ԳրաԴաշտ Վահագն Ամիրջանյան

Վահագն Ամիրջանյան. Մոսկովյան 35

17.01.2021

Արմենն իմ ամենամոտ ընկերն է: Արմենի անունը չեն որոշել   ամենահայտնի հայկական ձևաչափով, այլ պարզապես, առանց ինչ-որ պատճառի, դրել են Արմեն: Արմենենց ցեղում ոչ մի Արմեն անունով մարդ չի եղել և վստահորեն կասեմ նաև՝ կապիկ: Դեռևս կապիկների դարաշրջանից Արմենի ցեղի բոլոր ներկայացուցիչները խոսել են հայերեն, հավատացել Դարվինի բոլոր բացահայտումներին, հավատացել մոգական ուժերին, բայց ոչ երբեք՝ Աստծուն. Աստված չկա, նա մեռել է, եթե անգամ եղել է: Ահա այս գաղափարախոսության ցեղի անդամ էր Արմենը: Նա հայտնի տղա էր իր թաղում, դպրոցում, որը գտնվում էր քաղաքում՝ Կորյուն փողոցի մոտակայքում: Բոլոր վեճերի, կռիվների, գողությունների և ամեն-ամեն ինչի մեղավորը դպրոցում միշտ նա էր, քանի որ վարքով շատ չար էր, միշտ ձեռ էր առնում ուսուցիչներին, նեղացնում գեղեցիկ աղջիկներին իր անտանելի հաճոյախոսություններով  և, իհարկե, կռիվ հրահրում բոլոր «լավ տղա» խաղացողների հետ: Ինքը, գոնե, այդպես էր ձևակերպում իր բոլոր տարաձայնությունները: Ի վերջո, Արմենը՝ իր այս բոլոր թերություններով,  շատ լավ տղա էր, օգնում էր միշտ իր ընկերներին, ընտանիքին՝ ամեն գիշեր իրենց տան մոտ գտնվող հացաբուլկեղենի խանութում աշխատելով, իսկ առավոտյան, այդպես գերհոգնած, դասի գնալով: Որքան էլ Արմենը չար էր, նա դասարանում ամենախելացի տղաներից մեկն էր: Ինչ լեգենդ ասես՝ չենք լսել Արմենի մասին. Էլ՝ սիրային կապի մեջ է մաթեմատիկայի ուսուցչուհու հետ, էլ՝ թմրամոլ է, էլ՝ հարբեցող, էլ՝ մոլագար, էլ՝… Ի՜նչ ասես։

Բայց միայն մեկ բանն էր ճիշտ․ Արմենը, իրոք որ, շատ էր խմում, իսկ մաթեմատիկայի ուսուցչուհու հետ կապված՝ կասկածներ ունեմ, որ սիրում էր, բայց չեմ կարող ասել՝ արդյոք  փոխադարձ էր: Մի խոսքով, այդ ամենը այդքան էլ էական չէ: 

Շուտով մոտենում էր Արմենի ծննդյան օրը, բոլոր մտերիմներին կանչել էր մի լավ քեֆ անելու: Հասցեն էլ այնքան էր ուղարկել բոլորիս, որ ամեն պատեհ և անպատեհ առիթով կատակում էինք հետը և ականջին շշնջում՝ «Մոսկովյան 35»: Ահա այդտեղ էր պատրաստվում նշել իր տասնյոթամյակը: Հայտնի ակումբներից մեկում որոշել էինք ուրախանալ դասարանի տղաներով և աղջիկներով: Օրը շատ վատ մեկնարկ ունեցավ ինձ համար, քանի որ առավոտյան, երբ ցանկանում էի հագնել վերջին մնացած ջինսս, ամբողջովին ձագը պատռվեց: Ա՜յ քեզ անհաջողություն, ա՜յ քեզ անեծք, ա՜յ քեզ ձախորդություն: Հիմա պետք է ինչ-որ բան մտածել, բայց ոչ մեկն իմ ծանոթներից չափսս չի հագնում, իսկ մայրիկի և հայրիկի հազարավոր խրատները՝ «տղա՛ ջան, գնա քեզ նոր ջինս առ», մնացել էին օդում: Որևէ այլ տոնական ջինս կամ տաբատ ես չունեի: Չէ՛, մենք աղքատ չէինք, անգամ շատերից լավ էինք ապրում, պարզապես ես շատ ալարկոտ էի՝ փոխնորդ տաբատ գնելու համար: Էս դեպքում կարելի էր ասել, որ ամբողջ հույսս մնացել էր միակ «հոտած» շալվարս: Որոշեցի իմ անտաղանդ ձեռքերով կարել այն, բայց արի ու տես, որ ամեն բան ավելի փչացրի: Ի վերջո, որոշեցի բաց թողնել ամենամոտ ընկերոջս ծնունդը, մինչև կգնեի ինձ նոր տաբատ՝ սեփական փողերով, քանի որ չէի ցանկանում տանեցիներին նեղություն տալ: Ի տարբերություն Արմենի՝ ես ապրում էի տանեցիներիս հաշվին, իսկ ճոխություններ ինձ թույլ էի տալիս՝ հորեղբայրներիս և պապիկիս տված փողերով, երբեմն էլ, տարիքով մեծ թվալու հաշվին, խաղադրույքներով հարստանում։ Արմենը և ես, իզուր չէր, որ մոտ ընկերներ էինք․ երկուսս էլ ունեինք նույն վատ համբավը, նույն մտածելակերպը և հայացքները՝ տարբեր հարցերի շուրջ: Բայց կային ևս մի քանի տարբերություններ. ես խաղ էի անում սեփական կյանքիս հետ՝ խմելով, ծխելով, անբարոյականների հետ զվարճանալով, իսկ Արմենը չէր ծխում, միայն խմում էր և հայտնի էր իր գողական «պանյատներով»: Ես էլ թաղի տղա էի, բայց իմ մտածելակերպը մի քիչ այլ էր, ինձ հորեղբայրս ասել էր, որ իր ճամփան չշարունակեմ, դառնամ կրթված մարդ, ունենամ սեփական աշխատանք, որքան էլ ես մանկուց երազել էի լինել էն ամենամեծ մաչոն, էն ամենամեծ քուչի լավ տղեն, էն ամենամեծ «մեծ» ախպերը բոլորի, ում մոտ կգային իրենց խնդիրները պատմելու և կստանային ճշտի ամենահանճարեղ խորհուրդները:

 Ի վերջո, պարտքով փող ուզեցի մանկության ընկերներիցս մեկից, իմ միակ սպորտային շալվարով գնացի և ինձ համար մի տոնական տաբատ գնեցի: Խնջույքը սկսվելու էր ժամը 19:00-ին, և որպես դասարանի միակ տղան, որ ուներ ընկերուհի՝ այն էլ բարձր դասարանի աշակերտուհի, հպարտորեն բացեցի ակումբի դուռը և ցկցկոցի մեջ սկսեցի քյառթաճեմաքայլով շտապել սեղանի մոտ: Արմենը արդեն հասցրել էր շատ խմել, բայց անկեղծ ասած՝ չէի հասկացել, թե ինչպես, հետո սկսեց գլուխ գովել, որ այսօր ավտոմեքենայով է եկել, միանգամից ոգևորվեցի և խնդրեցի, որ քեֆից հետո թողնի «քշեմ»: Սկսվեց կերուխումը, սկսվեցին տարօրինակ պարերը, երգերը, խենթացնող շարժումները, անհասկանալի կենացները, և ի վերջո, բոլորիս աչքերի առաջ սկսեց սևանալ: Այդ ժամանակ դասարանի ամենագեղեցիկ և ամենախելացի աղջիկներից մեկը՝ Անահիտը, որ մանկուց սիրում էր Արմենին և արդեն տասը տարի էր, ինչ մերժված էր և չգնահատված Արմենի կողմից, կիսախելագարի պես պարում էր մեր դասարանի «Ճուտի» հետ, որը հայտնի էր իր յուրօրինակ «նվերներով», որոնք միշտ մեզ ուրախացնում էին մեր սիրելի վայրերում, մեզ կտրում էին այս աշխարհից, և մենք մեզ հույս էինք տալիս, թե ապրում ենք տիեզերքի թիվ մեկ մոլորակում, որտեղ ամեն բան վարդագույնի մեջ է: Անահիտը և Ճուտը իրենց քայլերը ուղղեցին դեպի ակումբի պետքարանի կողմը, մտան աղջիկների բաժինը և առանց գիտակցելու՝ սկսեցին համբուրվել: Երկուսն էլ չէին գիտակցում, թե ինչ է կատարվում, քանի որ երբեք միմյանց հանդեպ ոչ մի համակրանք չէին ունեցել: Ճուտը, օգտելով առիթից, սկսեց ձեռքերին ազատություն տալ. Անահիտին ամուր սեղմելով պատին՝ սկսեց իջեցնել նրա կիսաշրջազգեստը, որը շատ մեծ դժվարությամբ հագել էր, որպեսզի գերեր Արմենին: Երբ սկսեց գիտակցել, թե ինչ է կատարվում, արդեն գրեթե կիսամերկ էր: Փորձեց ազատվել նրա ճիրաններից, բայց Ճուտը ավելի ուժեղ սեղմեց նրան, մերկացրեց վախից հյուծված և դողացող Անահիտի կուսական մարմինը և սկսեց տիրանալ նրան: Նա գրկել էր աղջկա անօգնական մարմինը, ամբողջությամբ առել իր կեղտոտ զնդանոցում և անհագ հոշոտում էր նրա ամբողջ մաքրությունը, կուլ տալիս նրա վերջին, զուլալ արյունը և ծծում, ինչպես վիթխարի մի գազան: Անահիտը լալիս էր, օգնություն կանչում, բայց ոչ մեկը նրան չէր լսում, բոլորը պարում էին խենթի պես, խմում, անգամ մոռացել էին այս երկու հյուրերի մասին: Այդ ժամանակ Արմենը քայլեց դեպի պետքարանի կողմը, սակայն այնքան անտարբեր և հարբած, որ չնկատեց, թե Անահիտը ինչպես դուրս թռավ աղջիկների պետքարանից: Արմենը երևի ցանկանում էր իր մեջից թափել այս ամբողջ թույնը: Քիչ անց, երբ ես ցանկանում էի դուրս գալ փողոց՝ մաքուր օդ շնչելու և ծխելու, մոտեցա ակումբի դռանը, որպեսզի բացեմ, կանացի քնքուշ ձայնը՝ քողարկված գայլային ոռնոցում, ցնցեց ինձ՝ առաջ գնալու ուժից զրկելով: Երբ նկատեցի փողոցի ձախ կողմ վազող Անահիտին, ենթագիտակցաբար հետևեցի նրան. աչքերիս առաջ բացված տեսարանը ֆիլմ էր հիշեցնում. թաց ասֆալտի և մի սոված շան միջև մնացած ազատ տարածությունը լցրել էր Արմենի անշնչացած մարմինը, այո՜, դա Արմենը չէր, այլ նրանից մնացած գունազուրկ մարմինը, որի վրա կռացած՝ ձեռքով նրան էր հարվածում Անահիտը՝ փորձելով կյանք վերադարձնել: Անահիտը իր փոքրիկ ձեռքերով այնպիսի՜ զարհուրելի հարվածներ էր հասցնում Արմենին, որպեսզի փորձի ուշքի բերել նրան, իսկ ես ամուր բռնել էի դռան բռնակը՝ ասես վախենալով ընկնել, անտանելի էր տեսնել այդ սիրալիր աղջկա գազանային հարձակումները: Խենթանոց էր հիշեցնում ամենը, բայց ամենաանտանելին, թերևս, խաղից դուրս մնացած Արմենին տեսնելն էր: Երբ առաջ գնալու փորձ արեցի, աչքերիս առաջ սև ամպ գոյացավ ՝ տեսնելու հնարավորությունից զրկելով. կարծես պատմությունը կրկնվում էր:  Շուտով ընկա դռան առաջ, բայց գլխումս դեռ Անահիտի ճռվողյունն էր… Աչքերիս առաջ եկավ այն օրը, երբ առաջին անգամ՝ մայիսյան մի ցուրտ օր, Մոսկովյան 35 հասցեում հանդիպեցին Արմենի և իմ հայրերը, որ ծանոթացան միմյանց հետ՝ ծանր վթարի արդյունքում, որի ժամանակ էլ ես և Արմենը առաջին անգամ տեսանք իրար, նայեցինք իրար երկար, ուսումնասիրեցինք միմյանց այնպես, ինչպես երևի էլ երբեք չէինք ուսումնասիրելու. ո՞վ իմանար, որ այդ օրվանից հետո պետք է հայտնվեինք նույն դպրոցում: Այդ օրվանից էլ սկսվեց մեր ընկերությունը… Մոսկովյան 35-ում մենք միշտ խմում էինք ընկերներով, պարում, համբուրվում, երբեմն ազատություն տալիս մեր ձեռքերին, կատակում, անում բոլոր հնարավոր խժդժությունները և միշտ մեզ երևակայում իբրև մեր երազած տղերքը, որոնք ունեն ամեն ինչ, բայց իրականում մենք ոչինչ էլ չունեինք, միայն՝ երազանքներ, հույսեր, որ մի օր ամեն բան լավ է լինելու, իսկ լավ երբեք չի լինում, այս կյանքում՝ գոնե,  միշտ մտածում էի ես, իսկ Արմենն ինձ հավատացնում էր, որ գալու է այն օրը, երբ մենք տիրելու ենք աշխարհին:

Առավոտյան, երբ արթնացա, նկատեցի, որ գտնվում եմ ինչ-որ խուլ սենյակում, որտեղ միայն լսվում է սրտի աշխատանքը չափող սարքի անտանելի տկտկոցը: Դռնից այն կողմ երևում էին մի քանի սպիտակ խալաթավորներ, որոնք ինչ-որ թղթեր էին միմյանց ցույց տալիս: Ինձ մի պահ թվաց, թե Արմենի հետ կատարվածը միայն սահմռկելի տեսիլք է: Սակայն, երբ ցանկանում էի ձայն տալ, որ ինձ ազատեն այս բժշկական պժգալի սարիքներից, մի ծանոթ ոտնաձայն այս տկտկոցի նման զրզնդաց ականջներումս: Գլուխս մի կերպ վեր բարձրացրի, սառած ձեռքերս փորձեցի մոտեցնել ականջներիս, որ այդ ծանր գոչյունը չլսվի, սակայն ձայնը հետզհետե ավելի և ավելի էր ուժգնանում: Հետո դռանը մոտեցավ Անահիտը, մի սպիտակ թղթի կտոր դրեց ձեռքիս և հեռացավ: Այդ պահին սասանելի լռությունը ավելի երերաց, և վախի անկառավելի զգացումն ավելի սաստկացավ: Անահիտի աչքերում ես ոչինչ չտեսա, այդ աղջիկը այլևս չկար, երևի մեռել էր, կամ էլ ես էի մեռել, բայց փաստ էր, որ այն աղջիկը չէր, որին ես ճանաչում էի երկար տարիներ: Առանց որևէ բառ ասելու, քիչ-քիչ, մի կերպ ազատելով ձեռքերս՝ կարդացի. «Արմենին գցել են ավտոմեքենայի տակ և փախել, նա մահացել է»: Անագորույն սարսուռ զգացի ամբողջ մարմնովս, գլխումս շատ արագ ծնվեցին ամենախենթ և ամենադաժան սցենարները՝ այդ տականքին գտնելու և սպանելու համար: 

Այդ նույն օրը ոմն Արկադի Պողոսյան, որ երեք զավակների հայր էր, հանձնվեց ոստիկանությանը, քանի որ ինքն էր սպանել, ինձնից խլել իմ ընկերոջը: Մինչև դատական նիստը Արկադին, չգիտեմ ինչպես, գրավով ազատության մեջ էր: Ես, գլուխս ամբողջությամբ կորցրած, շտապեցի նրանց տուն, մոլագարի պես թակեցի նրանց տան դուռը, դռան բացվելուն պես հարցրի, թե ով է դիմացինս, լսելով այդ հանցագործի անունը՝ նրան գամեցի իրենց տան պատերից մեկին և սկսեցի երկու ձեռքով խեղդել, ես, նրա աչքերին նայելով, հիշում էի Արմենի կիսափակ և սևացած աչքերն ու ամբողջ ուժով ավելի սեղմում նրա բարակ կոկորդը, հայհոյում նրան վերջին հայհոյանքներով, ես հաճույք էի ստանում նրա մարմնի գունատությունից, վայելում նրա՝ քիչ-քիչ մեռնող մարմնի գունային փոփոխոթյունը, վայելում նրա կոկորդին հայտնվող կարմրանման կետերը, իսկ երբ արդեն ցանկանում էի վերջ տալ այդ տականքի կյանքին, հետևից մի երիտասարդ՝ տասնվեցամյա վախեցած մի տղա, դուրս եկավ և բարձր բղավեց, որ ինքն է եղել ավտոմեքենայի ղեկին:

Ես երկար նայում էի նրան, ուշադիր զնում նրա անօգնական և հյուծված մարմինը, որը վախից և ամոթից ամբողջությամբ դողում էր, ու չէի կարողանում մեղադրել նրան, որքան էլ գիտեի, որ այդ ամենի մեղավորը հենց ինքն էր: Ինքն էր խլել իմ ընկերոջ կյանքը, բայց չէ՞ որ այս Արկադին՝ որպես հայր, փորձել էր փրկել իր զավակին: Ես հասկանում էի, որ այդ տղայի փոխարեն կարող էինք լինել և՛ ես, և՛ Արմենը, քանի որ մենք էլ միշտ թաքուն վարում էինք մեր ծնողների մեքենաները, խմում և ուր ասես, ինչ արագությամբ ասես՝ չէինք ընթանում: Կիսախելագարված դուրս եկա  փողոց, վազեցի՝ առանց զգալու ոտքերիս արագացող աշխատանքը, հասա իմ և Արմենի սիրած այգին, որտեղ բոլորից թաքուն ծխում էինք, հանեցի վերջին անօրինական ծխախոտը և սկեցի ծխել…

Ես ու Արմենն էինք, ինքը պարում էր մաթեմատիկայի ուսուցչուհու հետ, նայում ինձ, ժպտում, ես պարում էի Անիի հետ, այդ ակումբային լույսերը ընկնում էին մեզ վրա, մեր շողքերն անդրադարձնում ակումբի առաստաղին, որտեղ պատկերված էին աստղեր, լուսին, մի ամբողջ տիեզերք, որտեղ մենք կորել էինք անհունության ճամփին: Մենք՝ երկու ընկեր, հպարտորեն գրկում էինք մեր սիրելիներին և բարձրաձայն գոռում, որ այսօր լավագույն օրն է, լավագույն ծննդյան օրը…


No Comments

Leave a Reply