ԳիտաՆյութ Նշան Աբասյան

Նշան Աբասյան․ Արցախյան բարբառի հմայքը

01.08.2023

Իրենց անմշակ բնականությամբ՝ բարբառները համընդհանուր գրական լեզուն սնուցող կենդանի երակներից են։ Եթե լեզվի խավային դրսևորումները՝ ժարգոնները, մշտապես մերժելի են՝ որպես գռեհկություն, ապա նրա տարածական արտահայտությունները՝ բարբառները, ընդհակառակը, առատ են գույն ու բույր ունեցող բառաձևերով, արտահայտչամիջոցներով և մանավանդ դարձվածքներով ու առած-ասացվածքներով։

Հայերենի՝ մինչ օրս հաշվված բարբառների թիվը մոտավորապես վաթսունն է, որոնցից շատերով մեր ժամանակներում արդեն չեն խոսում։

Կենդանի բարբառներից ամենամեծն ու կենսունակը Արցախի բարբառն է՝ իր բազմաթիվ ենթաճյուղերով ու խոսվածքներով։ Այսօր տարածված է Սյունիքի ու Տավուշի մարզերում և Արցախում, բայց ժամանակին ընդգրկել է շատ ավելի մեծ աշխարհագրական տարածք։

Բարբառը պատկանում է «-ում» ճյուղին (բայի ներկա անկատար ժամանակաձևը կազմվում է -ում վերջավորությամբ, ինչպես գրական արևելահայերենում)։

Ուշագրավ է, որ Արցախի բարբառը չունի ֆ բաղաձայնը, որին փոխարինում է փ-ն՝ գրաբարի նման։ Սակայն կան գյ, կյ, քյ քմայինները և ա, օ, ու ձայնավորների առաջնալեզվային տարբերակները, որոնք բարբառին յուրահատուկ փափկություն են հաղորդում (այստեղից էլ՝ արցախցիների ինքնօրինակ առոգանությունը)։

Բայի խոնարհման համակարգում Արցախի բարբառը, ի տարբերություն գրական հայերենի, ունի նաև առանձին շարունակական ժամանակաձևեր, երբ գործողությունն արտահայտվում է բուն ընթացքի մեջ (օր․՝ «կիրիլավ ըմ»

Արցախյան բարբառն առատ է բնությանն ու առօրյա կենցաղին վերաբերող առարկաների, երևույթների ինքնատիպ անուններով կամ բառերի գունեղ տարբերակներով, ներիմաստային զանազան առնչակցություններով։ Այսպես՝ արևը կոչվում է իրիքնակ, լուսինը՝ լյուսինգա, փոքրիկ՝ կուճիր, գետին՝ տափ, ճանապարհ՝ հըղեց, շատ տաք՝ կածկած։ Մրջյունին ասում են բրջիմ, սարդոստայնին՝ մուկլի-մանդլի, հիմարին՝ դոնգի, աքաղաղին՝ վերցակ (որձակ), նապաստակին՝ ըլբաստրակ և այլն, և այլն։

Բայց, իհարկե, ամենից գրավիչը բայերն են՝ գործողությունն արտահայտելու իրենց՝ հաճախ բացառիկ իմաստային զուգորդումներով․ քաթ անել՝ զրուցել, շըրըշուղ անել՝ հարցուփորձով փնտրել, կզնվել՝ բարկանալ, կեց տալ՝ հագցնել, շաղվել՝ սխալվել, մոլորվել, դրդըհան անել՝ դարդը հանել, պատմել։

Այսպես՝ բարբառների ուսումնասիրությամբ կարելի է պատկերացում կազմել տվյալ ժողովրդի մտածողության, արժեհամակարգի և պարզապես ապրած ճակատագրի ու պատմության մասին։

No Comments

Leave a Reply