Երկիր իմ,
Ես
ժայռ եմ ձևանում,
որ հոգնելուց հենվես ինձ,
բայց ներսս ավերակ է.
իմ մեջ կանգնել են
պատանի սրտեր,
անթիվ սյուներ են
քանդվել իմ մեջ…
ու հիմա
ուզում եմ փլվել,
բայց պետք է կանգ չառնի
սիրտը մեր վերջին…
ու քանի
պատերազմ է,
ես ժայռ եմ,
ժայռ եմ անառիկ։
****
Ժամանակն է, Տե՛ր
որ տանենք քեզ
փորձության
ու փրկենք քեզ չարից,
զի զինվորն է
արքայությունը քո,
ու զենքն է զորությունը նրա,
բայց միայն այժմ,
և ոչ հավիտյանս,
ոչ հավիտենից,
զի խաղաղությունն
անզեն է գալիս։
Ամէն…
****
Հայրենի՛ք,
մարտի դաշտի
քո առյուծները
կարող էին
շատ հանգիստ
երկնքում
արծիվներ դառնալ,
բայց նրանք
աղավնի լինել են
նախընտրում։
****
Հայրենի՛ք,
քեզ բաժին
չհասավ ընտրություն
լավ ու վատի մեջ,
այլ միշտ ընտրեցիր
վատը
վատագույնից։
****
Եվ մարմնի վրա,
որ փորել ես
խրամատներ
ու դրել արյունն այս
կարմիր,
որ գույնն է հայի,
մի’ թող, որ թափվի,
մի’ թող ուրանան,
մի վերջին անգամ
բացիր ծորակը
անհետացող առվի…
****
Հայրենի՛ք,
քեզ
խաչից
իջեցնում ենք,
փաթաթում
ճերմակ պատանքով,
ու հավատում
հարությանդ։
****
Եվ այն դրոշը,
որ պիտի
ծածանվեր
հաղթության քամուց,
հիմա լոկ
մարմնի նշխարների
պատանք է դարձել։
****
Հո՛ղ,
դո՛ւ, որ սև ես ու խավար,
այսքան
ճերմակ մարմին
ու լուսավոր սիրտ
քո մեջ
ո՞նց ես հանդուրժելու…
Հո՛ղ,
որ փխրուն ես ու սահող,
ոտնահետքեր քո վրա
չկան էլ ավաղ,
Էսքան ծալվող ծնկներ
երբեք չէիր գրկել։
No Comments