Դիրքերում հիմա
ինչ-որ մեկը հենց ՔԵԶ
նորից տեսնելու համար
սարեր է շուռ տալիս։
***
Ես այլ աղոթքի ձայն
չգիտեմ հիմա,
քան քո վերադարձի
ոտնաձայներն են։
***
Իմ աչքերում
քեզ հասած
փամփուշտները
փշրվեցին…
գրկելու եմ քեզ
այնքան,
որ մաշկիդ բջիջները
ջնջեն հիշողությունը
ցավի…
***
Ես ուզում եմ լռել
մինչ ոտքԵՐիդ
հենված
կգաս
ինձ ընդառաջ
ու ձեռքԵՐդ բաց
ինձ գիրկդ կառնես.
բառեր կան,
որ ուղղակի
եզակի լինելու
իրավունք չունեն։
***
Ես քեզ սիրում եմ այնքան,
ինչքան դու՝ հայրենիքին։
Ու զարմանում եմ՝
էսքան մեծ սերերը
իմ, քո ու հայրենիքի
փոքր մարմիններում
ինչպես են տեղավորվում։
***
ռազմաճակատից
ինձ վառոդի հոտ բեր,
հող բեր անկողին
ու բարձդ քարից,
մատներիդ արանքի
ծխախոտը կիսատ
ու «լավ եմ»-իդ տակ թաքնված
ցավդ բեր,
բեր ու դիր սրտիս։
Ես էլ քեզ ցույց կտամ
իմ խմած շշերը դատարկ,
կիսատ բաժակները սուրճի
ու ճաշը վաղուց սառած։
Բանից կպարզվի,
որ ինձ կրակել են
ուղիղ այնքան,
ինչքան որ քեզ։
…ապրել չուզելու չափ
փամփուշտներ են
սրտումս։
No Comments