ բարձրանալուց հետո մտավ մի նրբանցք։ Կանգնեցի նրբանցքի անկյունում, որ դիտեմ։ Նրբանցքի միջնամասերին հասնելով՝ երկու անգամ սոխակի ձայնով սուլեց։ Լուսամուտներ բացվեցին, ու մի քանի ժպտադեմ մանուկ ուրախ-ուրախ դուրս նայեցին, զվարթ աղաղակներով ձեռքերը թափահարեցին, լուսամուտները նորից փակեցին։ Միրզա Պողոսն իր բեռը պատի տակ դրեց ու նստեց։ Րոպե անց մանուկները տների մուտքերից դուրս թափվեցին ու վրա տվին նրան։ Ամեն մեկի ձեռքին ուտելու մի բան կար։ Նա ժպտադեմ սկսեց ծափ տալ ու պար գալ։ Երեխաները շրջապատեցին ու սկսեցին վրան ելնել՝ջանք ու եռանդ չխնայելով մի բան խոթելու բերանը։ Արդեն կաշվից դուրս էի գալիս, մտա կողքի սրճարանը, նստեցի թեյ խմելու։ Կես ժամ անց լիքը բերանով երևաց։ Իսկույն դուրս եկա։ Նայեց ինձ ու, ականջները շարժելով դիմացից եկող մարդուն հացի կտոր հրամցնելով, հարցրեց․

-Կուտե՞ս։

Մարդն անտարբեր անցավ։ Խենթությունները շարունակեց մինչև կեսօրին մոտ, երբ մի փողոցի անկյունում նստեց, շարեց գրքերն ու սկսեց թերթել։ Գրպանից փոքրիկ տետր էր հանել, երբ մոտեցա ու դիմացը նստեցի։ Ակնոցը շտկեց ու աչքերը հառեց վրաս։ Գրքերը մատնացույց արի ու հարցրի․

-Ծախո՞ւ են։

Ասաց.

-Քոնն են ծախո՛ւ։

Ասացի.

-Ես գիրք չունեմ։

Պատասխանեց.

-Ես հո ունեմ։

Հարցրի.

-Սրանք ի՞նչ են։

 Ասաց.

-Գիրք։

Հարցրի.

-Մեջն ի՞նչ է գրված։

Ասաց.

-Ամեն ինչ էլ գրված է։

Հարցրի.

-Կարո՞ղ եմ աչքի անցկացնել։

Ասաց.

-Կարող ես։

Բոլոր գրքերն օտար լեզվով էին, ու ես, որ օտար լեզու չգիտեի ու ոչնչից գլուխ չէի հանում, հենց էնպես էջ առ էջ թերթում էի ու մի կողմ դնում։ Երբ վերջացրի, հարցրեց․

-Նայեցի՞ր։

-Հա,- ասացի։

 Հարցրեց.

-Ու ի՞նչ էր գրված։

Ասացի.

-Չհասկացա։

Ասաց.

-Բա էլ ինչի՞ էիր ուզում գնել։

Ասացի․

-Հենց էնպես։

 Քմծիծաղ տվեց.

-Հա՜, հենց էնպեսն էլ արդեն իսկ լավ է։

 Գիրքը ձեռքն առավ ու սկսեց կարդալ։

 Հարցրի.

-Դու կարողանո՞ւմ ես կարդալ։

 Ասաց.

-Չե՞ս տեսնում, կարդում եմ։

 Հարցրի.

-Ի՞նչ է գրված։

 Ասաց.

 -Քե՞զ ինչ։

 Ասացի.

-Ես էլ եմ ուզում հասկանալ։

 Ասաց.

-Հենց էնպես,անհատույց չի լինի։

Հարցրի.

-Ի՞նչ ես ուզում։

Ասաց.

-Պատրա՞ստ ես ինձ համար մի բաժակ օղի գնել։

Ասացի.

-Մեկի տեղ երկուսը կգնեմ։

Ասաց.

-Ես էլ քեզ համար երկու բան կկարդամ։

 Ասացի.

-Յա՛ Ալի[3]։

  Ակնոցն ուղղեց ու սկսեց կարդալ. «Հանկարծ դուռը բացվեց, և դուքսը, պաշտոնական զգեստ հագած, դքսուհու ննջարան մտավ։ Դքսուհին կիսամերկ փռված էր մահճակալի վրա, երկու սևամորթ նաժիշտ շփում էին ոտքերը։ Դուքսը, նայելով դքսուհուն, ասաց. «Սիրելի՛ս, օրվա այս պահն ի՞նչ քնելու ժամ է։ Դքսուհին քնքշորեն ժպտաց ու ասաց․ «Տե՛ր իմ, եթե քնի ժամ չէ դեռ, դուք ինքներդ ինչո՞ւ եք հաճել այստեղ գալ։ Դուքսը պատասխանեց. «Ձեր գեղեցիկ դեմքին նայելու համար»։ Եվ նաժիշտներն անկողնու մոտից վեր կացան ու հեռացան սենյակից։ Դուքսը մոտեցավ, նստեց անկողնու անկյունում, վերցրեց ու հոտոտելով դեմքին քսեց անկողնու մոտ, հատակին ընկած դքսուհու մետաքսե թաշկինակը։ Դքսուհին հարցրեց. «Սիրելի՛ս, ասպետից լուր չկա՞ դեռ»։ Դուքսը պատասխանեց. «Սիրելի՛դ իմ դքսուհի, խնդրում եմ այս սիրառատ ու զգայուն պահին խոսք չբացել ասպետի մասինև սիրահար ու անճար սիրտդ ավելի չցավեցնել»։

 Ես ընդհատեցի նրան ու ասացի.

-Շատ լավ, հերիք է։

Նայեց ինձ ու ասաց.

-Լավ տեղերը առջևում են։

Ասացի.

-Ո՛չ, էլ մտադիր չեմ լսել։

Հարցրեց.

-Կուզե՞ս ուրիշ բան կարդամ քեզ համար։

Գրքերի միջից դուրս հանեցի մի հաստափոր գիրք ու ձեռքը տալով՝ ասացի.

-Մի քիչ էլ սրանից կարդա։

Գիրքն առավ ու բացելով հարցրեց.

-Քանի՞ բաժակ օղի։

Ասացի.

-Չորս։

 Սկսեց կարդալ.«Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Քիչ էր մնում, որ ծրագիրն սկսվեր, երբ գլխավոր օթյակ մտան այն երկու անզուսպ սիրահար զույգերը։

  Օրիորդ Էդիտայի գեղեցկությունն ու ասպետի պարթև հասակն ու խոշոր կուրծքն այնքան արտահայտիչ էին, որ բոլոր հեռադիտակները դեպի զույգն ուղղվեցին։ Ասպետը վզին մետաքսե կանաչ թաշկինակ էր կապել, և օրիորդ Էդիտան մեկընդմեջ շրջվում ու իր մարմարյա ուսի վրայով հայացքներ էր ուղղում ասպետի առնական դեմքին»։

 Նորից կտրեցի խոսքն ու ասացի.

-Շա՛տ լավ։

Հարցրեց.

-Էլի՛ դուրդ չեկա՞վ։

Ասացի.

-Չէ, ինչի՞, լավն էր, բայց արդեն կեսօր է, հերիք է։

 Զայրույթով պատասխանեց.

-Ի՞նչն է հերիք։

  Մի ուրիշ գիրք առավ ու սկսեց բարձրաձայն կարդալ․ «Վերջապես վրեժխնդրությունն իր գործն արեց, և այն վատահամբավ ճիվաղը, որ խլել էր Անաստասիայի անարատության գոհարը…»։

Ասացի.

-Էլ չեմ ուզում։

 Ոտքից գլուխ չափեց ինձ ու ասաց․

-Հիմարի մեկն ես։

 Ասացի.

-Վե՛ր կաց, գնանք օղիդ առնեմ։

 Ասաց.

-Կեսօրվա էս ժամի՞ն։

 Ասացի.

-Ես գնացի ուրեմն։

Վեր կացա, որ հեռանամ, ասաց.

-Գիտե՞ս, անառակի մեկն ես դու։

Ասացի.

-Թող էդպես լինի։

 Մի քանի քայլ հեռացել էի, հետևիցս ձայնեց․

-Խոսքդ չդրժես, հա՜, երեկոյան օղեվաճառի կրպակի մոտ լինես։

Ասացի.

-Անպայմա՛ն կլինեմ։

-Չեկար, մարդչես։

-Երդվում եմ,- ասացի,-կգամ։

Շարունակեցի ճամփաս, նորից ձայն տվեց․

-Հաստա՞տ կգաս։

-Իհա՛րկե կգամ,- ասացի։

 -Բա ո՞ւր ես գալու, ի՞նչ գիտես,- հարցրեց։

  Ասացի.

— Օղեվաճառի կրպակի մոտ։

Հարցրեց.

-Ո՞ր մեկի։

Ասացի.

-Որ մեկի մոտ ասես։

Ծիծաղելով բղավեց.

-Չասի՞, չասի՞, որ դու է՜ն ընկած-ելածներից ես։

 Մեծ քայլերով հեռացավ։ Այն, ինչ ուզում էի, ձեռք էի բերել, ու այն, ինչ ձեռք էի բերել, համոզեց վարչությանը, ու Հառափեթի, Ղառափեթի, Խելառ Ավանեսի, Միրզա Պողոսի գործի թղթապանակը փակվեց։ Մի քանի ամիս անց նորից տեսա նրան, այս անգամ է՛լ ավելի թափթփված տեսքով։ Նորեկ մի պաշտոնյա բերման էր ենթարկել սրան-նրան անառիթ հայհոյելու, սրա-նրա հետևից չարախոսելու ու հարայ-հրոց գցելու մեղադրանքով։

 Ո՞նց վարվեիր նման խելագարի հետ։ Մյուս կողմից՝ օրենքն էր պարտադրում հարցաքննել։ Ստիպված նստեցի դիմացը․ ես և նա։

Հարցրի.

-Անունդ ի՞նչ է։

Պատասխանեց.

 -Քոնն ի՞նչ է։

-Դու իմ անվան հետ ի՞նչ գործ ունես, հարցիս պատասխանիր։

 Կողքիս նստած պաշտոնյան ցածրաձայն ասաց․

-Ոնց որ մի երկու ապտակն ուշքի կբերի սրան։

 Շշուկով ասացի․

-Վազ անցիր, սա ապտակի բան չի, չի դիմանա։

Հետո շրջվեցի Պողոսի կողմն ու հենց այնպես ասացի․

-Իմ անունը Բեհդադի է։

 Ասաց.

-Իմն էլ Էմդադի։

 Ասացի.

-Ինչո՞ւ ես ստում։

 Ասաց.

-Որովհետև դո՛ւ էլ ես ստում։

 Հարցրի.

-Ի՞նչ գիտես՝ ստում եմ։

Պատասխանեց.

-Դո՛ւ ինչ գիտես, որ ես էլ եմ ստում։

 Ասացի.

-Ես քեզ գիտեմ։ Քո անունը Մսյո Պողոս է։

 Պատասխանեց.

-Ես էլ քե՛զ գիտեմ։

 Հարցրի․

-Որտեղի՞ց։

Ասաց․

-Ուրեմն անունդ Բեհդադի չի, հա՞։

Ծիծաղս զսպելով հարցրի․

-Որտե՞ղ ես ապրում։

 Պատասխանի փոխարեն հարց տվեց․

-Դո՞ւ որտեղ ես ապրում։

Կողքիս պաշտոնյան բղավեց․

-Մասխարայություն մի՛ արա, ա՛յ փուչ արարած, սա վարչություն է, էստեղ հարց տալու իրավունք դու չունես։

Զայրույթով ասաց.

— Եթե վարչություն է, ուրեմն դուք էլ հարց տալու իրավունք չունեք։

Պաշտոնյան բարձրաձայն սպառնաց․

-Մենք իրավունք ունե՛նք, մենք էստեղից ենք։

 Հանդարտ տոնով ասաց.

-Ուրեմն ես էլ իրավունք ունեմ, ես էլ եմ էստեղից։

 Ձեռքս խփեցի սեղանին ու զուսպ ձայնով ասացի.

-Մսյո՛ Պողոս, ես Խորշիդ փողոցում եմ ապրում։

 Տարավ-բերեց ու խորամանկորեն թե.

-Ա՛յ նամարդ, ուրեմն վերջը քեզ բերիր ու քաղաքի գլխին նստո՞ղ սարքեցիր։

 Հարցրի.

-Իսկ դո՞ւ որտեղ ես ապրում։

Ասաց.

-Ես վագոնում եմ ապրում։

Հարցրի.

-Ո՞ր վագոնում։

Պատասխանեց.

-Սև վագոնում։

 Հարցրի.

-Կին, զավակ ունե՞ս։

Ասաց.

-Կին չունեմ, զավակ ունեմ։

 -Մահացե՞լ է կինդ,- հարցրի։

  Ասաց.

-Քո՛ կինը թող մեռնի, ա՛յ ոչուփուչ, ես կին դեռ չեմ առել, որ մեռնի։

 Ասացի.

-Բա երեխան որտեղի՞ց։

Ասաց.

-Ոչ մի տեղից։

Հարցրի.

-Քանի՞սն են։

Անտարբեր պատասխանեց.

-Շա՞տ գիտեմ, քսան-քսանհինգը կլինեն։

 Պաշտոնյան քինոտ ասաց.

-Լրիվ ձեռառնոցի ենք դարձել։

 Ու ես, որ շատ ուշ էի հանձնվում, հարցրի.

-Մեծդ քանի՞ տարեկան է։

 Ասաց.

-Քսանհինգ-քսանվեց։

 Հարցրի.

-Փո՞քրը։

 -Քսանչորս-քսանհինգ։

 Ծիծաղս եկավ։ Ճիշտն ասած, այս ամբողջ անհեթեթությունը թղթին հանձնելու միտք չունեի, բայց ճար էլ չունեի։

 Հարցրի.

-Բոլորդ միասի՞ն եք ապրում։

 -Չէ,- ասաց,- ժամանակ առ ժամանակ տեսակցելու են գալիս ինձ։

  Հարցրի.

-Ի՞նչ եք խոսում նրանց հետ։

 Ասաց.

-Ո՞նց թե, ինչ եմ խոսո՞ւմ։ Էս ի՞նչ տեսակ մարդիկ եք։ Ես գիտուն մարդ եմ, հեքիաթ եմ նրանց պատմում, գիրք եմ կարդում, հաշվել եմ սովորեցնում։

 Ասացի.

-Է՞լ ինչ եք անում։

  Ասաց.

-Եթե մոտս ուտելիք-մուտելիք է լինում, տալիս եմ՝ ուտում են։

Ասացի.

-Է՞լ։

 Ասաց.

-Ջղայնացած որ լինում եմ, ջարդները տալիս եմ։

 Պաշտոնյան ասաց.

-Մեղա Աստծու։

Քթիս տակ ասացի.

-Հանգի՛ստ, մի նյարդայնացիր։

Թղթի տակ գրեցի․ «Ազատ արձակված», ու ասացի.

-Վեր կաց, գնա։

 Հարցրեց.

-Ո՞ւր գնամ։

 Ասացի.

-Բանուգործիդ գնա։

 Ասաց.

-Ես ոչ միբանուգործ էլ չունե՛մ, ուզում եմ էստեղ էլ մնալ։

Հարցրի․

-Մնաս՝ ի՞նչ անես։

 Ասաց․

-Կարևոր գործունեմ էստեղ անելու։ Որոշ բաներ է պետք սովորեցնել ձեզ, որոշ գաղափարներ է պետք ձեր դատարկ գլուխները մտցնել։

Վեր կացա ու պաշտոնյային ասացի.

-Դուրս հրավիրիր սրան։

 Բայց մի՞թե հնարավոր էր վռնդել նրան։ Երկու ձեռքով կպել աթոռին, բղավում էր.

-Ձեր հոր տունն է, ի՞նչ է, որ ուզում եք վռնդել ինձ։

 Հարցաթերթիկը կցվեց նախկին հրահանգին և իմ կատարած հետազոտությանն ու մտավ թղթապանակ։ Մյուս օրը թղթապանակը կրկին վերադարձավ իմ սեղան։ Հարցուպատասխաններից մի քանիսն ընդգծվել էին, ու ինձ կարգադրվել էր սև վագոնի ու քսանհինգ հասակակից զավակների վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն կատարել։ Իմ կարծիքով ավելորդ մանրախնդրություն էր, բայց ուրիշ հնար չկար։ Նրա գիշերային կյանքն էր պետք հետախուզել։

  Հաջորդ գիշեր մի օղեվաճառի կրպակում գտա նրան։ Մի քանի հարբած տարեց մարդկանց համար գեղգեղում էր։ Չհասկացա՝ նկատվեցի՞, թե՞ոչ, բայց դրսում թաքնվեցի ու սպասեցի մինչև կիսահարբած դուրս եկավ։ Հետևեցի։ Հենց այնպես համրաքայլ, հուշիկ-հուշիկ անկյունից անկյուն, փողոցից փողոց գնում, կանգ էր առնում, նորից ճամփա ընկնում, ծանոթ-անծանոթի հետ խոսքի բռնվում։ Սանգելաջի մոտակայքում մի գինետուն մտավ։ Կես ժամից ավելի վեր ու վար քայլեցի ու հենց ուզեցի ներս մտնել գինետուն, դուռը բացվեց ու մի քանի շիշ ձեռքին դուրս եկավ։ Առերեսվեցինք, ու նա հրամայական տոնով ասաց.

-Մի կողմ քաշվիր, չես տեսնո՞ւմ՝ ով է գալիս։

    Նրա այս խոսքից անակնկալի եկա, որ ինձ չճանաչեց, ու նորից ստվերի նման՝ առջևից նա, հետևից՝ ես, գնացինք, երկաթուղային կայարան հասանք։

  Բլրից ցած իջավ, ես էլ իջա։ Հետ շրջվելու ու հետևը նայելու սովորություն չուներ։ Բայց ես զգուշացա։ Փտած փայտակոճերով երկաթգծերի, հնամաշ մեքենաների ու ժանգոտ երկաթների թափոնի կողքով անցանք, հասանք խարխուլ վագոնների մի  շարանի։ Շարքում գտնվող վագոններից մի քանիսում լապտերներ էին վառվում․ պարզ էր, որ մի խումբ մարդկանց կացարանն ու ապաստարանն էր։ Միրզա Պողոսն անցավ ու ժանգոտած թիթեղակույտի միջնամասում ընկած վագոններից վերջինը մտավ։ Հեռվում կանգնած սկսեցի հետևել։ Րոպեներ անց մի լապտեր վառվեց, ու վագոնի մուտքի կիսաբաց դռան արանքից նվազ կարմրավուն լույս դուրս ցոլաց։ Զգուշությամբ մոտեցա ու տեսա՝ բեռը մի կողմ է դրել, գլխարկը հանել, գլուխը հենել է վագոնի երկաթյա պատին, ասես քուն էր մտել կամ մրափում էր։ Մի որոշ ժամանակ վագոնի շուրջը թրևեցի։ Կասկածելի ոչինչաչքս չընկավ։ Արդեն ուզում էի հեռանալ, երբ տեսա՝ մի գորշ ուրվական է մոտենում Մսյո Պողոսի վագոնին։ Իսկույն պահ մտա։ Մի երիտասարդ տղամարդ սուլելով մոտեցավ ու վագոնի մոտ բարձրձայնով կանչեց.

— Հայրի՜կ, հայրի՜կ։

 Պատասխանի չսպասելով բարձրացավ։ Մտքերով էի տարված, երբ նույն առաջինի ճամփով մոտեցող երեք հոգի նկատեցի։ Կես ժամ անց՝ ևս երեքը, տասը րոպեից՝ չորսը, մեկ ժամ հետո էլ տասնհինգ-տասնվեցը, գուցե և ավելի, հավաքվեցին Միրզա Պողոսի վագոնում։ Զգուշությամբ մոտեցա վագոնին։ Ներսում աղմուկ էր, ուշաթափության հասնող հռհռոց։ Կիսաբաց դռան մոտ պպզեցի ու գլուխս աննկատ դիրքով վերև պահեցի, որ ամեն ինչ լավ տեսնեմ։ Ով ուր պատահի նստոտել էր, ու մեծ մասը ծխում էր։ Հոգնատանջ դեմքեր, բոլորը թափթփված քրջերով ու ցնցոտիներով, նույնիսկ Պողոսի ցնցոտիներից էլ մաշված։ Ու ինքը՝ Պողոսը, որ առանց գլխարկի է՛լ ավելի կոմիկական տեսք էր ստացել, նստել էր մի հսկա գրատախտակի մոտ ու գլուխն էր շարժում: Բայց միահամուռ ծիծաղի ձայները մարեցին, երբ հանկարծ Պողոսը, խոժոռ դեմք ընդունելով, ասաց.

-Լավ, լավ, հենց հիմա ձեններդ կտրեք։

 Բոլորը մեկեն լլկվեցին ու լրջացան։ Պողոսը կրկնեց․

-Վերջ ծիծաղին ու կատակին, դասն սկսում ենք։

 Շատ լուրջ վեր կացավ ու գնաց գրատախտակի մոտ։ Հուժկու ձայնով ասաց․

-Այսօրվա դասը, այսինքն՝ այս գիշերվա դասը, շատ լավ դաս է։ Այս գիշերվա դասը գինու և գինի խմելու օգուտների մասին է։ Զավակներս, գինին լավ բան է, այսինքն՝ շատ լավ բան է։ Մի՞թե այդպես չէ։ Խմում ես, քեֆդ լա՜վ լավանում է, ճի՞շտ է։ Ու քանի որ մարդ քեֆը միշտ բարձր պիտի պահի, ուրեմն միշտ գինի պիտի խմի։ Պա՞րզ է այսքանը։

Բոլորը երեխաների նման միահամուռ բղավեցին.

-Այո՜։

Ու Պողոսը շարունակեց․

-Գինի խմողները, սակայն, երկու խմբի են բաժանվում։ Մի խումբը խորովածով է խմում, մյուսը, որ խորոված չունի՝ գինին գինո՛վ է խմում։ Այսինքն՝ փողատերերը նախ գինի են խմում, հետո՝ խորոված ուտում, իսկ փող չունեցողները նախ գինի են խմում, հետո վրայից էլի՝ գինի։ Ուրեմն կարելի է հետևություն անել, որ փող չունեցողների քեֆը փող ունեցողների համեմատ կրկնակի՛ լավ է։

 Ապա մի պահ դադար տվեց ու հարցրեց.

-Կա՞ մեկը, որ չհասկացավ էսքանը։

 Մի կոլոտ բանվոր ձեռք բարձրացրեց ու ասաց.

-Ե՛ս։

 Պողոսը թթված վրա բերեց.

-Ախ դո՛ւ, տխմար գլուխ, ե՞րբ է ինչ-որ բան մտել գլուխդ, որ հիմա մտնի։

Ու սա պատասխանեց.

-Ճիշտ է, հայրի՛կ, մինչև գինի չխմեմ, գլուխս բան չի մտնի։

 Պողոսը ճակատը շփեց ու ասաց.

— Բա ի՞նչ անենք։

 Ապա դարձավ նրանցից մեկին ու ասաց.

-Շշերը բեր։

  Բոլորն իրար անցան, մի ակնթարթում վագոնի մեջտեղը լցվեց անակցիզ ու անպիտակ գինու շշերով ու բաժակներով։ Պողոսը մի գլուխ կրկնում էր․

-Մի՛ աղմկեք, մի՛ աղմկեք։

 Առաջին բաժակն ինքը լցրեց ու հարցրեց.

-Ո՞ւմն է առաջին բաժակը։

 Նույն կոլոտ բանվորը թե՝ իմը։

-Համա թե երես ես առել, հա՜,- ասաց Պողոսն ու հարցրեց,- լավ, ո՞վ պիտի առաջինը խմի։

Բոլորը միաբերան աղաղակեցին․

-Հայրի՜կը, հայրի՜կը, հայրի՜կը։

Պողոսը ծիծաղեց ու ասաց․

 -Իմ ու մեր բոլորի կենացը։

 Գինին գլուխը քաշեց, ու մյուսները վրա տվեցին շշերին։ Պողոսը ձայնը բարձրացրեց.

-Չենք աղմկում։ Լսե՛ք հրամանս՝ գինուց հետո մատներով ճտտացնելու, երգելու, կատակ անելու, ծեծուջարդ սարքելու, օյինբազություններ անելու մեջ ազատ եք, բայց հարբեցողությունը, լացն ու փսխելն արգելվում են առհասարակ։ Հասկացա՞ք։

 Բոլորը ծիծաղելով բացականչեցին.

-Այո՜։

Ու հարձակվեցին շշերի վրա։

  Ես այլևս անելիք չունեի։ Գիտեի՝ Պողոսի դասի վերջն ինչ է լինելու։ Գործիս վերջնարդյունքն էլ էր պարզ․ մի ընդարձակ զեկույց՝ ծաղկեցրած մանրամասներով հավելվեց Պողոսի թղթապանակին ու մտավ արխիվ։

  Ամեն ինչ մոռացվեց։ Մինչև որ մեկուկես տարի անց՝ մի երեկո, ուրիշ մեկի և մի այլ խնդրով հապճեպ շրջապատեցինք նրա վագոնը։ Լապտերը վառ էր ու երեխաներին․․․ այո, երեխաներին շուրջը հավաքած, գինարբուքի դասի փոխարեն ուրիշ դաս էր վարում։ Անհավատալի էր։ Առանց գլխարկի նստել էր սև գրատախտակի մոտ ու արագ-արագ խոսում էր, բայց ոչ այն Պողոսի պես, որին գիտեինք։ Բոլորովին այլ մարդ էր դարձել։ Հաստատուն տոնով, ծանրակշիռ խոսք էր ասում։ Ինը ցնցոտիավոր նստած՝ ուշիուշով լսում էին։

   Կիսաբաց դռան մոտ պահ մտա այնպես, որ չերևամ ու միևնույն ժամանակ ամեն ինչ կարողանամ պարզ տեսնել։ Տասը-տասներկու զինված ծառայող հեռվում կանգնած սպասում էին Ահմադ անունով, ճակատը խանձված, խոռոչանման բերանով, նիհար ու երկարոտն մի մարդու, որ երկու ամիս առաջ էր ձերբակալվել ու ամբողջ երկու ամիս բերան չէր բացել։ Չնայած ընկերներն իսկույնևեթ երգել էին, բայց ինքը նախընտրել էր շարունակական ծեծի ենթարկվել ու նույնիսկ իր տան տեղը չէր ասել։ Թեև մի քանի անգամ պրիմուս համտեսելուց հետո խոստովանել էր, որ շարքից դուրս եկած, խարխուլ ինչ-որ վագոնում է ապրում։ Ու հիմա գիշերամուտով մեզ Պողոսի վագոնի մոտ էր բերել։

  Տասը րոպե էր՝ սպասում էի աստիճաննների մոտ։ Արդեն հասկացել էի, թե ինչ տեսակի արարածների հետ ենք գործ ունենալու։ Վեր կացա ու ոտնաթաթերիս վրա հեռացա։ Հրամայեցի Լոլոզին՝ երկարոտն Ահմադին, տանել մեքենա, ապա շուրջկալեցինք վագոնն ու շեշտակի բացելով դուռը՝ խուժեցինք ներս, ու ես գոռացի.

-Չե՛ք շարժվում։

 Պողոսն ու ընկերները սառցի վրա ընկած քարերի պես լուռ ու անշարժ մնացին իրենց տեղերում։ Բղավեցի․

-Ա՛յ անառակի ծնունդ, խաբեբա, գաղտնիքդ արդեն բացվել է, բանդ բուրդ է։

 Ինչ-որ բան էր ուզում ասել, բայց բռունցքիս ուժեղ հարվածն իջավ բերանին։

-Ա՛ռ քեզ։

   Բերանի անկյունից արյան երկու շիթ հոսում էր մորուքն ի վար։ Հրամայեցի՝ վեր կենան։ Կարգադրեցի բացի Պողոսից՝ մյուսներին մեքենա նստեցնեն, զգուշացրի, որ փախչելու փորձի համար գլուխները ջարդելու ենք։ Ինքս մնացի ոստիկաններից երկուսի ու Պողոսի հետ։ Անցանք խուզարկության։ Սև գրատախտակից, պարանով կապկպած գրքերից, հնամաշ վերմակից, մի քանի դատարկ շշից ու ամանից ու շունչը փչած մի զույգ ճտքակոշիկից բացի՝ ուրիշ ոչինչ չգտանք վագոնում։ Դուրս գալիս մտքովս անցավ վագոնի շուրջն էլ ստուգել։ Ձեռքի լապտերի լույսով զննեցինք վագոնի տակն ու շուրջը։ Քիչ հեռվում մեծ քանակի երկաթի բեկորներ էին իրար վրա կիտել։ Հենց այնպես՝ անհոգորեն մի քանի կտոր շուռումուռ տվինք։ Ապշած էինք՝ աչքներիս առաջ պահեստ էր՝ հսկայական մի զինապահեստ, բաղկացած յոթ-ութ լիքը արկղերից, որոնց երեսը ծածկված էր բրեզենտով։

   Աներևակայելի էր այդ պահի մեր խռովքն ու տագնապը։ Չգիտեինք ինչ անել։ Մեր խումբը մեծ չէր։ Մի քանի ոստիկան տեղապաh կարգեցի ու կարգադրեցի մոտեցող անծանոթի հարցերն անմիջապես լուծել։ Պողոսին ձեռնաշղթայեցինք ու նստեցրինք մեքենան։

  Ամենից զարմանալին այն էր, որ նա այդ պահից փոխվեց։ Մեջքի կորությունն անցավ, ուղիղ կրծքով ու ձիգ մարմնով էր քայլում, այլևս չէր կաղում։ Գլուխը հպարտ վեր էր պարզել։ Մեքենան նստելիս տարօրինակ ժպիտ կար դեմքին։ Ընկերները, այսինքն՝ զավակները, բոլորը ձեռնաշղթաներով ու լուռ, հայացքները հառել էին գետնին, ոչ մեկը մեզ չէր նայում։ Մի քանի անգամ հարձակվեցի Պողոսի վրա։ Նրա կերպարանափոխությունը կասկածներ էր հարուցել իմ մեջ։ Մտածում էի, թե մազմորուքն արհեստական են։ Քանի անգամ մորուքից բռնեցի ու այնքան ուժեղ քաշեցի, որ ճակատը ծնկիս կպավ ու մի փունջ սպիտակ մազ մնաց բռիս մեջ, և մի քանի կաթիլ արյուն կաթեց մեքենայի հատակին։ Վարչություն հասնելուն պես նրանց կողմից տարօրինակ մի համառություն նկատվեց։ Պողոսն ու իր զավակները ոչ մի կերպ չէին պատրաստվում բերան բացել։ Անտառաբնակ գազանների էին նման։ Նրանք չխոսեցին ո՛չ առաջին ժամերին, ո՛չ առաջին օրերին, ո՛չ առաջին ամիսներին, ամեն անցնող օրվա հետ նրանցից գեթ մի բառ անգամ կորզելու հույսը գնալով նվազում էր։ Նրանք բոլորն իրարից զատ բանտախցերում էին ու կատարելապես անահուդող էին։ Մեր կողմից բանեցրած բոլոր հնարքներնու ստերը բացարձակապես անօգուտ էին։  Միակը, որ բերանը բացում էր, Լոլոզ Ահմադն էր։ Սա առաջին օրերին վախից ջերմեց։ Ապա խոստովանեց, որ ստել է, որ Պողոսին ու նրա աշակերտներին չի ճանաչել, և որ իր վագոնն ուրիշ էր։ Քանի որ մի քանի նամշահոտ գիրք ու թղթի կտոր էր ունեցել իրերի մեջ, վախից մատնել էր Պողոսի վագոնը՝ նրան խելագարի տեղ դնելով։ Ստուգումներից հետո պարզվեց, որ ճիշտ է ասում, ստիպված նրա գործն առանձնացրինք մյուսներից։

  Բայց ամենից անհողդողդը Պողոսն էր։ Բերում, մերկացնում էին ու տասը-տասներկու հաղթանդամ, հաստավիզ տղաներ ջանն էին ընկնում։ Իսկ նա իր մարմնից կարծես անջատված լիներ։ Շանորդին ցավ ընդհանրապես չէր զգում։ Երբ դանակի ծայրը քչփորում էր նրա վերքերը, կամ կրակի բոցը խանձում էր մաշկը, փակում էր աչքերն ու անխռով դեմքով, ասես քնած ձևանալիս, կամ աչքերը ուրիշի տանջանքի առջև փակելիս լիներ։

  Բայց ընկերներն էլ չէին տարբերվում նրանից։ Ընդհանրապես։ Գիշեր-ցերեկ՝ ջա՛նք, ջա՛նք ու ջա՛նք։ Ու այդպես էլ չպարզվեց՝ ով ում հետ է եղել, ով ում որտեղ է գտել, արկղերը ոնց ու որտեղից են ձեռքներն ընկել։ Պողոսի տեսքն էլ մարդու չէր հիշեցնում։ Մարմնի վրա ողջ տեղ չէր մնացել։ Քայլել չէր կարողանում։ Նստատեղի վրա անհարմարություն պատճառող մի վերք էր բացվել, որից տարօրինակ գարշահոտ էր գալիս՝ քրքրված ու թարախոտ վերքի հոտ։ Բուժկենտրոնն էլ ճար չէր գտնում։ Տեսքը սրտխառնոց էր առաջացնում։ Հրդեհվող անտառից փախած արջի էր նման, սարսափելի էր տեսքը։ Բայց թե՛ նա, թե՛ ընկերներն ուտում էին այն ամենը, ինչ տրվում էր։ Թվում էր, թե ուտելիքը կյանքի հետ նրանց կապող միակ բանն էր։ Եվ մի ուրիշ բան էլ կար, այո՛, սարսափելի մի ուրիշ բան՝ Պողոսի սարսափազդու մռնչոցները, որ մի քանի ժամը մեկ փակ դարպասի հետևից լսվում ու դղրդացնում էին շրջակայքը։ Կատաղի մռնչոցներ, բայց ոչ ցավի ու անճարության, այլ ասես ինչ-որ բան ասելու, այլոց մի լուր հասցնելու ցանկության։ Մռնչոցներ, որոնց կես ժամի չափ ամենուր տիրող տարօրինակ լռություն էր հաջորդում։ Ամեն օր անցնելիս՝ նրա մռնչյունների միջանկյալ դադարը ավելի ու ավելի էր կարճվում, արձագանքն է՛լ ավելի անտանելի դառնում։ Այնքան, որ ստիպված էի ականջներս փակել։ Մինչև որ մի գիշեր մռնչոցները դադարեցին։ Նրան գտանանշնչացած, բանտախցի հատակին, մթագնած դեմքով ու բաց աչքերով։ Հաջորդ օրն արդեն ընկերներն ասես կռահեցին, որ աղետ է պայթել Պողոսի գլխին։ Այդ պահից սկսած ամեն օր, ճիշտ նույն ժամին Պողոսի մռնչոցների փոխարեն նրանց խմբային մռնչոցներն էին դղրդացնում շրջակայքը։ Անտանելի ձայն էր, նման գնդակից վիրավոր վայրի արու վարազների բոլուկի հարձակման պահին բարձրացող խմբային մռնչոցի։ Ոչ մի կերպ հնարավոր չէր հնազանդեցնել ու խոսեցնել նրանց, ու ոչ մի կերպ հնարավոր չէր զսպել նրանց մռնչոցները, ու միակ չարիքն այն էր, որ սպասում էր նրանց։ Մի օր լուսաբացին երկու բեռնատարով գնացինք Մահապատժի հրապարակ։ Արարողակարգն ինչպես միշտ արագ էր կատարվում։ Ու հենց այն պահին, երբ ջոկատը ծնկի իջավ, նրանց վայրի ու զայրագին մռնչոցը այնպես երկինք ելավ, որ ստիպված էի աչք ու ականջ փակել։

   Երկու ամիս անց ողորմելի վիճակի մատնված Լոլոզ Ահմադին ազատ արձակեցինք։ Եվ նա, ում ուշքն ու միտքը թվում էր  թե ձեռքից գնացել է, առանց գոհություն ցույց տալու՝ ազատվեց։ Սակայն երկու օր հետո լուր բերեցին, որ երկաթուղային կայարանի խարխուլ վագոններից մեկի առջև մի մարդ է սպանվել գնդակից։ Շտապ դեպքի վայր հասանք ու հայտնաբերեցինք Լոլոզ Ահմադի դին՝ ունքերի մեջտեղը գնդակի պատռվածքով։

            Եվ այդպես՝ Պողոսի ու նրա ընկերների գործի հաստափոր թղթապանակը կրկին վերադարձավ արխիվից ու տեղ զբաղեցրեց սեղանիս վրա։    


[1]Վատ հայ (նախատական ասացվածք): Այս և հետագա բացատրությունները թարգմանչինն են։

[2] Իրանում հնուց ի վեր քրիստոնյա տղամարդկանց «մսյո» նախդիրով էին կոչում, մասնավորապես երշիկեղեն վաճառող հայ մթերավաճառներին։

[3] Ո՛վ Ալի: Շիա մուսուլմանների մեծագույն սուրբ Իմամ Ալիին դիմելու ձև («հա՛յդե»-ի իմաստով)։