Գայանե Մկրտչյան Թատրոն

Երևի  հայ դերասաններից ամենաերջանիկների թվին եմ պատկանում

Երևի  հայ դերասաններից ամենաերջանիկների թվին եմ պատկանում

1984 թվականին «Գարուն» ամսագրին տված իր հազվադեպ հարցազրույցներից մեկում Մհեր Մկրտչյանն ասել է.«Երևի  հայ դերասաններից ամենաերջանիկների թվին եմ պատկանում,որ թատրոնում և կինոյում գործ եմ ունեցել հայ, ռուս և օտարազգի բազմաթիվ ռեժիսորների ու անթիվ դերասանների հետ»:

Այստեղ բանալի բառը «երևին» է, քանի որ Ֆրունզիկն արդար էր ու անսուտ, ինչպես իր կերպարները, ինչպես «Եռանկյունի» ֆիլմի Մկրտիչը: Ու եթե գասպարալողի լեգենդ կա, ինքը դրա բացատրություն ունի: Օրորվելով ու երգելով իջնում է նա իր պես ճոճվող աստիճաններով.«Դարդս պատմե՜մ, սարեր կուլան, Հովիկ ջան…Պոկին տա՜րան, իմ ջիգյարը…»: Մշեցի Մհեր Մկրտչյան-Մկրտիչը, լեգենդը պսակազերծելով, խոստովանում է երեխային.«Փախել ենք,ազնիվ խոսք, Տաճկաստանից ծովով ենք փախել, շա՜տ տանջանքով ենք փախել, իսկ լողը քիչ մը սիրուն բան կմտցներ մեր էդ փախուստի մեջ»: Հաճախ էլ նրա կյանքի անսպասելի ավարտը համեմատվում է նույն ֆիլմի վերջաբանի հետ.«Նա բարձրացավ վե՜ր, վե՜ր,ամպերից էլ վեր ու այլևս չվերադարձավ»:

Գաղտնախորհուրդ ու դժվար մեկնաբանելի է արտիստի հախուռն կյանքն ու արտիստական կենագրությունը… Իսկ այդ կենսագրությունը պատկառազդու է՝ տասնյոթ տարեկանից՝ թատրոնում, քառասուն տարի՝ Սունդուկյանի բեմում, մի քանի տասնյակ դերեր հայ ու արտասահմանյան կինոյում: Հանճարեղ, ամենասիրված, ժողովրդական Ֆրունզիկ- Մհեր Մկրտչյանի արտիստական կենսագրության մեջ լեգենդների պակաս չկա, սակայն առաջին պլանում դեռևս, նրա մահից երեք տասնամյակ անց, գերակշռողը «ամենաողբերգական կատակերգակի» կերպարն է: Ահա ինչու հետաքրքիր էր, թե արտիստի ծննդյան 96-ամյակի օրը, հուլիսի 4-ին, ինչ միջոցառում և ներկայացման անոնս էր առաջարկում Արմեն Ավետյան դերասանը:

«Ֆրունզի մտածողությունը ամենաարդարն է»

Այս խոսքերի հեղինակը դերասան Արմեն Ավետյանն է, որ Ստանիսլավսկու անվան թատրոնի ճեմասրահում, հանդիսականի համար հատվածներ խաղաց «Ֆրունզ.աշխարհը կլոր է» ներկայացումից:

Դերասան ու  նմանակող Արմեն Ավետյանը «Ֆրունզի մասին, նրա հիշատակին» այս համարձակ մտահղացման  պիեսի հեղինակն է նաև: Դերասանի խոսքով, առաջին անգամ բեմ է բարձրացվում Մհեր Մկրտչյանի չբացահայտված պատմությունը: Ներկայացում խաղալիս հայացքը, շարժուձևը, խոսքի հնչերանգն իհարկե կարևոր են, բայց ներկայացման հեղինակը ամեն իրավիճակում նկատի է ունեցել՝ Ֆրունզիկն ինչպես կմտածեր, ինչ կասեր, քանի որ «նրա մտածողությունն ամենաարդարն է»:

«Ֆրունզ.աշխարհը կլոր է» ներկայացման ռեժիսոր Արթուր Սահակյանը ներկայացման մասին փակագծեր բացեց.« Հուզական ու անկեղծ ներկայացում ենք անելու: Հանդիսատեսի առաջ բեմ կբարձրանա ոչ թե լեգենդար կատակերգուն, այլ իր կյանքի ամենադժվար շրջանն ապրող մարդը:  Սա մեր պարտքն է լեգենդ դարձած, ժողովրդական արտիստի առաջ:  Իր կյանքի վերջին հինգ օրն է լինելու բեմի վրա՝ Շերենցի մահը, իր մահը, հուզական ու անկեղծ,բայց ոչ օրագրային»:

«Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է». ասել է արտիստ Մհեր Մկրտչյանը, միշտ արդարամիտ սիրելի Ֆրունզիկը իր կյանքի մասին մարգարեացել.«Միշտ մտածել եմ, որ մեռնեմ՝ դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ,…որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց»:

Գայանե Մկրտչյան