Քրիստոս գալու է երկնքով, արևելքից, այնտեղից, որտեղ ծագում է արևը, և երբ Շնորհալին ասում է․
Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա,- հենց այդ նկատի ունի՝ Քրիստոսին, զի արեգակը որպես երկնային մարմին․․․ բարոյական հատկանիշներով ամենևին օժված չէ։
Քրիստոս Աստված Սեր է, «Սերը, որ շարժում է արեգակը և այլ աստղեր» (Դանթե )։
Աստծո՝ Տիեզերքի Ոգու «արևայնացումը» հին եգիպտական և այնուհետև հին հունական նախապատմություններ ունի, եգիպտականում դա Աթոնն է՝ որպես գերագույն աստված և իր «աստվածորդին»՝ Էքնաթոն փարավոնն, իսկ հին հունականում դա առասպելական Ֆաետոնն է՝ արևը՝ որպես աստվածություն։
Մեզանում նույնպես հրեղենությունը, լուսեղենությունը դեռևս դարերի խորքերում կապված է եղել աստվածային «սուբստանցի» հետ, հիշենք Վահագնի ծննդյան առասպելից․
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մաւրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք։
Քրիստոսի «արևային» կերպարի համար մեծ հավանականությամբ հիմք է հանդիսացել Նրա Պայծառակերպության հրաշափառ երևույթը․
Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29):
Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ…
Եվ ո՛չ թե լույս երեկոյի,
Ի մտանել արեգական,
Այլ լույս զվարթ արդար գոյի`
Շաղաոտըն առավոտի…
Պ․ ՍԵՎԱԿ
Մեր պոեզիայի մեջ լույսի ավանդական պաշտամունքն ու խորհրդանիշ որպես արծարծումը կապ ունի հենց վերոհիշյալ կրոնական ընկալումների հետ։Մեր խաչքարերի վարդյակները՝ ստորին շրջանակաձև զարդերը ևս ամենայն հավանականությամբ արևն են խորհրդանշում (կա նաև տեսակետ, որ դրանք հավերժության խորհրդանիշն են)։
Զավեն Բեկյան

