Թատրոն ՄարզաԴիտակ Վովա Արզումանյան

Աշտարակի թատրոնի ստուդիայի երեք տարին

Աշտարակի թատրոնի ստուդիայի երեք տարին

Ամեն ինչ սկսվեց երեք տարի առաջ, մինչև Աշտարակի դրամատիկական թատրոնի պաշտոնական բացումը։ Այդ ամռանը ռեժիսոր Գոռ Մարգարյանի և թատրոնի տնօրեն Մարիաննա Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց առաջին թատերական ճամբարը, որը միավորեց Աշտարակի և հարակից գյուղերի շնորհալի երեխաներին։ Միասին աշխատեցին, փորձարկեցին, փոքրիկ բեմադրություններ ստեղծեցին և աստիճանաբար բացահայտեցին մի բան, որն էլ հետագայում դարձավ նրանց աշխատանքի հիմքը․ երեխաների մեջ թատրոնի հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն կար։ Հասկացան, որ այդ ամենը չի կարող ավարտվել մեկ ճամբարով։ Այդպես ծնվեց թատերական ստուդիան։

-Մեզ համար կարևոր էր ոչ միայն երեխաներին դերասանական արվեստ սովորեցնելը, այլև Աշտարակում թատերական մշակույթ ձևավորելը, մի միջավայր ստեղծելը, որտեղ երեխաները կսովորեն սիրել, հասկանալ ու գնահատել թատրոնը։ Չէ՞ որ թատրոնի ապագան միայն բեմում կանգնած դերասանները չեն։ Այն նաև այն հանդիսատեսն է, որը վաղը կլցնի դահլիճը, կզգա բեմից եկող հույզերն ու կդառնա թատրոնի շարունակության մի մասը։ Եվ գուցե հենց այս գիտակցումն էր, որ սկզբում փոքրիկ նախաձեռնություն թվացող գաղափարին տվեց ավելի մեծ իմաստ ու երկար ճանապարհ անցնելու ուժ,- նշում է դերասան, ստուդիայի դասախոս Միշա Հակոբյանը։ 

Ardi.am-ը զրուցել է ստուդիայի դասախոսների հետ։ 

Միշա Հակոբյան

-Ստուդիայի անցած երեք տարիները․․․

-Այս երեք տարիների ընթացքում հարյուրավոր երեխաների ենք ծանոթացրել թատրոնին, նրանց մեջ սեր ու հարգանք սերմանել բեմի հանդեպ։ Այս ճանապարհին, իհարկե, միայնակ չեմ։ Մեր երեխաների հետ աշխատում են նաև բեմական խոսքի դասախոս Աննա Ասատրյանը, բեմական շարժման դասախոս Գեղամ Պետրոսյանը և պարի դասախոս Ինեսա Սարգսյանը։ Չեմ կարող չառանձնացնել մեր փոխտնօրեն Սարգիս Միրզոյանին, որ միշտ հենարան է մեզ։ Յուրաքանչյուրն իր մեծ ներդրումն ունի երեխաների մասնագիտական զարգացման գործում։
Այսօր ստուդիան իսկապես մեր թատրոնի ամենահպարտանալու առիթներից մեկն է։ Իսկ անձամբ ինձ համար այն շատ ավելին է, քան պարզապես աշխատանք։ Ստուդիայի սաներն ինձ համար երեխաներիս պես են։ Եվ երևի հենց այդ պատճառով էլ ստուդիայի դասերն իմ շաբաթվա ամենասպասված ու ամենասիրելի պահերից են։

-Ո՞րն է ստուդիայի գլխավոր նպատակը՝ ապագա դերասաններ պատրաստե՞լը, թե՞ թատրոնի միջոցով անհատականություն ձևավորելը։

-Կարծում եմ՝ այս երկուսը չպետք է հակադրել։ Իհարկե, վստահ եմ, որ տարիներ անց մեր սաներին տեսնելու եմ մեծ բեմերում՝ թատրոնում կամ կինոյում։ Դա ցանկացած ուսուցչի համար մեծ հպարտություն կլինի։ Բայց երբեք չեմ մտածել, որ ստուդիայի հաջողությունը պետք է չափել միայն այն երեխաների թվով, որոնք հետագայում դերասան կդառնան։
Ինձ համար առաջնայինը միշտ եղել է այն, թե ինչպիսի մարդ է ձևավորվում երեխան այս ճանապարհին։ Թատրոնում երեխան սովորում է լսել, հասկանալ դիմացինին, աշխատել խմբում, պատասխանատվություն կրել, չվախենալ սխալվելուց և, ամենակարևորը, չամաչել սեփական զգացմունքներից։ Ես իմ սաներին միշտ ասել եմ՝ երբ էլ, օրվա որ ժամին էլ իմ կարիքն ունենաք, կարող եք վստահ լինել, որ ձեր կողքին եմ։ Եվ նրանք, իհարկե, սիրով օգտվում են այդ հնարավորությունից։ Միևնույն ժամանակ ես բավականին պահանջկոտ եմ թե՛ մասնագիտական աշխատանքի, թե՛ կարգապահության հարցում։ Երբեմն շատ խիստ եմ լինում, որովհետև համոզված եմ՝ պատասխանատվությունն ու աշխատասիրությունը նույնպես պետք է դաստիարակել։ Բայց ինձ համար կարևոր է, որ երեխան հասկանա՝ ես կարող եմ դժգոհ լինել իր կատարած աշխատանքից, բայց ոչ երբեք իրենից՝ որպես մարդ։ Եվ եթե տարիներ անց մեր սաներից ոչ բոլորն ընտրեն դերասանի մասնագիտությունը, բայց դառնան մտածող, զգայուն ու պատասխանատու մարդիկ, որոնք կարողանում են լսել ու հասկանալ դիմացինին, ես կհամարեմ, որ մենք հասել ենք մեր ամենակարևոր նպատակին:

-Ինչպե՞ս է փոխվում երեխան ստուդիա հաճախելու ընթացքում։

-Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ երբ համեմատում ես երեխաներին ստուդիա գալու առաջին օրերին ու կես կամ մեկ տարի անց, երբեմն պարզապես չես ճանաչում նրանց։ Փոխվում է ամեն ինչ՝ մտածողությունը, աչքերի փայլը, ինքնարտահայտվելու ձևը, անգամ հագուկապը, իսկ հետո արդեն կյանքի կարևոր որոշումների հանդեպ վերաբերմունքը։ Սաներ ենք ունեցել, որոնց, իրենց իսկ խոսքերով, կարողացել ենք դուրս բերել ընտանեկան խնդիրների փլատակներից։ Ու դա արել ենք թատրոնով, փորձերով, ներկայացումներով։ Բեմի լույսերով մի քիչ էլ իրենց կյանքն ենք լուսավորել։ Ամենահպարտ ուսուցիչն եմ լինում, երբ դպրոցից ասում են, որ Ալեքսն ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում գրականության հանդեպ, կամ մեկ այլ թատրոնից լսում եմ՝ «Քո Սարգիսը շատ լավ է փորձ անում»։ Ջերմանում եմ նաև, երբ լսում եմ, որ Գենջոյանը քոլեջի ներկայացումներում փայլում է։ Բայց երևի ամենաշատը հուզվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են նույն էդ փոքր մարդիկ մեծ որոշումներ կայացնում, իրենց ճանապարհն ընտրում ու հետո շնորհակալ լինում, որ այդ ճանապարհի ամենակարևոր մասը՝ սկիզբը, միասին ենք անցել։

-Կա՞ն սաներ, որոնց համար ստուդիան դարձել է պրոֆեսիոնալ թատրոն տանող առաջին քայլը։

-Առաջին հերթին ուզում եմ խոսել մեր ստուդիայի առաջին ներկայացման՝ իմ բեմադրած «Բարոն Մյունխհաուզենի» մասին, որն արդեն մեկ տարի է՝ խաղում են բացառապես մեր ստուդիայի սաները։ Նրանք խաղում են տոմսերով ներկայացում, ունեն իրենց հանդիսատեսը, իսկ ներկայացմամբ արդեն հասցրել ենք նաև հյուրախաղերի մեկնել։ Ինձ համար սկզբունքային էր, որ հանդիսատեսը գա ոչ թե պարզապես երեխաներին տեսնելու, այլ լավ ներկայացում դիտելու։ Որ երեխաներն էլ զգան՝ բեմում իրենցից սպասում են նույն պատասխանատվությունն ու նվիրումը, ինչ պրոֆեսիոնալ դերասանից։


Մեր սաներից շատերն արդեն մասնակցում են ամենատարբեր նկարահանումների, խաղում այլ թատրոնների ներկայացումներում։ Օրինակ՝ Սարգիսը խաղում է Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ իմ շատ սիրելի Շուշան Ղազարյանի «Մեծացած-փոքրացած» ներկայացման մեջ, որի պրեմիերային մեծ անհամբերությամբ ու սրտատրոփ սպասում եմ։ Մեր սաները ներգրավված են նաև Գոռ Մարգարյանի «42-24» ներկայացման մեջ, իսկ Հայկն ու Եվան խաղում են Ա. Ավետիսյանի «Հայրիկ, դու խենթ ես» ներկայացման մեջ։ Ունենք նաև սաներ, որոնք արդեն ընդունվել են Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ։ Եվ ինձ համար հատկապես հաճելի է, երբ տնօրենից, նրանց դասախոսներից ու բեմադրիչներից դրական արձագանքներ ենք ստանում, լսում, որ նրանք լավ են դրսևորվում նոր միջավայրում, աչքի են ընկնում իրենց աշխատանքով ու պատրաստվածությամբ։ Մի անգամ իմ Անահիտ Գենջոյանն ասաց. «Իմ ինքնաթիռն առանց Ձեզ կիսատ է»։ Իսկ ես կասեմ՝ այո՛, այդպես է։ Իսկ դատարկ ինքնաթիռն ո՞ւմ համար է թռչում…

Լիանա Թարխանյան

-Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ է թատրոնը տալիս երեխային, ինչը նա չի կարող ստանալ սովորական կրթական միջավայրում։

-Շատ կարևոր է, որ երեխաները դեռ փոքրուց ծանոթանան թատրոնին։ Իմ պատկերացմամբ՝ թատրոնը զարմանալի և հրաշքներով լի աշխարհ է, որտեղ երեխաները հնարավորություն ունեն ազատ արտահայտվելու, անվերջ երազելու, հավատալու, բացահայտելու իրենք իրենց:
Այստեղ նրանք սովորում են ճանաչել իրենց զգացմունքները, սովորում են խոսել դրանց մասին, լսել դիմացինին, հարգել ու սիրել։ Սովորական կրթական միջավայրում հաճախ կան հստակ հարցեր, կանոններ և ակնկալվող ճիշտ պատասխաններ, իսկ թատրոնում չկան հստակ կանոններ, ճիշտ ու սխալներ, այստեղ երեխաներն ազատ են երևակայելու, հորինելու, երազելու և իրենց տարբերակներն առաջարկելու համար: Նրանք այստեղ կարող են անվերջ նոր բաներ բացահայտել իրենց ու աշխարհի մասին: 

-Ի՞նչ առանձնահատկություն ունի ձեր ստուդիան մյուս թատերական խմբակների համեմատ։

-Մենք մեր ստուդիայում շատ ենք կարևորում երեխաների հետ ընկերական ու ջերմ հարաբերությունները։ Մեզ համար կարևոր է, որ նրանք զգան՝ այստեղ իրենց լսում են, հասկանում են, ընդունում այնպիսին, ինչպիսին կան։ Մենք երեխաների հետ միասին ենք փնտրում, բացահայտում ու ստեղծում և այդ ճանապարհին ինքներս էլ շատ բան ենք սովորում նրանցից։ Յուրաքանչյուր երեխա իր առանձին աշխարհն ունի՝ իր գույներով, հետաքրքրություններով։ Այդ աշխարհին պետք է մոտենալ շա՜տ զգուշությամբ ու հոգատարությամբ։ Հենց այդ անհատական մոտեցումն էլ մեր աշխատանքի կարևոր մասն է, փորձում ենք ճանաչել յուրաքանչյուրին, հասկանալ ու գտնել նրանց հետ հաղորդակցվելու ճանապարհը: Կարծում եմ՝ երեխաների հետ աշխատելը ամենապատասխանատու գործն է, որովհետև մեր խոսքն ու վերաբերմունքը շատ մեծ նշանակություն ունեն նրանց համար։
Մեր ստուդիայի առանձնահատկություններից մեկն էլ հենց այդ կապն է։ Այստեղ երեխաները կարող են ազատ արտահայտել իրենց անգամ ամենաանսովոր մտքերը՝ իմանալով, որ մենք լսելու ենք և միասին այդ մտքերին ստեղծագործական կյանք ենք տալու: Ինչպես նաև մեր ստուդիայի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն գործում է Աշտարակի դրամատիկական թատրոնին կից։ Դասերն ու փորձերն անցկացվում են հենց թատրոնում՝ փորձասենյակում և բեմում։ Երեխաները հնարավորություն ունեն հանդիպելու, շփվելու թատրոնի դերասանների հետ, ներկա լինելու ներկայացումների փորձերին և կուլիսներից տեսնելու թատրոնի ամբողջ անցուդարձը։ Նրանք կարող են նաև ընդգրկվել թատրոնի ներկայացումներում ու նույն բեմում խաղալ պրոֆեսիոնալ դերասանների հետ։ Կարծում եմ՝ սա հրաշալի և շատ մեծ ու կարևոր փորձառություն է երեխաների համար:

-Ի՞նչ եք ուզում, որ երեխան ստանա այստեղից՝ բացի բեմական հմտություններից։

-Բացի բեմական հմտություններից՝ ինձ համար շատ կարևոր են մարդկային որակներն ու արժեքները, որոնք երեխան այստեղից կտանի իր հետ։ Ուզում եմ՝ նրանք հասկանան, որ որքան էլ մարդը շնորհալի լինի, առաջին հերթին կարևոր է լավ մարդ լինելը՝ դիմացինին հարգելը, օգնելը և հոգատար լինելը։ Ուզում եմ, որ երեխաները սովորեն պատասխանատու լինել իրենց խոսքերի ու արարքների համար, ուշադիր և հոգատար լինեն իրենց ընտանիքի անդամների, ընկերների ու դասախոսների հանդեպ։ Կարևոր է, որ կարողանան լսել միմյանց, օգնել իրար, գնահատել ու շնորհակալ լինել։ Մենք գրեթե ամեն օր երեխաների հետ զրուցում ենք այս ամենի մասին: Ուզում եմ, որ չվախենան սխալվելուց, համարձակ լինեն և իմանան, որ իրենց խոսքն ու կարծիքը նույնպես կարևոր են, որ կարողանան ազատ արտահայտել իրենց մտքերը:
Անկախ նրանից, թե երեխան հետագայում ինչ մասնագիտություն կընտրի, կուզեմ, որ այստեղից իր հետ տանի այդ բարությունը, հարգանքը, սերն ու պատասխանատվության զգացումը, ինչպես նաև երազելու և հավատալու կարողությունը։

Գեղամ Պետրոսյան

Գեղամ Պետրոսյան

-Ինչպիսի՞ մթնոլորտ եք փորձում ստեղծել ստուդիայում։

-Ստուդիայում փորձում եմ ստեղծել ազատ, բայց միաժամանակ աշխատող մթնոլորտ։ Ինձ համար շատ կարևոր է, որ երեխան չվախենա իր մարմնից, շարժումից, ձայնից ու սեփական ներկայությունից։ Բեմում մարդը պետք է կարողանա ազատ արտահայտվել, իսկ դրա համար նախ պետք է իրեն ազատ զգա։ Ես հաճախ ասում եմ, որ բեմական շարժումը միայն գեղեցիկ շարժումներ անելը չէ։ Այն սեփական մարմինը ճանաչելու, տարածությունը զգալու, զուգընկերոջը լսելու և իր ներկայությունը կառավարելու մասին է։ Այդ պատճառով ստուդիայում փորձում եմ երեխաներին տալ ոչ միայն դեր խաղալու, այլև իրենց բացահայտելու հնարավորություն։

-Բոլո՞րն են բեմի համար, թե՞ երբեմն թատրոնը բացահայտում է, որ մարդու ուժեղ կողմը բոլորովին այլ տեղ է։

-Ոչ բոլորն են պարտադիր բեմի համար, և ես դա խնդիր չեմ համարում։ Թատրոնը հենց այն միջավայրն է, որտեղ մարդը կարող է փորձել իրեն տարբեր ձևերով ու հասկանալ՝ որն է իր ուժը։ Օրինակ՝ բեմական շարժման ընթացքում կարող է պարզվել, որ երեխան շատ լավ է զգում տարածությունը, մարմինը կամ խմբի ռիթմը, բայց որպես դերասան իրեն դեռ ազատ չի զգում։ Մյուսն էլ կարող է շատ ուժեղ դերասանական ներկայություն ունենալ, բայց ավելի ուշ բացահայտել, որ իրեն հետաքրքրում են ռեժիսուրան, բեմադրությունը կամ ստեղծագործական մեկ այլ ոլորտ։ Ինձ համար թատրոնի ամենակարևոր գործառույթներից մեկն այդ բացահայտումն է։ Մենք ոչ միայն փորձում ենք երեխային բեմ բարձրացնել, այլև օգնում ենք նրան հասկանալ իր մարմինը, իր հնարավորությունները և այն, թե որտեղ է ինքը իսկապես ուժեղ։

Զրուցեց Վովա Արզումանյանը