Օրերս ամփոփվեց հունվարի 10-ին մեկնարկած Երկլեզու դրամատիկական արվեստանոցի չորրորդ թողարկման առաջին շրջանը։ Առաջին հրավիրյալ արտիստ Լիզա Թորոմանյանն ավարտել է Փարիզի ազգային բարձրագույն արվեստի կոնսերվատորիան: Նա կարճ ժամանակահատվածում կարողացել է նոր հմտություններ փոխանցել երիտասարդ արտիստներին՝ միաժամանակ նրանց ծանոթացնելով թատերարվեստի նրբություններին:


-Աշխատել ենք Չեխովի «Ճայը» ստեղծագործության վրա և Վասիլևի վերլուծություն-գործողություն մեթոդով, որի նպատակը տեքստի վերլուծությունն է այն լավ խաղալու համար: Տարբեր փուլեր ենք անցել, շատ վարժություններ ենք արել, որպեսզի առանց տեքստն իմանալու լավ խաղալ կարողանան, քանի որ չէի պահանջել, որ տեքստ սովորեն,- նշել է Լիզա Թորոմանյանը։- Ինձ համար իրենք արդեն դերասաններ են, շատ սկսնակ դերասաններ չեն։ Բայց ինչն է սիրուն․ նույնն ինձ համար է, նույնը կլինի մյուս արտիստների համար․ մեր ամբողջ կյանքում մենք սովորելու ենք։ Այսպես են դերասանները զարգանում։ Նշանավորված ներքին աշխարհ ունեն, նաև շատ նշանավորված են իրենց տեսանկյունները։ Եվ այս հինգ շրջանների ընթացքում խաղալու նոր ձևեր են սովորելու։ Ձևեր, որոնք նրանց դուր կգան և ձևեր, որ պակաս դուր կգան։ Նույնիսկ եթե մեկ տոկոսով առաջ գնան՝ արդեն լավ է։ Կարծում եմ՝ հուլիսին մի մեծ կոկտեյլ ենք տեսնելու։ Եվ նաև կարծում եմ՝ սա իրենց թույլ է տալիս դեպի այլ կողմ բացվել և ռեակտիվ լինել։
Երկլեզու դրամատիկական արվեստանոցի հաջորդ շրջանների համար հրավիրվել են արտիստներ Անն Կուտյուրոն, Լորան Բերժեն, Իվան Մորանը` Ֆրանսիայից և Լինա Ռիյադ Աբյադը՝ Լիբանանից։ Ավարտին արվեստանոցի տասը երիտասարդ արտիստներ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Վիլեր Կոտրեի Ֆրանսերեն լեզվի միջազգային ավանում։


Չորրորդ թողարկման գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, Փարիզի քաղաքապետարանը, «Ազնավուր» և «Мiassine» հիմնադրամները, «SPFA» ասոցիացիան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Վիլեր Կոտրեի Ֆրանսերեն լեզվի միջազգային ավանը։ Նախորդ թողարկումների պատմությունըՆախագծի նպատակը Հայաստանի երիտասարդներին ֆրանկոֆոնիայի մշակութային դինամիկան փոխանցելն է՝ կիրառելով դրանք թատերարվեստի, բեմադրության և ստեղծարարության ոլորտում։ Այս դինամիկան և բաց լինելը երկկողմանի ազդեցություն ունեն, քանի որ հրավիրված արտիստներն էլ հարստանում են հայկական ուժեղ և յուրահատուկ մշակույթով։ 2021-ից մինչև չորրորդ թողարկումը 30 ֆրանսիացի և ֆրանսախոս արտիստներ արդեն աշխատել են մոտ 80 հայ երիտասարդ արվեստագետների հետ։ Արվեստանոցն արդեն ունի երեք թողարկումների պատմություն և շարունակում է իր ուղին։ Նախորդ տարվանից ի վեր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ գործընկերությունը թույլ է տվել արվեստանոցի աշխատանքները կազմակերպել ինստիտուտի հարկի տակ։
ԵՐԿԼԵԶՈՒ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ