Կինո Հասմիկ Ավետիսյան

«Օգոստոս»․ Ժամանակի, հիշողության և գյուղական կյանքի կինոպոեզիան

«Օգոստոս»․ Ժամանակի, հիշողության և գյուղական կյանքի կինոպոեզիան

Կինոյի պատմության մեջ հաճախ են հանդիպում ֆիլմեր, որոնց գեղարվեստական արժեքը ժամանակի ընթացքում ավելի ակնառու է դառնում, քան ստեղծման պահին։ Սույն հոդվածում կանդրադառնանք նմանօրինակ ֆիլմերից մեկին, որը Հրանտ Մաթևոսյանի գրական աշխարհի կինեմատոգրաֆիական լավագույն մեկնաբանություններից մեկն է։

1976 թվականին Մոսկվայի Կենտրոնական հեռուստատեսության պատվերով և ֆինանսավորմամբ նկարահանվեց և 1979 թվականին էկրան բարձրացավ «Օգոստոս» ֆիլմը՝ հայ կինոյի առանձնահատուկ գործերից մեկը, որն ստեղծվել է Հ. Մաթևոսյանի «Կայարան», «Ալխո», «Սկիզբը» և «Օգոստոս» պատմվածքների մոտիվներով, եզակի է իր գեղարվեստական լուծումներով, թեմատիկ խորությամբ և այն մոտեցումներով, որոնցով գրական սկզբնաղբյուրը վերածվում է կինոարվեստի ինքնուրույն գործի։ Կինոնկարի ռեժիսորը հայ կինոյի ամենաինքնատիպ դեմքերից մեկն է՝ Կարեն Գևորգյանը:

«Օգոստոս»-ի սյուժեն պարզ, բայց միաժամանակ բազմաշերտ է, ինչպես և Մաթևոսյանի արձակը։ Այն պատմում է նրա ստեղծագործություններում մշտապես առկա հայկական գյուղական կյանքի, մարդկային հարաբերությունների, բնության հետ ներդաշնակության և բնական պարզության մասին։ Ֆիլմի հերոսները պարզ գյուղացիներ են, որոնք ապրում են իրենց առօրյա հոգսերով, ուրախություններով ու տխրություններով։ Կենտրոնական կերպարներից է  Հրանտ Քառյանը (դեր․՝ Ռուբեն Նիկողոսյան), որի անձի շուրջ էլ հյուսվում և ծավալվում են իրադարձությունները, որոնք էլ իրենց հերթին արտացոլում են գյուղական կենցաղի պարզությունը և մարդկային բնավորությունների բարդությունը։ Ֆիլմն սկսվում է Ծմակուտի բնապատկերով՝ ներկայացնելով գյուղական կյանքի առօրեական մի դրվագ, այնուհետև մենք՝ իբրև հանդիսատես, հայտնվում ենք Քոլագերան կայարանում, որտեղ արդեն երկու օր է, ինչ «իջևանել» է ուսումն ավարտած և Երևանից իր հայրենի գյուղ վերադարձող Հրանտ Քառյանը՝ սպասելով որևէ փոխադրամիջոցի, որն իրեն իր ողջ բեռով կհասցնի Ծմակուտ, բայց նա դեռ սպասում է։ Քառյանը՝  իր յուրահատուկ իմաստնությամբ ու հումորով, հաճախ արտահայտում է այնպիսի մտքեր, որոնք խոր արմատներ ունեն ժողովրդական փիլիսոփայության մեջ։ Օրինակ՝ նրա խոսքում հաճախ են հանդիպում կյանքի դժվարությունները հումորով ընդունելու մոտիվներ, ինչպես նաև հողի ու բնության հետ մարդու անքակտելի կապը շեշտող արտահայտություններ։ Սակայն սյուժեն պարզապես պատմություն չէ, այլ ավելի շուտ՝ կենցաղային պատկերների շարք, որը կրում և բացահայտում է կենսափիլիսոփայական իմաստներ։ Ֆիլմը շոշափում է մարդու և բնության կապը, հողի և հայրենիքի հանդեպ սերը, կորստի ու մենության զգացումը, ժամանակի անցողիկությունը և սերունդների կապը։ Այն արծարծում է նաև մարդու ներքին աշխարհի բարդությունները, նրա երազանքներն ու հիասթափությունները, փոփոխվող աշխարհում ինքնության որոնման խնդիրը։ Ֆիլմի ամենաէական թեմաներից մեկը ժամանակի հոսքն է և նրա անողոք ազդեցությունը մարդկային կյանքի վրա՝ արտահայտված օգոստոսյան շոգով, հասունացած բերքով և աշնան մոտալուտ շնչով, որոնք խորհրդանշում են կյանքի շրջապտույտը և դրա անխուսափելի ավարտը։ Այս ամենի կիզակետում է գտնվում Հրանտ Քառյանը, որի միջոցով մենք ծանոթանում, բացահայտում ենք ֆիլմի բոլոր հերոսներին և նրանց՝ մեկը մյուսից տարբերվող բնավորությունները։ Կայարանում Քառյանի մերթ հանդարտ, սիրալիր, մերթ զայրույթով լի բնավորության ականատեսը, երբեմն էլ ապրումակիցն են դառնում կայարանապետը (դեր․՝ Ազատ Շերենց)՝ իր մեղմ, հանդարտ բնավորությամբ, հեռախոսավարուհին, որ հեգնում է Քառյանին, ասելով, թե՝ «Ծմակուտում նստած քեզ են սպասում», և միլիցիոները (դեր․՝ Ռաֆայել Սարոյան), որը մշտապես վեճի մեջ է Քառյանի հետ, որովհետև ավելի է զայրանում այդ անտանելի սպասումից։

Աղբյուրը` armradio.am

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 20-րդ դարի կեսերին՝ Խորհրդային Հայաստանի գյուղական միջավայրում։ Այս ժամանակաշրջանը բնորոշվում էր կոլեկտիվ տնտեսության կայացմամբ, քաղաքի և գյուղի միջև անջրպետի մեծացմամբ, ինչպես նաև ավանդական արժեքների և նոր, խորհրդային գաղափարախոսության բախումով։ «Օգոստոս» ֆիլմը, թեև ուղղակիորեն չի անդրադառնում քաղաքական իրադարձություններին, այնուամենայնիվ արտացոլում է այդ ժամանակաշրջանի հոգեբանական և սոցիալական մթնոլորտը։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են գյուղացիները փորձում հարմարվել փոփոխվող իրականությանը։ Ֆիլմը, որպես «ժամանակի փաստաթուղթ», կարևոր է նաև նրանով, որ ժապավենի վրա ամրագրել և պահպանում է հայկական գյուղական կյանքի մի շերտը, որն այսօր արդեն գրեթե կորսված է։ Այն մի յուրօրինակ վկայություն է այդ ժամանակների մասին՝ առանց դիդակտիզմի և պարտադրված գաղափարախոսության, փոխարենը ներկայացնելով մարդկային անհատականությունների և նրանց փոխհարաբերությունների բարդությունը պատմական անցումային շրջանում։ Քառյանի հայացքով մենք ակամա տեղափոխվում ենք Ծմակուտ, որտեղ նրա տատը շարունակում է կանչել իր «ուրուր»-ը, ապա որդուն՝ Անդրանիկին (դեր․՝ Շահում Ղազարյան), որը մշտապես պատասխանում է մոր հարցերին։ Օրինակ՝ «Անդրանի՛կ, ինչո՞ւ չես աշխատում» կամ «Անդրանի՛կ, ձին տարա՞ն»։ Քառյանը Քոլագերանում դեռևս սպասում է, իսկ իր միակ հույսը մնացած Ալխոն Գիքորի հետ գնացել է Ղազախ՝ իբրև մի բեռնաձի։ Գիքորը (դեր․՝ Քաջիկ Բարսեղյան) թեպետ անխնա բեռնում ու բեռնում է Ալխոյին, այնուամենայնիվ, սիրում է նրան, հաճախ խղճում, որովհետև երկուսն էլ ծեր են։ Գիքորի՝ ինքն իր հետ զրույցի շնորհիվ մենք կարողանում ենք տեսնել, զգալ ու հասկանալ Ալխոյի զգացմունքները, նրա ներքին մտորումները և հոգևոր ու ֆիզիկական տանջանքների աստիճանը։ 

«Օգոստոս» ֆիլմի սցենարը, որի հեղինակը Էդուարդ Տրոպինինն է, արձակից կինոյի լեզվին անցնելու հիանալի օրինակներից է. «Արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները, իմ կարծիքով, ամենևին էլ հեշտ չէ կինոլեզվի վերածել։ Այնուամենայնիվ, մենք ձեռնարկեցինք նրա մի քանի պատմվածքների էկրանավորման գործը։ Սցենարիստ Էդուարդ Տրոպինինը ստեղծեց սցենար, որը մի ամբողջական հյուսվածքի մեջ հավաքեց գրողի տարբեր պատմվածքները»[1]։ Սցենարիստին հաջողվել է պահպանել Մաթևոսյանական ոճը՝ միաժամանակ ստեղծելով կինեմատոգրաֆիական պատում։ Մաթևոսյանի պատմվածքներում կարևոր դեր ունեն հեղինակի ներկայությունը, նրա մտորումները և անմիջական խոսքը։ Ֆիլմում, բացի Հրանտ Քառյանից, այդպիսի գործառույթ ունեն նաև վիզուալ պատկերները, դերասանական խաղը և օպերատորական լուծումները։ Օրինակ՝ «Օգոստոս» պատմվածքի շոգի և տրամադրության նկարագրությունները ֆիլմում փոխանցվում են արևի ուժգին շողերի, հողի ճաքճքվածության և հերոսների դանդաղ, հոգնատանջ շարժումների միջոցով, ինչն անմիջականորեն հաղորդում է բնապատկերի և մարդկային վիճակի միջև առկա սերտ կապը։ «Ալխո» պատմվածքի ողբերգական տարրերը ֆիլմում արտահայտվում են Գիքորի կերպարի՝ նրա խոսքի, ժեստերի և դիմախաղի միջոցով, որոնք հաճախ պարունակում են գյուղական իմաստություն և կյանքի դառնության նուրբ ընկալում։ Ֆիլմում բազմիցս են հանդիպում Ալխոյին բնորոշ մտորումները։ Օրինակ՝ «մարդը խոտի պես է, այսօր կա, վաղը չկա», ինչը խորհրդանշում է մարդկային կյանքի անցողիկությունը բնության հավերժության ֆոնին։ Հատկանշական է, որ սցենարը չի փորձում բառացիորեն վերարտադրել պատմվածքները։ Այն վերցնում է դրանց էությունը, մթնոլորտը և հիմնական մոտիվները, սակայն ստեղծում է ինքնուրույն սյուժետային գծեր և կինեմատոգրաֆիական իրադարձություններ։ Այս մոտեցումը թույլ է տվել պահպանել Մաթևոսյանի արձակի «հոսքային գիտակցության» և հատվածական պատմողական կառուցվածքը, որտեղ իրադարձությունները ոչ թե հաջորդում են միմյանց տրամաբանական հերթականությամբ, այլ հոսում են՝ արտացոլելով հերոսների ներքին զգացողություններն ու մտքերը։ Ֆիլմում կարևորված է նաև երկխոսությունների դերը, որոնք, իհարկե չեն հասնում շատախոսության և բնորոշ են հերոսներին։ Դրանք հաճախ լի են ենթատեքստերով և փիլիսոփայական մտորումներով, ինչպես և Մաթևոսյանի բնագրում, հաղորդելով հերոսների կյանքի փորձը և աշխարհայացքը։ Սցենարական այս մոտեցումը թույլ է տվել ստեղծել մի ֆիլմ, որը բառացիորեն չի «պատմում» պատմությունը, այլ «ցուցադրում» է այն՝ հնարավորություն տալով հանդիսատեսին ինքնուրույն բացահայտելու առկա իմաստներն ու կապերը։ Իսկ Քոլագերանում Քառյանը սպասում է Ալխոյին և եղբորը՝ Արայիկին (դեր․՝ Գեղամ Գեղամյան)։ Տատը դեռ շարունակում էր կանչել իր «ուրուր»-ը, ապա դիմել որդուն՝ «Հրանտը կայարանում սպասում է, ձին ուղարկիր»։ Հրանտի մայրը (դեր․՝ Նանա Մչեդլիձե) Արայիկին ճանապարհում է կայարան՝ Անդրանիկից դժվարությամբ վերցրած Ալխոյի հետ, Հրանտի հետևից։  Մոր միակ հույսն ու ապավենն էր Արայիկը, որն ընդամենը վեցերորդ դասարանում էր սովորում, բայց ավելի հասուն ու իմաստուն էր, քան նրա մյուս երեխաները, քան հենց ինքը՝ Հրանտը։

Կարեն Գևորգյանի ռեժիսորական աշխատանքը «Օգոստոս» ֆիլմում արտացոլում է նրա կողմից Մաթևոսյանի գրական աշխարհի լիարժեք ըմբռնումը։ Գևորգյանը չի փորձել ստեղծել դինամիկ կամ իրադարձություններով հագեցած ֆիլմ։ Ընդհակառակը, նա կենտրոնացել է մթնոլորտի, հույզերի և հերոսների ներաշխարհի վրա։ Ֆիլմը դանդաղ է, մեդիտատիվ և թույլ է տալիս հանդիսատեսին խորասուզվել պատկերվող աշխարհի մեջ։ Ռեժիսորը կիրառել է մինիմալիզմի սկզբունքները՝ հրաժարվելով ավելորդ դեկորացիաներից և էֆեկտներից ու կենտրոնանալով բնության, դեմքերի և առօրյա գործողությունների վրա։ Նա մեծ ուշադրություն է դարձրել ենթատեքստին՝ թույլ տալով հանդիսատեսին ինքնուրույն բացահայտել ֆիլմի բովանդակության խորքային իմաստները և հերոսների գործելակերպի դրդապատճառները։ Դա ձեռք է բերվում դադարների, երկար կադրերի, հերոսների լուռ հայացքների, աղմուկների միջոցով, որոնք հաճախ ավելին են ասում, քան ցանկացած երկխոսություն։ Օրինակ՝ կերպարների լուռ, խոհուն հայացքները դեպի հեռուն կամ դեպի դաշտերը հաճախ արտահայտում են նրանց ներքին խոհերը, հիշողությունները կամ անորոշ ապագայի մասին մտորումները՝ առանց բառերի անհրաժեշտության։ Գևորգյանի ռեժիսորական տեսլականը հստակորեն երևում է նաև դանդաղ տեմպի ընտրության մեջ, որը թույլ է տալիս դիտողին լիովին խորասուզվել պատմության անգամ ամենահեռավոր անկյունները։

Աղբյուրը` armradio.am

«Օգոստոս» ֆիլմի դերասանական կազմը, թեև ներառում է պրոֆեսիոնալ դերասաններ, այնուամենայնիվ, նրանց խաղը չափազանց բնական է և անկեղծ։ Նրանք չեն խաղում, այլ ապրում են իրենց կերպարների կյանքով, հոգսերով։ Դերասանական այս անսամբլը կարողացել է հաղորդել Մաթևոսյանի կերպարներին բնորոշ ներքին հակասությունները՝ առանց դիդակտիկության կամ չափազանցված էմոցիաների։ Ֆիլմի յուրաքանչյուր հերոս յուրովի է ներկայացված իր կերպարի համատեքստում։ Այս ամենով հանդերձ, «Օգոստոս» ֆիլմում առանձնահատուկ ուշադրության է արժանի օպերատորական աշխատանքը (օպերատոր՝ Ռուդոլֆ Վաթինյան)։ Վաթինյանն իր յուրահատուկ կինոձեռագրով, «Օգոստոս», ինչպես նաև «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմերում, ստեղծել է վիզուալ պատկերներ, որոնք նույնքան արտահայտիչ են, որքան մաթևոսյանական գրիչը։ Օպերատորը նշում է․ «Մեր աշխատանքի սկզբունքը եղել է գեղարվեստական արտահայտչականության հասնել բնականության, ճշգրտության և հավաստիության միջոցով։ Այս ամենին էին ենթարկվում և՛ բնատեսարանների ու կերպարների ընտրությունը, և՛ գույնի ու լույսի հարաբերումը։ Ասածիս հաստատումն է այն, որ մենք նկարահանել ենք տեսարաններ մառախուղի պայմաններում՝ առանց արհեստական լուսավորման, երբ տեսանելիությունը երկու մետրի սահմանում էր: Այդ պատճառով էլ այս տեսարանները գունավոր ժապավենի վրա ընկալվում են իբրև սև-սպիտակ։ Միայն ծայրահեղ դեպքերում է, որ մենք դիմել ենք լուսային էֆեկտների»[2]։ Նրա կադրերը հաճախ երկար են, անշտապ և թույլ են տալիս դիտել գործողությունները առանց կտրուկ մոնտաժային անցումների, ինչը ստեղծում է ժամանակի դանդաղ հոսքի զգացում։ Վաթինյանի օպերատորական աշխատանքի կարևոր հատկանիշներից է բնապատկերի գեղագիտությունը, որտեղ հիանալի կերպով ֆիքսվել են հայ գյուղական բնության գեղեցկությունը և դրա ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա։ Լայն պլանները, օգոստոսյան արևի շողերը, ստվերների երկարությունը և լուսաստվերի խաղը ֆիլմին հաղորդում են հուզականություն, հատկապես դրսի տեսարաններում, որոնք լի են արևի ջերմությամբ և բնության կենդանությամբ։ Սա համահունչ է Մաթևոսյանի փիլիսոփայությանը, որտեղ մարդը և բնությունը մեկ ամբողջություն են, և նրանց գոյությունը փոխկապակցված է։ Օպերատորական աշխատանքի շնորհիվ ֆիլմը ձեռք է բերում վիզուալ պոեզիա, որը հիշեցնում է վավերագրական կինոյի որոշակի տարրեր՝ պահպանելով գեղարվեստականի բոլոր հատկանիշները և ստեղծելով յուրօրինակ կինոլեզու։ Եվ այս ամենը զուգակցված է մեղմ երաժշտությամբ (կոմպոզիտոր՝ Յուրի Հարությունյան), որն իր «պատմողական» բնույթով ասես ներկայացնում է հերոսներից յուրաքանչյուրի զգացմունքային, հուզական դաշտն ու բնության յուրովի խոսքը։

Կարեն Գևորգյանի «Օգոստոս» ֆիլմը ոչ միայն Հրանտ Մաթևոսյանի արձակի էկրանավորումն է, այլև ինքնուրույն գեղարվեստական ստեղծագործություն, որը հավատարիմ է մնում գրողի ոգուն՝ միաժամանակ ստեղծելով սեփական կինոլեզու։ Ֆիլմի ավարտը, որտեղ մենք տեսնում ենք օգոստոսի ավարտը և աշնան գալուստը, խորհրդանշում է կյանքի շարունակականությունը և փոփոխությունների անխուսափելիությունը, իսկ կերպարների վերջին խոսքերը մնում են հանդիսատեսի հիշողության մեջ՝ որպես կյանքի մասին խորհրդածություններ։ Ցավոք, ֆիլմն այսօր մատնված է մոռացության։ Այն ցուցադրվել է ընդամենը մեկ անգամ՝ 1979 թ․ մայիսի 5-ին, Մոսկվայում, կեսգիշերին։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը նշում է․ «Դա իսկապես տաղանդավոր ֆիլմ է, մոռացված և շրջանառությունից դուրս եկած ֆիլմ, և գիտե՞ք թե ինչու․ որովհետև այն «Հայֆիլմ»-ի սեփականությունը չէ։ Քանի որ ֆիլմը նկարահանվել էր Կենտրոնական հեռուստատեսության ֆինանսավորմամբ, մինչև օրս այն համարվում է այդ հեռուստատեսության սեփականությունը»[3]։ Ռեժիսոր Կարեն Գևորգյանը հույս ունի, որ մի օր ֆիլմը կունենա հայերեն կրկնօրինակում և կցուցադրվի հեռուստատեսությամբ։ «Օգոստոս» ֆիլմը սկզբնական շրջանում չի ընդունվել Մոսկվայի կողմից և ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, խմբագրումների, չնայած այն հանգամանքին, որ ռեժիսորն ու օպերատորը կրճատման պարագայում սպառնացել են լուսագրերից հանել իրենց անունները։ Իսկապես ցավալի է, որ այդքան խմբագրումների ենթարկված, կտրտված ֆիլմը այսօր կանգնած է ընդմիշտ մոռացության մատնվելու փաստի առջև։ Բայց այն հանգամանքը, որ ֆիլմը տեղադրված է համացանցի ռուսական կայքերում և ունեցել է տասնյակ հազարավոր դիտումներ, հույս է ներշնչում, որ հայ հանդիսատեսն էլ այն կդիտի ու կգնահատի։

Հասմիկ Ավետիսյան

Լուսանկարների աղբյուրը` Հանրային ռադիո

1․ Վաթինյան Ռ․, Օգոստոս, «Էկրան», N11, Երևան, 1976, էջ 10։

2․ Մուրադյան Դ․, Օգոստոսի մայիսյան կեսգիշերյան ցուցադրությունը, Մոռացված ֆիլմերի ստվերները, https://hy.armradio.am/archives/424933, 23․06․2022։