Աղջիկը զգաց, որ ոտքերը ցրտից քարացել են, ու մտավ խանութ: Միշտ նույնն է` ակամա գալիս է ժամանակին` առաջինը, ու սպասում, սպասում…
Խանութում տաք էր, բայց մթերքների խառնամբոխ հոտը նրան դարձյալ ուղղորդեց դեպի դուռը: Հանկարծ մի զրնգուն մանկական ձայն վայրկենաբար զտեց ծանր օդը.
-Իսկ ինչո՞ւ դուք չեք լվացել ձեր գոգնոցը:
Մսավաճառը նայեց իր մոխրագույն-սև-սպիտակ գոգնոցին, շփոթվեց, կարծես նոր էր տեսնում ու ակամա ստեց.
-Բալի՛կ ջան, տվել էի լվացքատուն, բայց լավ չեն լվացել, նորից կտանեմ:
Մանչուկին պատասխանը հետաքրքիր չթվաց: Նրա նշանակետը դարձավ քաղցրավենիքը: Սա էլ արդեն իր հերթին անհետաքրքիր թվաց աղջկան, ու նա դուրս եկավ փողոց: Համադասարանցիներից երկուսը դժգոհեցին, թե ո՞ւր էր այսքան ժամանակ: Աղջիկը ոչինչ չասաց, թեպետ ակամա որոշում կայացրեց` այսուհետև միշտ ուշանալ: Այդ ընթացքում մոտեցան մյուսները, ու բոլորով շարժվեցին:
Իսկ աղջիկն ընկղմվել էր ակամա մտորումների մեջ. «Այդ ինչպե՞ս է, որ մենք չենք համընկնում մեզ հետ, որ մեր սիրտը մի բան է ուզում, միտքը` բանականությունը` մեկ ուրիշ, և դեռ մի ինչ-որ անորսալի բան հակառակվում է այն երկուսին, որոնց տեղը հստակ գիտենք, իսկ նրանը` այնքան էլ չէ… Այդ ինչպե՞ս է լինում, որ ինչ-որ մեկն ակամա ձգում է քեզ, թեև սրտովդ չէ (հիմա էլ գնում ենք նրա ծննդյան օրը շնորհավորելու), ու թե ուղեղիդ հարց տաս` նրա ծրագրերից էլ հաստատապես դուրս է, ու այն ներքին անորսալին էլ ի՛ր հերթին է նախատում… Ինչո՞ւ է այդպես լինում, որ կամքիցդ անկախ բաներ ես անում, և կամ` որ կամքդ քեզնից անկախ է դառնում, կամքդ կամքիդ չի ենթարկվում… Ի՞նչ բան է սա, ո՞ւմ մտքով է անցել ինձ այդպիսին դարձնել, ի՜նչ լավ էր ու հանգիստ, երբ այդպիսին չէի, երբ չգիտեի ոչինչ այս տեսակ բաների մասին…»:
Եվ հիմա կանգնած է նրա դռան շեմին ու չգիտի, թե իրեն ի՞նչ է սպասվում, ու թե՛ իր կյանքը, թե՛ ինքն իրեն հորինված են թվում, իսկ հորինվածքի մեջ ճիշտն ակամա սուտ է դառնում:
Սիրանույշ Գալստյան
No Comments