Ազդագիր

Նորաձևության մրցանակաբաշխություն Հայաստանում

Նորաձևության մրցանակաբաշխություն Հայաստանում

Աշխարհում ամենահայտնի հայկական ծագումով Serapian բրենդի ներկայացուցիչը՝ Ջովաննի Նոդարի Սերափյանը Հայաստանում անցկացված նորաձևության մրցանաբաշխության ժյուրիի անդամ էր։ Հայաստանի պատմության թանգարանի պատմական սյունաշարը վերածվել էր նորաձևության հարթակի՝ հյուրընկալելով Crafted Identities – Fashion Award 2026 խորագրով նորաձևության մրցույթի եզրափակիչ ցուցադրությունն ու մրցանակաբաշխությունը։ 

Պատմական միջավայրում անցկացված ցուցադրությունը խորհրդանշական երկխոսություն էր հայկական մշակութային ժառանգության և ժամանակակից դիզայնի միջև։ Rien-à-Porter հարթակի նախաձեռնությամբ անցկացված միջոցառումը մեկտեղել էր հայ երիտասարդ դիզայներներին, նորաձևության ոլորտի միջազգային փորձագետներին, մշակութային համայնքի ներկայացուցիչներին և ոլորտի մասնագետներին։

Մրցույթի առաջին հաղթող է ճանաչվել Վաննես Հակոբը (Wannes Akop)՝ իր Marmin հավաքածուով, որը ոգեշնչված է հայ քանդակագործ Դերենիկ Դանիելյանի ստեղծագործություններից և նորովի է մեկնաբանում կանացի ուրվագծի քանդակային արտահայտչականությունը։

Սերփյանը, ով վերջերս 25 տարվա բացակայությունից հետո այցելել էր Հայաստան, կրկին ժամանել էր՝ այս անգամ լինելու ժյուրիի կազմում։ 

«Երևանում անցկացված Crafted Identity-ի ժյուրիի կազմում լինելն արտասովոր փորձառություն էր՝ գեղեցկության, բարձր վարպետության և մեր հայկական արմատների յուրահատուկ արժևորում։ Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների՝ բեմահարթակում ներկայացրած աշխատանքների որակն ու նորարարական ոգին իսկապես բացառիկ էին։ Հաղթողը՝ Վաննես Հակոբը, արժանի էր այս հաղթանակին․նա առանձնանում էր իր անշփոթելի ոճով, նորարարական տեսլականով և գրավիչ էներգիայով, որոնք, անկասկած, նշանակալի հետք կթողնեն ժամանակակից նորաձևության աշխարհում»,-իր խոսքում ասել է Ջովաննի Նոդարի Սերափյանը։ 

Crafted Identities – Fashion Award 2026-ի մեկնարկը տրվել էր հուլիսի 15-ին՝ հայտերի միջազգային բաց մրցույթով, որին հրավիրվել էին մասնակցելու Հայաստանից և Սփյուռքից երիտասարդ հայ դիզայներներ։ Ընտրության արդյունքում առանձնացվել էին յոթ եզրափակիչ մասնակիցներ, որոնք օգոստոսից հոկտեմբեր մասնակցել են մասնագիտական զարգացման ծրագրի՝ աշխատելով իրենց հեղինակային հավաքածուների վրա ոլորտի փորձառու մասնագետների աջակցությամբ։

Մրցույթի մասնակիցների աշխատանքները գնահատել է միջազգային հինգ փորձագետից կազմված ժյուրին։ Ժյուրիի կազմում, բացի Սերափյանից, ընդգրկված էին Emporio Armani-ի տղամարդկանց հագուստի գծի ավագ դիզայներ Ռիմա Կազումյանը, Իտալիայում գործունեություն ծավալող հայ դիզայներ և Ֆլորենցիայի Polimoda նորաձևության դպրոցի դասախոս Նաիրա Խաչատրյանը, միջազգային ստեղծագործական տնօրեն և վիզուալ արվեստագետ Արփինե Մովսիսյանը, ինչպես նաև Փարիզում գործունեություն ծավալող ստեղծագործական տնօրեն և լուսանկարիչ,  The Estée Lauder-ի ստեղծագործական տնօրեն Ֆիլիպ Նոյֆելդտը։

Մրցանակաբաշխության կարևորագույն առանձնահատկություններից էր այն, որ աջակցության հնարավորություններ են նախատեսվել ոչ միայն գլխավոր հաղթողի, այլև մյուս մասնակիցների համար։ 

Crafted Identities – Fashion Award-ը ստեղծվել է հայկական նորաձևության նոր սերնդին բացահայտելու, աջակցելու և միջազգային ոլորտային համայնքի հետ կապեր ձևավորելու նպատակով։ Նախագծի հիմքում նորաձևության՝ որպես մշակութային ինքնության արտահայտման միջոցի գաղափարն է։ Այն խրախուսում է երիտասարդ դիզայներներին վերաիմաստավորել հայկական ժառանգությունը, արհեստագործական ավանդույթներն ու անձնական փորձառությունը՝ դրանք արտահայտելով ժամանակակից ստեղծագործական լեզվով։

Նախաձեռնության երկարաժամկետ նպատակն է Fashion Award-ը վերածել ամենամյա մրցույթի և մասնագիտական զարգացման ճանաչված հարթակի՝ ստեղծելով մենթորության, միջազգային փորձի փոխանակման, ստեղծագործական համագործակցությունների և շուկա մուտք գործելու նոր հնարավորություններ։ Նախատեսվում է նաև ապագայում ընդլայնել նախագծի աշխարհագրությունը Հայաստանի սահմաններից դուրս։