Զրույցի ենք հրավիրել «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանին:
—Մաեստրո, նախորդ տարվա համերգներից մեկի ժամանակ հանդես եկաք Հարություն Դելլալյանի՝ Կոմիտասին նվիրված սոնատի կատարումով: Ամեն անգամ այդ գործերը հեղինակի կատարմամբ լսելով՝ մտածել եմ, որ իրենից բացի, ոչ ոք հանձն չի առնի այդքան բարդ գործերի կատարումը: Ինչպե՞ս եկաք այդ ընտրությանը: Եվ առհասարակ, ակնհայտ է, որ Դուք դժվար առաջադրանքներ եք դնում ինքներդ Ձեր առջև, հատկապես նկատի ունեմ Ձեզ՝ իբրև դաշնակահարի: Հանրությանը ներկայացնում եք արդեն կայացած արդյունքը, իսկ մինչև այդ կայացումը ինքներդ Ձեզ հետ կռիվ-անհաշտություն չե՞ք ունենում, չե՞ք ընդվզում ինքներդ Ձեր դեմ, թե ինչու ընտրեցիք այս կամ այն բարդ ստեղծագործությունը, թե ինչու եք գնում խրթին, դժվար հաղթահարելի ճանապարհներով:
— Հենց հիմա էլ ինքս ինձ հետ կռվի մեջ եմ:
— Եվ ո՞րն է կռվի թեման:
— Լիստի «Թզուկների շուրջպարը»: Ինքս ինձ հետ կռիվ եմ անում, թե ես ինչո՞ւ ժամանակին այն չեմ սովորել: Կոնցերտային էտյուդ է, դժվարագույն մի ստեղծագործություն: Այս տարիքում նստել, դա հաղթահարելու վրա եմ տանջվում: Կարծես թե ստացվում է, բայց ես այդ գործը պիտի արած լինեի երիտասարդ ժամանակ: ՈՒ հիմա ինքս ինձ ասում եմ՝ քո ինչ բանն է՝ 65-ից հետո էսպիսի գործ ձեռնարկես:
— Դուք բարդ մարտահրավերների սիրահար եք, այո՞:
— Այո՛: Եվ այս տարի էլ մենահամերգ եմ ունենալու՝ դարձյալ բարդագույն ծրագրով: Նաև ունենալու ենք համերգային ծրագիր՝ նվիրված Բեթհովենի 250-ամյակին, կկատարենք Բեթհովենի սոնատները: Պատրաստվում ենք ներկայացնել նաև բարոկ՝ Պյորսելի «Դիդոնա և Էնեուս» օպերան:
— Խոսքը օպերայի համերգային կատարման մասի՞ն է:
— Ո՛չ, ես ուզում եմ օպերային ներկայացում անել: Նվագախումբը կլինի ներքևում, արտիստները՝ բեմում: Նման փորձ արդեն ունեցել ենք: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար:
Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի
No Comments