Նյութի սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր
Բազմահարկ շենքեր, երկնաքերներ՝ դժվար է նոր աշխարհի ճարտարապետությունը պատկերացնել առանց վերելակի: Այն նույնպես համարվում է փոխադրամիջոց, ավելին՝ աշխարհում ամենաշատ ուղևոր տեղափոխող տրանսպորտի տեսակն է, իսկ պատշաճ սպասարկման դեպքում՝ նաև ամենաանվտանգը:
Հայաստանում օր-օրի ավելացող կառույցները ներկայանում են ժամանակակից վերելակներով: Միաժամանակ հները վերանորոգվում են, արդիականացվում, հնարավորության դեպքում՝ փոխարինվում նորերով: Այս ասպարեզում շուրջ քառորդ դար հաջողությամբ իր գործունեությունն է իրականացնում «Արմենլիֆտ» ընկերությունը:
«Օտիս»-ը՝ Հայաստանում
«Ինտերտեխնիկա», այնուհետև «Արմենլիֆտ» անվանմամբ ներկայացող մասնավոր ընկերությունն առաջիններից էր (եթե ոչ առաջինը), որ 90-ականների վերջին ստանձնեց հանրապետությունում վերելակային տնտեսությանը զարկ տալու պատրաստակամությունը: Ընկերության տնօրեն Գոռ Մուրադխանյանը պատմում է, որ մինչ այդ ոլորտում լուրջ ընկերություններ չկային, Խորհրդային Միությունից մնացած կիսապետական կազմակերպություններ էին:
«Արմենլիֆտ» ՀՁ ՍՊԸ-ն ստեղծվել է 1997 թվականին: Հիմնադիրներն են Գևորգ և Գոռ Մուրադխանյան եղբայրները: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ ընկերության գործունեության մեկնարկը տրվել է նույն տարում՝ «Օտիս» ֆիրմայի չորս վերելակների տեղադրմամբ: Առաջին իսկ օրերից ընկերությունն իր կազմում հավաքագրել է փորձառու մասնագետների՝ կարճ ժամանակում հաստատուն տեղ գրավելով վերելակների տեղադրման և տեխնիկական սպասարկման հայաստանյան շուկայում:
2001 թվականից «Արմենլիֆտն» «Օտիսի» պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: «Օտիսը» համաշխարհային բրենդ է, վերելակի արտադրությամբ զբաղվող միջազգային առաջատար ընկերություններից մեկը, որի գլխավոր գրասենյակը ԱՄՆ-ում է: Այն գործարաններունի աշխարհի շատ երկրներում՝ Չինաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում և այլուր: Նրա ստեղծման պատմությունը ձգվում է մինչև 19-րդ դար, հիմնադիրը Էլիշա Օտիսն է, որը հայտնագործել է վերելակի անվտանգության սարքն ու հաջողությամբ փորձարկել: Գոռ Մուրադխանյանը ցույց է տալիս պատին փակցված նկարը. Նյու Յորքի 1853 թվականի համաշխարհային տոնավաճառում Օտիսը կտրում է հարթակը պահող ճոպանը: Փորձարկումը հաջողությամբ է անցել. հարթակը, որի վրա կանգնած է եղել գյուտարարը, մի քանի մատնաչափ իջել է և կանգ առել:
Այդ ժամանակներից շատ բան է հոսել, գիտատեխնիկական առաջընթացին զուգահեռ՝ վերելակաշինությունն անընդհատ կատարելագործվել է: Այսօր աշխարհում ստեղծվում են գերհզոր վերելակներ՝ անվտանգության բարձր ցուցանիշներով:
Ընտրություն, կամ խնայողը կրկնակի է վճարում
«Ժամանակակից վերելակ» ասելով՝ չպետք է հասկանալ այն ամենն, ինչն արտադրվում է այսօր: Լինելով վերելակի մասնագիտացված կազմակերպություն՝ «Արմենլիֆտը» հաճախ է վերելակների մատակարարներից առաջարկներ ստանում և այնպիսի գներով, որ հասկանալի է՝ գուցե արտաքուստ գեղեցիկ են, բայց որակի մասին խոսք լինել չի կարող: «Օտիսի» արտադրանքը թանկ է, բայց որակյալ:
Որակյալը էժան չի լինում՝ ասում է Գոռ Մուրադխանյանը, բայց և նկատում՝ ժլատը վճարում է կրկնակի: Մի դեպք է նշում. «Արմենլիֆտի» վերելակներով հետաքրքրվող հաճախորդներից մեկը, ի վերջո, նախապատվությունը տալիս է չինական անհայտ ընկերության արտադրանքին, մեկ-երկու տարի հետո «Արմենլիֆտից» վերելակի շարժիչ է խնդրում, հետաքրքրվում են, թե ինչո՞ւ չի դիմում արտադրող ընկերությանը, պարզվում է՝ այդ ընկերութունն այլևս չի գործում:
Իրենց վերելակները շատ առավելություններ ունեն: Տնօրենը ցույց է տալիս «Օտիս» ընկերության արտադրած ճոպանը: Նախկինում մեխանիկները պետք է ստուգեին ճոպանի մաշվածությունը, իրենց լեզվով ասած՝ «թել տվե՞լ է, թե՞ չէ»: Հիմա եթե ճյուղերից մեկը պոկվում է, էլեկտրոնիկան վերելակը կանգնեցնում է: Բացի այդ, «Օտիսի» ճոպանը տափակ է, դեցիբելները քիչ են, մետաղը մետաղի հետ չի շփվում, կոռոզիայից չի վախենում և աշխատում է ավելի երկար: Վերելակն ունի արգելակման որսիչներ. եթե նույնիսկ բոլոր ճոպանները պոկվեն, արագության սահմանափակման հատուկ ճոպանը աշխատեցնում է վթարային արգելակման համակարգը և պահում խցիկը՝ թույլ չտալով վայր ընկնել:
Ժամանակակից շենքերում հակահրդեհային և հակասեյսմիկ համակարգի առկայությամբ ազդանշան է ուղարկվում, վերելակն իջնում է առաջին հարկ, բացում դռները, ապա փակվում, և վերելակը դադարում է գործել՝ մինչև արտակարգ իրավիճակի ավարտը: Եթե հրդեհն առաջին հարկում է, վերելակը, բնականաբար, այլ հարկ է տեղաշարժվում: «Իբիս Երևան» հյուրանոցում իրենք հինգ վերելակ են տեղադրել, որոնցից մեկը հրշեջ խմբի համար է: «Օտիսի» վերելակի դռները (եթե պանորամային չեն) 30 րոպե դիմանում են կրակին՝ պետք էփորձեն այդ ընթացքում հանգցնել հրդեհը: Կան վերելակներ, որոնց դռների ջերմակայունությունը 60, 120 և ավելի րոպե է: Գնացուցակն, ըստ այդմ, փոփոխվում է, գները բարձրանում են:
Վերելակների որոշ տեխնիկական նորամուծություններ այսօր դարձել են ավելի մատչելի ու լայն տարածում գտել, ինչպես, օրինակ, ինֆրակարմիր վարագույրը, ինչի շնորհիվ դռների միջով անցնելիս՝ վերելակը չի փակվում: Բավականաչափ տարածում են գտել «UPS» համակարգով աշխատող վերելակները. եթե անսպասելի հոսանքի անջատում է լինում, վերելակը մոտենում է մոտակա հարկին և բացվում: Տեղադրվող նոր վերելակները հարմարեցված են նաև տեսողական, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Եթե շենքի հորանի մեծությունը թույլ է տալիս, պատվիրատուն էլ՝ շահագրգռված է, տեղադրում են այնպիսի վերելակ, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդը կարողանա մտնել անվասալյակով՝ ուղեկցողի հետ, ավելի փոքր խցիկով վերելակից օգտվելիս՝ առանց ուղեկցողի: Բացի այդ, «Օտիսի» վերելակների խցիկի մեջ գտնվող հարկային տեղաշարժի կոճակների դիրքն այնպիսին է, որ սայլակին նստած մարդը հեշտությամբ օգտվում է դրանցից: Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, պատվերի դեպքում, բրալյան կոդով կոճակներ են տեղադրվում:
«Հայաստանյան վերելակների դիզայնը բազմատեսակ է՝ կախված պատվիրատուի ճաշակից: Ոմանք ուզում են տարբերվող լինի, ոմանք էլ արդեն եղածի նմանությամբ են պատվիրում: Շուկայում կան վերելակներ, որոնցում օգտագործված նյութերը փխրուն են, հեշտությամբ խազվում են, մի քանի տարուց կարող են տեսքը կորցնել: Մեր փորձից ելնելով՝ դրական ու բացասական կողմերի մասին տեղեկացնում ենք: Որոշում է պատվիրատուն»,- ասում է Մուրադխանյանը։
Ցածր կառույցներում հաճախ տեղադրում են պանորամային կամ բացօթյա վերելակներ, հատկապես՝ այն տեղերում, որտեղից տեսարան է երևում: Օրինակ, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի վերելակից երևում են բնության տեսարանները՝ սարեր, ձորեր, անտառներ: Թեև՝ փակ տարածքում էլ են լինում. «Կեչառիս» հյուրանոցում պանորամային վերելակը տեղադրված է աստիճանավանդակի արանքում:
Շենքի նախագծման փուլից՝ մինչև վերջ
Պատվիրատուի հետ աշխատանքը «Արմենլիֆտը» սովորաբար սկսում է շենքի նախագծման փուլից, այսպես ասած՝ զրոյական կետից: Ժպիտով հիշում է՝ Իսպանիայում բարձրահարկ են ցույց տվել, որը կառուցելուց հետո են նկատել վերելակի տեղի բացակայությունը: Մեզ մոտ ծայրահեղ բացթողումներ չեն գրանցվել. մի դեպք է հիշում, երբ շենքը կառուցելուց հետո զղջացել են, որ երկրորդ վերելակի տեղ չեն թողել: Արդեն կառուցված շենքում նույնպես, հարկ եղած դեպքում, վերելակ տեղադրում են: Բարդությունների հետ է կապված, բայց գործարարը համոզված է՝ ամեն հարց լուծում ունի:
Մինչ վերելակի տեղադրումը ԱԻՆ-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն անցկացնում է հորանի փորձաքննություն (այդպիսի գործառույթ իրականացնում են նաև մասնավոր փորձագիտական կազմակերպությունները): Տեղադրումից հետո փորձարկում են անվտանգության հանգույցները և, դրական եզրակցության դեպքում, տալիս շահագործման թույլտվութուն: Բացի այդ, տարին մեկ անգամ իրականացվում է վերելակների և շարժասանդուղքների փորձաքննություն: «Արմենլիֆտի» տնօրենը փաստում է, որ շահագործման ընթացքում իրենց վերելակները խնդիրներ երբևէ չեն ունեցել:
Երկուհարյուրից ավելի
«Արմենլիֆտ» ընկերությունը վերելակներ (նաև շարժասանդուղքներ) է տեղադրել երևանյան հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, բժշկական հաստատություններում և այլուր: Դրանցից են՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանը, «Իբիս Երևան», «Գոլդեն Փելես Երևան», «Հոլիդեյ ինն Էքսպրես», «Թուֆենկյան Պատմական Երևան» հյուրանոցները, «Սախարով», «Էրեբունի պլազա», «Ցիտադել» բիեզնես կենտրոնները, «Էվոկաբանկի» վարչական շենքը, «Սլավմեդ» բժշկական կենտրոնը, Ուրուգվայի հյուպատոսարանը: Ոչ մեծ թվով վերելակներ ունեն նաև մարզերում ու Արցախում (Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Արցախի «Վալլեքս Գարդենհոթել» հյուրանոցային համալիր, Գորիսի «Մինա» հյուրանոց, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գրասենյակ, «Թուֆենկյան Ավան Ձորագետ» հյուրանոց):
Համագործակցել են ավելի քան 20 բնակելի համալիրների պատվիրատուների հետ, վերելակներ տեղադրել Հյուսիսային պողոտայիթիվ 3, 5 շենքերում, ներկայում տեղադրում են «Նոյ» բազմագործառույթ բնակելի համալիրի շենքերի վերելակները: Անմիջականորեն պետության հետ թեև չեն աշխատել, բայց, պետական ծրագրով իրականացվող ծրագրի շրջանակում, մասնավոր ընկերությունից Նորագավիթի և Դավիթաշենի վերանցումներում վերելակներ տեղադրելու պատվեր են ստացել:
Ընդհանուր առմամբ՝ «Արմենլիֆտի» տեղադրած վերելակների թիվն անցնում է 200-ից:
«Արմենլիֆտը» նաև արդիականացրել և սպասարկում է Երևանի կոնյակի գործարանի բեռնատար, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ընկերության Խանջյան և Կորյունի փողոցներում գտնվող շենքերի վերելակները: Տնօրենն ասում է, որ արդիականացումը ենթադրում է վերանորոգում՝ և՛ տեխնիկական առումով, և՛ արտաքին տեսքի: Հին վերելակներ ունեցող բնակելի շենքերում ծառայություններ չեն մատուցում:
Պետք է ձևավորվի գիտակցություն, որ դա ոչ թե «պետական» է, այլ մերն է
Գաղտնիք չէ, որ վերելակները սահմանված ժամկետից ավելի են շահագործվում, երբեմն նույնիսկ՝ մի քանի անգամ ավելի: Գործարարը վստահեցնում է, որ նույնիսկ հին վերելակները, եթե մասնագետը հետևում է և բնակիչներն անփույթ չեն, կարող են անվտանգ ծառայել: 25 տարում վերելակն այն վիճակում չի հայտնվում, որպեսզի պարտադիր կերպով փոխարինվի, սովորաբար ավելի երկար կարող է շահագործվել, բայց կա «մետաղի հոգնածություն» հասկացողություն. ժամանակ առ ժամանակ պետք է զննել սարքերը, մեխանզիմները վերանայել, հաշվարկել, վերանորոգել, փոխել վնասված ճոպանները, ստուգել և անհրաժեշտության դեպքում փոխարինել բոլոր փչացած, մաշված կամ վնասված դետալներն ու սարքավորումները: Լինում է և այնպես, որնոր վերելակները փոխարինվում են ավելի նորերով (իրենց՝ 2000-ակաների սկզբին տեղադրած վերելակներից երեքը փոխարինվել են «Օտիս» ընկերության արտադրած նոր մոդելներով):
Գոռ Մուրադխանյանն անդրադառնում է նաև վերելակների նկատմամբ որոշ քաղաքացիների անթույլատրելի վերաբերմունքի դեպքերին: Նկատում է՝ անպայման չէ 320 կգ բեռնաբարձություն ունեցող վերելակով 500 կգ-անոց բեռ տեղափոխել, կարող են մի քանի անգամ բարձրանալ-իջնել: Ամիսներ առաջ նկատել է, թե ինչպես է ուղևորը շարժասանդուղքից օգտվելիս՝ ձեռքի մետաղյա ձողը հատակին խփում: «Ցավալի է նման վերաբերմունքի ականատես լինելը: Հետո էլ ասում են՝ երեխաս է օգտվում, անսարք է, վտանգավոր է,- վրդովվում է Մուրադխանյանը և հավելում.- Պետք է ձևավորվի գիտակցություն, որ դա ոչ թե «պետական» է, այլ մերն է»։
Հավատ՝ վաղվա օրվա հանդեպ
Համավարակ, պատերազմ, տնտեսական անկում: Մեր երկրում ստեղծված բարդ իրավիճակը անհետևանք չի անցնում: Մեր զրուցակիցը նկատում է, որ գործարար աշխարհում գրեթե բոլոր ոլորտները փոխկապակցված են: Ճգնաժամը հաղթահարելու իրենց բանաձևն ունեն՝ փորձում են համատարած խավարում մի լույս գտնել ու չկորցնել վաղվա օրվա հանդեպ հավատը:
Արմինե Սարգսյան
No Comments