ՄշակութաԳիծ Արմինե Սարգսյան Երաժշտություն

«Take 6-ի համերգը կազմակերպվել է Լևոն Մալխասյանի ցանկությամբ»

16.12.2019

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19։30-ին, կկայանա Գրեմմիի և Dove մրցանակի տասնակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելլա խմբի համերգը: Աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած ամերիկյան այս խումբը մեր երկրում ելույթ է ունենալու առաջին անգամ: Համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին:

Աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած Take 6-ը կատարում է հիմնականում հոգևոր երաժշտություն: Խումբը դրանում ինտեգրում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից R&B, փոփ երաժշտության էլեմենտներ:

Լևոն Մալխասյանին նվիրվածհամերգների շարքը մեկնարկել  էր իսրայելցի ջազ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգով: Նրանց նվագակցեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում  կկայանա եզրափակիչ համերգը: Հանդես կգան Մալխասը և նրա ընկերները:

Համերգաշարի  կազմակերպիչը Prime Productionն է:

Prime Production-ի հիմնադիր, փառատոնի կազմակերպիչ Էդգար Հոկտանյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է կատարվել հոբելյանական համերգաշարի ընտրությունը, հաշվի են առնվել Լևոն Մալխասյանի նախասիրություննե՞րը, թե՞ հանդիսատեսին և հենց ջազ լեգենդին անակնկալ մատուցելու հանգամանքը:

«Ինչ վերաբերում է Take 6-ի համերգին, այն կազմակերպվել է հենց Լևոն Մալխասյանի ցանկությամբ,- ասաց Էդգար Հոկտանյանը:- Նա լսել էր ակապելլա խմբի համերգը Մոսկվայում՝ Կրեմլում, հիացել:  Նրա իսկ ցանկությամբ շուրջ երեք տարի բանակցում էինք խմբի հետ, ու ստացվեց այնպես, որ համաձայնության եկանք Մալխասյանի ծնունդից մի քանի օր առաջ: Այդպես ստեղծվեց նաև փառատոնի գաղափարը: Take 6-ը Հայաստանում երբևիցե չի եղել:  Ավիշայ Քոենը առաջին ագամ մեզ մոտ եղել  է Մալխասյանի հրավերով, ու քանի որ սիմֆոնիկ նվագախմբի համար մեծ թվով գործեր ունի, որոշեցինք նոր ու ինքնատիպ ծրագիր մատուցել՝ համագործակցելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի հետ: Դեկտեմբերի 25-ին կայանալիք եզրափակիչ համերգին կմասնակցեն Լևոն Մալխասյանի հետ իրենց կյանքի ընթացքում այս կամ այն կերպ առնչված երաժիշտներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից»:
Այլ կերպ ասած՝ կլինեն Մալխասը և նրա ընկերները:


Արմինե Սարգսյան

Գլխավոր լուսանկարում՝ Լևոն Մալխասյան, Prime Production-ի համահիմնադիրներ՝ Էդգար Հոկտանյան և Սոնա Սոսյան

No Comments

Leave a Reply