ardi.am Ազդագիր

Պոեզիայի համաշխարհային արձագանքները

Պոեզիայի համաշխարհային արձագանքները

2025 թվականի Սուրբծննդյան տոներին իտալական «Poetry 2000» մշակութային հարթակը հանդես եկավ աննախադեպ նախաձեռնությամբ․ աշխարհի տարբեր երկրների բանաստեղծներ հղեցին իրենց սուրբծննդյան ուղերձները մարդկությանը։

Հայ բանաստեղծ, թարգմանիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր  Սլավի-Ավիկ Հարությունյանն իր խոսքում հույս հայտնեց, որ գալիք տարում աշխարհի բոլոր փախստականները կկարողանան վերադառնալ իրենց տները։

2026 թվականի գարնանը Մեքսիկայում կայացավ XVI Festival Internacional de Poesía Ignacio Rodríguez Galván-ը՝ տարվա ամենախոշոր մշակութային իրադարձություններից մեկը Տիզայուկա համայնքում։ Մարտի 18-22-ը շարունակված հնգօրյա փառատոնը վերածվեց մշակութային երկխոսության համաշխարհային հարթակի՝ միավորելով հեղինակների Լատինական Ամերիկայից մինչև հետխորհրդային տարածաշրջան։
Փառատոնի կազմակերպիչը Տիզայուկայի մունիցիպալ վարչակազմն էր։ Միջոցառումները անցկացվեցին քաղաքի կարևոր կրթական և հասարակական հաստատություններում, այդ թվում՝ Universidad Autónoma del Estado de Hidalgo-ի Տիզայուկայի բարձրագույն դպրոցում, CONALEP քոլեջում և Իդալգո նահանգի համալսարանում։
Լատինաամերիկյան մամուլում և գրական շրջանակներում առանձնահատուկ արձագանք ունեցավ նախկին Խորհրդային Միության երկրների հեղինակների մասնակցությունը։ Նրանց ստեղծագործությունները դարձան փառատոնի թարգմանչական և պոետիկ ծրագրերի կարևորագույն բաղադրիչներից մեկը։
Մեծ հետաքրքրություն առաջացրեց Եվրոպայում և Լատինական Ամերիկայում ճանաչում ունեցող հայ բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի ստեղծագործական ներկայությունը։ Փառատոնի շրջանակում ներկայացվեց նրա «Աստված մոլորվել է մեր մեջ» (Dios se ha perdido entre nosotros) գիրքը։ Կազմակերպիչների բնորոշմամբ՝ հեղինակի փիլիսոփայական քնարերգությունը խորապես արմատավորված է հայկական և արևելաեվրոպական գրական ավանդույթներում։
Ռուսաստանը ներկայացնում էր միջազգային ճանաչում ունեցող բանաստեղծուհի և բանասեր Նատալյա Ազարովան։ Նրա «Ժամանակ առ ժամանակ անմահ» (Inmortal a veces) ժողովածուն մեքսիկացի ընթերցողներին ներկայացրեց ժամանակակից ռուսական պոեզիայի ավանգարդ ուղղությունները՝ համադրելով իմաստային ճշգրտությունն ու լեզվական նորարարությունը։
Բալթյան տարածաշրջանը ներկայացնում էր  լատվիացի բանաստեղծ Սեմյոն Խանինը՝ «Բայց ոչ այսպես» (Pero no así) ժողովածուով։
Իսպանախոս գրական աշխարհի ներկայացուցիչների թվում էին ժամանակակից իսպանական պոեզիայի նշանավոր հեղինակներ Մանուել Վիլասը («El hundimiento»), Ռակել Լանսերոսը («Matria») և Բենխամին Պրադոն («Paradero desconocido»)։ Նրանց ելույթները ևս մեկ անգամ ընդգծեցին Հին և Նոր աշխարհների միջև գոյություն ունեցող մշակութային անքակտելի կապերը։
Փառատոնի ընթացքում հնչեցին ավելի քան մեկ տասնյակ երկրների հեղինակների ձայներ՝ ներառյալ Կոլումբիան, Հարավային Կորեան, Բրազիլիան, Իռլանդիան, Էկվադորը, Ուրուգվայը և Բենինը։ Տիզայուկայի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեցան  լսելու բանաստեղծություններ հեղինակային ընթերցմամբ, ինչպես նաև ձեռք բերել եզակի ժողովածուներ «Libro Bus» շարժական գրադարանի միջոցով։
Փառատոնն ավարտվեց մեքսիկացի ռոմանտիկ բանաստեղծ Իգնասիո Ռոդրիգես Գալվանի կիսանդրուն ծաղկեպսակ դնելու հանդիսավոր արարողությամբ։ Կազմակերպիչների համոզմամբ՝ միջոցառումը լիովին իրականացրեց իր գլխավոր առաքելությունը՝ ապացուցելով, որ իսկական գրականության համար գոյություն չունեն պետական սահմաններ, լեզվական արգելքներ կամ քաղաքական բաժանարար գծեր։
Մի քանի օր առաջ Իտալիայում լույս տեսավ նաև «Poetic Horizons» («Բանաստեղծական հորիզոններ») միջազգային տարեգիրքը, որն արդեն հասանելի է վաճառքի հարթակներում։ Աշխարհի տարբեր երկրների բանաստեղծությունների այս ժողովածուի վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է Երեխաների միջազգային բարեգործական հիմնադրամին։
Տարեգրքում ընդգրկված են նաև հայ բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի ստեղծագործությունների իտալերեն թարգմանությունները, որոնք ևս մեկ անգամ վկայում են ժամանակակից հայկական պոեզիայի միջազգային ներկայության և աճող ճանաչման մասին։
Այս իրադարձությունները փաստում են, որ ժամանակակից պոեզիան շարունակում է մնալ ժողովուրդների միջև մշակութային հաղորդակցության, փոխըմբռնման և հոգևոր երկխոսության կարևորագույն միջոցներից մեկը՝ միավորելով տարբեր լեզուներ, ավանդույթներ և աշխարհայացքներ մեկ ընդհանուր ստեղծագործական տարածության մեջ։
Ardi.am