Ակուտագավա Ռյունոսկե. Մանդարիններ
Մռայլ ձմեռային մթնշաղ էր: Ես նստած էի Յոկոսուկա-Տոկիո գնացքի երկրորդ կարգի վագոնում և մտացիր սպասում էի մեկնման սուլիչին։ Վագոնում վաղուց արդեն վառել էին էլեկտրականությունը, բայց, չգիտես ինչու, բացի ինձնից ոչ մի ուղևոր չկար։ Եվ դրսում, կիսամութ կառամատույցում, նույնպես, չգիտես ինչու, այսօր ոչ ոք չկար, անգամ ճանապարհողներ, և լոկ մերթընդմերթ հաչում էր վանդակում փակված շնիկը։ Այդ ամենը զարմանալիորեն ներդաշնակվում էր այդժմյան տրամադրությանս։ Գիտակցությանս վրա անասելի խոնջանքից ու տաղտուկից ընկած էր աղոտ ստվերը, լրիվ ինչպես ամպամած ձմեռային երկնքից։ Ես նստած էի անշարժ՝ ձեռքերս վերարկուիս գրպանները խոթած, և հավես չունենալով անգամ գրպանիցս հանել ու աչքի անցկացնել երեկոյան թերթը։
Վերջապես հնչեց սուլիչը։ Թույլ հոգեկան թեթևության զգացումով ես գլուխս կռթնեցի պատուհանի շրջանակին և սկսեցի սպասել, երբ կանգառը աչքերիս առջև կսկսի դանդաղորեն հեռանալ։ Բայց այդժամ կառամատույցի պտտադռնակի կողմից լսվեց գետայի (ճապոնական կոշիկ) բարձր կտկտոցը, անմիջապես նրա հետևից՝ վագոնավարի զայրացկոտ բացականչությունը, վագոնի դուռը թխկոցով բացվեց, և, շնչասպառվելով, մտավ տասներեք-տասնչորս տարեկան մի աղջիկ։ Միևնույն պահին գնացքը երերալով, դանդաղորեն շարժվեց։ Կառամատույցի սյուները՝ մեկը մյուսի հետևից տեսադաշտի հատվածն ընդգծող, ջրաբաքով սայլակը՝ ասես ինչ-որ մեկի կողմից գցված ու մոռացված, բեռնակիրը՝ գնացքում ինչ-որ մեկին խոնարհվող– այս ամենը պատուհանը պատած մոխրածխի քուլաներում մի տեսակ դժկամորեն հետ գլորվեց։ Վերջապես, թեթևությամբ շունչ քաշելով՝ ես կպցրի ծխախոտը և լոկ այդժամ բարձրացրի խամրած կոպերս ու հայացք նետեցի դիմացս նստած աղջկա դեմքին։
Դա իսկական գյուղական աղջիկ էր, առանց յուղի նշույլի չոր մազերը հարդարված էին իտեգաեսի ոճով, իսկ չեչոտ, ճաքճքած այտերն այնքան բոսորագույն էին այրված, որ անգամ տհաճ տպավորություն էին թողնում։ Նրա ծնկներին, ուր անփութորեն կախ էր ընկած քրքրված կանաչ բրդյա շարֆը, մեծ կապոց էր։ Այն պահող ցրտահարված ձեռքում նա զգուշորեն սեղմել էր երրորդ կարգի կարմիր տոմսը։ Ինձ դուր չեկավ այդ աղջկա գեղջկական դեմքը։ Բացի այդ, ինձ տհաճ էր, որ նա կեղտոտ է հագնված։ Վերջապես, ինձ բարկացնում էր նրա բթամտությունը, որով նա անկարող էր անգամ ըմբռնել երկրորդ և երրորդ կարգերի տարբերությունը։ Ուստի, ծխախոտը կպցնելով, ես վճռեցի մոռանալ ինքնին այդ աղջկա գոյությունը և պարապությունից բաց արի թերթը։ Հանկարծ պատուհանից էջերի վրա ընկնող լույսը վերածվեց էլեկտրականի, և թերթի անընթեռնելի տպագրությունն անսպասելի ցայտունությամբ հառնեց աչքերիս առջև։ Ըստ երևույթին գնացքը մտավ Յոկոսուկա երկաթգծի բազում թունելներից առաջինը։
Սակայն, թեև ես հայացքս սահեցնում էի էլեկտրականությամբ լուսավորվածէջերով, ամենը, ինչ կատարվում էր աշխարհում, չափազանց տափակ էր տաղտուկս ցրելու համար։ Խաղաղության կնքման հարցեր, նորապսակներ, դարձյալ նորապսակներ, պաշտոնյաների կաշառակերության դեպքեր, մահազդներ․․․ Տարօրինակ պատրանք տածելով, ասես գնացքը, մտնելով թունել, հանկարծ սլացավ հետադարձ, ես գրեթե մեքենայաբար աչքերս դարձնում էի մի վհատեցուցիչ հոդվածից մյուսին։ Բայց այդ ամբողջ ընթացքում ես, անշուշտ, րոպե իսկ անկարող էի կտրվել գիտակցությունից, որ առջևս նստած է այդ աղջիկը՝ գորշ իրականության կենդանի մարմնացումը մարդկային կերպարանքում։ Այդ գնացքը թունելում, այդ գյուղական աղջիկը, դե և այդ թերթը՝ լի տափակ հոդվածներով․ իսկ ի՞նչ է այս ամենը, եթե ոչ անըմբռնելի, չնչին, տաղտկալի մարդկային կյանքի խորհրդանիշը։ Ամենն ինձ անիմաստ էր թվում, և, դեն նետելով կիսաընթերցած թերթը, ես նորից գլուխս կռթնեցի պատուհանի շրջանակին, մեռյալի պես փակեցի աչքերս և սկսեցի ննջել։
Անցավ մի քանի րոպե։ Հանկարծ, ասես ինչ-որ բանից վախեցած, ես ակամա հետ նայեցի՝ պարզվեց, որ աղջիկը աննկատ ելել է դիմացի նստարանի իր տեղից և, կողքս կանգնած, համառորեն ջանում էր բացել պատուհանը։ Բայց ծանր շրջանակը ոչ մի կերպ տեղի չէր տալիս։ Աղջկա ճաքճքած շուրթերն է՛լ ավելի կարմրեցին, և ես լսեցի, թե ինչպես, ձեռուոտ ընկնելով պատուհանի մոտ, նա երբեմն քթով ֆսսացնում էր ու ընդհատ-ընդհատ շնչում։ Նրա ջանքերը չէին կարող իմ մեջ որոշակի կարեկցանք չհարուցել։ Սակայն արդեն լոկ նրանից, որ բլրալանջերը, որոնցում մթնշաղում երևին էր տալիս չորացած խոտը, երկու կողմից մոտենում էին պատուհաններին, հեշտությամբ կարելի էր կռահել, որ գնացքը կրկին մոտենում է թունելի։ Եվ, միևնույն է, աղջիկը ուզում էր իջեցնել հատուկ փակված պատուհանը․ ինչու, ինձ անհասկանալի էր։ Ես դա կարող էի լոկ քմայք համարել։ Ուստի, հոգուս խորքում նախկին խստությամբ, ես սառը նայում էի, թե ինչպես են ցրտահարված ձեռքերը պայքարում՝ ջանալով իջեցնել ապակին։ Ես ուզում էի, որ այդ ջանքերը այդպես էլ հաջողությամբ չպսակվեին։ Բայց հանկարծ գնացքը սարսափելի դղրդյունով խուժեց թունել, և հենց նույն պահին շրջանակը, որն աղջիկը ջանում էր իջեցնել, ի վերջո շխկոցով ընկավ։ Եվ ուղղանկյուն անցքից մեկեն թանձր ներս հորդեց ու տարածվեց վագոնով մեկ սև, ասես մրով ներծծված, խեղդող մխի վերածված օդը։ Ես չհասցրի նույնիսկ թաշկինակով դեմքս ծածկել, ինչպես մխի մի ամբողջ ալիք պատեց ինձ, և, վաղուց արդեն տառապելով կոկորդից, այնպես ուժեղ հազացի, որ քիչ էր մնում խեղդվեի։ Իսկ աղջիկը, չնչին իսկ ուշք չդարձնելով ինձ վրա, պատուհանից կախվեց և, մազերը դեմ անելով դրանք ծածանող քամուն, գնացքի շարժմանը համընթաց նայում էր առաջ։ Նայում էի նրան, պատված մխով ու էլեկտրական լույսով, և եթե միայն պատուհանից այն կողմ չսկսեր լուսավորվել և այնտեղից թարմացուցիչ չլցվեր հողի, խոտի, ջրի հոտը, ապա ես, վերջապես դադարելով հազալ, անշուշտ, խստիվ կնախատեի այդ անծանոթ աղջկան և նորից կփակեի պատուհանը։
Բայց գնացքն արդեն սահունորեն դուրս սահեց թունելից և անցնում էր չքավոր արվարձանի գծանցով՝ սեղմվածերկու կողմից լեռներով, որոնց լանջերը պատված էին չոր խոտով։ Շուրջն ամենուր կեղտոտ ու կիպ սեղմվել էին խղճուկ ծղոտե ու կղմինդրե տանիքները, և – հավանաբար սլաքավարն էր այն թափահարում – տրտում ծածանվում էր մթնշաղում դեռ սպիտակին տվող դրոշակը։ Հենց որ գնացքը ելավ թունելից, ես տեսա, որ ամայի գծանցի ուղեփակոցից այն կողմ իրար կողք երեք կարմրաթուշ մանչուկներ էին կանգնած։ Երեքն էլ կարծես ընտրված գաճաճներ էին, ասես ճզմվածայս ամպամած երկնքից։ Եվ նրանց հագուստը միևնույն գույնի էր, ինչ այս ամբողջ մռայլ արվարձանը։ Աչք չկտրելով կողքով սլացող գնացքից, նրանք միաժամանակ բարձրացրին ձեռքերը և հանկարծ, չխնայելով իրենց մանկական կոկորդները, ամբողջ ուժով ինչ-որ անհասկանալի ողջույն գոռացին։ Եվ միևնույն պահին ահա թե ինչ կատարվեց․ աղջիկը, մինչև գոտկատեղը պատուհանից կախված, ձգեց իր ցրտահարված ձեռքերը, թափահարեց դրանք աջ ու ձախ, և հանկարծ հայացքով գնացքը ճանապարհող երեխաների վրա վերևից թափվեցին մի քանի ոսկեգույն մանդարիններ՝ այնքան ջերմ ու արևոտ երանգավորված, որ սիրտս թրթռաց։ Ես ակամա շունչս պահեցի։ Եվ ակնթարթորեն ամեն ինչ հասկացա։ Նա, այդ աղջիկը, հավանաբար, փող աշխատելու մեկնած, նետեց պատուհանից ծոցում պահած մանդարինները, որպեսզի շնորհակալություն հայտնի իրեն ճանապարհելու համար գծանց ելած եղբայրներին։
Մթնշաղում թաղված գծանցը, երեք մանչուկները՝ թռչունների պես ծղրտացող, նրանց վրա թափվող մանդարինների թարմ պայծառությունը՝ այս ամենն առկայծեց պատուհանից անդին գրեթե ակնթարթորեն։ Բայց հոգումս այդ պատկերը դրոշմվեց գրեթե տանջալից պայծառությամբ։ Եվ ես զգացի, թե ինչպես է դեռ ինչ-որ անհասկանալի պայծառ զգացում ողողում ինձ։ Հուզմունքով բարձրացնելով գլուխս՝ ես լրիվ այլ աչքերով նայեցի աղջկան։ Վերադառնալով իր տեղը՝ նա առաջվա պես թաքցրեց ճաքճքած այտերը կանաչ բրդյա շարֆի մեջ և, պահելով մեծ կապոցը, ձեռքում ամուր սեղմեց երրորդ կարգի տոմսը…
Եվ լոկ այդժամ ինձ հաջողվեց թեկուզ ժամանակավորապես մոռանալ իմ անասելի խոնջանքն ու տաղտուկը և անըմբռնելի, չնչին, ձանձրալի մարդկային կյանքը։
Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը






