ԳրաԴաշտ Գրիգոր Ֆերեշեթյան

Դանիլ Խարմս․ պատվածքներ (4)

03.08.2025

Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի

Սկիզբը՝ այստեղ

Նկարիչ Միքել Անժելոն նստում է աղյուսակույտի վրա և, գլուխը ձեռքերին հենելով, սկսում մտածել։

 Ահա կողքով աքլոր է անցնում և իր կլոր ոսկեշող աչքերով նայում նկարիչ Միքել Անժելոյին։ Նայում և չի թարթում։ 

Այդժամ նկարիչ Միքել Անժելոն գլուխը բարձրացնում և տեսնում է աքլորին։ Աքլորը աչքերը չի հեռացնում, չի թարթում և պոչը չի շարժում։ 

Նկարիչ Միքել Անժելոն աչքերն իջեցնում է և տեսնում, որ ինչ-որ բան աչքը մռմռացնում է։  Նկարիչ Միքել Անժելոն ձեռքերով աչքերը տրորում է։ Իսկ աքլորն արդեն էլ չի կանգնում, չի կանգնում, այլ հեռանում է, գնում է ցախատան ետևի թռչնաբուն՝ իր հավերի մոտ։ 

Եվ նկարիչ Միքել Անժելոն ելնում է աղյուսակույտից, շորերից կարմիր աղյուսափոշին թափ է տալիս, փոքր գոտին մի կողմ է նետում և գնում իր կնոջ մոտ։ 

Ճանապարհին նկարիչ Միքել Անժելոն հանդիպում է Կոմարովին, բռնում է նրա ձեռքից և բղավում․

-Նայիր։ 

Կոմարովը նայում է և գունդ տեսնում։

-Սա ի՞նչ է,- շշնջում է Կոմարովը։

-Իսկ երկնքից որոտում է․ 

-Սա գունդ է։

-Իսկ ի՞նչ գունդ,- շշնջում է Կոմարովը։

Իսկ երկնքից՝ որոտ․

-Հարթամակերես գունդ։

Կոմարովը և նկարիչ Միքել Անժելոն նստում են խոտին, և նրանք նստած են խոտին, ինչպես սունկ։  Նրանք ձեռք ձեռքի են տալիս և նայում երկնքին։

 Իսկ երկնքում վիթխարի գդալ է ուրվագծվում։ Իսկ սա ի՞նչ է ։ Ոչ ոք չգիտի։ Մարդիկ վազում են և փակվում իրենց տներում։ Եվ դռներն են փակում, և պատուհանները։ Բայց մի՞ թե կօգնի։ Ու՞ր այնտեղ։ Դա չի օգնի։ 

Ես հիշում եմ՝ ինչպես 1884 թվականին երկնքում շոգենավի մեծության սովորական գիսաստղ երևաց։ Շատ վախենալու էր։ Իսկ այժմ՝ գդալ։ Գիսաստղն ինչ է նման երևույթի դիմաց։ 

Փակում են պատուհաններն ու դռները։ 

Մի՞ թե դա կարող է օգնել։ Երկնային երևույթի դեմ տախտակով չես ցանկապատվի։ 

Մեր տանը ապրում է Նիկոլայ Իվանովիչ Ստուպինը, նա տեսություն ունի, որ ամենը փոշի է։ Իսկ ըստ իս ամենը փոշի չէ։ Գուցե ոչ մի փոշի էլ չկա։ Գուցե ոչինչ չկա։ Կա միայն բաժանում։ Իսկ գուցե ոչ մի բաժանում էլ չկա։ Դժվար է ասել։ 

Ասում են, մի հայտնի նկարիչ, զննում էր աքլորին։ Զննում, զննում, զննում էր և եկավ այն համոզման, որ աքլորը գոյություն չունի։ 

Նկարիչն այդ մասին ասաց ընկերոջը, իսկ ընկերը սկսեց ծիծաղել։ Այդ ինչպես, ասում է, գոյություն չունի, երբ, ասում է, նա այնտեղ ահա կանգնած է և ես, ասում է, նրան հստակ տեսնում եմ։  

Իսկ մեծ նկարիչը գլուխը կախեց և ինչպես կանգնել էր, այդպես էլ նստեց աղյուսակույտին։ 

                          Երևույթների և գոյությունների մասին N% 2

Ահա օղիով շիշը, այսպես կոչված սպիրտը։ Իսկ կողքին դուք տեսնում եք Նիկոլայ Իվանովիչ Սերպուխովին։ 

Ահա շշից սպիրտային գոլորշիներ են բարձրանում։  Տեսեք՝ ինչպես է քթով շնչում Նիկոլայ Իվանովիչ Սերպուխովը։ Երևում է, դա նրան շատ հաճելի է, և առավելապես քանի որ սպիրտ է։ 

Բայց ուշք դարձեք, որ Նիկոլայ Իվանովիչի մեջքի հետևում ոչինչ չկա։ Ոչ թե այնտեղ պահարան կամ կոմոդ, կամ առհասարակ դրա նման ինչ-որ բան չկա, այլ բնավ ոչինչ, անգամ օդ չկա։  Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց Նիկոլայ Իվանովիչի մեջքի հետևում անգամ անօդ տարածություն, կամ, ինչպես ասում են,  տիեզերական եթեր չկա։ Անկեղծ ասած, ոչինչ չկա։ 

Դա, իհարկե, պատկերացնելն էլ անհնար է։ 

Բայց դրա վրա մենք թքած ունենք, մեզ հետաքրքրում է միայն սպիրտը և Նիկոլայ Իվանովիչ Սերպուխովը։ 

Ահա Նիկոլայ Իվանովիչը ձեռքն է առնում սպիրտով շիշը և այն քթին տանում։ Նիկոլայ Իվանովիչը, ճագարի պես, հոտոտում և բերանն է շարժում։ 

Հիմա եկավ ժամանակն ասելու, որ ոչ միայն Նիկոլայ Իվանովիչի մեջքի հետևում, այլ առջևում, այսպես ասած կրծքի առաջ, և ընդհանրապես շուրջբոլորը, ոչինչ չկա։ Ցանկացած գոյության լիակատար բացակայություն, կամ, ինչպես սրամտում էին մի ժամանակ, ցանկացած ներկայության բացակայություն։ 

Բայց եկեք հետաքրքրվենք միայն սպիրտով և Նիկոլայ Իվանովիչով։ 

Պատկերացրեք, Նիկոլայ Իվանովիչը նայում է սպիրտով շշի ներսը, հետո այն տանում է շուրթերին, շիշը գլուխն է քաշում և, պատկերացրեք, ողջ սպիրտը խմում։ Այ զարմանք։ Նիկոլայի Իվանովիչը խմեց սպիրտը և աչքերը ճպճպացրեց։ Այ զարմանք։ Էդ ո՞նց նա։ 

Իսկ մենք այժմ ահա ինչ պետք է ասենք․ իսկն ասած, ոչ միայն Նիկոլայ Իվանովիչի մեջքի հետևում, կամ առջևում և լոկ շուրջը, այլև Նիկոլայ Իվանովիչի ներսում էլ ոչինչ չկար, ոչինչ գոյություն չուներ։ 

Դա, իհարկե, կարող էր այդպես լինել, ինչպես մենք հենց նոր ասացինք, իսկ ինքը Նիկոլայ Իվանովիչը կարող էր ըստ որում սքանչելիորեն գոյություն ունենալ։Այդ, իհարկե, ճիշտ է։ Բայց, անկեղծ ասաց, ամբողջ բանն այն է, որ Նիկոլայ Իվանովիչը գոյություն չուներ և չունի։ Ահա բանն ինչ է։ 

Դուք կհարցնեք՝ իսկ սպիրտով շի՞շը ։ Հատկապես, ո՞ւր կորավ  սպիրտը, եթե այն խմել է գոյություն չունեցող Նիկոլայ Իվանովիչը։ Շիշն, ասենք, մնացել է, իսկ սպիրտն ո՞ւր է։ Հենց նոր կար, և հանկարծ էլ չկա։ Չէ որ Նիկոլայ Իվանովիչը գոյություն չունի, ասում եք դուք։ Այ ինչպե՞ ս է դա այդպես։ 

Այստեղ մենք ինքներս էլ կորում ենք ենթադրություններում։ 

Բայց այդուհանդերձ, իսկ ի՞նչ ենք մենք ասում։ Չէ որ ասացինք, որ ինչպես Նիկոյայ Իվանովիչի դրսում, այնպես էլ ներսում ոչինչ գոյություն չունի։ Իսկ եթե ոչ դրսում, ոչ ներսում ոչինչ գոյություն չունի, ուրեմն, շիշն էլ գոյություն չունի։ Այդպես չէ՞։ 

Բայց մյուս կողմից, ուշք դարձրեք հաջորդին․ եթե ասում ենք, որ ոչ ներսում, ոչ դրսում ոչինչ գոյություն չունի, ապա հարց է ծագում՝ ինչի՞ ներսում և դրսում։ Ինչ- որ բան, երևի, այնուամենայնիվ գոյություն ո՞ւնի։ Իսկ գուցեև գոյություն չունի։ Այդժամ ինչի՞ համար ենք ասում ներսում և դրսում։ 

Ոչ, այստեղ ակնհայտորեն փակուղի է։ Եվ մենք ինքներս չգիտենք ինչ ասել։

Ցտեսություն։

                      «Իվան Յակովլևիչ Բոբովն արթնացավ․․․ »

Իվան Յակովլևիչ Բոբովն արթնացավ ամենահաճելի հոգեկան տրամադրությամբ։ Նա նայեց վերմակի տակից և անմիջապես տեսավ առաստաղը։ Առաստաղը զարդարված  էր կանաչավուն ծայրերով մեծ մորխրագույն բծով։ Եթե ակնապիշ, մի աչքով, բծին նայես, այն նմանվում է մեքենայի մեջ պահ մտած ռնգեղջյուրի, թեև ուրիշները կարծում էին, որ այն ավելի շատ նման է տրամվայի, որի վրա հսկա է թառել, բայց թեպետ, այդ բծի մեջ կարելի էր անգամ ինչ-որ քաղաքի ուրվագծեր նշմարել։ Իվան Յակովլևիչը նայեց առաստաղին, բայց ոչ այնտեղ, որտեղ բիծն էր, այլ ուղղակի, անհայտ է ուր, ըստ որում նա ժպտաց և աչքերը կկոցեց։ Հետո նա աչքերը չռեց և ունքերն այնքան վեր բարձրացրեց, որ ճակատը հարմոնի ձև ստացավ, և գրեթե լրիվ կանհետեր, եթե Իվան Յակովլևիչը նորից աչքերը չկկոցեր, և հանկարծ, ասես ինչ-որ բանից ամաչելով, վերմակը գլխին չքաշեր։ Նա դա այնքան արագ արեց, որ վերմակի մյուս ծայրից դուրս ցցվեցին մերկ ոտքերը, և իսկույն ձախ ոտքի բթամատին ճանճ նստեց։ Իվան Յակովլևիչը շարժեց այդ մատը, և ճանճը թռավ ու նստեց կրնկին։ Այդժամ Իվան Յակովլևիչը երկու ոտքով արագ բռնեց վերմակը, մի ոտքով նա ճանկեց վերմակը ներքևից, իսկ մյուս ոտքը հանեց և դրանով սեղմեց վերմակը վերևից, ու այդպիսով վերմակը գլխի վրայից քաշեց։ -Առ քեզ,- ասաց Իվան Յակովլևիչը և այտերն ուռացրեց։ Սովորաբար, երբ Իվան Յակովլևիչին մի բան հաջողվում էր կամ, ընդհակառակը, բան դուրս չէր գալիս, Իվան Յակովլևիչը միշտ առ քեզ էր ասում․ իհարկե, ոչ բարձր և ամենևին ոչ այն բանի համար, որ ինչ-որ մեկը լսեր, այլ ուղղակի, իր համար, ինքն իրեն։ Եվ ահա, առ քեզ ասելով, Իվան Յակովլևիչը նստեց թախտին և ձեռքը ձգեց սեղանին, որի վրա իր հագուստը, բլուզը և մնացյալ սպիտակեղենն էր։ Իվան Յակովլևիչը սիրում էր զոլավոր տաբատ հագնել։ Բայց իսկապես ոչ մի տեղ հնարավոր չէր զոլավոր տաբատ ձեռք բերել։ Իվան Յակովլևիչը և «Լենինգրադ հագուստում» եղավ , և Ունիվերմագում, և Հյուրատանը, Պետրոգրադի կողմը բոլոր խանութները  ոտնատակ տվեց։ Անգամ ինչ-որ տեղ Օխտա գնաց, բայց զոլավոր տաբատ չգտավ։ Իսկ Իվան Յակովլևիչի հին տաբատներն այնքան էին մաշվել, որ արդեն հագնելն անհնար էր։ Իվան Յակովլևիչը քանիցս դրանք կարեց, բայց ի վերջո դա էլ սկսեց չօգնել։ Իվան Յակովլևիչը բոլոր խանութները ոտնատակ տվեց, և, նորից ոչ մի տեղ զոլավոր տաբատ չգտնելով, ի վերջո որոշեց ցանցագծավորը գնել։ Բայց ցանցագծավոր տաբատ էլ ոչ մի տեղ չգտնվեց։  Այդժամ Իվան Յակովլևիչը որոշեց իրեն մոխրագույն տաբատ գնել, բայց մոխրագույն տաբատ էլ չգտավ։ Ոչ մի տեղ Իվան Յակովլևիչի հասակին համապատսխան սև տաբատ չգտնվեց։ Այդժամ Իվան Յակովլևիչը գնաց կապույտ տաբատ գնելու, բայց քանի նա սևն էր փնտրում, ամենուր կորան  և կապույտը, և դարչնագույնը։ Եվ ահա, վերջապես, Իվան Յակովլևիչը ստիպված էր դեղին բծերով կանաչ տաբատ գնել։ Խանութում Իվան Յակովլևիչին թվաց, որ տաբատն այդքան էլ վառ գույնի չի և դեղին բիծը բնավ աչք չի ծակում։ Բայց, տուն գալով, Իվան Յակովլևիչը պարզեց, որ մի վարտիքը իսկապես էլ ասես պատշաճ երանգի է, բայց փոխարենը մյուսը պարզապես փիրուզագույն է, և դեղին բիծը սաստիկ փայլոււմ է դրա վրա։ Իվան Յակովլևիչը փորձեց տաբատը մյուս կողմ շրջել, բայց այնտեղ երկու կողմերը հակված էին կանաչավուն սիսեռապիսակներով դեղինի անցնելուն և այնպիսի ուրախ տեսք ունեին, որ, թվում էր, կինոյի սեանսից հետո այդ շորերը բեմահարթակ հանիր, և էլ ոչինչ պետք չէ․ ամբոխը կես ժամ կծիծաղի։ Երկու օր Իվան Յակովլևիչը սիրտ չէր անում նոր տաբատը հագնել, բայց երբ հները այնպես պատառոտվեցին, որ հեռվից կարելի էր տեսնել, որ Իվան Յակովլևիչի վարտիքները  կարկատման կարիք ունեն, ստիպված էր նոր տաբատը հագնել։ Առաջին անգամ նոր տաբատով Իվան Յակովլևիչը շատ զգուշորեն ելավ, մուտքից դուրս գալով, նա նախ երկու կողմն էլ նայեց և, համոզվելով, որ մոտակայքում ոչ ոք չկա, ելավ փողոց և արագ քայլեց աշխատանքի։ Առաջինը պատահեց խնձոր վաճառողը՝ մեծ կողովը գլխին։ Իվան Յակովլևիչին տեսնելով՝ նա ոչինչ չասաց, և միայն, երբ Իվան Յակովլևիչը կողքով անցավ, կանգնեց, և քանի որ կողովը չէր թողնում գլուխը շրջել, խնձոր վաճառողը ինքն ամբողջությամբ շրջվեց և նայեց Իվան Յակովլևիչի հետևից, միգուցե գլուխը կճոճեր, եթե դարձյալ նույն կողովը չլիներ։ Իվան Յակովլևիչը կայտառորեն առաջ շարժվեց, վաճառողի հետ իր հանդիպումը լավ նախանշան համարելով։ Նա չտեսավ վաճառողի խորամանկությունը և սփոփում էր իրեն, որ տաբատն առանձնապես աչք չի զարնում։ Այժմ Իվան Յակովլևիչին ընդառաջ ընթանում էր իր պես ծառայող, թղթապանակը թևատակին։ Ծառայողն արագ էր գնում, զուր կողքերը չէր նայում, այլ ավելի շատ իր ոտքերի տակ։ Հավասարվելով Իվան Յակովլևիչին, ծառայողը հայացքը սահեցրեց Իվան Յալվլևիչի տաբատի վրայով և կանգ առավ։ Իվան  Յակովլևիչն էլ կանգնեց։ Ծառայողը նայեց Իվան Յակովլևիչին, իսկ Իվան Յակովլևիչը ծառայողին։ 

-Կներեք, — ասաց ծառայողը,- դուք չեք կարող ինձ ասել՝ ինչպես այդ․․․ պետական․․․ բորսայի կողմն անցնել։

-Պետք է գնաք սալարկուղով․․․ կամրջով ․․․ չէ, պետք է այսպես գնալ, իսկ հետո այնպես, ասաց Իվան Յակովլևիչը։

Ծառայողը շնորհակալություն հայտնեց և արագ հեռացավ, իսկ Իվան Յակովլևիչը մի քանի առաջքայլ արեց, բայց, տեսնելով, որ այժմ իրեն ընդառաջ ոչ թե ծառայող է  գալիս, այլ ծառայողուհի, գլուխը կախեց և վազելով փողոցի մյուս կողմն անցավ։ Ծառայության Իվան Յակովլևիչն եկավ ուշացած և շատ զայրացած։ Իվան Յակովլևիչի ծառայակիցները, իհարկե, ուշք դարձրին տարբեր երանգների վարտիքներով կանաչ տաբատին, բայց, երևում է, գլխի ընկան, որ դա է Իվան Յակովլևիչի զայրույթի պատճառը, և հարցուփորձով նրան չանհանգստացրին։  Երկու շաբաթ տանջվեց Իվան Յակովլևիչը, կանաչ տաբատով քայլելով, մինչև ծառայակիցներից մեկը՝ Ապոլոն Մակսիմովիչ Շիլովը, առաջարկեց գնել հենց իր՝ իբրև թե իրեն անպետք զոլավոր տաբատը։

                                                       Տոն

Մի տան տանիքին երկու գծագրող էին նստել և հնդկացորենի շիլա էին ուտում։ 

Հանկարծ գծագրողներից մեկը բերկրալի ճիչ արձակեց և գրպանից երկար թաշկինակ հանեց։ Մտքով հիանալի գաղափար անցավ՝ թաշկինակի ծայրին քսան կոպեկանոց կապել և այդ ամենը տանիքից շպրտել փողոց, և տեսնել ինչ դուրս կգա։ 

Երկրորդ գծագրողն, արագ որսալով առաջինի գաղափարը, կերավ ողջ հնդկացորենի շիլան, քիթը սրբեց, մատները լիզեց, սկսեց հետևել առաջին գծագրողին։ 

Սակայն երկու գծագրողների ուշադրությունը շեղվեց թաշկինակի և քսան կոպեկանոցի փորձից։ Տանիքին, որտեղ նստած էին երկու գծագրողները, իրադարձություն տեղի ունեցավ, որ չէր կարող աննկատ մնալ։ 

Բակապան Իբրահիմը խողովակին խունացած դրոշով երկար փայտ մեխեց։

Գծագրողները Իբրահիմին հարցրեցին, թե սա ինչ է նշանակում, ինչին Իբրահիմը պատասխանեց․ 

-Նշանակում է, որ քաղաքում տոն է։ 

— Իսկ ի՞նչ տոն է, — հարցրեցին գծագրողները։ 

-Այ էնպիսի տոն է, որ մեր սիրելի բանաստեղծը նոր պոեմ է գրել,- ասաց Իբրահիմը։

Եվ գծագրողները, ամոթահար իրենց չիմացությամբ, օդում չքացան։

                                            Թանկագին Սաշա․․․

Թանկագին Սաշա, այս (համառոտության համար եմ պարզապես ասում «այս», բայց նկատի ունեմ այս նամակում ), ես կխոսեմ լոկ իմ մասին։ Ես ուզում եմ, իսկն ասած, նկարագրել կյանքս։ Շատ ափսոս, որ ես չգրեցի քեզ նախկին նամակս, այլապես կգրեի այնտեղ ամենը, ինչն էլ բաց թողեցի այստեղ։ 

Արի դիմենք համեմատության սկզբունքին։ Դու, ասենք, ապրում ես այդտեղ Աշխաբադում ինչ-որ կերպ։ Համառոտության համար անվանենք այդպես։ Իսկ ես ապրում եմ այստեղ, պայմանական սահմանելով, այսպես, այսպես։ Ես այդպես  պայմանավորվում եմ անվանել այս կամ մյուսն այն բանի համար, որպեսզի հետագայում ավելի հեշտ և հարմար լինի այս կամ այդ մասին խոսելը։ Եթե դու համարում ես, որ այդպես կամ այսպես սահմանումներն անհարմար են, ապա կարելի է այսպես կոչել․ դու ապրում ես ինչ-որ կերպ, իսկ ես ապրում եմ ինչ-որ կերպ, բայց այլ կերպ։ Թերևս, կանգ առնենք վերջին սահմանման վրա։ 

Դիցուք, ես ապրում եմ ոչ թե «ինչ-որ կերպ, բայց այլ կերպ», այլ նույն կերպ, ինչ և դու։ Ի՞նչ է դրանից հետևում։ Դրա համար պատկերացնենք, իսկ պարզության համար իսկույն էլ մոռանանք այն, ինչ հենց նոր պատկերացրեցինք։ Եվ հիմա արի տեսնենք՝ ինչ ստացվեց։ Քիչ էր մնում մոռանայի քեզ ասել ինչպես լրիվ անպետք վերարկու գնեցի։ Թեև այդ մասին ավելի լավ է հետո պատմեմ։ Իգորին էի հյուրընկալել։ 

             Վոլոդյա Ցայցեվը մոտեցավ Վասյա Պիրոգովին․․․

Վոլոդյա Զայցևը մոտեցավ Վասյա Պիրոգովին և ասաց․

-Վասյա, որտե՞ղ է գտնվում Ավստրալիան, Աֆրիկայում, թե՞ Ամերիկայում։ 

-Չգիտեմ,- ասաց Վասյան,- բայց ոնց որ Աֆրիկայում։ 

                               Դեպք կնոջս հետ

Կնոջս ոտքերը էլի սկսեցին կուչուձգվել։ Ուզում էր նստել թիկնաթոռին, իսկ ոտքերը նրան ինչ-որ տեղ պահարանի մոտ տարան և հետո անգամ միջանցքով և նստեցրին ստվարաթղթի վրա։ Բայց կինս, կամքը լարելով, ելավ և շարժվեց սենյակ, սակայն ոտքերը նորից  չարաճճիություն արին և նրան դռան կողքով տարան։

 -Ա՜խ, սատանա,- ասաց կինս, գլուխը գրասեղանի տակ խփելով։ 

Իսկ ոտքերը շարունակում էին չարաճճիություն անել և անգամ նախասենյակի գետնին դրված ինչ-որ ապակե ճաշաման կոտրեցին։ 

Վերջապես, կինս նստեց իր թիկնաթոռին։

-Ահա և ես,- ասաց կինս, լայն ժպտալով և քթածակերից հանելով այնտեղ լռված տաշեղի կտորները։