Ազդագիր

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը՝ անգլերեն

23.01.2025

Անգլերենով հրատարակվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի ջազմեն, թմբկահար, ջազի պատմաբան, «Չիկոն եւ Ընկերները» (1993-2017) ջազային խմբի հիմնադիր եւ ղեկավար, «Ջազի Ժամ» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող (1998-2017) լուսահոգի Արմեն Չիկո Թութունջյանի հեղինակած «Ջազը Հայաստանում» գիրքը:

Այն ավելի վաղ՝ 2014 թվականին ռուսերեն էր հրատարակվել, իսկ 2018 թվականին՝ հեղինակի մահից հետո, թարգմանվել եւ հրատարակվել հայերեն: «Ջազը Հայաստանում» գիրքը մանրամասն ներկայացնում է Հայաստանում էստրադային եւ ջազային երաժշտության ծագման ու զարգացման 85-ամյա պատմությունը: Գրքում ներկայացված են ավելի քան 50 նշանավոր երաժիշտների ստեղծագործական դիմանկարները, շուրջ 80 երաժիշտ կատարողների ստեղծագործական սեղմ կենսագրությունները: Հատուկ ուշադրության է արժանացել նաեւ հայկական ծագում ունեցող նշանավոր ջազմենների ստեղծագործական գործունեությունը:

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» անգլերեն գրքում տեղ են գտել ավելի քան 500 հազվագյուտ արխիվային լուսանկարներ, ինչպես նաև շուրջ 70 հատուկ QR կոդեր, որոնց միջոցով ընթերցողը կարող է դիտել և ունկնդրել հայաստանյան ջազարվեստի լավագույն նմուշները: Ներկայացվող գիրքը եզակի է թե մասնագիտական, թե՝ գեղարվեստական առումներով, այն Հայաստանում ջազի պատմությունը ներկայացնող դեռեւս միակ նմանօրինակ աշխատությունն է:

Գրքի անգլերեն հրատարակությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրարգրի շրջանակներում: Գիրքը հրատարակվել է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության կողմից: