Ազդագիր

Արամ Ղարաբեկյանի անվանատախտակը

09.10.2024

Սպենդիարյան 5 հասցեում տեղի ունեցավ հայ դիրիժոր, Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի անվանատախտակի բացման արարողությունը։ Անվանատախտակ զետեղելու նախաձեռնությունը Ղարաբեկյանի ընտանիքինն է։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ղարաբեկյանի ընտանիքի անդամները, ընկերները, հարազատներն ու պարզապես արվեստասերներ;
Ղարաբեկյանն արդեն 10 տարի մեզ հետ չէ: Իր կյանքի 58 տարիների ընթացքում նա հասցրեց ապրել և արարել աշխարհի տարբեր կողմերում, սակայն իր տունը միշտ համարում էր Երևանը, իսկ ամենանվիրական աշխատանքը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարումը: Հաշվի առնելով մաեստրոյի սերը՝ ընտանիքը որոշեց հավերժացնել մաեստրոյի հիշատակը նաև այն շենքում, որտեղ ապրել է Ղարաբեկյանը։ 

Ղարաբեկյանի քույրը՝ Քրիստին Ավագյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ճարտարապետ Կարեն Ավանեսյանին՝ անվանատախտակն իրականություն դարձնելու համար։ Նրա խոսքով՝ նման մտահղացում ընտանիքն ունեցել է դեռ 10 տարի առաջ, և ինքը շատ գոհ է արդյունքից, որովհետև անվանատախտակը դիրիժորին շատ բնորոշ է ստացվել։ 

Հայ խմբավար, մանկավարժ և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը Արամ Ղարաբեկյանի ընկերներից էր։

«Արամ Ղարաբեկյանը նախ և առաջ շատ վառ անհատականություն էր, և որևէ ձևով չես կարող ասել, որ պարզապես երաժիշտ էր, ով եկավ ու գնաց։ Վառ անհատականություն, գունեղ կերպար, լի մտահղացումներով, որոնք կարողանում էր վարպետորեն ի կատար ածել։ Նրա յուրաքանչյուր համերգ տոնակատարություն էր։ Նրա հետ աշխատելը ևս շատ հաճելի էր»,-նշում է Տիգրան Հեքեքյանը։