Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Իսպանական կրքեր և երազներ» խորագրով համերգով, որի ընթացքում ելույթ կունենա հանրահայտ իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոյի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա մարտի 11-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կամերային նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա իսպանացի տրոմբոնահար Խուան Պարդոն:
Ծրագրում կներկայացվեն Մանուել դե Ֆայայի Նախերգանքը և Կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից, Էդուարդ Էլգարի Սերենադ լարայինների համար, Կարլ Մարիա ֆոն Վեբերի Ռոմանս տրոմբոնի և լարային նվագախմբի համար, Էնրիկե Գրանադոսի Ինտերմեցցո «Գոյեսկի» օպերայից, Էդվարդ Գրիգի Հոլբերգ սյուիտ, երկ 40 ստեղծագործությունները:
Նշենք, որ Ռիկարդո Կասերոն Իսպանիայի Orquesta Reino de Aragón- ի գեղարվեստական ղեկավարն է: Ռիկարդո Կասերոն երաժշտական կրթություն է ստացել Իսպանիայի, ԱՄՆ-ի և Անգլիայի երաժշտական մի շարք հաստատություններում և արժանացել բազում միջազգային մրցանակների: Կասերոն իր կարիերան սկսել է սերտորեն համագործակցելով աշխարհահռչակ դիրիժորներ Զուբին Մետայի, Լորին Մաազելի, Ռիկարդո Շայիի, Վալերի Գերգիևի հետ:
Լինելով պահանջված Եվրոպայում՝ որպես հրավիրյալ դիրիժոր պարբերաբար հանդես է գալիս Մարսելի օպերային (Ֆրանսիա), Ֆերենց Լիստի կամերային (Բուդապեշտ), Halle Staatskapelle (Գերմանիա), Տրանսիլվանիայի ֆիլհարմոնիկ, Ռումինիայի ազգային ռադիոյի, Ուկրաինայի ազգային ֆիլհարմոնիկ, Վալենսիայի սիմֆոնիկ, Գալիցիայի թագավորական ֆիլհարմոնիկ և շատ այլ նվագախմբերի հետ:
Խուան Պարդոն 2018-ից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների կոնցերտմայստերն է: Մինչ այդ եղել է Մեքսիկայի առաջատար նվագախմբերի, այդ թվում՝ Orquestra Filarmónica de Jalisco-ի (2010-2017) տրոմբոնահարների կոնցերտմայստերը: Հանդես է եկել աշխարհի տարբեր նվագախմբերի կազմում ՝ իսպանացի և այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Նվագախմբային ելութներից բացի, Պարդոն է հանդես գալիս որպես մենակատար և կամերային համերգներով: Ակտիվ մանկավարժական գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում: Խուան Պարդոն փողային նվագարաններ արտադրող հեղինակավոր S.E. Shires Company-ի պաշտոնական արտիստն է:
No Comments