Հայաստանի նվագախմբային արվեստի և մեր երկրի գլխավոր նվագախմբի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի 96-ամյա գործունեության պատմության ընթացքում առաջին անգամ ծրագրվում է տեսա-ձայնագրել Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9-ը սիմֆոնիաները: Այս սերիալ տեսա-ձայնագրության արդյունքում կթողարկվի 5 CD և 5 DVD –ներից կազմված հավաքածու (box set):
Ձայնագրություններն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍՆ հովանու ներքո և վերջինիս ֆինանսական աջակցությամբ:
Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նավագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ ՀԱՖՆ-ի հետ այս նախագծի վրա աշխատում են Ռուսաստանից ժամանած 14 առաջատար մասնագետներ, որոնց մեծ մասը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի տեսա-ձայնագրման անձնակազմից են: Նախագծի հնչյունային ռեժիսորը Իլյա Պետրովն է (Գրեմմիի հավակնորդ, 2014թ.), բեմադրող ռեժիսորը Դմիտրի Կազակովը (TEFI-ի հավակնորդ, 2005, 2008թթ.) և բեմադրող օպերատորն ու տեխնիկական տնօրենը Արսենի Նիկոլայևը: Երեքն էլ Մարիինյան թատրոնի փորձառու մասնագետներ են, մշտապես աշխատում են Mariinsky.tv, «Культура», medici.tv և այլ հեղինակավոր հեռուստաալիքների տեսա-ձայնագրությունների և ուղիղ հեռարձակումների վրա և ունեն տպավորիչ մասնագիտական կենսագրություն:
Մասնագետների խումբը մարտի 27-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Ֆիլհարմոնիկի հետ տեսա-ձայնագրել է Բեթհովենի Թիվ 4, 6, 7 սիմֆոնիաները: Սա աշխատանքների երկրորդ փուլն է, առաջին փուլը, որի ընթացքում ձայնագրվել են կոմպոզիտորի Թիվ 1, 2 և 5 սիմֆոնիաները, ավարտվել է հունվարի 16-23-ն ընկած ժամանակահատվածում (2021թ.): Առաջին փուլը կայացել է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում: Կատարված տեսա-ձայնագրություններն այժմ հետարտադրական փուլում են (Post Production): Մարիինյան թատրոնի մասնագետների պնդմամբ՝ աշխատանքները կարող են դասվել աշխարհի լավագույն ձայնագրությունների շարքին: Նախագծի պրոդյուսերն է ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր՝ Արման Պադարյանը:
Բեթհովենյան սիմֆոնիաների տեսա-ձայնագրությունների ամբողջական ժողովածուն Հայաստանի նվագախմբային արվեստի պատմության մեջ եզակի ձեռքբերում կլինի, ինչը մեծ պատիվ կբերի և կբարձրացնի թե՛ մեր երկրի, թե՛ մեր երկրի գլխավոր նվագախմբի վարկանիշը ողջ աշխարհում: Այս հավաքածուն եզակի կլինի նաև ողջ նախկին Խորհրդային միության երկրների մասշտաբով:
Գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաներին նման կերպ անդրադառնալը շատ արդիական և խորհրդանշական է, քանի որ անցած տարի կոմպոզիտորական արվեստի այս հսկայի 250-ամյա հոբելյանն էր, և ողջ աշխարհը ստիպված եղավ համավարակի պատճառով բոլոր միջոցառումները տեղափոխել 2021թ.:
No Comments