Հեռահար եղանակով ապրիլի 10-ից 16-ից տեղի կունենա պատանի երաժիշտների «Կանչ» առաջին միջազգային փառատոնը։ Այն նախաձեռնել է Արցախից երիտասարդ դաշնակահար Դավիթ Բախշիյանը՝ նպատակ ունենալով համավարակի այս պամաններում ոչ միայն համախմբել տարբեր երկրների երաժշտասերներին, այլ նաև ներկայացնել աշխարհին հայկական մշակույթը և այսօրվա հայկական ողբերգական իրականությունը։
«Կանչը» հարթակ է, որ հնարավորություն է ընձեռում պատանի երաժիշտներին ելույթ ունենալ և ինքնադրսևորվել։ Առաջին փառատոնը անցկացվելու է միայն դաշնամուր անվանակարգով, բայց հետագայում նախատեսվում է նաև ներառել այլ անվանակարգեր։
Բախշիյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ փառատոնի ձեւաչափը շատ ճկուն է, այն հնարավորություն է ընձեռում մասնակիցներին իրենց նվագացանկի մեջ ներառել ինչպես ակադեմիական, այնպես էլ ազգային երաժշտություն․ «Փառատոնի գաղափարը ծագեց անցած տարվա օգոստոսին, երբ ամբողջ աշխարհում պանդեմիայի պատճառով խաթարվել են շատ ոլորտներ, մանավանդ՝ մշակութայինը։ Եվ իմ մոտ միտք առաջացավ կազմակերպել բացառիկ միջոցառում՝ հեռավար ձևաչափով։ Սկսեցի կազմակերպչական աշխատանքներ տանել, բայց սկսվեց պատերազմը։ Այդ ժամանակ ես Արցախում էի։ Բնականաբար աշխատանքները ընդհատվեցին։ Պատերազմից հետո բոլորի պես շոկային վիճակում էի։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ պետք է թևաթափ չլինել և ամեն կերպ մշակութային կյանքը վերակենդանացնել»։
Փառատոնի շրջանակներում ներկայացվելու է հայկական մշակույթը, ազգային երաժշտությունը։ Երաժիշտը հույս ունի, որ Հայաստանում և Արցախում կհետևեն փառատոնային իրադարձություններին, մի փոքր կլիցքաթափվեն, դրական էմոցիաներ կստանան։
Ժյուրիի անձնակազմը բաղկացած է 4 հոգուց։ Նրանք են՝ դաշնակահարներ Դեսիսլավա Բոբրինան` Ռուսաստանից, Զոֆիա Դընաքը` Լեհաստանից, Լուկա Ֆերրինին` Իտալիայից։
«Ուրախ եմ, որ իմ ներդրումն եմ ունենալու դասական երաժշտության հանրայնացման գործում, հատկապես մատաղ սերնդի շրջանում: Իհարկե, մասնակիցների ընտրությունն ունի իր դժվարությունները: Նրանցից յուրաքանչյուրը լրջորեն պատրաստվել է: Կարևոր է, որ երիտասարդ երաժիշտների այս խանդավառությունն ամրապնդի նրանց հավատը սեփական ուժերի հանդեպ », — ասաց Զֆիա Դենակը` հայտնելով, որ փառատոնին ելույթ են ունենալու 16 պատանի երաժիշտներ 7 երկրներից:
Հեռավար ձևաչափով միջազգային այս միջոցառմանը կմասնակցի 11 անվանի երաժիշտ 6 երկրից։
Մանրամասներն՝ այստեղ։
No Comments