Սկիզբն՝ այստեղ
Արթուրը Վլադիմիրից, Մարիամը Երևանից վերջապես գտել էին Արցախում իրենց ապրելու վայրը: Ինչպես որ պայմանավորվել էին գյուղապետի հետ, իրենց տուն ու հողամաս էր սպասում այնտեղ: Գյուղում դպրոց, շրջապատում անտառածածկ, օվկիանոսի ալիքների պես ծփացող սարեր…Նախատեսում էին մի առողջ հորթ գնել:
Տատը որոշել էր մի քիչ էլ մնալ Երևանում, սպասել գեներալ-մայորի գալստյանը և նրա հետ թև թևի տված մտնել Արցախ: Կարգի էր բերել աշխարհագրության կաբինետը, ծաղիկներ էր աճեցրել՝ իր ուրախության չորացած ծղոտների հարևանությամբ: Քանի որ ամառային արձակուրդ էր, դպրոցում ոչ ոք չկար: Գեներալ-մայորին այստեղ էր ուզում զարմացնել, հատկապես՝ պատմության ու աշխարհագրության իր գիտելիքներով: Նույնիսկ ուսումնասիրել էր Վորոնեժի 425-ամյա պատմությունը և ենթադրում էր, թե հայտնաբերել է Վասիլի Ֆյոդորովիչ Մելիք-Շահնազարովի արմատները: Իբր նրա նախապապերից մեկը անպայման պետք է որ Պետրոս Առաջինի ժամանակակիցը լինի: Վորոնեժում, երբ Պետրոս Առաջինը անձամբ գծագրում էր «Աստվածային նախախնամություն» նավը, Ֆեոդոսիյ Մելիք-Շահնազարովին, այսինքն՝ Վասիլիի ղարաբաղցի ենթադրյալ նախապապին հանձնարարվել է իրագործել նավի կառուցումը:
Եղիսաբեթը գրեթե ավարտել էր վարձու սենյակի վաճառքի ձևակերպումները՝ առանց մտքով իսկ անցկացնելու, որ սա ինչ-որ ժամանակ զույգ թռչնակների սիրո բույն է եղել: Այդ գումարով, առանց երկար-բարակ մտորելու, որոշել էր մասնակցել Մարիամի ու Արթուրի գյուղական տան վերակառուցմանը. «Ի՜նչ լավ է: Ի՜նչ ուզում, էդ էլ որոշում եմ, ոնց որ եվրոպացի պառավ լինեմ: Սերոբս ասում էր. «Ամեն վատ բանի մեջ առնվազն երեք լավ բան կա»: Մի անկյուն ինձ կտաք, ամառները կմնամ ձեզ մոտ, էս հիասքանչ բնության մեջ: Ձեզ համար պանիր կսարքեմ, օրը մեջ լահմաջո կթխեմ»:
***
Թեև Մարիամին վաղուց չէին զարմացնում իրեն ողողող թեթևության ալիքները, բայց չկարողացավ հաղթահարել իրեն պաշարած ապշությունը, երբ տատը, Եղիսաբեթը, Վասիլի Ֆյոդորովիչը, Նաիրան, Մուշեղը և Ֆյոդոր Վասիլևիչը նույն օրը, նույն ժամին ժամանեցին գյուղ, միասին: Ասելով, խոսելով, ծիծաղելով: Ոնց որ հարբած լինեին:
Ինքն ու Արթուրը խոհանոցի պատն էին ներկում: «Ի՜նչ աղջիկ եմ մեծացրել, ձեռքից ամեն ինչ գա…լիս…»: Չսպասված հյուրերը իրեն էին նայում, ձեռքերը իրար էին խփում, քրքջում… Վրձինով քորել էր գլուխը: «Քոռանա տատդ, մազերդ մի րոպեում սպիտակեցին»…
Մի քանի օր անց Վասիլի Ֆյոդորովիչն արդեն բոլորի համար Վասյա էր: Երեխաները նրան Վասյուկ, Վասյոկ, նույնիսկ Վասիլյոկ էին կանչում, թռնում էին նրա հուժկու շալակը: Նա էլ հավատարիմ, հլու — հնազանդ ձիուկի դեր էր կատարում: Բացի Նաիրայից, որ շուտով ծննդաբերելու էր, և Եղիսաբեթից, որ օրը մեջ լահմաջո, իսկ մնացած օրերին մեկը մեկից համեղ կերակուրներ ու թխվածքներ էր պատրաստում, բոլորը լծվեցին հողամասը մշակելու գործին: Շուտով ժամանեցին նաև Եղիսաբեթի երկու աղջիկները՝ մեկը Դուբայից, մյուսը Շվեդիայից: Մեղվափեթակներ ու մի հորթուկ գնեցին տան համար: Մուշեղի հետ արշավներ կազմակերպեցին, հիացան, ասացին՝«Աշխարհում ոչ մի տեղ այսքան շքեղ բնություն չենք տեսել»: Մուշեղն էլ ուրախ էր, որ իր սիրելի քուրիկների հետ է, ու որ շուտով փոքրիկ քուրիկ է ունենալու: Թեև նա Սերոբի պատճենն էր, այդքանից հետո էլ դեռ ոչ քուրիկների, ոչ Մուշեղի և ոչ էլ Եղիսաբեթի մտքով այլ բան չէր անցնում:
Մարիամն ու տատն էին միայն, որ գիտեին Նաիրայի գաղտնիքը, իսկ նա իրեն այնպես էր պահում, որ հավատում էիր, թե ինքն էլ տեղյակ չէ իր կյանքի պատմությանը: Նույն սառը հայացքը, նույն ծուռ ֆստֆստացող քիթը, բայց արի ու տես, որ Ֆյոդոր Վասիլևիչն էլ Սերոբի նման նրա մեջ տեսնում էր մի բան, որ Մարիամը ոչ մի կերպ չէր կարողանում տեսնել՝ գարնանային ծաղիկներից հյուսված պսկաով ու նրբագեղ ժպիտով երևի:
Ֆյոդոր Վասիլևիչը հավաքեց իր նորաստեղծ ընտանիքը, մեկնեց Վորոնեժ, որ նորածինը ռուսական քաղաքացիություն ունենա և ոչ թե՝ ինչ-որ չճանաչված երկրի: Մյուսներն էլ մեկնեցին: Եղիսաբեթի համար սկսվում էր օպերային հյուրախաղերի եկող աշխառհահռչակ երգիչ — երգչուհիների, ջութակահարների ու դաշնակահարների սեզոնը: Նա էլ գնաց, խոստացավ ձմռանը գալ, որ Նոր տարվա տոները միասին անցկացնեն:
Իսկ աշանանամուտին Վասիլի Ֆյոդորովիչը արդեն հայտնեց իր որոշման մասին. «Գնամ՝ պապերիցս մնացած 18-րդ դարի հուշարձան-տունս վաճառեմ, գամ էս դրախտում, էս գեղեցկուհիներիս հետ ապրեմ»:
Բայց այդպես չեղավ, քանի որ իրադարձությունները մի քիչ այլ կերպ դասավորվեցին:
Վասիլի Ֆյոդորովիչը գնաց ու չվերադարձավ: Տատը գլուխը կորցրեց: «Ո՞նց, Վասիլի Ֆյոդորովիչը չէր կարող հենց էնպես թողնել մեզ ու հեռանալ», — ողբում էր նա: Եվ այն օրը, երբ Մարիամը համացանցում հայտնաբերեց գեներալ-մայոր Վասիլի Մելքի-Շահնազարովի մահախոսականը, տատը մտավ անկողին ու այլևս չցանկացավ ոտքի կանգնել: Հրաժարվեց ուտելիքից: Կամա՜ց հալումաշ եղավ: Չդիմացավ:
Գյուղի խանութում մոմ կար, բայց խունկ ոչ մի տեղ չէր ճարվի, եթե Մարիամը ոսկու նման պահած չլիներ օրերից մի օր տատի նվիրած խունկը: Խնկի հոտը բարձրացավ, տարածվեց գյուղի վրա: Մարիամը առատ լցրեց խունկը խնկաման դարձած հին անոթի մեջ, որ ժառանգություն էր մնացել նախկին, վաղնջական բնակիչներից: Անոթի մեջ խունկ ավելացրին Մարինեն ու Մարոն, Երևանից շտապ ժամանած Եղիսաբեթը, Արթուրը: Դագաղի տակ՝ սեղանին, փռեցին հավերժահարսերով գորգը: Գորգի անկյունում ծվարած նապաստակը հոտոտում էր օդը ու մտածում. «Էս ի՜նչ անուշ, անծանոթ բուրմունք է»:
Չմոռացան նաև աղոթքի խոսքեր մրմնջալ Վասիլի Ֆյոդորովիչ Մելիք-Շահնազարովի ու նրա նավաշինարար նախապապի հոգու խաղաղության համար:
Տատը երևույթ էր, հիացմունքի արժանի, ինչպես հորիզոնը այն պահին, երբ արևն արդեն գլորվել է սարի ետևը, ինչպես ծովը, երբ հեռվից ալիքները գալիս են, թվում է՝ հիմա քեզ կուլ կտան, բայց մինչև ափ հասնելը փոխում են միտքը և կամ փշրվում, կամ ետ են մղվում:
Խնկի բուրմունքը տարածվում էր արդեն մինչև դիմացի սարը ու թափանցում փափուկ խաշամի հին շերտերի մեջ, խառնվում անտառի աշնանային շողացող գույներին:
Եվ այս բոլորը իրականություն է: Հորինված քիչ բան կա այստեղ:
No Comments