ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

«…Ապրել անցյալում` տարված ապագայով»

10.06.2023

Լույս է տեսել Արտակ Մաթևոսյանի «Ափը ծնոտը հենելու համար է» վեպը՝ անսովոր ասելիքով՝ նորարար ձևակերտումի մեջ: Այս երկի շուրջ քննարկումների ընթացքում հնչել են տարբեր կարծիքներ. սա հայկական Մարկես է, հայկական Կաֆկա: Կարծում ենք՝ սա Արտակ Մաթևոսյան է՝ անպայմա՛ն հայկական. էլ ուրիշ ինչպիսի՞, եթե խոսքը մինչև ուղնուծուծը հայ մարդու, Մաթևոսյան տոհի շառավիղ մարդու մասին է: Ժամանակակից գրասերը, ի դեմս Արտակի, կգտնի հոգեհարազատ գրողի, որի խոսքը, երևէջելով բուն թեմայի խորքից մինչև թվացյալ մակերես, կհասնի նրա սրտին, եթե այդ սիրտը բաբախում է իր հայրենիքի, իր ապրած ժամանակի երակազարկին համահունչ-համընթաց:

Մեր ընթերցողին ենք ներկայացնում գրքի մասին Գագիկ Մելքոնյանի վերլուծական կարճառոտ խոսքը և հատված վեպից:

Ardi.am

Արտակ Հրաչյայի Մաթևոսյան, Ափը ծնոտը հենելու համար է  

Գրականության անցած ճանապարհը, գիրը և գիրքը մարդկությունն ընդունել է որպես ոգու և մտքի պատմություն։ Ժամանակը հաստատել է այն, ժամանակի մեջ «Ի սկզբանէ էր բանն» ուղղորդել է մարդուն՝շատ հաճախ որպես գոյի և գոյատևման հաստատում։ Գիրը և գիրքը միտքն ու հոգին առել իր մեջ ու ամփոփել են մարդուն՝ հավաքել, մարդ են դարձրել՝ հաճախ թռիչք տալով, իսկ երբեմն էլ՝ ոչ։ Ու մարդը կամ դարձել է, գնացել է ինքն իր մեջ, խորհել է ու եղել է խոհական, կամ հեռացել է իրենից՝ իր մեջ ձևավորելով անդունդներ, աղուտ, անապատ ու քամի։ Արտակ Մաթևոսյանի այս գործն ուղղակիորեն մղում է ինձ դեպի վերոնշյալ խոհերը և միևնույն ժամանակ տանում դեպի պատկեր գրականության ակունքները։ Պատկերը ձուլվում է հերոսին, հերոսը խառնվում է մեծ միջավայրին, ու գերիրապաշտական մթնոլորտի մեջ, հենց նրանում ընթանում են բոլոր գործողությունները։ Սա պատկերի գրականություն է, մեծ կտուրի ներքո տեղի ունեցող մանր դրվագների միացում։ Հոսող երկխոսությունները, ընկալված և չընկալված համադրությունները, ի վերջո, բերում են ավարտի՝ մտնում են հերոսների հետ նույն տիրույթ։ Մտնում են, և էջը շրջելուց հետո մնում ես նրանց հետ նույն պատկերի մեջ, կապվում ես, գնում ես հետները։ Գրականության մակերեսային և հեշտ տրվող էն մի ուրիշ տեսակը՝ ասող-պատմող, բերնեբերան փոխանցվող, այս ոճի մեջ խեղդվում է, թույլ է ու տկար։ Սա ճախրող ապրումների, վերևից հոսող ու վերևում ապրող զգացմունքների գրականություն է։ Այս գործը հանրային, առօրեական կյանքից դուրս է, և հենց դա է, որ խիստ անհատականություն է տալիս նրան, դարձնում բացառիկ։ Պիտի պատրաստ լինել, պիտի ոգու և մտքի վայրիվերներում թրծված ընկալումներ ունենալ՝ առնչվելու և մտնելու համար այս դաշտ։ Թվացյալ վերացականության մեջ այս գործը ավելի իրապաշտական է, բայց իրականի ոչ շարքային ընկալմամբ. այստեղ ոչինչ սովորական չէ։ Բացառիկ է և այդպիսին է հեղինակի գեղագիտական հավատքի ու գենետիկ նկարագրի պատճառով նաև. Արտակ Հրաչյայի Մաթևոսյան։

Պատկերային, ապրված խոհերի (ոչինչ, բացառապես ոչինչ սարքված չէ) գերիրապաշտական ստեղծագործություն. սա ստեղծվել ու հոսել է հեղինակից, հենց անձից և անհատականությամբ։ Ժամանակ ու բարոյականություն, պատկեր ու ապրումներ, բացառիկ ներքին ծնունդ, խոհերի տակից ելած գործ։ Թերևս, ոմանք պիտի նախապատրաստվեն ու զգուշորեն թերթեն էջերը ընթերցելիս, հակառակ դեպքում՝ նմանատիպ գրականությունը նրանց կխանգարի, ու կշփոթվեն։ «Ափը ծնոտը հենելու համար է»… Ով գիտի, գուցե հենց այդպես է…

Գագիկ Մելքոնյան

Հոգեբանության դոկտոր, գեղանկարիչ, գրող

Արտակ Մաթևոսյան, Ափը ծնոտը հենելու համար է

(հատված)

Այն հին, չեղած ժամանակներում, երբ վերջապես արարելու միտք արթնացավ, ունայնությունը պատած քաոսն ինքն իրեն լիզեց-լիզեց, մաշեց, վերջն անէացավ: Ունայնությունը լցվեց շնչով: Անեզր տարածության մեջ վրձինը լիզեց-լիզեց ներկապնակը, զուգվեց պայծառ գույներով, շաղ տվեց այն ամենուր` թվացյալ կյանքը վայելողի առաջ, մեզնից անդին:

Քաոսից մի կտոր նմուշ մնաց հենց մեր Քաղաքի գլխին կախ՝ որպես հիշեցում բոլորին: Մեր Քաղաքին չորացած ներկապնակը բաժին հասավ: Չեղած գույները սիրով լիզեցինք, քանզի գունատ էինք, քչով գոհացանք, ստեղծեցինք: Մենք մեր Ես-ը ներկայանալի տեսքի բերինք: Յուրահատուկ, դուրեկան մնալու համար, եթե նուրբ շուրթի տակ ժանիք ունենայինք, օտար ագահը չէր գա մեր չորացած ներկապնակը քերելու: Եթե երբևէ էլի գա, թող իմ գույնն իր հետ բերի, իմ գույնով թարմացնի արդեն ստեղծածը: Իր գույնն ինձ չի սազում:

— Ե՞րբ կհագենան:

— Երբ մենք մեզ չթերագնահատենք: Երբ նախադասությունն այսպես չկազմենք: Բայց իմ գունատ, անպետք տեսակն այլ գույներով հրապուրվեց:

Ծվարած երազկոտս լսեց լուսավոր Քաղաքների մասին. պատումը գրավիչ էր. գնացի այնտեղ, ուր գույները պայծառ էին, հողը` բերրի, տեսակը` թարմ, միտքը` առողջ, ծովը` լազուր, մեղք քավելը` ըստ քսակի, կյանքը` արյան մեջ, մոլուցքը` կրքի պես եռուն, տասնվեց տարեկան աղջիկն էլ` հասուն-փթթուն: Գնացի, որ հասկանամ ապրելու և գոյատևելու տարբերությունը: Մի օր տեղացին ականջիս շշնջաց. «Տե՛ս, եթե ձուլվես, տեսակդ կթարմանա, մեզնից մեկը կդառնաս, թե ոչ՝ շատ չենք նեղանա»:

Իմ կյանքից մի կարճ հատված լող տվեցի խորթ երանության մեջ, եկա, հասա ինձ հարազատ թեկուզ տիղմոտ ափը, դուրս եկա ու երևի թե ասած կլինեմ, որ հենց սա է իմը: Եկա, որ լրացնեմ մեր պակասը: Մեր Քաղաքի վրձնին վառ գույներ էի խառնել, ստացած նոր երանգով ցանկացա ներկել մեր խամրած Դրոշը: Տարբերեցի փայլը՝ շողից, ցանկալին՝ սիրուց, ոսկեզօծը` ոսկուց, անուրջը՝ երազից. հեշտ ու պարզ ապրել սովորեցի: Բարիքի բաղադրություն էի բերել ու սերմեր: Մի քանի շինությունով տպավորված էի եկել, դրանց գծագրերը փռեցի մեր Քաղաքի առջև, շատ կուզեի` մենք էլ ունենանք: Փորձում էի տեղավորել մեր շենքերի արանքում, չէ, չէր նայվում, կուլ չի գնա, Քաղաքը չէր մարսի, որովհետև մերը չէր:

Մեր Քաղաքին նայեցի մեծամիտի պես, թաքուն հեգնեցի, քանի որ դեռ այն Քաղաքն էի իմ մեջ կրում: Մերոնցից նույնպես խորթացել էի:

Կորցրի ժամանակի զգացողությունը, այսօրվանից առաջ ընկա, որ իրականությունից հեռու լինեմ, իմ այս ու այն Քաղաքները խառնեցի իրար, ձուլեցի ու է՜ն բաց, դատարկ դաշտում իմ Քաղաքը պատկերացրի: Այն, ինչ ուզում էի տեսնել, լսել, գրեցի Քաղաքի մատյանում որպես հեքիաթ, որ եկող սերունդները կարդային ու ասեին` «Մերոնք մտքից խեղճ չեն եղել»:

Իմ Աստղիկին իմ վրձնով տարանջատեցի գորշ միջավայրից, մինչև պատկերացրածս իրականության մեջ կտեսնեինք: Հետս բերած սերմը շաղ տվեցի. ապագայով տարվեցի. «Այդպես ներկան հեշտ է ապրել»,- մտածեցի ես` խառնակիչս: Ինձ համար այսօրն ընկալելը սարսափելի էր, եթե արձանագրեի, եկող սերունդը գրածս հետ էր շպրտելու: Ախր սահմանի կողմից կրակոցի, պայթյունի հետ հայհոյանքի ձայները խլացրել էին Քաղաքը: Այս թվի տղերքը նույնպես այդ զբաղմունքը նախընտրեցին: Մեռելի, վառոդի հոտը մարդկանց քթից դուրս չէր գալիս, զզվանքից կնճիռները ընդգծվել, դեմքների մկանները ձգվել էին, և այդպես էլ բեղմնավորում էր տեղի ունենում: Քաղաքի մատյանում դրանք հո չէի՞ նշելու:

Դուրս եկա ընդունվածի դեմ: Մերժեց:

— Քաղաքի, փողոցների, մարդկանց անունները փոխելն անթույլատրելի է: Անուն փոխելով` դեմք չես փոխի:- Չէի լսում:- Ժամանակավոր բաների հետևից ես ընկել: Հետո ինչ, որ մի երկուսի մոտ բնազդի տեղը զգացմունք է արթնացել: Հա, մռայլ տեսքից առաջացած կնճիռը հիմա էլ թող ժպիտից առաջանա, հետո՞ ինչ: Անանուն փողոցն Այգաբաց չի կարող լինել: Գնա´ մեդալի արտադրություն սկսիր:

Մուրճն օդում ճոճելով՝ մտածում էր, թե ինչ ավելացնի: Փախա:

— Օրե´նք կրեք ձեր մեջ՝ ինձ:

Դատավորի ձայնը մինչև հրապարակ հասավ:

Մուրճը խփեց սեղանին: Վճիռը կայացրեց: Մեկը հեռվից նայում էր ինձ: Մոտեցավ:

— Դուք նոր բա՞ն ունեք ասելու:

Ով մտնում էր հրապարակ, պարտադիր պիտի խոսեր կամ արագ հեռանար:

— Հա՛: Գնա տանդ դրսի պատերն օճառով լվա: Հա, հրաման է, իմ հրամանն է` քո Քաղաքապետի: Դո´ւ էլ գնա, հա՛, հե´նց դու:

Խոսքս ականջից ականջ անցավ:   

Գլխավոր փողոցի պատերը լվանալով՝ Քաղաքի Ես-ը պետք է բացահայտվեր: Հույսս ներկայանալի մի ժամանակահատվածի վերադարձնելն էր:  Քաղաքի մատյանի էջերում տեսել էի. նշված էր` ունեցել ենք: Կարծես դարերի մուրը, փոշին, կեղտը շերտավորված` ձուլված լինեին պատերին, կերել էին Քաղաքի գույնը և հասկացնում էին` «Գունատ ես»: Չէի հավատում: Ոչ մի ճարտարապետ այսպիսի գունատ Քաղաք երազում չի կարող տեսնել: Քանի դեռ Քաղաքը իր նախնական տեսքին չէինք բերել, Քաղաքի էջերը հետ թերթեցի, իմանալու, թե պատերը մաքրելով` ուր ենք հասնելու: Հասա այնտեղ, ուր ճարտարապետն ավերված Քաղաքը վերականգնել էր նախկինի նման, իսկ դա իր ժամանակի կենսագրի սրտով չէր եղել, խռովել էր և իր պատկերացումները դրսում տեսածի հետ խառնելով` մատյանի էջերում նկարել էր ի՛ր Քաղաքը: Իմ պապի պապը եղած կլինի: Շեղված կենսագրի հաջորդները, հաշտ ճարտարապետների կողքին նստած, մատյանում հերթով` ըստ թվերի, խնամքով շարել էին նոր գծագրերը՝ ստանալով չտեսնված մի այլ Քաղաք, որ մենք հիմա շերտերի տակ փնտրենք: Այդպես, սերնդեսերունդ մատյանը փոխանցվելով, հասել էր մի կենսագրի, որը պոետի միջոցով մեզ էր փոխանցել ապագայի հույսեր: Նախորդներից ժառանգեցինք հոգս ու ընդամենը սիրուն գրած, գծած, պատկերացրած մատյան, որը ոչ մի կապ չուներ մեր Քաղաքի հետ: Նկարել էին ու պահել՝ մայթ ու շենք թողնելով շինողի խղճին:

— Չէ´, ճարտարապետը նույնիսկ պատուհանից դուրս չէր նայել: Որ չհիասթափվի:

Մի քանի էջերում այլ Քաղաքների պատմություններից լավ կտորներ կային, մերոնք ձևափոխված արտագրել էին, գուցե նրա համար, որ ուզել էին նրանց պես ապրեն, հետո դա չէր բավարարել, իրենց պատկերացրածը` որպես իրականություն, շարադրել էին գեղեցիկ գծագրերի արանքում՝ թաքցնելով իրենց կյանքը, որ եկող սերունդն իր անցյալից չխեղճանա: Խեղճերը հո չէի՞ն գրելու, որ ավերողն էս Քաղաքը միջանցք էր սարքել, գիշերելով, քանդելով, վառելով ներս ու դուրս են արել, մենք ոտի տակ ենք ընկել, ինչ է էն կողմում՝ մեր հարևան Քաղաքի վրա էր աչք դրել: Ուշացումով, մի քանի սերունդ առաջ, մեր այդ հարևանը եկել է, թե մեր թիկունքը ձեր սահմանն է, միասին պահենք: Երկու եղբոր պես, մի երկու ոտնաչափ առաջ են գնացել, որ բարձունքի վրա հաստատվեն, որ թշնամու վախը բռնեն: Ավերողի շունչն այդպես փակվեց: Կատաղությունը մի քիչ մարեց միայն այն ժամանակ, երբ իմ խաղաղասեր արյունն իր երակներով հոսեց: Մեր գերիներն այնտեղ անպակաս էին: Իր տեսակի ծնունդը մենք նույնպես ունեինք դեռ այն ժամանակներից, երբ մեր Քաղաքը որպես միջանցք էր ծառայում իրենց համար: Դեմ դիմաց փորված խրամատներից հայհոյող, մռնչոցի ձայներ հանողները եղբայրներ էին:

Իսկ մենք պատերը լվանալուց մի թաքնված հատված բացահայտեցինք. դա հրդեհից հետո էր, երբ հողմն անապատից դեղին փոշին բերել, սվաղել էր պատերը, Քաղաքը պատել ոսկեգույնով: Անհարթ ալիքների արանքում արևն այրել էր ավազը` իր ձեռագիրը թողնելով պատերին: Դռների, պատուհանների եզրերին նախշազարդեր երևացին. կնոջ ձեռքով էր արված. նուրբ էին: Սահմանից տղամարդիկ միայն ընդմիջման են եկել: Այստեղ կանգնել էր պետք: Փորփրելն անիմաստ էր: Թե ոչ, ապա էջերն ու շերտերը մեզ ավելի կմոլորեցնեին: Չէ՞ որ մեր կենսագիրները ստեղծագործող են եղել, ճարտարապետներն ընդամենը արևային Քաղաք են պատկերացրել և ներշնչել պոետներին: Բնակիչներն էլ երգել են, երազել ու ալարել:   

Լույս կիրակին դեռ չբացված` Այգաբացի փողոցից մինչև Վանք ուղեկցող տների պատերը մաքուր էին: Երբ հավաքվեցինք, պարզվեց Քաղաքում դեռ մնացել են խենթեր, որոնք ինչ-որ բան փոխելու ձգտում ունեին և շունչ քաշելուց հետո կուզեին շարունակել: Ոչինչ, որ ոսկեգույն պատերը խամրել էին, քամին անապատից էլի դեղին փոշի կբերի: Մենք ընդամենը փորձել էինք Քաղաքի գույնը վերականգնել:

Մեր նախորդների նման, նորը ստեղծելու պատրանքը մտքներիս մեջ պահած, շարունակեցինք ապրել անցյալում` տարված ապագայով:

Հենվեցինք պատերի այն հատվածներին, որտեղ լավ չէր ստացվել, քրտինք սրբելով` հասկացրինք, որ մի քանի օր անպիտան ենք լինելու: Հոգնեցինք, բայց չէինք սպառվել: Խենթերի մեծ մասին փոփոխությունը դուր եկավ, մի քանիսն ամեն շերտի տակ մեր ով լինելն էին փնտրել: Մեկն էր հիասթափված, անցյալից այլ ակնկալիք ուներ: Էական չէր: Ինչ-որ բան ստացվել էր: Մի քիչ արկածախնդիրը մեջներս խոսեց: Մի բան էլ հասկացանք. փողոցի անունն Անանուն էլ պետք է մնա: Ամեն մեկը թող իրեն վերագրի փողոցի անունը: Մեր փառասիրությունը կվերջանա՝ փողոցի պատին իր անունը պատկերացնելով:  

Արևն այն կողմից ծավալվելով հասավ փողոց, պատերի առաջ ընթացքը դանդաղեցրեց: Տեսադաշտում շատ տարիներ առաջ այն նույն, ծանոթ պատկերն էր հայտնվել: Պատերին նստած ստվերը շոյելով սրբեց, թարմացրեց, նորից ոսկեզօծեց պատերը: Դանդաղ, առաջ գալով գալիս էր դեպի մեզ` իրեն մոլորեցնողներին շնորհակալություն հայտնելու: 

— Սիրուն կնայվի, եթե պատուհանները դեպի դուրս բացվեն: Քաղաքն այդպես սրտաբաց կերևա,- ասաց ուժերը վերականգնած մեզնից Տարբերվողը:

— Լավ է: Իսկ էլ ի՞նչ կուզեիր:

— Որ փողոց նայող ա՜յ էն պատուհանները դեկոլտե հագած մի կին բացեր: Մարմինն այսպես առաջ տար, ձեռքերը պատուհանների հետ բացվեին` ձգվեր դեպի դուրս: Ճերմակ, փարթամ մի կին`Վերածննդի շրջանից: Որտե՞ղ փնտրեմ,- շատ պատկերավոր նկարագրեց:

Մենք միանգամից հայացքներս ուղղեցինք երկրորդ հարկի պատուհանին:

Կուզեի քամին այտիս ապտակեր, որ գլուխս շրջեի: Չէ´, սիրտս գլխիս արյուն մղեց միանգամից այնքան շատ, որ կարմրեցի: Էլ չեմ ասի`գույնս կհուշի. ուշանալուս, քեզ մենակ թողնելու համար` ների´ր: Շրջվեցի, ի´ր լույսից աչքերս կկոցեցի, անփույթ քայլերով փոշոտ, ձեռքերս պարզած՝ ընդառաջ վազեցի իմ Այգաբաց Աստղիկին:

— Լույսս բացվե՜ց,- գոռացի, մինչ նրան կհասնեի:

Երկար նայեցինք մեկմեկու: Նա ինձ ժպտաց, մյուսներին չեմ հիշում:  Իմ տեսողական ընկալումը վերականգնվեց:

— Բարև,- ասաց: Նայեց պատերին, մեր հագուստներին, իբր թե չէինք հասցրել թափ տալ:- Բայց ինչի՞ համար:

Գիտե՛ր, բայց ուզում էր լսել:

— Պարզապես ուզում էի Քաղաքը քեզ մի քիչ սազեր: Չի ստացվում:

Ժպիտն այտոսկրերն ընդգծեց: Գլուխը կախեց պայուսակի վրա:

— Սրանք բարիքի սալիկներ են: Տե՛ս ստացվե՞լ են:

Աչքերս էր զգայուն, իսկ հիմա քիմքս, որ վայելում էր:

— Բաղադրությունը դու ես բերել: Բաժանե՞նք:

Խենթերը չորացած լեզուները դուրս հանեցին: Նրանց փոշոտ բերանին անուշ համ խառնվեց: Լեզուներն ագահաբար սալիկը լիզեցին-լիզեցին, մաշեցին ու անցան քիմք ու շուրթերը լիզելուն: Չէին հագենում: Հետո նայեցին Աստղիկին, ինչպես չորացած վրձինը կնայեր գույներին: Քաղաքը լցվեց բարիքով, ներկապնակը լիքն էր գույներով, վրձինն ու լեզուն տարերքի մեջ էին: Մյուս փողոցից պատերը քերող, լվացողների ձայներն էին գալիս:

— Երևի մեր ներսը մաքրելուց պիտի սկսեինք, — ասաց:

— Հա´, բայց պատեր քերելն ավելի հեշտ է:

— Նվագե՞մ:                        

Որտեղի՞ց գիտեր, որ քաոսը երաժշտությունն է ցրում:

Քո գոյությունն արդեն իսկ նվագ է: Քաղաքն ու ես քո առաջ դեռ ներկայանալի չենք: Երբ հեռու էի, ամեն օր քեզ նկարում էի, կամ տողեր նվիրում ու ամբողջ օրը լսածս, կարդացածս արտասանում էի կամ քթիս տակ երգում քեզ համար: Հա՛, լսելի: Այդպես միասին էինք: Ոչինչ, որ լսողները դա իրենց են վերագրել: Այսուհետ միայն դու կլսես ու Քաղաքը քեզ կսազի:

No Comments

Leave a Reply