Երեկվա երակը չգիտի վաղվա դանակին բայց գիտի որ վաղը աղավնիներ չեն լինի ավաղ։
Այս մարդիկ չհասկացան որ աստված նեղ կածան է որը տանում է մեզ դեպի իր մարմին-հացը-հարցական։
Ու քո թուք-թաքստոցից դուրս գալով ու գիպսե-համբույրիցդ պոկվելով ես հանկարծ նկատեցի թե ինչ անկրկնելի դատարկ են երակներդ։
Գիպսե ու փշե պսակադրություն եմ զգում երբ լեզուս բերանումդ է սուզվում ու հետո խորտակվում։
Իմ համար տարօրինակ չէ որ դու ինձ չես հասկանում քանզի ես միաժամանակ կազմաքանդված անդունդ եմ ու կայացած ներկայացում։
Ես ինչ անեմ որ երակներդ ինձ նկատեն։ Նրանք լոկ խոշոր շողքեր են որ ախորժակով դատարկության տարադրամն են ծամում։
Բեմին դրված է իմ գիրը բայց իմ սիրտը կուլիսներում է իսկ վարագույր-հոգիս կրկին խաչվում է նրանց արանքում ու լուսին-Ուլիսեսը իր Պենելոպեի մութ հեշտոցում է իր Իթակեն գտնում։
Իմ մուսան ամուսնացել է սին հույսերի հետ։
Եթե քեզ համար Շեքսպիրը ուղղակի պոեզիա-սպասք է սրա նրա դիմաց դնելու համար ապա ինձ համար Շեքսպիրը շքեղ սպի է առաջին հերթին։
Այս փոքրիկները չհասկացան որ կուլիսներում է կայանում իսկական կուլմինացիան։
Ես այս աշխարհի բոլոր անդեմ անդրաբեմերի բնօրինակն եմ։
Ու ես այրում եմ բեմդ որ կուլիսների եդեմն է բեմադրում։
Ես դեմ եմ ամենայն անքիմք դեմքին։
Ու թող ջնջվեն վաղնջական աղավնիները։
Ու ջրահեղձ լեզուս անփոխարինելի տարադրամ է դառնում անճոռնի ու անճառագայթ գայթողների համար։
…
Ես երկրպագում եմ գույնդ սպիտակ թուղթ այն մուգ սպիտակությունդ որի տակ ապագա հանճարեղ վերքերն են կուտակվում։
Ինչ է իմ կյանքը եթե ոչ ՍՊԻՏԱԿ ՈՐՊԻՍՈՒԹՅՈՒՆ։
Ու ինչ ոչինչ ու ՀԻՆ ՈՉԻՆՉ։
…
Խանութում աշխատող երիտասարդ ու գեղեցիկ աղջկան տնօրենը կոպիտ ձայնով ասում է
-Մի կանգնիր տեղումդ շարժվիր Մադոննան չես։
Ու ապագա փրկչի երկրորդ գալուստով հղի կույսը իր մեջ աշխարհի շարժման սաղմն է գլորում ու աշխատավորի անարգանքի սյունին սեփական մարմինը գամելով արագացնում է արեգակի գահընկեցությունը ու ոտքերի երակների լայնացումը լացում է անարգանքի գահին բարձրացող Հիսուսի համար որի լեզուն միաժամանակ թագ ու սյուն է կոտրված։
Ու նայելով այդ աղջկա հանգած աչքերին ես հասկանում եմ որ հղկված հղիությունից կակուղ կանխասացներ են ծնվում։
Կասկած այլևս չկա ի սկզբանե ԲարաբԲանն էր։
…
Երբ վանդակն ու երկինքը հանդիպում են երկինքը սկսում է կմկմալ վանդակը ճչալ։
Ջրհեղեղից հետո թեկուզ մենք….
Մի բան հաստատ է ԵՐԱԿՆԵՐԸ ԴԻՄԱԿՆԵՐ ՉՈՒՆԵՆ։
…
Եթե մենությունը սպորտաձև լիներ ամենաբարձր մեդալը շողքը կլիներ։
Ու ծանր շողքը խարսխի պես պարանոցից հպարտությամբ կախած քայլում են աշխարհի բոլոր թշվառ «հաղթողները»։
Մեդալի հակառակ կողմում նույն մեդալի հակառակ կողմն է։
…
Դուք հարցնում եք ինձ թե ինչ է ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ու ես նայում եմ ձեր քնաթաթախ աչքերի մեջ ու ցույց տալիս արյունե գետերի մեջ ճոճվող բիբ-Բաբելոնիս փլատակների վրա վխտացող անքուն մրջյուններին որոնք ջանասիրաբար անննջությունից հղի անդուր դույլերով անջուր անուրջներ են կոպերիս տակ հավաքում։
Իսկ այդ ժամանակ թառամած-աստված քնած է աշխարհի բոլոր թռչնահատված երազներում։
…
Դեռ քանի տարի ես իմ հայելում ճաքած հանճար պիտի տեսնեմ։
Քրիստոսի ամենամեծ ձիրքը իր վերքերը ձրի փրկություն դարձնելն էր։ Ահա մի չտեսնված ու հանճարեղ վաճառք։
Տեր ողորմեա մեզ մեր քեզ դիմելու «ողորկ» աղոթքի համար։
«Զի քո է արքայություն
և զորություն և առք ու վաճառք հավիտեանս»։
Թույլ տվեք ինձ հեռու ձեզնից վայելել իմ անձի հում տրոհումը։
…
-Ինչ անպաշտպան ես դու ասում ես ինձ սիրելիս ու նայելով ուղիղ աչքերիս մեջ ձեռքովդ արագ շարունակում ես փորել մարմնիս վեր խոյացած մսե հողը ու սպասում ես որ կթափվի հեղեղը նոր կյանքի իսկ ես տառապում եմ ես չեմ կարողանում դուրս գալ ինքս ինձնից ու հանկարծ ժայթքում է իմ ներսից անապավեն վեհությունս։
Անձրևը թափվում է ու անձրևագույն են դառնում բոլոր չքնած շենքերը։
Ու անգիր անքնությունը ամեն քայլափոխիս։
Ինձ ճանաչող բոլոր կանանց միավորում է այն փաստը որ նրանք բոլորն էլ գիտեն որ ես կործանված ծով եմ ու երակահատ անհատ։
Ու Քրիստոսը քայլում է կրծքիդ քրտինքի ալիքների վրայով ու գիտի որ վերջում ջրվում է ամեն տառապանք։
Իսկ հիմա մի սենյակում նստած դու ինձ ես սպասում ու սեղանը գցված է տոնական բայց ես չկամ ու սպասումից տանդ պատերը տենդոտ իրար են մոտենում սեղմվում ու բնակտարածությունդ իմ կմախքն է դառնում որի մեջ միայն դու ես տեղավորվում առանց դուռ ու լուսամուտ։
Էլ ինչ կարող եմ ասել այսքանից հետո երևի միայն այն որ ԵՍ ՀԻԱՆՈՒՄ ԵՄ ՔԵԶՆՈՎ ԻՄ ՆԵՐՍԻ ՄԱՐԱԾ ԼՈՒՅՍ։
…
Ամենամեծ սխրանքը ինքդ քեզ մսխելն է։
…
Իմ աչքը ամեն օր անքնություն է գոռում աշխարհի վրա իսկ այդ նույն աշխարհը խորը քնած է այն էշի-լեշի ականջում որի վրա նոր փրկիչը կմտնի մեր մսխած երազների Երուսաղեմ։
…
Ես միշտ ավելին եմ քան կամ ու դրա համար ունեմ հազարով ելքեր ինքս իմ եսից ու չքնաղ երևակայության երակահատություն որ սպասում է ինձ ամեն քայլափոխիս այո ինձ լափող փլատակ է իմ մարմինը իսկ մինչ այդ դեռ հազարան բլբուլը կհազա իմ լեզվի շիրմաքարի կախովի այգիներում։
Եթե դու ունես քեզ դա նշանակում է դու ունես քո մենությունը իսկ մենությունը ամենամեծ անհատականությունն է։
Հենվիր մենությանդ ու հանվիր թողնելով քեզ միայն ոսկեղեն-վերքերդ։
Եթե դու չունես քեզ դա նշանակում է դու ունես ամեն ինչ ու մի քիչ դատարկություն իսկ մի քիչ դատարկությունը ամեն ինչի արքայությունն է։
Հեյ նավաստի վստահիր ինձ քո նավի խարիսխը ու մի զրկիր նրան հոյակապ խաչ դառնալուց։
Ու օվկիանոսի վանդակից փախած նավերը նահատակ-հատակին են սուզվում ու զզվում եմ սեփական փական-վազքիցս։
Արևը մայր է մտնում ու ատամնացավ լուսինն է դուրս թափվում աստղազարդ խոռոչից ու այդ լույսի տակ աճած ախտացյալ ցորենը կռացած հաց է դառնում մեր բերաններում։
Ես միշտ ավելին եմ քան կամ բայց դեռ չունեմ այնքան կամք որ չլինեմ։
Հեյ Նազովրեցի վստահիր ինձ քո խաչը ու մի զրկիր նրան հոյակապ խարիսխ դառնալուց։
…
Իմ մսի ու եղունգներիս արանքում արածող զմրուխտե փխրուն ընձուղտները քանդվում են երբ ես գրիչս ձեռքս եմ վերցնում ու հիշում որ նկարիչ ընկերոջս մայրը հոգեվարքի մեջ իր պատուհանագոգին ինչ որ գեղեցիկ կոմսուհի էր տեսնում ու բոլորը մտածում էին որ նա արդեն խելագարվել է ու նկարիչ ընկերս ասում էր որ եթե նման բան Տերյանը ասեր բոլորը կասեին որ նա մեծ պոետ է իսկ որ իմ մայրն է ասում են գժվել է։ Ու կոմսուհին իր բացակայությամբ ջրում էր նրա ծեր մոր աչքերն ու Ծաղիկները ու վաղվա նկարները ջնջվում էին նկարչի մեջ ու նկարներին փոխարինելու էին գալու սպիրտը ու սպիտակ սպիրիտուալիզմը ու թուղթ-ընձուղտը կոտրվում է ու դուրս գալիս ինքն իր լուսանցքից։
Բոլոր բառերը ստեղծվել են որպեսզի նրանց միջոցով անվանվի դատարկության անիվը։
Պատուհանագոգին նստած կոմսուհին իր հույսն է ծամում ու հեռվից եկող ալիքները փլատակներ են եղունգներիս ափերին նվիրում։
Ու այդ փլատակների փրփուրներից ծնված աստվածուհին վիժում է իր լեզու-նազովրեցուն ու կոմայի մեջ կոմսուհու բիբերը զով զոհասեղաններ են դառնում երակ-դեգեներատ Ծաղիկների համար։