ԳրաԴաշտ Գրիգոր Գրիգորյան

Գրիգոր Գրիգորյան․ Սիզիփոսի մահը

Գրիգոր Գրիգորյան․ Սիզիփոսի մահը

Այսօր ինչ-որ բան էն չէ, ինչ-որ բան ուրիշ է։ Ինձ լսողները գուցե կարծեն՝ ձևեր եմ թափում կամ յուրահատուկ թվալու անհաջող փորձեր մոգոնում, բայց այստեղ ո՛չ լսող կա, ո՛չ էլ եղել է․․․ Էնպես որ ինչ հիմարություն մտածեմ՝ կասեմ, նույնիսկ բարձրաձայն, առավել ևս՝ բարձրաձայն։ Ու իմ հիմարությունը մի օր հաստատ մեծագույն ճշմարտություն կդառնա: Ճշմարտությունը, որ այս ծուռ աշխարհ կառուցողները փաթաթել են իմ քրտնած պարանոցին, վաղուց լղոզվել և տարրալուծվել է անընդհատ կրկնվող հիմարությունների մեջ, ու ես այլևս չեմ կարողանում տարբերել հիմար ճշմարտությունը ճշմարիտ հիմարությունից։ Իսկ որքան կուզեի՝ գոնե մի ճշմարիտ հիմար լիներ այստեղ՝ կողքիս, մի շնչող էակ, որի հետ կարողանայի իսկական ընկերություն անել․․․

Թե չէ այսօր իմ ընկեր արևն ուրիշ կերպ է այրում, կարծես խաղա բզկտված մարմնիս հետ՝ մե՛կ ձեռ կառնի, մե՛կ կշաղակրատի, մե՛կ էլ կսիրահետի կրքոտ հետերայի պես ու փարվելով մարմնիս՝ տաք շողերով կշողշողա ներսումս։ Բայց մրմռացող վերքերս այսօր անկանխատեսելի հաճելի են թվում․ իմ տաք ընկերը հեգնում է տանջանքներս, ամպերի հետ ստվերում չարքաշ գոյությունս, ու չնայած բնության այս ծաղրանքն ամբողջությամբ պիտի վիրավորեր չարչարանքներիս գիտակից իմաստը, ես լայն ժպտում եմ նրան։ Ինքնագոհ ժպտում եմ ու վայելում վիրավորանքները, քանի որ այս օրը տարբերվում է նախորդներից, ու կենդանի դիակից մահկանացուի վերածվելով՝ ես կարծես դուրս եմ գալիս կաղապարված միօրինակությունից․․․

Իսկ Քարը՝ իմ նույնատիպ օրերի արյունակից Եղբայրը, այսօր հետս չի խոսում։ Ես հրում եմ Նրան, իսկ Նա առանց դիմադրության սահուն գլորվում է վեր։ Մատներս փորձում եմ խրել Նրա անհարթ մակերեսի մեջ, արյունոտել փոշոտ ճեղքերը, բայց Քարը լուռ է, քան երբևէ։ Նա հանգիստ ու անտարբեր անցնում է մեզ ծանոթ ճանապարհը, ինքնակամ շրջանցում լեռան խորդուբորդերը՝ անտեսելով իմ մեղավոր ներկայությունը։ Ջանք չեմ խնայում, հրում եմ ամբողջ ուժով, մարմնով սեղմվում Նրան, փորձում ջերմացնել մերկությամբ, բայց Նրանից անտարբեր սառնություն է բուրում․ թողնում է՝ Իրեն հրեմ, բայց միաժամանակ հաստատում ինքնուրույնության իր թշվառ մենաշնորհը․․․

Ոչի՜նչ, մտածում եմ, ոչի՛նչ, հեսա կհասնենք մեր սահմանին, կհանդիպենք հարազատ ծառ ու թփին և կրկին կգլորվենք ցած՝ նույն ցավերն ու վերքերը վերակենդանացնելով։ Անպտղության ցնորքը այստեղ ևս փշրվում է՝ հանդիպելով իմ հիմարությանը, որին ոմանք խորամանկություն էին կոչում։ Այս գռեհիկ միօրինակության մեջ սպասումը, օդում խլրտացող անհանգիստ թրթիռը հաղթանակ եմ համարում, անհույս լավատեսության մի թղթե ամրոց, որը նույնիսկ քանդվելու կամ վառվելու դեպքում, քանի դեռ ես իմ Քարն եմ գլորում, վերականգնվելու հնարավորություն ունի։ Ամեն դեպքում, չնայած իմ բոլոր մահացու մեղքերին, սպասում ունենալու և անհայտությանը ժպտալու իրավունքը ոչ ոք դեռ չի խլել ինձնից, ու ես նայում եմ սահմանի ուղղությամբ՝ փոքրիկ կարմիր դրոշակին, որին հասնելուց հետո իմ փոշոտ Եղբայրն արդեն որերորդ անգամ կգլորվի ցած․․․

Բայց այսօր սահմանն էլ էն չի թվում․ ես շարունակում եմ գլորել Քարը, բայց չեմ մոտենում դրան, ավելի մեծ ոգևորությամբ եմ հրում, բայց կարմիր դրոշակը չկա ու չկա։ Ինքս ինձ դժվարությամբ համոզում եմ գլուխս չբարձրացնել, չնայել կողքից, լոկ անել էն աշխատանքը, որին դատապարտվել եմ, ինչին դատապարտել են։ Հրել ու նորից հրել, բրթել Քարը, կենտրոնանալ գործողության վրա և չմտածել արդյունքի մասին։ Բայց այստեղ էլ խաբել եմ Նրանց․ ես, Քարն ու այս սարը ամեն այգաբացի հետ նոր սպասում ենք հորինում։ Ու առավել ևս այսօր ես անհամբերությամբ սպասում եմ չարչարանքներիս վերջնակետին՝ սահմանին, կարմիր դրոշակին, որից հետո մենք գլորվելու ենք ցած՝ նորից նույն ճամփորդությունը սկսելու համար․․․

Բայց սահմանը չկա, կարծես տարրալուծված լինի անորոշության երախում, ու ես չգիտեմ՝ ուրախանա՞լ, թե՞ սարսափել։ Արդեն անցել եմ հարազատ դարձած փոսերն ու խոչընդոտները և հիմա բարձրանում եմ նոր, անծանոթ տարածությունը, վաղուց արդեն կտրել եմ սահմանը, իսկ Քարը, իմ լուռ ու դավաճան Եղբայրը, սահում ու սահում է վեր՝ չմտածելով ստորոտի մասին։ Ահա և կարմիրը, ահա և իմ դրոշակը։ Հսկային հպում եմ դրան և սպասում մեր անկմանը։ Բայց Քարն անշարժ է, ես՝ նույնպես։ Նա չի գլորվում ո՛չ վեր, ո՛չ ցած, դադարել է շարժվել, ու կողքերս նայելով՝ տեսնում եմ՝ մենք ամպերից վեր ենք՝ սարի գագաթին։ Ու թերևս առաջին անգամ այս երկար ժամանակային տարածության մեջ մենք կանգնած ենք, մենք անշարժ ենք։ Ես նայում եմ Քարին, Նա՝ ինձ, ժպտում եմ Նրան, Նա՝ ինձ։ Չլինի՞ թե կրկին խորամանկել ու խաբել եմ Աստվածներին։ Բայց խաբելու համար ոչինչ չեմ արել, ընդամենը չարչարվել եմ․․․ շատ եմ չարչարվել՝ առանց դադարի․․․ Մի՞թե չարչարվելը բավարար է Նրանց խաբելու համար․․․ Իսկ գուցե ներողամտությունը շահելո՞ւ․․․

Ծնկներս դողում են, այս անշարժությունից ամբողջ մարմինս սրթսրթում է։ Պետք է շարժվեմ, գործեմ կամ․․․ կամ նստեմ։ Այո՛, այո՛, ես արժանացել եմ դրան, Նրանք հաստա՛տ ինձ ներել են, ես արժանացել եմ սարի գագաթին հանգիստ նստելուն։ Հենց այստեղ՝ ահռելի Քարի դիմաց՝ որպես աշխարհը նվաճած մի անհաղթ Թագավոր։ 

Բայց ինչո՞ւ չեն դադարում այս ցնցումները, գնալով ավելի ու ավելի են ուժեղանում։ Քարը, իմ հավատարիմ Քարը հալվում է աչքիս առջև, փոշիանում և ամեն վայրկյանի հետ փոքրանում։ Նստած տեղից ձեռքս դեպի Նրան եմ պարզում, փորձում կանգնել, ինչ-որ բանով օգնել Եղբորս։ Բայց ուժեղ քամին ինձ գամել է սարի գագաթին ու ինձ մնում է՝ գագաթին բազմած, հնազանդորեն հետևել։ Փոշեմրրիկի միջից տեսնում եմ Քարի լուռ վախճանը, Նրա ուրվապատկերը անհետանում է իմ տեսադաշտից՝ վերջնականապես խեղդվելով փոշու օվկիանոսում․․․ Քամին աստիճանաբար մեղմանում է, իսկ փոշեամպն ավելի է խտանում՝ աշխարհը վերածելով համատարած սևի․․․

Փայտացել եմ, անզոր եմ, ոչ մի շարժում չեմ կարողանում անել։ Լարում եմ ուժերս, շատ մեծ ճիգեր եմ գործադրում և թեթևակի ժպտում հեռուներից դեպի ինձ մոտեցող այդ անհագ սևին․․․