Հովհաննես Թումանյանի մետաֆիզիկական հայացքի մի ուրվագիծ
Հենց սկզբից ասենք, որ Բացարձակ Ոգու ընկալումները Թումանյանի պարագայում դուրս են սովորական կրոնական ըմբռնումների դաշտից։ Իհարկե, որպես հայ քրիստոնյա նա պատշաճ հարգանք է ունեցել հայ առաքելական եկեղեցու հանդեպ, բայց և ունեցել է հանճարի լայն ու խորը տեսադաշտ՝ այնպիսին, որ չպարփակվեր զուտ աստվածաշնչային սահմաններում։ Նման ազատ՝ բայց ոչ աթեիստական հայացքներ են ունեցել այնպիսի մեծություններ՝ օրինակ գերմանացիներից՝ ինչպիսիք են Մայստեր Էքհարթը և Անգելուս Սիլեզիուսը։ Ասվածի ընդամենը չորստողանոց վավերացումն է Թումանյանի հետևյալ քառյակը․
Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։
Հարկավ` ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին ;
Թումանյանի մի ուրիշ քառյակ էլ կարող է մեզ շեղել, «հունից հանել» առ այն, թե նրա հայացքները․․․ պանթեիստական են, ահավասիկ․
Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։
Իրականում, Թումանյանի հայեցումն այնպիսին է , որ դուրս է գալիս նյութական աշխարհի սահմաններից, այսինքն զուտ մետաֆիզիկական են և համընկնում են Բացարձակ Ոգու բուն էությանը՝ որքանով որ կարելի է, հնարավոր է մարդկայինի սահմաններում հասու լինել դրան․
Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։
Թումանյանն իրեն՝ իր հոգևոր էությունը համարում է Բացարձակ Ոգուց արտահեղված մի Բան՝ դրա մի տեսակ էմանացիան, որ բաժանված լինելով մարդկային ծննդյամբ, նորից ձգտում է վերամիավորման։ Վերամիավորման պայմանը հոգևոր հասունացումն ու ինքնակատարելագործումն է՝ ստեղծագործական արդյունքներով վավերացված, ինչը թույլ է տալիս նորից դառնալ իր ասած «անճառ Մինի» մի մասը․
Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,—
Զարմանում եմ, թէ` ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից։
Թե ինչու է Բացարձակ Ոգին իրենից նման «արտահեղում» անում ՝ բարդ մետաֆիզիկական հարց է, ամենայն հավանականությամբ դա Բարձրագույն Կատարյալի ԻՆՔՆախաղարկությունն է ՝ Բարձրագույնից առ Ստորինը և հակադարձ շարժմամբ՝ Ստորինից առ Բարձրագույնը ( սույն թեմայով հետաքրքիր դիտարկումներ ունի Հենրիկ Էդոյանն իր «Շարժում դեպի հավասարակշռություն» աշխատության մեջ)։ Այս ԻՆՔՆախաղարկությունը և՛ս Թումանյանի համար ընկալելի է եղել, ըստ իր հետևյալ քառյակի․
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
Զավեն Բեկյան






