Ազդագիր

Գեղամ Գրիգորյան 70. «Դասական երաժշտություն սիրող մարդը ծառ չի կտրի»

29.01.2021

Այսօր՝ հունվարի 29-ին, լրացավ հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 70-ամյակը:

Հոբելյանի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցել անվանի արվեստագետի  հիշատակին:

Վահրամ Դումանյանը մաեստրոյի ընտանիքի անդամների, գերատեսչության աշխատակիցների, գրիգորյանական արվեստի երկրպագուների, գործընկերների հետ ծաղիկներ է խոնարհել Գեղամ Գրիգորյանի հուշաքարին: Նախարարը զրուցել է երգչի կնոջ և որդու հետ, անդրադարձել են արվեստագետի կյանքին ու գործունեությանը:

«Մենք շատ հաճախ մեծություններ ենք ընդունում և հռչակում այն մարդկանց, ովքեր ճանաչված և արժեքավոր են մեզ՝ հայերիս համար, սակայն  Գեղամ Գրիգորյանն իսկապես համաեվրոպական իմաստով աստղ է: Նա հանդես է եկել աշխարհի առաջատար բեմերում և իր հայկական ազգանունով  համաեվրոպական արժեքներ տարածել: Նա բացառիկ արտիստ էր, ազգային հպարտության և արժանապատվության մեծ դեսպան, ում մեծությունը չափվում է օպերային արվեստի միջազգային շրջանակներով: Եվ այսօր մենք մեծ ցավ ենք ապրում, որ այդքան կենսուրախ, կենսախինդ, ընկերասեր անձնավորությունը մեզնից հեռացավ  անժամանակ»,- խոսելով արվեստագետի մասին՝ նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել, որ Գեղամ Գրիգորյան մեծ աստղի առկայծումների շարունակողները նրա ժառանգներն են՝ իրենց կյանքով և գործով:    

Գեղամ Գրիգորյանը երգել է աշխարհի բազմաթիվ խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում։ Մաեստրոն օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգերն ու նրբազգաց կատարումները: Գեղամ Գրիգորյան անունը սեպագրվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում: Նա երկիր մոլորակն ավելի լավը դարձնելու իր դեղատոմսն ուներ. «Պետք է մարդկանց կապել թատրոնին, արվեստին: Դասական երաժշտություն սիրող մարդը ծառ չի կտրի, օպերա լսող մարդը չի սպանի, չի թալանի»:

 Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն ամբողջ տարվա ընթացքում կնշանավորի մեծանուն արտիստի հոբելյանը: Հոբելյանական հանդիսությունների մեկնարկը կտրվի հունվարի 31-ին Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացմամբ՝  Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ:

No Comments

Leave a Reply