Անաիդա Մովսիսյան ԳիտաՆյութ

Թումանյանի երկու թարգմանության մասին

09.10.2024

Երբ  1899 թ. Թումանյանը թարգմանում էր «Օլեգի երգը» և  «Ջրահեղձը» բալլադները[1], արդեն անցել էր զարգացման որոշակի ճանապարհ. փոխվել էին նրա ոճը, թարգմանական գեղագիտությունը և հայացքը դեպի թարգմանվող գրականությունը: Համարյա միաժամանակ թարգմանված այս գործերում նա պետք է հաղթահարեր տարբեր խնդիրներ:

Ա. Ս. Պուշկինի ռուս գրականություն բերած նորարարություններից մեկը, գուցեև ամենամեծը, այն էր, որ լավ ուսումնասիրելով ժողովրդական խոսքը՝ գիտակցաբար այն դրեց գրական լեզվի հիմքում[2]: Մի շարք գործերում էլ ռուս բանաստեղծը հին սլավոնական բառամթերքն  (старославянизмы) է առատ օգտագործել՝ հանդիսավորություն, պատմական միջավայր ստեղծելու, հերոսների խոսքը բնութագրելու նպատակով:  «Ջրահեղձի» բառապաշարը  ժողովրդախոսակցական է. «Օլեգի երգը» պատմական թեմատիկա և ոճ ունի ու, դրանից ելնելով էլ, հարուստ է հին սլավոնական բառաշերտի բառերով: Թումանյանի առջև ծառացած հիմնական խնդիրը ոչ միայն այդ տարբեր բառաշերտերի վերարտահայտումն էր հայերենով, այլ նաև յուրաքանչյուր գործին համապատասխան ոճի ստեղծումը:

Բալլադի «Песнь о вещем Олеге» վերնագրի թարգմանության հարցում արդեն առկա են  մարգարեական, նախագուշակ, իմաստուն համարժեքներ: Բայց թվարկվածներից ոչ մեկը հնաբառ չէ և այդ պատճառով թե՛ իմաստային, թե՛ ոճական հագեցվածությամբ տարբերվում է բնագրի բառից: Իսկ вещий Олег կապակցությունը շրջանառության մեջ է դրել դեռևս Նեստորը: Հնաբանություն է այստեղ նաև песнь բառը: Գուցե թե կարելի էր թարգմանել «Երգ իմաստուն Օլեգի մասին»: Բայց Թումանյանը այլ ճանապարհով է գնացել. Նա իր թարգմանությունը անվանել է «Օլեգի երգը»՝ նմանեցնելով «Ռոլանդի երգը», «Նիբերլունգների երգը» էպոսների վերնագրերին՝ ցանկանալով նշել, որ գործ ունենք էպիկական հերոսի հետ:

Հնարավոր չէ թարգմանության մեջ պահպանել բնագրի պատմական ու ազգային յուրահատկությունը բովանդակող բոլոր տարրերը, բայց կարելի է ընթերցողի համար ստեղծել պատմական ու ազգային միջավայրի տպավորություն, պատրանք: Թումանյանը այդպես է վարվել «Օլեգի երգից» ստորև մեջբերվող հատվածում.

Как ныне сбирается вещий Олег Отмстить неразумным хозарам Их села и нивы за буйный набег Обрек он мечам и пожарам, С дружиной своей, в цареградской броне Князь по полю едет на вериом коне                                             (II, 100)Ելնում է ահա հզոր Օլեգը՝ Խենթ խազարներից վրեժ առնելու, Նրանց համարձակ հարձակման համար Գյուղերը սըրի-հըրի մատնելու:         Եվ իր համհարզով, հագած կուռ զրահ,          Գընում է նա սեգ նըժույգի վրա:                                         (231)

Сбирается, вещий, отмстить, нивы հնաբանությունները թարգմանված են չեզոք բառաշերտով, дружина և цареградская պատմաբառերը չի փոխանցել։  Իսկ обречь мечам и пожаром դարձվածքի համարժեքը հայերենում  կա՝ սրի-հրի մատնել, որը և գործածել է Թումանյանը: Неразумный ածականը (բառարանային համարժեքներն են անխելամիտ, ոչ խելացի, անմիտ, անխոհեմ, անիմաստ, հիմար) Թումանյանը թարգմանել է խենթ բառով։ Վերջինս ոճապես ավելի ազդեցիկ է, քան неразумный  բառը: Սակայն այս ընտրությունը պատահական չէ. նախ նույն հատվածում буйный բառը  (համարժեքներն են սանձարձակ, վայրագ, մոլեգին, խելահեղ, հանդուգն) Թումանյանը թարգմանել է համարձակ: Այսինքն՝ այս բառի թարգմանության ժամանակ եղած իմաստային բացթողումը վարպետ թարգմանիչը լրացրել է վերևում: Բացի այդ՝ խենթ խազարներ,  համարձակ հարձակման համար կապակցություններում Թումանյանը ստեղծել է բաղաձայնույթ՝ այդ կերպ փոխանցելով  բնագրի և՛բաղաձայնությունները (օր. неразумным хозарам), և՛ երաժշտա­կանությունը: Ընդհանրապես ամբողջ բալլադում բարձր ոճի բառերը շատ են (նույնիսկ խոսակցական ретивый բառի փոխարեն Թումանյանը գործածել է սիգապանծ բառը),  և մեծ մասամբ սրանց շնորհիվ է, որ թարգմանությունը նույնքան հանդիսավոր է, որքան  բնագիրը: Այդպիսիք են՝ մեկնիչ, հմա, տակավին, աճյուն, օրհաս, չարագույժ, վաղորդյան բառերը:

Գրաբարյան բառերի և բառաձևերի գործածության հարցում թարգմանիչը շատ զուսպ է և չափի մեջ: Ծերդ անմահների, ի խնդություն, մնաս բարյավ, մահու սև քնով և այլ բառերն ու արտահայտությունները տեղին են գործածված և, իհարկե, պատմականության շունչ են տալիս թարգմանությանը: Միայն մեկ քառատողում  է, որ Թումանյանը մի քանի այդպիսի բառեր է կուտակել, և դրանից թարգմանությունը տուժել է՝ արհեստականության երանգ ձեռք բերելով:

Кудесник, ты лживый, безумный старик! Презреть бы твое предсказанье! Мой конь и доныне носил бы меня. И хочет увидеть он кости коня. (II, 102)Սըտախոս կախարդ, անխելք ալևոր, Թե չէի լսել քու սըտության, Կարեի մինչ օրս իմ ձին ես հեծնել: Եվ ձիու ոսկերքն ուզում է տեսնել: (232)

Բավական հաջող լուծումներ է գտել Թումանյանը նաև տաղափաչության հարցում: Հանգավորումը  նույնությամբ պահպանված է (абабсс), իսկ Պուշկինի իրար հաջորդող 11 և 9 վանկանի  տողերի փոխարեն Թումանյանը գործածել է 10 վանկանի տողեր (5+5), որոնք,  թվում է, ավելի շատ են համապատասխանում պատմական բալլադին, քան բնագիրը (վերը նշվածը տաղաչափության արտաքին հատկանիշներն են, իրականում Պուշկինի եռավանկ քողաղոտը թարգմանված է հայերենին բնորոշ վանական ոտանավորով): Այսպես.

И синего моря обманчивый вал В часы роковой непогоды, И пращ, и стрела, и лукавый кинжал, Щадят победитель годы Под грозной броней ты не ведаешь ран: Незримый хранитель могущему дан: (II, 101)Ե՛վ կապույտ ծովի // հեղեղուկ ալիք Ահեղ փոթորկի// ժամին կատաղի, Ե՛վ նետ, և պարսետ, և՛ //նենգող  դաշույն Խընայում են միշտ //կյանքը հաղթողի Վերք չես առնիլ դու// քո կուռ զըրահում, Հըզորին անտես// ոգի է պահում։ (232)

Ընդհանրապես հայերենի բառերը ռուսերենի համեմատությամբ ավելի երկար են, և հնչյունական համակարգը ավելի ծանր տպավորություն է թողնում[3]: Պոեմի արագընթաց ռիթմը պահպանելու համար Թումանյանը պետք է գտներ այնպիսի միջոցներ, որոնք կկարողանային հակազդել վերը նշվածին: Դրանցից մեկը դերբայական դարձվածները դիմավոր նախադասությամբ թարգմանելն է (երկրորդական նախադասությունը ավելի ռիթմիկ է դարձնում տեքստը):

Твой конь не боится опасных трудов;

Он чуя господскую волю

То смирный стоит под стрелами врагов,

То мчится по бранному полю…(II, 101)

В молчанье, рукой опершись на седло,

С коня он слезает угрюмый…(II, 101)

Ոչ մի վըտանգից չի վախենում քու ձին,

Տիրոջ  կամքը միշտ հասկանում է դա

Մերթ կանգնում է հեզ նետերի տակին,

Մերթ թըռչում ռազմի դաշտերի վրա…(232)

Լուռ ու մտախոհ թամբից բըռնեց

Ներքև է իջնում սիրած նժույգից (232):

Թարգմանության ժամանակ անշուշտ, շատ կարևոր են բառընտրությունը, հանգի, ռիթմի, չափի ճիշտ վերարտադրումը, սակայն ամենադժվարը երևի բառացիորեն ճշմարտացի թարգմանելն է՝ միաժամանակ պահպանելով բնագրի բանաստեղծական հմայքն ու գեղագիտականությունը: Նման հատվածներ, իհարկե, թարգմանության մեջ շատ կան, ինչպես.

Покройте попоной, мохнатым ковром В мой луг под уздцы отведите; Купайте, кормите, отборным зерном; Водой ключевою поите И отроки тотчас в конем отошли, А князю другого коня подвели. (II, 101)Ծածկեցեք սըրան թավարածի գոգով, Սանձիցը բռնած մարգերըս տարե՛ք Լողացրեք, պահեք, ընտրած հատիկով, Աղբյուրի վըճիտ ջըրով ջրեցե՛ք, Եվ մանկլավիկներն իսկույն ձին տարան, Մի ուրիշ նոր ձի մոտ բերին նըրան: (243):

Այստեղ բաց է թողնված միայն попона (ձիու ծածկոց, տապճակ, տապաստ) բառը, իսկ отроки  հնաբանությունը, որը նշանակում է պատանի, պատանյակ, պարմանի, փոխարինված է մանկլավիկով, որը չնայած  այլ իմաստ ունի (նշանակում է ազնվատոհմ երիտասարդ, որը ծառայում է թագավորի կամ ֆեոդալի պալատում և սպասարկում նրան), բայց հնաբանություն լինելով՝ փոխհատուցում է իմաստային տարբերությունը: Պահպանված է հատվածի ոչ միայն գեղարվեստականությունը, այլև երաժշտականությունը:  Եթե ռուսերենում հաճախ են հանդիպում п և к հնչյունները, ապա հայերենում բաղաձայնույթը ստեղծվում է ձ, ծ, ց, ջ, ճ հնչյունների միջոցով:

Թարգմանության լեզուն ընդհանուր առմամբ շատ հարթ է, համարյա մեր նորօրյա գրական լեզվի մակարդակով: Միայն երբեմն-երբեմն Թումանյանը տուրք է տվել իր ժամանակի որոշ բառային, քերականական և բարբառային ձևերի[4]: Ինչպես Օլեգ ծերին ընդառաջ գնաց, Վերք չես առնիլ դու քո կուռ զըրահում,  Ոչ մի վըտանգից չի վախենում քու ձին, Լուռ ու մտախոս թամբիցը բըռնեց. Թե չէի լսել ես քու սըտություն, Սեզը վըրեն քամին օրորում: Հանդիպում են նաև սխալ թարգմանության օրինակներ. ինչպես՝ Եվ կռիվները միասին վարած նախադասությունը բնավ էլ համարժեք չէ  И битвы, где вместе рубились  они նախադասությունը: Վերջինս ավելի դրամատիկական շունչ ունի: Եվ վերջապես բոլորովին հասկանալի չէ, թե ինչու Волхвы, не боятся могучих владык նախադասությունը թարգմանել է՝Չեն վախենում գետերն երկրի մեծերից տողով, մանավանդ որ волхвы բառի փոխարեն Թումանյանը արդել գործածել էր կախարդ, գուշակ բառերը: Բայց վերը նշածները, իհարկե, մասնավոր թերություններ են: Իսկ իր ամբողջության մեջ թարգմանությունը հաջողված է, այն համարժեք է   բնագրին թե՛ իր գեղարվեստականությամբ և թե՛ պատմական բներանգով:

«Ջրահեղձի» թարգմանության քննության ժամանակ ծագած որոշ հարցեր իրենց պատասխանը կարող են գտնել Իրիժի Լևիից մեջբերված հետևյալ հատվածում. «Ինչքանով արժե պահպանել ստեղծագործության ազգային ինքնատիպությունը, թարգմանիչը ինքն է որոշում՝ կշռելով, թե իր ենթադրվող ընթերցողը արդյոք լա՞վ գիտի այլ երկրի կուլտուրան։ Միաժամանակ իր այդ թարգմանությամբ նա դաստիարակում է ընթերցողին… Կատարյալ թարգմանությունը ոչ միայն իդեալական թարգմանիչ է պահանջում, այլ նաև իդեալական ընթերցող»[5]: Կարծում ենք՝ պատճառներից մեկն էլ դա է, որ «Ջրահեղձի» հայերեն տարբերակի հերոսը ոչ թե ռուս գյուղացին է, այլ ավելի շուտ հայ գեղջուկը: Ընդ որում, Թումանյանը երկու-երեք տեղ է «մեղանչել» ռուսերենի դեմ՝ բնագրի ժողովրդախոսակցական մի քանի բառեր թարգմանելով հայերենի խոսակցական և բարբառային բառերով: Վերջիններս ընդգծված ազգային գունավորում ունեն և նպաստել են թարգմանության ազգային միջավայրի փոփոխությանը, իսկ թարգմանության ժամանակ մանրուքներ չեն լինում: Օրինակ.

Тятя, тятя! наши сети Притащили мертвеца…(III, 70) «Суд наедет, отвечай-ка С ним я век не разберусь; Делать нечего; хозяйка, Дай кафтан: уж поплетусь.. (II, 70)» «Где ж мертвец?»- «Вон, тятя, э- вот!»-Ապի՛, ապի, եկ մեր թոռը Մեռել հանեց գետի ափ: (70) -Դիվան կըգա- պատասխան տուր, Ցավի միջում կըմընամ,- Հընար չըկար, բե՛ր, ա՛յ կընիկ, Շորերս տուր, մի գընամ (245) -Ու՞ր է մեռելն- Ա՜յ, ապի, ա՜յ:

(III, 70)                                                                      (245)

Բալլադում ամենից շատ հայկական շունչ ունեցող հատվածը նախավերջինն է․ դիվանից վախենալը, ցավի միջում մնալու ահը, շորերը կնոջից ուզելը Ա՛յ կնիկ արտահայտությամբ կարող է միայն գյուղացի Համբոն կամ նրա համագյուղացիներից մեկը: Այս հատվածը տպավորիչ է նաև նրանով, որ շատ է բանաստեղծական:

Պուշկինի ստեղծագործության հեղինակային խոսքում ևս, ճիշտ է  քիչ, բայց հանդիպում են ժողովրդական լեզվի օրինակներ, ինչպես горемыка(հնց․)  — թշվառական, չարաբախտ, хмельный (հնց․) – խմած, հարբած, գինովցած, поплестись (հնց․) — քարշ գալ, հաիզվհազ ման գալ, или, аль (հնց․) – կամ, կամ թե, միթե, գուցե: Թարգմանության մեջ նման բառաձևերը, արտահատությունները դարձվածքները ավելի շատ են, օրինակ՝ հարամի, աչք ածել, էրվեց, չոռ ու  ցավ, բերավ, քաոչանգ, միրքից, ընչին, ըշտապում, էն, սևին տալ: Թարգմանության արժեքը որոշվում է ստեղծագործության և թարգմանական նորմի հարաբերությամբ, իսկ թարգմանական նորմ հասկացությունը պատմական երևույթ է: Թարգմանության այսօրվա չափանիշներով ժողովրդական արտահայտությունները պետք է վերարտադրել այնպիսի բառակապակցություններով, որոնք իրենց  վրա կրում էին ժողովրդական խոսքի նշաններ, բայց առանց տեղայնացնելու դրանք: Թումանյանը ոչ թե չի կարողացել, այլ ուղղակի չի ցանկացել այդպես վարվել նախ և առաջ վերը նշված պատճառով:  Բացի այդ, յուրաքանչյուր թարգմանիչ հակված է թարգմանությունը զրկելու հեղինակի անհատականությունը կրող որոշ գծերից՝ տալով նրան իր անհատականության գծերը[6]: Իսկ այնպիսի խոշոր հանճարի համար, ինչպիսին Թումանյանն էր, ավելի դժվար էր նման գայթակղության չենթարկվելը: Սակայն, որքան էլ փորձենք արդարացնել մյուս առումներով  հանճարեղ թարգմանչին, միևնույնն է, այս ստեղծագործության մեջ ազգային միջավայրի փոփոխությունը նրա ամենամեծ բացթողումն է:

Ոճական մի փոքր շեղում ևս կա թարգմանությունում: Հայկական տարբերակում գյուղացին ավելի բարկացկոտ է, քան բնագրում: Համեմատենք՝

«Врите, врите, бесенята,- Заворчал на них отец,- Ох, уж эти мне робята! Будет вам уже мертвец!»— Սուտք եք ասում, շան լակոտներ, Գոռաց հայրը ահաբեկ, Ըսպասեցեք դուք հալա դեռ, Մեռելն  հետո կըտեսնեք:

(III, 70)                                                                                (319)           

Заворчать նշանակում է փնթփնթալ, մռթմռթալ, բայց ոչ՝ գոռալ: Իսկ ավելացված ահաբեկ բառը գույներն ավելի է խտացնում: Բնագրի ոճի աղավաղումը ամենատարածված կոպիտ աղավաղումն է, բայց տվյալ դեպքում այդ մասին խոսք լինել չի կարող (եղածները մասնակի շեղումներ են): Իսկ ընդհանրապես թե՛ «Օլեգի երգում» (ավելի շատ) և թե՛ «Ջրահեղձում»  (փոքր-ինչ քիչ) Թումանյանը բնագրի աճին համարժեք ոճ է ստեղծել:

Բացի այդ՝ «Ջրահեղձում» կան հատվածներ, որոնք շատ հարազատորեն են վերարտադրում բնագիրը: Միաժամանակ առկա է  ստեղծագործական վերստեղծումը:

И мужик окно захлопнул: Гостя голого узнав, Так и обмер: «Чтоб ты лопнул!»- Прошептал ох, задрожав, Страшно мысли в нем мешались, Трясся ночь он на пролет, И до утра все стучались Под окном и у ворот (III, 72)․Ահից մարեց՝ ճանաչելով Իր մերկ հյուրին նա հանկարծ, Փեղկը խփեց ու դողալով -Ա՛յ դու ճաքես, քըրթմընջաց: Ամբոխվեցին մըտքերը մութ Մինչև լույսը նա դողում Մինչև լույսը լուսամուտը Բախում էին ու բախում…(321)

Առաջին քառատողի թարգմանության մեջ փոխված են բառերի, նույնիսկ տողերի շարադասությունը, բայց դրանից հայերեն տարբերակը ո՛չ իմաստային, ո՛չ  էլ ոճական փոփոխություն չի կրել: Միայն лопнул  բայը թարգվանված է ճաքես-ով, որը բառի առաջնային իմաստը չէ (առաջնայինը տրաքելն է), բայց սխալ էլ չէ: Իսկ երկրորդ քառատողը նույնիսկ ավելի երաժշտական է, քան բնագիրը (դրան են նպաստում խ և լ  բաղաձայնների կուտակումը): Բնագրի Трясся ночь он на пролет տողը պատահական չէ, որ թարգնանված է Մինչև լույսը նա դողում, որովհետև հաջորդ տողում իսկ կրկնվում են նույն բառերը՝ Մինչև լույսը լուսամուտը…, որը և յուրահատուկ ռիթմ է ստեղծում

Թումանյանի թարգմանության արժեքը ավելի է բարձրանում, երբ այն համեմատում ենք նույն թվականին Պուշկինից կատարած այլ թարգմանությունների՝ մասնավորապես Հարություն Թումանյանի «Ջրահեղձի» թարգմանության հետ։ (Նույն քառատողը Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ արդեն մեջբերել ենք):

            Եվ գիւղացին ահից փակեց

            Լուսամուտը իր մերկ հիւրին

            Ճանաչելով նա զարհուրեց.

            «Այ, ճաքի քո ուռած մարմին!»

            Նա շշնջաց լեղապատառ:

            Խառնակուեցին նորա մտքեր,

            Եւ մինչև լոյս հանգիստ չըկար-

            Ծեծում էին լուսամուտներ[7]:

Չնայած իր ամբողջ կյանքում Թումանյանը հիացել է Պուշկինի ստեղծագործություններով, սիրով կարդացել և տարբեր առիթներով մեջբերումներ է արել, բայց նրանից քիչ է թարգմանել։ Անշուշտ, ամենահաջողվածը «Ձմռան իրիկունը» բանաստեղծության թարգմանությունն է։Սակայն «Օլեգի երգը» և «Ջրահեղձը» ևս կարելի է դասել նրա լավագույն թարգմանությունների շարքում։

Անաիդա Մովսիսյան

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ


[1] Նշված բալլադների թարգմանության մասին տե՛ս Մ. Ջանփոլադյան, Պուշկինի բալլադները Թումանյանի թարգմանությամբ, Բանբեր Երևանի համալսարանի 1974, N 1, էջ 131-139, Ազատ Եղիազարյան, նշվ. աշխ., էջ 107-114:

[2] Այդ մասին մանրամասն տե՛ս А. Андропова, նշվ. աշխ-ը:

[3] Այդ մասին գրել են «Սասունցի Դավթի» ռուսերեն թարգմանողները. տե՛ս Левон Мкртчян,  О стихах и переводах. Эпос армянского народа в русском переводе. Е.1965, стр. 129

[4] Նման քերականական ձևեր հանդիպում են նաև «Ջրահեղձի» թարգմանությունում, օրինակ՝ ջրի միջին բուք վեր կացավ, ողջ քնած են, գիշեր գալի բուք ու մութ և այլն:

[5] И. Левый, նշվ. աշխ., էջ 103։

[6] Տե՛ս Иржи Левый, նշվ. աշխ., էջ 103։

[7] Յարութիւն Թումանեանց, Ջրահեղձը, «Լումա» հրատ․, Թիֆլիս, 1899, գիրք Բ, էջ 337: