Ազդագիր

Ֆրանկոֆոն թատերական հանդիպումները Երևանում. գլխավոր հերոսը Սիմոն Աբգարյանն է

Ֆրանկոֆոն թատերական հանդիպումները Երևանում. գլխավոր հերոսը Սիմոն Աբգարյանն է

 «Avant-scène» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Երևանում կանցկացվի Ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 8-րդ թողարկումը, որն այս տարի նվիրված է ֆրանսահայ անվանի դերասան, դրամատուրգ և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի ստեղծագործական աշխարհին։ 

«Հավերժական վերադարձի պատմություն․ Սիմոն Աբգարյանի թատերարվեստը» խորագիրը կրող այս տարվա ծրագիրը հնարավորություն կընձեռի հայ հանդիսատեսին բացահայտելու արվեստագետի թատերական ժառանգությունը, ծանոթանալու նրա թատերկերին և հանդիպելու հեղինակին։ Նախագիծը միավորում է ֆրանսախոս և հայ թատերական մշակույթները՝ ստեղծելով երկխոսության, ստեղծագործական համագործակցության և մշակութային փոխանակման հարթակ։ 

Հինգ օրերի ընթացքում նախատեսված են գրական և թատերական հանդիպումներ, պիեսի ընթերցում, ստեղծագործական քննարկում, ինչպես նաև ներկայացումներ՝ հայ և ռումինացի երիտասարդ դերասանների մասնակցությամբ։ Նախագիծը կմեկնարկի նոյեմբերի 30-ին՝ Սիմոն Աբգարյանի թատերկերի հայերեն ժողովածուի շնորհանդեսով։ Դեկտեմբերի 1-ին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում տեղի կունենա «Մենելայոս ռապսոդիա» պիեսի թատերական ընթերցումը՝ Նադեժդա Իսրաելյանի բեմադրությամբ, իսկ դեկտեմբերի 2-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպելու Սիմոն Աբգարյանին և մասնակցելու «Բառի ու բեմի միջև» խորագրով հանդիպում-քննարկմանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 

Դեկտեմբերի 3-ին ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում հայ և ռումինացի երիտասարդ դերասանները կներկայացնեն հատվածներ Սիմոն Աբգարյանի թատերկերից։ Նույն օրը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում կցուցադրվի նրա «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացումը։ Նախագիծը կամփոփվի դեկտեմբերի 4-ին․ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կլինի «Հեղինեն անկումից հետո» ներկայացումը՝ Գայանե Անդրասյանի բեմադրությամբ։

Ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 8-րդ թողարկումն իրականացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի, ֆրանսիական գրքի ազգային կենտրոնի աջակցությամբ և «Ակտուալ արվեստ» հրատարակչության, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի, ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի, Le Courrier d’Erevan-ի համագործակցությամբ։

«Avant-scène» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիա