Տարին հոբելյանական է Աղասի Այվազյանի համար։ Լրացել է նրա ծննդյան 100-ամյակը։ Աղասի Այվազյան երևույթը քննության առարկա է ոչ միայն գրականագետների, այլև կինոգետների, թատերագետների, կերպարվեստագետների, նաև՝ հայագետների համար։ Նրա ողջ ստեղծագործությունը, հատկապես «Հայ հայը» էսսեն հայի տեսակի բացառիկորեն ճշգրիտ բնութագրերից է։ Նրա տեսադաշտում «նախեղակ» հայն է, որի մասին գրում է․ «Կա սևահեր հայ և կա շիկահեր հայ, կա տաքարյուն հայ և կա սառնասիրտ հայ, կա գործարար հայ և կա անօգնական հայ, կա արագաշարժ հայ և կա դանդաղկոտ հայ… Բայց կա մեկը ևս, որ իմ մեջ մի մխմխացող զվարթակերպ ինքնություն է առաջացնում: Դա Հայ հայն է: Նա երբեք չի մտածում, թե ինքն ինչ է, այնպես, ինչպես երբեք մարդ չի խորհում, որ ինքը երկու ոտք ունի, երկու ձեռք, մի քիթ և մի բերան… Երբեմն ինձ թվում է, որ նա հենց այդպես՝ առանց վերլուծելու, առանց գնորոշելու, գիտե մի բան, որ իմ մանրահետող խելքով չեմ կարողանում ըմբռնել, իմանալ կյանքիս երկար տարիների ներչարչարելի վերլուծումներից հետո»:
Այվազյանի հերոսները փոքր մարդիկ են, որոնց մեջ նա մի ամբողջ տիեզերք է բացահայտում։ Բայց 2002-ին տպագրած «Պոեմ վասն շենքի և շինության» ասքում Այվազյանը կերտեց մոնումենտալ հայի մոնումենտալ կերպարը՝ այս դեպքում բյուրեղացնելով, խտացնելով տիեզերքը և տեղավորելով այն մեծն Թամանյանի կերպարում։ Այս էպիկական երկը բանաստեղծական շնչով է գրված․ հիշենք հարյուրամյակներ շարունակ արևի տակ անտեր ընկած հայոց քարի և Թամանյանի ձեոքերի երկխոսությունը, հիշենք Մասիսի և նրա ժառանգորդ ցեղի զավակի հուզիչ հանդիպման նկարագրությունը․ «Դիմացը Մասիսն էր, որն ընդունակ էր ընդգրկելու Հռոմի պես մի քաղաք։ Ազգային լեռը պարտադրում էր իր վեհությունը, իր պարզությունը, իր առասպելական կենսագրությունը․․․ Նա Աստծո ընտրյալն էր լեռների մեջ և աշխարհի կենտրոնը՝ հողագնդի վրա։ Նա իր փեշերը պատրաստ էր տրամադրելու միայն ազատազարմ, խոշոր ձևերով ու խստամիտ արարածների։ Նա ուներ հիշողություն, և իր ճերմակ գագաթը մտապահել էր բոլոր հարազատներին։ Եվ ահա նրանցից մեկը վերադարձել է իր գիրկը և կարոտով նայում է իրեն։
«Բարև»- շշնջում է Թամանյանը Նահապետին, երկար նայում է նրան, անջատվել չի կարողանում։
«Գնա՛, մի՛ վախենա․․․ Ես միշտ քո առջև կլինեմ, ինչպես եղել եմ մտքիդ և հոգուդ մեջ»։
Մի՞թե բանաստեղծություն չէ․․․
2005 թ․, երբ նշվում էր Աղասի Այվազյանի 80-ամյակը, ես եղա մեկը այն բազում լրագրողներից, որոնք հարցազրույց վարեցին հոբելյարի հետ։ Մեր երկխոսությունը հենց այդ կետից էլ մեկնարկեց՝ նրա գրականության բանաստեղծականության մասին դիտարկումով։ «Իմ գրականության մեջ ոմանք կինո են տեսնում, ոմանք՝ նկարչություն, պատկեր, Դուք՝ բանաստեղծություն: Ըստ որում՝ առաջին անգամն եմ լսում նման բնորոշում: Գեղարվեստական արձակը պիտի բանաստեղծական լինի, այլապես կդառնա չոր արձանագրություն: Մարդիկ տեսնում են այն, ինչ փնտրում են»,- ասաց:
Մեր զրույցի ու հետագա հանդիպումների ընթացքում Աղասի Այվազյանը ոգևորված, հավատով, վստահաբար խոսում էր մեր ազգի ապագայի, վերհառնումի անխոսափելիության մասին․ «Ամեն ինչին պետք է մեծ հաշվով մոտենալ և տեսնել մեծ օղակի մեջ: Եթե ես լույս աշխարհ եմ եկել, ուրեմն պիտի ապրեմ, երկիրը պիտի ապրի: Իսկ երկիրը ես եմ, չէ՞: Իմ հետևում ինձ քանի՜ հոգի են ստեղծել. միլիոնավոր հայեր՝ պապերս, նախապապերս… Այսինքն՝ մենք մենակ գոյություն չունենք, մեկս մյուսի շարունակությունն ու կրկնությունն ենք: Ես «հայրենասիրություն» բառը չեմ սիրում, ռոմանտիկ բաներ չեմ սիրում: Կա առարկայական մարմին, որ կոչվում է հայություն: Ես հավատում եմ նրան, ջանում, որ այն գոյություն ունենա»։
Ալեքսանդր Թամանյանի՝ իբրև Երևանի «հեղինակի» կերպարի հանդեպ Աղասի Այվազյանի հետաքրքրությունը սոսկ գրողական մղում չէր, նա երազում էր տեսնել այդ քաղաքի համապատկերը, վայելել քաղաք ունենալու երանությունը։ Եվ այս մասին ասված խոսքն էր հատկապես տպավորվել թե՛ իմ, թե՛ նրա մեջ։ Երբ հարցազրույցը լույս էր տեսել, զանգահարեցի, ասացի նրան այդ մասին։ Հարցրեց․
-Ձեր հարցազրույցո՞ւմ եմ ես ասել․ «Առաջ քնելիս կանայք էին երևում աչքիս, հիմա՝ Երևանը»։
-Այո՛,- պատասխանեցի։
-Հավանել եմ այդ հարցազրույցը։
Ահա հարցազրույցի այդ հատվածը․ «Քաղաքացի լինելը քիչ է: Ես հայ եմ, իսկ հայ լինելը ճակատագրական մի բան է, ծրագիր է: Կա մի ընդհանուր մեծ մարմին՝ հայություն ասվածը: Եթե այն կա, դրա մեջ ես պետքական եմ: Դրանից դուրս՝ առանձին, ես ո՞վ եմ: Կա հստակ մի ողնաշար, որը երկիրն է, հայությունը: Այսօր ինձ ինչ էլ հարցնեն Հայաստանի մասին, ես նույն բանը պիտի ասեմ: Ես Հայաստանի հոգսն ունեմ: Ես տեսել եմ 40-ականների Հայաստանը, երբ Երևանը դժվարությամբ կարելի էր քաղաք անվանել: Ծնվել էի Թիֆլիսում և քաղաք էի ուզում ունենալ, բայց չունեի: Այսօր քաղաք ունեմ և ունենում եմ: Շտապում եմ տեսնել, թե ինչպիսին է դառնում քաղաքս: Առաջ քնելիս կանայք էին երևում աչքիս, հիմա՝ Երևանը, Երևանի հատակագիծը, կառուցվելիք շենքերը…»։
Այս և այսպիսի պատառիկներից է հավաքվում, ամբողջանում յուրաքանչյուր մեծ անհատի կերպարը։ 100-ամյակն առիթ է, որ ի մի բերվեն Աղասի Այվազյան անհատի բազմածալ, բազմախորհուրդ կերպարի անհաշիվ պատառիկները։
Կարինե Ռաֆայելյան