(Կարինե Խոդիկյանի «Հետադարձ վերադարձ» վեպն ընթերցելուց հետո)
Վաղուց նկատել եմ՝ հայ գեղարվեստական արձակ պատումներում այնքան սակավաթիվ են կանայք, գրեթե չկան կամ մասամբ կան, բայց ըստ էության բացակայում են։ Դասական թե ժամանակակից վեպ ես կարդում և չես գտնում մի այնպիսի կնոջ, որին սիրես ու մտերմանաս, որը լիարյուն մասնակցի վիպական դեպքերի շարժումներին և մանավանդ գործողությանը, լինի քո պատմության ու ճակատագրի կրող։ Նույնն էլ պատմվածքի ու դրամայի ժանրում է։ Մեր գրականությունը կարոտում է Աղուններին, քանզի նրանք քիչ են, շատ քիչ ու հետևաբար քչախոս։ Իմ պաշտելի ու մոդեռն վեպերից մեկը Չարենցի «Երկիր Նաիրին» է, սակայն նույնիսկ այստեղ կին չկա։ Առանց կին երկի՞ր… Չափազարցություն չանեմ, որից միշտ խուսանավել եմ, ունենք Րաֆֆի ու Զոհրապ, որոնք կանանց հիանալի կերպարներ են ստեղծագործել, չհիշե՞մ նաև մեր սիրո երգիչներին, բայց ընդհանուր առմամբ մեր գրականությունը հայրիշխանական է, ըստ որի, ինչպես նախնադարերում, հասարակական հարաբերություններում տղամարդկանց է տրվում թե՛ համամարդկային և թե՛ ազգային պատմություն կերտելու գլխավոր դերը։ Եղավ նաև մայրիշխանություն՝ նույն հարաբերություններում կնոջ բարձր ու կարևոր դերի շեշտադրումով։
Եվրոպական վերածննդի պատմական նվաճումներից մեկն այն է, որ նա չվերածնեց այս իշխանությունների վարքաբանությունը, այլ, հակադրվելով դրանց, հնչեցրեց բնության ու տղա թե կին մարդու միասնության փիլիսոփայությունը, որը «նյութականացավ» հատկապես կերպարվեստի և գրականության տիրույթներում։ Այստեղ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը նշանակալից է ու խորհրդանշական։ Նրանցից ո՞վ է ավելի կարևոր։ Շեքսպիրը հանճար չէր լինի, եթե իրեն ու մեզ այսպիսի հարց տար։ Երկուսն էլ կարևոր են հավասարաչափ և ալեկոծվում են սիրո կապույտ-մահացու ծովում՝ մարդկությանը մաքրելու թշնամանքից, մղելով նրան բարի, գեղեցիկ, առաքինի համակեցության։ Միքելանջելոյի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Ջորջոնեի, Տիցիանի, Ռեմբրանդի պատկերած տղամարդիկ ու կանայք նույնպես սիրո կրողներ են, տես ինչ աստվածային սիրով է քեզ ժպտում «Ջոկոնդան» (Լուվր), իսկ Ռեմբրանդը՝ Սասկիային ինչպիսի հպարտությամբ ու սիրով («Ինքնանկար Սասկիայի հետ», Դրեզդենի պատկերասրահ)։ Չգիտեմ ով է ասել, եթե չի ասել, մի լուսավոր առավոտ անպայման ասելու է՝ սերը կփրկի աշխարհը կործանումից։
Մտորումներիս այս հատվածի տրամաբանությունից ելնելով՝ մեկ անգամ ևս նշեմ, որ գրականության ծաղկուն դաշտում կնոջ գործուն ներկայությունը չափազանց կարևոր է։ Չեմ կասկածում, որ Հրանտ Մաթևոսյանը սա զգացել է և գիտակցել, երբ հայերեն բառագույներով ու մայրենի շարահյուսությամբ Աղուն էր նկարազարդում։
Կարինե Խոդիկյանի գլխավոր ժանրը դրամատուրգիան է, որով նա մեր գրական ու թատերական ասպարեզներում լայն ճանաչման է արժանացել։ Այստեղ նրա հերոսները գլխավորապես կանայք են և ոչ մի «էական» տղամարդ։ Նրա նշանային ու նշանակալից պիեսներից մեկի անունն է՝ «Կինը անձրևի տակ»։ Տղամարդն էլ կարող է անձրևի տակ հայտնվել, գուցե՝ ավելի հաճախ, ու ամբողջովին թրջվել, բայց Կարինեն գերադասել է այս հոգեբանական դրաման ձևել, կարել ու հագցնել կնոջը, իբրև նրանից անբաժան անձրևային ճակատագիր։
Ահա և «Հետադարձ վերադարձ» վեպը, որը նոր ժանր է Խոդիկյանի ստեղծագործական կյանքում։ Այստեղ ևս հանդիպում ենք բացառապես կանանց, որոնք չորսն են՝ Վանինե, Էսթեր, Վարսինե և Անետ։ Նրանց կցասայլակի պես կցված մի քանի անգործ տղամարդու անուններ կան, որոնք կարող էին չլինել թե՛ կյանքում և թե՛ վիպական ժամանակի ու տարածության մեջ։ Կան վեպեր, որոնք հազիվ մի պատմվածքի կշիռ ունեն, պատմվածքներ էլ կան, որոնք որոշ վեպերից ծանր են կշռում։ «Հետադարձ վերադարձ»-ը հաջողված վիպասանական քննություն է և ունի մի քանի առանձնահատկություններ արդի հայ արձակագրության համայնապատկերում։
Վեպի վերնագիրն ասում է, որ անցյալը դառնում է ներկա ժամանակ։ Միշտ հիշում եմ Հակոբ Պարոնյանի խոսքը՝ «Ետևդ նայե, որ առջևդ տեսնիս»։ Ոմանք ետ չեն նայում, որովհետև հիշողություն և հետադարձ հայացք չունեն, և քայլելիս դեմ են առնում քարին ու ընկնում երեսնիվայր։ Սրան հանդիպում ենք ինչպես կյանքի բովում, նմանապես և գրականության, արվեստների, անգամ պետական քաղաքականության մեջ։
Սխալ կլինի Կարինե Խոդիկյանի ստեղծագործական աշխատանքում առկա համատարած «մայրիշխանությունը» բացատրել հեղինակի կին լինելու հանգամանքով, թե նա կնոջն ավելի լավ է ճանաչում, քան տղամարդկանց, այդ պատճառով է այսքան կապված նրան։ Կան շատ տղամարդիկ, որոնք կնոջ դուրս ու ներսի բնույթը, կյանքն ու ճակատագիրը զգում են ու գիտեն ոչ պակաս, գուցե ավելի, որ կնամոլություն չէ, օրինակ՝ ֆրանսիացի նշանավոր վիպասանը, որն ասաց՝ «Մադամ Բովարին ես եմ»։ Խոդիկյանը պարզապես գիտակցում է, որ մարդկության գեղեցիկ ու հմայիչ կեսին չի կարելի նայել մատների արանքով, նրան տալ կամ չտալ փոքր ու երկրորդական մի դեր էկզիստենցիալ զարգացումներում, նա էլ է պատմության կերտող, հետևաբար նրան չպետք է ներկայացնել գործողությունից անդին լուսանցքներում և, աղքատացնելով գրականության դաշտը, վերադառնալ «հայրիշխանության»։ Ես չգիտեմ՝ Նոյ Նահապետի տապանում արդյոք կին կա՞ր, ախր այնտեղ չեմ եղել, երևի կար, թե չէ համաշխարհային մահաբեր ջրհեղեղից հետո մարդկությունը չէր վերածնվի։ Կնոջ սիրո ծոցում է բովանդակային ձև առնում մարդը, կինը սկիզբն է, ի սկզբանե է բանը և բանն է առ Աստված, և ոչ թե ներկայիս խելագար համաճարակը՝ արհեստական բանականությունն ու ռոբոտները, որոնք մարդկությանը գուժում են մի նոր համաշխարհային մահացու ջրհեղեղ, որից Նոյ Արարատյանն իսկ մեզ չի փրկի։
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի վեպը, որքան էլ օրինակելի գեղարվեստական արձակ, ունի դրամայի հատկանիշներ, նաև դրամատուրգիա է՝ գրական տվյալ սեռի մի քանի հատկանիշների առկայությամբ։
Բանաստեղծությունն իր բազում տեսականիով չի մտնում դրամայի դաշտ, ի բացառյալ էպիկական պոեմի, որի լավագույն արտահայտությունները մեզանում Հովհաննես Թումանյանն է երկնել, որոնք ոչ պատահականորեն դարձել են նաև թատրոն։ Թումանյանը, ի տարբերություն շատերի, սիրով էր հարաբերում դրամատուրգիային, ուներ Շեքսպիրի պաշտամունք, այցելում էր թատրոններ, ջերմորեն բարևում Պետրոս Ադամյանին, երազում էր մի պիես գրել, նույնիսկ թռուցիկ ու անկատար փորձ արեց, և, ի վերջո, իր այս երազանքը իրականություն դարձավ էպիկական պոեմներում։ «Ռոմեո և Ջուրիետի» ու նրա «Անուշի» միջև ոչ միայն նեղ գրական, այլև լայն աշխարհայացքային հարազատություն կա։ Թեև արձակագրությունը ևս անտարբեր է դրամատուրգիայի օրենքներին և գոհ է ու հպարտ իր պատմողականությամբ, սակայն դրամատուրգիան է երբեմն մտնում նրա ու բանաստեղծության դաշտ, խախտելով նրանց սահմանադրական կարմիր գծերը։ Երբ նրանք այս կամ այն չափով դառնում են նաև դրամա, կարելի է ավելի բարձր գրական հաջողություն գրանցել։
«Հետադարձ վերադարձ»-ում Կարինե Խոդիկյանը արձակագրությանը հատուկ պատմողականությունը հասցրել է նվազագույն մակարդակի, սա նրա վիպասանության հազիվ տասը տոկոսն է, մնացյալը երկխոսություններ են ու մենախոսություններ, որոնցով հեղինակը ոչ թե տեղեկություններ է տալիս, այլ հընթացս ցուցադրում հերոսների զգացմունքային կյանքի հանգամանքները, ինչպես դա անում են թատրոնն ու դրամատուրգիան։ Այդ ցուցադրանքը ի կատար է ածվում նաև լեզվական հնարքներով, դու հարց ես տալիս և մնում ձայն բարբառո յանապատի, որը նույնպես պատասխան է, խոսքը կտուրն ես գցում, ասում ես մի բան, որն անսպասելի է զրուցակցիդ համար, դատում ես անտրամաբանական տրամաբանությամբ, ես ասեմ «սև», դու հասկացիր «սպիտակ», կամ՝ ինչ գույն ուզում ես… Ինչ-որ չափով սյուրռեալիզմ, ավելի աբսուրդ, բայց ոչ անհեթեթություն։ Իսկ իրականում դրամատուրգիական լեզու, որ համարձակորեն մուտք է գործել վեպ։ Երկխոսությանը զուգահեռ Խոդիկյանի վեպում շատ են մենախոսությունները, որոշ երկխոսություններ նաև մենախոսություններ են, իսկ մենախոսությունը դրաման գործողությամբ արտահայտելու ամենալավ միջոցն է՝ լինել թե չլինել, գործողությունն է դրամայի գոյության զարկերակը։
(Ներկայումս ամեն քայլափոխի մոդայիկ, անկեղծ թե կեղծ մի դիմումնաձև է շրջում հազարամյա մեր հայրենիքի հատկապես քաղաքական դաշտում՝ «ժողովուրդ ջան»։ (Այդպես ժուկով ժամանակով մի ուրվական էր շրջում Արևմուտքում՝ կոմունիզմի ուրվականը)։ Քանի որ ես ապրում եմ ոչ թե քաղաքական, այլ գրական-մշակութային ասպարեզում, միանգամայն անկեղծորեն քեզ ասեմ՝ ժողովուրդ ջան, մեր մի քանի կին գրողներ հետաքրքիր գրականություն են ստեղծում, պիտի նրանց կարդաս ու սիրես, որովհետև նաև քո վերաբերմունքով է գրականությունը լճացումից դուրս գալիս ու բարենորոգվում։ Վերջերս կարդացի նաև Ալիս Հովհաննիսյանի «Աղաների դարը և հետոն» վեպը, որտեղ Երևանի ծայրամասային թաղերից մեկում բնակվող մարդկանց անցյալ-ներկա կյանքն ու ճակատագիրն է տպավորիչ պատկերներով ներկայացված։ Շուտով էլ Ալիսը դուրս է գալիս թաղի խեղճ ու նեղանձուկ տարածքից և վեպում հասնում շատ ավելի լայն աշխարհագրական ընդգրկման։ Մեր փոքր տունը մեծ տուն է, ժողովուրդ ջան, այն մանրակերտն է մի ամբողջ երկրի, մենք ենք երեկ ու այսօր։ Իմ այս տեսողությունը նորություն չէ և գեղարվեստական տարբեր ձևակառուցվածքներով արտահայտվել է ոչ մեկ անգամ։ Լոռվա ձորերը, Մթնաձորն ու Ահնիձորը Ծմակուտ չեն, այլ աշխարհ, նմանապես և մեր թաղն ու, երևի թե, նաև Դավայաթաղը։ Ալիս Հովհաննիսյանի վեպն այս ուղղության մի օրինակ է)։
«Հետադարձ վերադարձ»-ը չորս հերոս չունի, ինչպես ներկայացնում է հեղինակը, այլ հինգ՝ Կարինե Խոդիկյան, որն ամենագլխավորն է այստեղ, նա է արթնացնում մյուսներին ու կյանքի կոչում, նա է այս չորսյան «խմբակի» ռեժիսորը վեպի բեմական գործողության մեջ, ըստ էության նա է խոսում բոլորի անունից, ստեղծում, ապրում ու վերապրում նրանց յուրաքանչյուր շարժումը, այդ ամենը կրելով իր կերպարում, նա այն կենտրոնաձիգ խաչմերուկն է, որտեղ խաչվում են մյուս գործող անձանց ճանապարհները։ Խոդիկյանը իր անունը բնավ չի տալիս, բայց այն բավականին լսելի ընթերցվում է վեպի ընդարձակ հայելու երեսին, միայն մեկ-երկու անգամ հպանցիկ նշում է, որ անանունը գրող է, գրչի մարդ։ Այս թաքնվածությունը մտածված գեղարվեստական խաղ է, որը հեղինակը վարպետորեն է խաղում։
Ի՞նչ է գիտակցությունը. մարդուն ներհատուկ հոգեկանի բարձրագույն մի ձև, որով իմաստավորվում են իրականության ժամանակն ու տարածությունը։ Այս վաղնջական բացատրության հիմքով 20-րդ դարասկզբին արևմտյան աշխարհում, որի հարավ-արևելյան սահմաններում գտնվում ենք նաև մենք մարմնով ու հոգեղենությամբ, ըստ էության եվրոպացի, մոդեռնիզմի ծաղկման մթնոլորտում գրականության ու նրա տեսաբանության, նաև փիլիսոփայության ասպարեզներում ձևավորվեց «գիտակցության հոսք» բանաձևը, իբրև աշխարհի իմաստավորման չափազանց կարևոր մտածական «գործիք»։ Դա ներքին մենախոսություն է, «հոգու մենախոսությունը ինքն իր հետ» (Պլատոն), որը կանգնած չէ, այլ հոսում է, ինչպես գետը։ Պատմության նորագույն շրջանում «գիտակցության հոսքը», ոչ առանց Ֆրեյդի «օգնության», գրավեց գրեթե ամբողջ, հատկապես մոդեռնիստական գրականության դաշտը, հեղինակների ու գործերի անուններ չտամ, որոնք դասական մեծ երևույթներ են, ասեմ միայն Ջեյմս Ջոյս և նրա խորհրդավոր-հանճարեղ «Ուլիս» վեպը։ Մեզանում «գիտակցության հոսքի» խոր ու ամբողջական արտահայտությունները բացակայում են, երբեմն երևում են դրա լոկ որոշ դրսևորումներ, ինչպես «Հետադարձ վերադարձ»-ում։
Ընթերցանությունը, ընթերցասերները գիտեն, լուրջ ու դժվար աշխատանք է, մանավանդ այսօր, երբ շատերն ընկած են որոշ գրությունների ու սերիալների պատճառած օրացուցային, ռաբիս, հեշտադատարկ հաճույքների ետևից։ Կարինե Խոդիկյանի վեպի ընթերցանությունը հեշտ չի լինելու ոմանց համար, քանզի այն պահանջում է ոչ ժամանցային, այլ մտածական վերաբերմունք, և սա նրա ստեղծագործության գլխավոր առավելություններից է։
Իմ մտորումներն ավարտեցի։ Դուք կարող եք շարունակել ձեր հայեցողությամբ։
Նորայր Ադալյան