Կինո Մարինե Թաթոյան

«Տերը» ֆիլմի նկարահանումներն ու Մաթևոսյանի բոյկոտը

«Տերը» ֆիլմի նկարահանումներն ու Մաթևոսյանի բոյկոտը

Հրանտ Մաթևոսյանի «Տերը» կինովիպակի հիման վրա 1983 թվականին  «Հայֆիլմ» կինոստուդիայում  է նկարահանվել «Տերը» ֆիլմը։ Բացառիկ ասելիքով, գաղափարական խոր շերտերով «Տերը» այսօր և միշտ մարդու և իր ժամանակի, իր շրջապատի հանդեպ սրտացավության ու  հոգատարության մասին է։ Մաթևոսյանի Տերը իր ժամանակից ի վեր, մեր ժամանակներից ի վեր տերն է իրականության, ընդգրկում, ամփոփում է այն, եթե նույնիսկ թվա, թե «անտեր» է իրականության հանդեպ։

Հրանտ Մաթևոսյանի որդու` «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի ղեկավար Դավիթ Մաթևոսյանի խոսքով` Տերը իրականության առջև պարտված հերոսն է, որ ոգով միշտ, ցկյանս հաղթած է։

-Պարոն Մաթևոսյան, ինչո՞ւ  և ինչպե՞ս «Տերը» վիպակը ընտրվեց նկարահանման համար։ 

-«Տերը» կինովիպակ է։ Ֆելիքս Մելոյանն այն հռչակել է որպես կինովիպակ։ Գրվել է 1978-ին` «Հայֆիլմ»-ի պատվերով։ «Տախը» վեպի մի մասն է։ «Տերը», փաստորեն, էպոսի մի ճյուղ է… «Աշնան արև»-ը, «Տերը», «Այս կանաչ, կարմիր աշխարհը» գրվելով որպես կինոսցենարներ՝ կիովիպակ են դարձել։  Մաթևոսյանին նեղում էր սցենարի ձևաչափը՝ կաղապարը, սահմանափակումները։

-Ո՞վ է Տերը։

-Արմատներով իր հողին կպած, հզոր, իմաստուն, արդար միավորն է՝  նվիրված հողին, բնությանը, համայնքին։ Բարոյական, մարդկային խղճի բարձրագույն չափանիշները իր համայնքին, իր համայնքի անդամներին, իր կողքիններին պարտադրողը, որ նրանք սոսկ սպառողներ, անգաղափար սպառողներ չդառնան և չոչնչացնեն քաղաքակրթությունը, չոչնչացնեն իրենց միջավայրը, իրենք իրենց։ Մեկն է, որ իր վարքով, իր սաստող բնավորությամբ, իր կամքով փաստացի պարտադրում է արագ կործանման չգնալ։ Հասարակությանը պարտադրում է հետ կանգնել սպառողականության հախուռն ընթացքից։ Մյուս կողմից, իհարկե, ինքը գիտի և հաստատում է, որ ինքը կատարյալ չէ, բազում թերություններ ունի։ Բարոյապես հաղթած և գրեթե միշտ իրականության առջև պարտված հերոսն է տերը։

-Ի՞նչ է պատգամում Մաթևոսյանը գալիք սերունդներին։

-«Ես տերն եմ իմ ժամանակի»։ Մի էդպիսի տեքստ ունի Մաթևոսյանն էդ վերնագրով։ ՀՀ քաղաքացու, զինվորականի երդման տեքստ է. յուրաքանչյուրը իր ժամանակի տերը լինի. ժամանակին, ժամանակում, ժամանակի….

-Ասում են` Հրանտ Մաթևոսյանը չի ցանկացել, որ ֆիլմերը Ահնիձորում նկարվեն։

-Ի սկզբանե, երբ արդեն սցենարը կամ կինովիպակը գրվել էր, և պլանավորվում էր «Հայֆիլմ»-ում դրա նկարահանումը, կային հայտեր։ Թե՛ Ֆրունզե Դովլաթյանը, թե՛ Հենրիկ Մալյանը հայտ էին ներկայացրել նկարահանելու ֆիլմը։ Բագրատ Հովհաննիսյանը` «Աշնան արև»-ի բեմադրիչը, «Հայֆիլմ»-ում մի տեսակ «սպիտակ ագռավ» էր։ Կինոնախարարությունում և «Հայֆիլմ»-ում գիտեին, որ Հրանտը արդեն իսկ «Աշնան արև»-ին հավան չէր, նույնիսկ չէին քննարկում այս ֆիլմն էլ իրեն վստահելու հարցը։ Նա եկավ և շատ երկար Մաթևոսյանին հորդորում էր, որ Մաթևոսյանը «Հայֆիլմ»-ի ղեկավարությանը և կինոնախարարությանը` ՀԽՍՀ կինոկոմիտեին պնդի, որ Բագրատ Հովհաննիսյանը ցանկալի բեմադրիչ է իր համար։ Մաթևոսյանը շատ կտրական և շատ երկար ժամանակ չէր համաձայնում, վերջում խիստ վերջնապայման դրեց, որ Ահնիձորում չի նկարահանվելու ֆիլմը, և Բագրատ Հովհաննիսյանը խոստացավ, որ այդպես էլ կլինի` ինքը խոստանում է, որ ֆիլմը չի նկարահանվելու Ահնիձորում։ Ու հետո բնության ու տեղանքի երկար փնտրտուքով մի քանի անգամ գործուղվեցին, մի անգամ նաև Մաթևոսյանի մասնակցությամբ` Տավուշ` Շամշադին, Բերդ, հարակից գյուղերը, Նոյեմբերյանի շրջան և այլն… Ու վերադարձից հետո լռություն տիրեց։ Մաթևոսյանը Բագրատին անընդհատ զգուշացնում էր, որ վերջը դու էլի մտասևեռված գնալու ես Ահնիձոր։ Նա էլ բոլոր սրբերով երդվում էր, որ չի գնալու, սակայն այդպես էլ եղավ։ Եվ դրանից հետո Մաթևոսյանը բոյկոտեց ֆիլմի նկարահանումները (եթե ինչ-որ բան էր պետք լինում սցենարի կամ ինչ-որ բանի հետ կապված` տնօրենին էին ուղարկում կամ ստեղծագործական խմբից որևէ մեկին)։ Նաև բոյկոտեց ֆիլմի պրեմիերան և հետագա ողջ ճակատագիրը։ Եվ ցկյանս  իրար հետ չհաշտվեցին. երկուսն էլ մահացան` իրարից նեղացած։  Մաթևոսյանը պնդում էր, որ «Տեր»-ի նկարահանման տեսարանները կարող են նկարահանվել նույնիսկ Երևանում` սեփական տների որևէ թաղամասում, օրինակ` գազանանոցի ձորում, որտեղ այն ժամանակ լրիվ գյուղական միջավայր էր։ Ահնիձորը անաղարտ սրբատեղի էր Մաթևոսյանի համար։ «Աշնան արև»-ից հետո նա նկատել էր, թե նկարահանող խմբի հետ գյուղ խուժած մայրաքաղաքի բարքերը ինչպես էին արդեն իսկ աղարտել գյուղի պատկերը, մարդկանց։ Նա համարում էր, որ երկրորդ ֆիլմի նկարահանումը դժվար ապրուստով վաստակող մարդկանց դրախտային էդ անկյունը աղտեղելու էր և ապականեր։

Հրանտն ասում էր` մի՛ փչացրեք իմ Մթնաձորը
Լիդա Գևորգյան

Ահնիձորը գրկաբաց է ընդունել նկարահանող խմբին։ Ֆիլմի նկարահանումները տևել են երկու տարի։ «Տերը» ֆիլմի բեմադրող նկարիչ Լիդա Գևորգյանը նույնպես փաստում է՝  Մաթևոսյանը չէր ցանկանում, որ ապականվի իր Ահնիձորը։

-Ինչպե՞ս նկարահանվեց ֆիլմը։

-Հրանտը կտրականապես դեմ էր, որ ֆիլմը նկարվեր Ահնիձորում։ Խնդրում-աղաչում էինք, որ գնանք  Ահնիձոր, չէր համաձայնում։ Միասին շրջեցինք Իջևանի գյուղերով, երբ  պնդեցինք գնալ Ահնիձոր, նեղացավ։  Մենք ուշ  երեկոյան հասանք Ահնիձոր։ Ճանապարհին   պատահած մի դիպված տպավորվեց իմ մեջ որպես պատրանք. ճանապարհի եզրին` մի  բարձրաքանդակի առջև կանգնած էր  սևազգեստ մի կին ու  մոմ էր վառում։ Այդ գեղեցիկ սևազգեստ կինը դարձավ իմ տանտիրուհին` իմ սիրելի Իսկուհին։ Հրանտն ասում էր` մի՛ փչացրեք իմ Մթնաձորը (իհարկե կատակով), բայց իսկապես փչացրինք. անմեղ ահնիձորցին տեսավ ու իմացավ` ինչպես են կինո նկարում, ինչպես են  մի նախադասությունը հարյուր անգամ կրկնում, մինչև ռեժիսոր Բագրատը գոռա` «сьемкааа», ինչպես  մի«բրախած նկարիչ» ծառից խնձորներ էր կախում, քանի որ տանտերը մեկ օր առաջ բոլորը հավաքել էր, ու էլի մանր ու մեծ կինոգաղտնիքներ։

-Ահնիձորցիների արձագանքը հիշո՞ւմ եք։

-Ահնիձորցիները հիանալի մարդիկ են, անմիջապես դարձան իմ ընկերները, հատկապես անտառապահ Ալբերտը, որը ամեն կերպ ինձ օգնում էր։ Բնակիչները նույնիսկ իրենց բարեհամբույր վերաբերմունքով ինձ օգնում էին, որովհետև ծանր է երիտասարդ կնոջ համար անտառում, այդ տունը (որտեղ նկարահանել ենք Խորեն Բաբկենիչին ու Անահիտ Ղուկասյանին) համարյա փլատակ էր։ Ես ամբողջովին վերանորոգեցի, վերածեցի բնակելի տան։ Յուրաքանչյուր տեսարանի մեջ նկարիչը ամենակարևորն է, որովհետև նախօրոք է ամեն ինչ ստեղծում ֆիլմի համար։ Նույնիսկ անտառում ես էի ընտրում` ո՛ր ծառը կարելի է նկարել, ո՛րը կտրել։ Տեսարան կա, որտեղ ծառը կտրում են, տանում, մինչև որ Տերը հասնում է և բռնագրավում։ Գիշերվա մեկին գնացել եմ անտառ և ընտրել այդ ծառը։

-Տիկին Լիդա, ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք նկարահանման ընթացքից։

-Նկարահանման խումբը շաբաթ օրը  գնաց Երևան` հանգստի։ Ես մնացել էի  աշխատելու։ Էս Աբոն նկարվելիս սրամտեց, թե`  բրախած նկարիչ։

Ամենահետաքրքիրը Խորեն Աբրահամյանի աշխատասիրությունն էր

Ռոստոմի կնոջ կերպարը մարմնավորել է Անահիտ Ղուկասյանը, որը մինչև «Տերը» «Աշնան արև»-ում Աղուն է կերտել։

-Ինչպե՞ս որոշվեց, որ Դուք եք մարմնավորելու Ռոստոմի կնոջը։

-Այդ Ռոստոմի կնոջ դերն ինձ համար էր։ Ես գիտեի, որ պիտի խաղամ։  

Ես ճանաչում էի այդ մարդկանց` և՛ Թափտղին էի ճանաչում, և՛ նրա կնոջը։ Շատ լավ կին էր ու շատ խեղճ մարդ։ Ինչո՞ւ եմ ասում` խեղճ։ Որովհետև ես նույն վիճակում եմ եղել. ես էլ երեխա չեմ ունեցել և  շատ լավ էի հասկանում նրան։ 

-Ի՞նչ հետաքրքիր դրվագներ եք հիշում նկարահանումներից։

-Ամենահետաքրքիրը Խորեն Աբրահամյանի աշխատասիրությունն էր։ Շշմելու աշխատասեր էր։ Ոչ մի անգամ չէր տրտնջում, թե քանի անգամ այդ նույն գերանը ուսին կարող էր գնալ-գալ… Գյուղից դուրս` սարի դոշին սպիտակ ձիով գալիս էր։ Ձիու մի ոտքի պայտն ընկել էր, ձին կաղում էր։ Մի անգամ բարձրացավ-իջավ և ասաց` մեղք է ձին, ես չեմ նստի… Նորից պայտեցին ձիուն։ Իսկ ամենահետաքրքիրը «Անճոռնի»-ի կերպարը խաղացող գեր երեխան էր (չգիտեմ` որտեղից էին բերել նկարահանման), որը բոլորովին  չէր սիրում Խորիկին, ասում էր. «Իմ աչքերը քոր են գալիս, որ տեսնում եմ»։ Խորիկն էլ այդ երեխային չէր սիրում, ասում էր. «Չեմ հասկանում` էդ ինչ կերպար է»։ Իրար չէին սիրում ու անընդհատ նկարվում էին։

Զրուցեց Մարինե Թաթոյանը
Ահնիձոր