Ամուսնություն ու արդիականություն․Յասուջիրո Օձու
Նա շատ է կարդում թարգմանված գրքեր։ Մի անգամ փորձեցի դրանցից մեկը կարդալ, ու այն ինձ ցնցեց։
«Թեյով և բրնձով ուտեստի համը» ֆիլմից

Կինոռեժիսոր Յասուջիրո Օձուն նկարահանման հրապարակում (Լուսանկարը՝ © Shochiku):
Օձուի տեսախցիկը ոչ մի տեղ չի գնում։ Այն կանգնում է գետնին՝ ծնկի իջած մարդու բարձրության վրա, ու մնում է այնտեղ․ հազվադեպ է շրջվում ՝ պանորամա անելու, ու գրեթե երբեք չի ընկնում հերոսներին հետևից։ Օձուի ֆիլմերը կառուցվում են հենց այս դիրքից․ դատարկ սենյակներ, միջանցք, թեյնիկ, չորացող լվացք, գորգի հյուսվածք․ կադրեր, որոնք խելացի ծանրաբեռնվածություն չունեն ու տևում են անցումային հերթական կադրերից մի փոքր ավելի երկար։ Ավելին, Օձուն իր կադրերը կտրում է տեսարանի հուզական պիկից հետո, այլ ոչ թե դրա ընթացքում՝ սպասելով, որ իր հերոսները հանդարտվեն՝ նախքան կադրը կթեքվի։ Սա կարող է կոչվել զսպվածություն, սակայն ավելի ճիշտ է հասկանալ որպես կեցվածք աշխարհի հանդեպ․ ուշադրություն դարձնելու մի ձև, որը չի բռնանում նրա վրա, ում ուղղվում է, չի շտապեցնում ու չի փորձում դարձնել նրան մի այլ բան, քան այն կա։ Սա այն ընդունման ձևն է, որը ֆիլմերը պահանջելու են իրենց հերոսներից՝ մնալ այն ամենի հետ, ինչ կա, և գտնել այն, ինչ կարելի է գտնել՝ նայելով գետնի վրայից։ Ձևը դառնում է էթիկան։

«Վաղ գարունը» ֆիլմից
«Վաղ գարունը» (『早春』 , Sōshun, 1956) այս կեցվածքը տանում է վարձու գրասենյակային աշխատանքի աշխարհ։ Գլխավոր հերոսը՝ Սուգին, գրասենյակային աշխատող է, և Օձուն այս ֆիլմը նկարագրել է որպես այս տիպի կյանքի պաթոսը ցույց տալու փորձ․ շրջանավարտի վաղեմի հույսերը, որոնք մարում են այն գիտակցման մեջ, որ տարիների աշխատանքը, մեկ է, ոչնչի չի հանգեցնում։ Սա արտահայտվում է ոչ թե կտրուկ ալեբախությամբ, այլ սովորական տեսարանների համբերատար կուտակմամբ ։ Ամուսնությունը կքել է նույն ծանրության տակ, ու տղամարդու կարճատև կապը գործընկերուհու հետ դառնում է հաղորդակցության բացակայության արդյունք մի կյանքում, որ նման է անվերջ երկար, անուշադիր օրվա։ Տարեց կերպարները կենցաղային զրույցների ընթացքում ֆիլմը պարուրում են իրենց փոքրիկ խորհուրդներով․ պետք է լավ լինես կնոջդ հետ, կինը քո միակ դաշնակիցն է, մինչդեռ գրասենյակն ու ընկերների խումբը անվերջ քաշում են միայն ներքև, ու պետք է ուղղել սխալները, քանի դեռ դրանք չեն մեծացել։ Նրանցից մեկը գրասենյակային աշխատանքի բերած իմաստազուրկ հյուծումը ներկայացնում է որպես սովորույթի քողի տակ թաքնված պարտություն․ աշխատել էր 31 տարի՝ երազելով թոշակի անցնելու մասին, որպեսզի դպրոցի կողքին մի փոքրիկ կրպակ բացեր՝ երեխաների համար, բայց թոշակն այնքան քիչ էր որ․․․ Հարկերն էլ հանես՝ ի՞նչ կմնա․․․ Նա ուզում էր, որ իր որդին չգնա նույն ճանապարհով, չդառնա գրասենյակային աշխատող, բայցևայնպես նա էլ, ահա, կոստյումով, պայուսակով, ամեն օր գնում է գրասենյակ։ Կոստյումն ու պայուսակը արդի կարգն են՝ մարմնի վրա, օրվա սեղմումը աշխատավարձի ու գնացքով երթևեկության մեջ։ Թե ինչ գին է դա նստում մարդու վրա, իմացվում է տանը՝ ամուսնության մեջ։
Ամուսնության կենտրոնում կա կորսված կամ պակասող երեխա․ «Վաղ գարուն» ֆիլմում զույգը որդի է կորցրել, և մահացած երեխան նրանց միջև կանգնած է որպես բացակայություն, որի մասին մեկը մոռանում է, մյուսն անընդհատ հիշում։ «Թեյով և բրնձով ուտեստի համը»( 『お茶漬の味』Ochazuke no Aji, 1952) ֆիլմում ընդհանրապես երեխա չկա․ միջին տարիքի զույգը չունի երեխաներ, որոնք ծնողների առանձին կյանքերը կմիավորեին այն ժամանակ, երբ ամուսնությունը կորցրել էր ամենը, ինչ մի ժամանակ նրան իմաստ էր տալիս։ Երկու հոգի՝ մի տան մեջ, անձայն միայնությունից իրար հանդեպ խուլ։ Ինչպես «Թեյով և բրնձով ուտեստի համը» ֆիլմի գլխավոր հերոսուհին է խոստովանում, ուրախ կլիներ, թե ամուսինը գնար հեռու մի տեղ, իր աչքից հեռու, երկար ժամանակով։

«Թեյով և բրնձով ուտեստի համը» ֆիլմից
Այս օտարացումն Օձուն տեսնում է ամուսնու ու կնոջ փոխադարձ հարգանքի անկման մեջ․ ամուսնություն, որը տկարացել է ոչ թե կոնկրետ դժգոհությունից, այլ հարգանքի դանդաղ նվազումից։ «Թեյով և բրնձով ուտեստի համը» ֆիլմում կինը՝ Տաէկոն, սովորության համաձայն է նվաստացնում իր ամուսնուն․ նմանեցնում է նրան կոյ ձկան՝ դանդաղաշարժ ու բթամիտ, ու կատակի առարկա է դարձնում իր ընկերուհիների մոտ՝ կանանց, որոնք հրամցնում են ավելի նորաձև պատկերացում այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն ամուսինն ու ամուսնությունը։ Նույն պատկերները շրջանառվում են ֆիլմի ավելի երիտասարդ, չամուսնացած կանանց շրջանում, ովքեր իրենց աշխարհայացքը ձևավորում են ամսագրերով ու ավելի տարեց ընկերուհիների խորհուրդներով՝ բաժանված կամ երբեք չամուսնացած «ազատ կանանց»։ Օձուի կասկածն այն է, որ այս ներմուծված չափանիշները՝ շքեղությունը, նրբագեղությունը, ռոմանտիկ նորույթը, արժեքներ են, որոնք իրական ազդեցություն չունեն համատեղ կյանքի վրա, և ամուսնությունը դրանցով կշռելը նշանակում է կորցնել այն պարզ իմաստը, ինչն իրականում երկու հոգուն միասին է պահում։ «Վաղ գարունը» ցույց է տալիս նույն քայքայումը կնոջ՝ Մասակոյի կողմից․ նա Սուգիին համարում է աղքատ, թեև իրենք ապրում էին այնպես, ինչպես իրենց հարևանները․ նա հրաժարվում է միանալ նրան գործընկերների հետ քաղաքից դուրս քայլելու գնալիս։ Նա աստիճանաբար վերածվում է թերագնահատող աչքի։ Բայց Օձուն բաշխում է մեղքը, և ամուսնու բաժինն ավելի ծանր է․ նա ընդհանրապես չի նկատում կնոջ կարիքները, չի տեսնում այն մենությունը, որը բացվել է իր կողքին՝ իրենց իսկ տանը։ Նա մերժում է կնոջ խոսելու կարիքը։ Կինն էլ՝ ամուսնունը։ Կնոջ հարգանքը դանդաղորեն մարում է, ամուսնու ուշադրությունը բացակայում է արդեն որպես սովորություն։
Օձուն ոչ ոքի հեռու չի ուղարկում։ Նրան հետաքրքրողը վիճակի փոփոխությունը չէ։ Թեև արտաքին փոփոխություն տեղի ունենում է (մի դեպքում ամուսնական զույգը տեղափոխվում է փոքր քաղաք՝ գործուղման բերումով, մյուսում՝ ինքնաթիռի անսարքությունը ստիպում է տղամարդուն գիշերել տանը), այս փոփոխությունները գործում են միայն որպես հուշումներ, որ մի բան այն չէ, որ ինչ-որ բանի նորոգման կարիքը կա, և որ կա զղջման ու ներման հնարավորություն։ Այլ կերպ ասած, ֆիլմը չի կենտրոնանում իրավիճակային փոփոխությունների վրա՝ դրանց վերապահելով վճռորոշ կամ ճակատագրական դերեր։ Փոխարենը նա դրանք ներկայացնում է որպես խթան, որոնք նպաստում են զրույցի ապաքինմանը։
Օձուի ասելիքն այլ ուղղությամբ է գնում․ համակարգը, որքան էլ որ խլի օրվա մեծ մասը, թողնում է մի նեղ տարածք էլ, որին չի կարող հասնել։ Աշխատանքային կյանքից դուրս գտնվող փոքրիկ ազատ տարածությունն է վայրը, որտեղ ամուսնությունը կորչում է կամ փրկվում, և այն, ինչը փրկում է, ավելին չէ, քան հոգատար ուշադրությունը․ երկու մարդիկ, որոնք որոշում են նորից հասկանալ իրար։ Սա փրկության համեստ պատկեր է․ ուզում է, որ դրա ներսում գտնվող մարդիկ նորից դեպի իրար շրջվեն այն սենյակում, որը կիսում են։

«Թեյով և բրնձով ուտեստի համը» ֆիլմից
«Թեյով և բրնձով ուտեստի համը» ֆիլմն ավարտվում է նրանով, որ օտարացած զույգը հաշտվում է ամենապարզ կերակուրի՝ օչազուկեի շուրջ (բրինձ, որի վրա թեյ են լցնում)․ ուտելիք, որն ուտում են առանց ծիսականության, ուշ գիշերով, միասին։ Ամուսինն ի սկզբանե նախընտրել է այն, ինչ ինքն անվանում է «մտերմիկ ու պարզ»՝ հակառակ իր կնոջ՝ նորաձև ու ներմուծված նախասիրությունների։ Կինը Տոկիոյից էր, ամուսինը՝ Մոկիչին, արվարձաններից։ Հաշտեցումը լինում է այն ժամանակ, երբ Տաէկոն անցնում է ամուսնու ընկալման տիրույթ՝ մտերմիկ ու պարզ։ Ու ամուսնությունը նորոգվում է ոչ թե նրբագեղի կամ նորի, այլ միասին արած փոքր մի բանի հիմքով։ Այս կերակուրը խորհրդանշում է զգացում, որ առօրյան նաև այն է, ինչն իրական է, և որ ամուսնությունը թե շտկվում է, ապա այդ հարթության մեջ է շտկվում։ Հաշտությունն արտահայտվում է ոչ թե խոսքով, այլ ժեստով՝ կերակուրը պատրաստելու ու կիսելու գործողությամբ․ զույգը նույնիսկ չգիտեր էլ, թե իրենց տան ամանները որտեղ են, որտեղ է ուտելիքը կամ ինչպիսին է իրենց խոհանոցը։ Նրանց հարաբերությունները սեփական տան հետ միջնորդավորված էին ծառաներով։ Վերադարձը դեպի անմիջական փորձառություն սկսվում է հենց խոհանոցի հայտնագործմամբ։ Կինը դեռ երբեք իր ձեռքով սեղան գցած չկար։ Նա հուզվում է՝ զգալով, որ ճաշը լցնելուց հետո դրա հոտը մնացել է մատներին, իսկ ամուսինը ժպտալով ասում է, թե նրա ձեռքերը երևի անակնկալի են եկել։ Դրանից հետո է, որ նրանք սկսում են խոսել արդեն իրենց մասին․ բերնեբերան լի զույգ աչքերից թափվում են զղջման ու ներողության արցունքներ, որոնք Օձուն, ճիշտ է, ցույց չի տալիս, բայց հայտնում է կնոջ՝ հաջորդ օրը ընկերուհիներին այդ լավ օրվա մասին պատմելու տեսարանով։

«Ուշ գարուն» ֆիլմից
Օձուի արվեստում սա է հաշտվելը իրերի բնական ընթացքի հետ։ Նրա «Ուշ գարուն» (『晩春』Banshun, 1949) ֆիլմում տարիքն առած աղջիկն ամուսնանում է, ու հայրը մնում է մենակ. նրա մենությունը լուծում պահանջող խնդիրը չէ, այլ այն բնական կարգի մի մասը, որն ուղղակի ընդունում ես։ Մյուս օրինակներում ամուսնությունը ճգնաժամ է ապրում, և պատասխանը լինում է ոչ թե ամուսնալուծությունը, արտագաղթը կամ այլ կտրուկ մի բան, այլ հաշտեցումն ու նոր սկիզբը հենց այն փոքրիկ քառակուսու մեջ, որն ունես։ Գիտակցում, որ իրերի բնական ընթացքին հետևելը՝ առանց քոնը պարտադրելու, ելքն է։ Հետևաբար ամեն բան ճիշտ է, անգամ եթե մի փոքր էլ տխուր։ Օձուի զույգերը փրկում են իրենց հարաբերությունը՝ հրաժարվելով հեռանալ, մնալով սենյակի, ամուսնության ու երկրի ներսում՝ գտնելով այնտեղ այն նեղ ազատությունը, որը համակարգը դեռ իրենց թողել է։
․․․Հետպատերազմյան Ճապոնիայի օդում դեռ չեն մարել ռազմական երգերը։ Ու Հյուր կա տներում՝ թանկագին, բաղձալի և օտար։ Այն գրասենյակում է ու պայուսակի մեջ, կանացի գրադարակի թարգմանված գրքերի շարքում, պաչինկոյի սրահում, որտեղ Օձուն Մոկիչի Սատակեի բերանով տալիս է արդի մենության կատարյալ պատկեր․ գնդակները մարդիկ են, մարդիկ՝ գնդակներ։ Այն ամենօրյա հագնել-հանվել, դուրս գնալ-տուն գալ գործողության մեջ է. գրասենյակային աշխատողը տուն է գալիս, հանում արևմտյան կոստյումը և տան շեմին այն փոխարինում ճապոնական հագուստով, կինը հանում է շանելյան սև-սպիտակն ու բարձրակրունկները, հագնում յուկատա ու կիմոնո․ ասես ժամանակակից կենսակերպը տուն գալիս կարելի լինի կախել միջանցքում ու թողնել այնտեղ՝ ձեթի կաթիլներից ու ճաշի հոտից հեռու, չորացող քրտինքը վրան, մինչ առավոտ։ Եվ Հյուրը չի մնում ամուսնության դռան մոտ․ այն ներս է մտնում՝ որպես ճաշակի տարբերություն ներմուծված գրքեր կարդացող կնոջ ու պարզ կերակուր ուզող ամուսնու արանքում. նոր հանգամանքները սահմանում են կերպը, որով ամուսիններն իրար հետ են վարվում, ու այդ Հյուրն Արդիականությունն է (The Modern):
Օձուի «Թեյով և բրնձով ուտեստի համը» ֆիլմն ավարտվում է մեկ թաս բրնձի և թեյի շուրջ, հույսով, որ մարդիկ կարող են փրկվել, և այդ փրկությունը լինում է այն միջանձնային նեղ տարածության մեջ, որին Արդիականության ձեռքը դեռ չի հասել։
Անցնող գնացք։ ՎԵՐՋ (終):
Էմմա Բոջուկյան






