Միայնակ՝ երկուսով և թատերախմբում
Ակամա զուգահեռներ են մտածվում քսաներեքերորդ «Ոսկե ծիրանի» հայկական երկու մրցութային ֆիլմ՝ միջազգային մրցույթի ներկայացված «Վերապրելով Շեքսպիրին» և «Կորիզ» անվանակարգի «Մենակ երկուսով» կարճամետրաժը դիտելուց հետո:
Առաջին ֆիլմը Նորքի տուն-ինտերնատի բնակիչների մասին է, երկրորդի անխոս հերոսները պեմզաշենցի տարեց ամուսիններ են՝ Շուրան ու Օֆելյան:
«Տարմանի» թատերախմբի շեքսպիրյան հերոսները անընդհատ խոսում են իրենց կյանքի տարբեր դրվագների մասին, պատմածը համեմելով ընտանեկան ալբոմների լուսանկարներով, Շուրայի ու Օֆելյայի միասին անցկացրած կես դարի մասին քիչ հուշումներ կան: Պատերազմը ներկա է երկու ֆիլմում էլ, բայց եթե ծերանոցի պատի նկարի մասին իմանում ենք, որ «այ էս տղան ա Արցախում զոհվել», ապա «Մենակ երկուսովի» հեռուստացույցի վերևի զինվորի նկարի մասին կարող ես միայն գուշակություններ անել՝ տասնամյակների ամպլիտուդով:
«Վերապրելով Շեքսպիրին» ֆիլմի «ներշնչանքն» ու գլխավոր հերոսը պրոֆեսիոնալ ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանն է՝ «Մետրո», «Արտիստական» թատրոնների տասնյակ հիշարժան ներկայացումների հեղինակը: Տարեցների թատերախմբում թումանյանական պատումներ բեմադրելուց հետո, իր՝ «երբեք փորձից չուշացող ամենապարտաճանաչ դերասանների» իմացաբանական զրույցներից ոգևորված, գրում է «Շեքսպիրի մեղքերը» պիեսը, որիռնախատիպերը թատերախմբի կոնկրետ անձեր էին: Թատերախմբի քննարկումները ֆիլմի հետաքրքիր դրվագներից են:
-Ո՞վ կցանկանա Ռոմեո խաղալ, ով է Ռոմեոն:
-Հավանական է՝ ես…
Ինչպես շփվել տարեցների հետ արվեստի լեզվով, որ այն ընկալեն ոչ թե իրենցից հետու և վեր մի երևույթ, այլ իրենց կյանքում ծավալվող և իրենց ձիրքին հատուկ մի բան: Շեքսպիրն անմահ է, բայց անսխալ չէ, և կարելի է Ջուլիետին մի քանի խորհուրդ տալ՝ հետագայի համար: Ջուլիետի մասին քննարկումը աշխուժացնում է յոթանասունամյա կանանց: Նրանցից մեկը ընդամենը մեկ անգամ է սիրել ու ամուսնացել, մյուսը հիշում է.«Հազար հատ սիրած եմ ունեցել, օղորմի իրանց»: Երրորդն ավելի լուրջ է տրամադրված, առույգորեն խմբագրում էր Շեքսպիրին, միաժամանակ քարոզ կարդում ջահելներին.«Մենակ սերը չի, պարտականությո՛ւն կա, համբերությո՛ւն կա»:
«Ո՞նց է ձեր թանկագին առողջությունը».ռեժիսորը սիտուացիային համապատասխան է ողջունում թատերախմբին: «Տարմանիում» հումոր կա, այս անգամ ուղղված է փորձի հրավիրող ռեժիսորին.«Կթողնե՞ս հաց ուտենք»:
2022 թվականից երեք տարի նկարահանված ֆիլմի ընթացքում դերակատարներ են փոխվել և շա՜տ բան՝ Հայաստանի կյանքում: Հին հեռուստացույցը թատերախմբի արցախցի Գայանեին ու մեզ հիշեցնում է մեր կորսված, հեռավոր հույսերը. «Արցախ է վերադարձել 70 հազար մարդ»:
Ստեփանակերտի ծերանոցից տեղափոխված Գայանեն «երկու տարի ա ուժե ստեղ ա», բայց ամուր համոզում ունի.«Գնալու եմ իմ հայրենիք, համ էլ աշխատեմ ու վաստակեմ, բոլորին ճանաչում էի»: Առույգ քայլվածքով և հետ նայող հայացքով հրաժեշտ տալով արցախցի կինը լքում է ծերանոցը՝ ինքը գնալու տեղ և հայրենիք ունի: Բայց ճակատագիրը ուրիշ բան էր գծել և մի քանի «էկոակտիվիստ» փակեցին կյանքի ճանապարհը: Կրկին ռմբակոծություն և զոհեր, և կինը նորից հանգրվանեց Նորքի ծերանոցում:
«Տարմանիի» արցախցի դերասանի պատմությունը անհատական էր ու հավաքական Հայաստանի կերպարը՝ նույն անձի մեջ:
11 րոպեանոց ֆիլմը նկարվել է երկու տարի։

«Մենակ երկուսով»-ի ռեժիսոր Արթուր Սահակյանն ու կինոօպերատոր Սիմոն Դավթյանը Շուրայի ու Օֆելյայի անխոս պատմության հեղինակներն են: Պեմզաշենցի ամուսինները վաղուց արդեն իրենց 64 քառակուսի մետր տանից դուրս չէին գալիս, հեռախոս չէին պահում, միակ խոսողը հին հեռուստացույցն էր:
Ամենապատվավոր տեղում, հեռուստացույցի և պատի գորգի վերևում զոհվածի նկար է: Ո՞ր պատերազմի, Առաջին արցախյանի որդի է, թե Երկրորդ համաշխարհայինի զոհված եղբայր, անհայտ է:
Գերանակապ կամ փայտից օճորքով տանը օձի տարվա հին օրացույցը երկրորդ կյանք է ստացել, փակելու մի հերթական ավերակ անցք:
Տան ու տանեցիների լռությունը կամ ավելորդ խոսքերի բացակայությունը/ «Սուրճը ուր ա», «Հեսա կբերեմ».վե՛րջ/ հեղինակներին հուշում է ֆիլմի լեզուն ու տոնայնությունը, երբեմն էլ կամերան միացնում ու հեռանում էին:
Ֆիլմի սկզբում տան ներսում հսկա մոմեր են, ծածկած հայելիներ, «Շնորհե թողություն մեր ննջեցելոց» ասող քահանա. երկուսից մեկը՝Օֆելյան, առաջինն է հեռացել:
Կենդանացած տան հաջորդ կադրերում, քնար մահճկալներ են ու նախորդ դարի անթերի պլպլացած կաթսաներ՝ շա՜տ կաթսաներ, իբրև ապահով, բազմամարդ ժամանակների եզակի ու խոսուն ցուցիչ:
-Հը, ինչ ա…
Ինքն իրեն սուրճ դնող Շուրան կատվին է դիմում:
Հայկական կինոն «Ոսկե ծիրանում» սակավաթիվ մրցանակներ ստացավ, «Մենակ երկուսովն» արժանացավ հատուկ հիշատակման:
Գայանե Մկրտչյան






