Կինո Մարինե Թաթոյան

Ինչպես էր ստեղծվում հայ կինոն․ կինոյի նկարչի 60-ամյա ուղին

Ինչպես էր ստեղծվում հայ կինոն․  կինոյի նկարչի 60-ամյա ուղին

Զրուցել ենք բեմանկարիչ, բազմաթիվ ֆիլմերի, բեմադրական համերգների, տեսահոլովակների բեմադրող նկարիչ Լիդիա Գևորգյանի հետ, որը օրերս տոնեց իր 86-ամյակը: Վաթսուն տարի ֆիլմարտադրությունում աշխատած Լիդիա Գևորգյանը ասում է, որ թե՛ ինքը և թե՛ իր ամուսինը՝ ռեժիսոր, սցենարիստ Էռնեստ Մարտիրոսյանը, աշխատանքային լուսանկարներ գրեթե չունեն: 

-Տիկին Լիդիա, նկարիչ-բեմադրո՞ղ, թե՞ գեղանկարիչ։  

-Դժվարանում եմ ասել: Նկարել եմ դեռ մանկուց.  տիկնիկներ ու ծաղրածուներ էի նկարում:  Դպրոցն ավարտելուց հետո ճարտարապետ էի ուզում դառնալ, բայց մեր հարևան մեծն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը խորհուրդ չտվեց․ ընդունվեցի նկարչական՝ Էդուարդ Իսաբեկյանի կուրսը, որն ավարտեցի 1964-ին: Դիպլոմայինիս պաշտպանության օրը հրավեր ստացա աշխատելու «Հայֆիլմ»-ում՝  «Ավդոյի մեքենան» ֆիլմում: Հաջորդ ֆիլմը Առնոլդ Աղաբաբովի «Շեկ ինքնաթիռ»-ն էր:

1966-ին ամուսնացա ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի հետ: Համատեղ նկարել ենք երկու ֆիլմ՝ «Ախթամար» լեգենդը ըստ Թումանյանի պոեմի, հետագայում՝ 80-81-ին՝ «Ատամնաբույժն արևելյան» մյուզիքլը։ Ինձ համար մեծ փորձություն էր աշխատել Մալյանի «Նահապետ» ֆիլմում: Այդ տարիներին ոչինչ չգիտեինք Սասունի և սասունցիների, նրանց կենցաղի, նիստ ու կացի, տարազի մասին: Մալյանի հետ նկարահանման խմբով շրջում էինք սասունցիների գյուղերում, կարպետի կտոր,  փայտե աթոռակ, պղնձե ջրաման էինք գտնում…

-Ձեր ամուսնու հետ երբևէ աշխատե՞լ եք: 

-Շատ պահանջկոտ էր, որովհետև պրոֆեսիոնալ էր..․ Էռնեստ Մարտիրոսյանը Օդեսայում աշխատում էր «Վիսոցկու լեռնագնացները» ֆիլմում, երբ Հայաստանից հրավեր ստացավ Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի հիման վրա նկարահանելու «Սարոյան եղբայրներ» ֆիլմը: Արդեն վերջացնում էր ֆիմը՝ 1700 մետր նկարել էր, երբ Ֆրունզե Դովլաթյանը գեղարվեստական ղեկավար նշանակվեց: Եվ մի օր էլ նրա ականջին շշնջաց, թե ինքն է ֆիլմի ռեժիսորը: Ամուսինս նևրոզ  ստացավ, հիվանդացավ, ձեռնափայտով էր քայլում..․

Միասին 1966-ին նկարահանել ենք «Ախթամար» լեգենդը՝ Սևանի ափին: Այն շատ գեղեցիկ ֆիլմ է և լավ ընդունվեց Մոսկվայում: Հետո՝  «Ատամնաբույժն արևելյան»-ն էր՝ 1981 թվականին:

-Ո՞րն է Ձեր ամենահաջողված  ֆիլմը և կամ ամենահայտնի ֆիլմը։ 

-Իմ ամենահաջողված ֆիլմը՝ նկարչական ձևավորման առումով, «Արշակ Երկրորդ» ֆիլմ-օպերան էր: Գառնու ձորում կառուցել էի Արշակի հաղթական կամարը, որի միջով անցնում էր չորս հաղթակառք՝ Արշակի, Փառանձեմի, Տիրիթի համար, ու արքայական ամֆիթատրոն։ ֆիլմի ողջ մոնումենտալ պատմական միջավայրը ճշգրիտ փոխանցում է 4-րդ դարի շունչը:

-Լիդիա Գևորգյանի ամենասիրելի ֆիմը:

-Իմ ամենասիրելի ֆիլմը Ֆելինիի «Ամարկորդն» է, իսկ հայկական ֆիլմերից՝ «Նռան գույնը» և Մալյանի «Կտոր մը երկինքը»:

-Տարիների հեռվից նայելով` ի՞նչ կասեիք երիտասարդ Լիդիա Գևորգյանին։

-Կասեմ՝ շնորհակալ եմ Լիդիա  Թագվորի Գևորգյան,  որ ճիշտ ես ապրել՝ Քրիստոսի բոլոր պատվիրաններով: Կցանկանայի  նվիրվել  միայն  նկարչությանը…

Զրուցեց Մարինե  Թաթոյանը

Նախորդ գրառումը