Ազդագիր

Մեկնարկել է «Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն» կրթական ծրագիրը

Մեկնարկել է «Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն» կրթական ծրագիրը

Հայաստան, ԱՄՆ, Ուգանդա, Նիգերիա, Հարավային Աֆրիկա, Նորվեգիա, Իրան և Ռուսաստան․ ութ երկրից ավելի քան 60 դիմորդ հետաքրքրվել է «Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն» կրթական ծրագրով։ Ընտրության արդյունքում «hosq» մշակութային-կրթական հիմնադրամի և Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ծրագրին միացել է 15 մասնակից։ Դասերն արդեն մեկնարկել են։

Դիմումների աշխարհագրությունը վկայում է երաժշտությունն ու տեխնոլոգիաները միավորող այս ծրագրի նկատմամբ միջազգային հետաքրքրության մասին։ Այն մասնակիցներին հնարավորություն է տալիս անցնելու ստեղծագործական լիարժեք ճանապարհ՝ գաղափարի և կոմպոզիցիայի մշակումից մինչև ձայնագրություն, միքսինգ և հեղինակային նախագծերի ստեղծում։

Ութամսյա ծրագիրը մշակված է նախագծահեն կրթության սկզբունքներով։ Ուսուցման ընթացքում մասնակիցները կաշխատեն իրական նախագծերի վրա, կքննարկեն ու կկատարելագործեն իրենց աշխատանքները՝ ձևավորելով անհատական պորտֆոլիո։ Ծրագրի նպատակն է օգնել նրանց զարգացնելու սեփական ստեղծագործական ոճը և ձեռք բերելու ժամանակակից երաժշտական արտադրության համար անհրաժեշտ գործնական հմտություններ։

Պարբերաբար նախատեսվում են նախագծերի բաց ներկայացումներ, որոնց կհրավիրվեն երաժշտական ստուդիաների, լեյբլների, տեսախաղեր ստեղծող ընկերությունների և գովազդային գործակալությունների ներկայացուցիչներ։ Այս ձևաչափը մասնակիցներին հնարավորություն կտա մասնագետների արձագանք ստանալու և կապեր հաստատելու հնարավոր գործատուների հետ։

Ծրագիրը ներառում է նաև տեղական ու միջազգային մասնագետների հետ աշխատանք և երաժշտական տեխնոլոգիաների ոլորտում գործող Ableton ու Arturia համաշխարհային ընկերությունների հետ համագործակցություններ։ Կրթական գործընթացի համար «hosq» հիմնադրամը կոնսերվատորիայի հետ համատեղ ստեղծում է ժամանակակից սարքավորումներով հագեցած երաժշտական ստուդիա և լաբորատորիա։

«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն» ծրագիրը մշակվել է Հայաստանի մշակութային համատեքստը հաշվի առնելով՝ մասնակիցների համար ընդլայնելով միջազգային երաժշտական հարթակներ ու մասնագիտական շուկաներ դուրս գալու հնարավորությունները։