Թատրոն Կարինե Ռաֆայելյան

Արուս Ոսկանյանի արխիվից

Արուս Ոսկանյանի արխիվից

Ե․ Չարենցի անվան գրականության և արեվստի թանգարանում են պահպանվում հայ բեմի երախտավոր Արուս Ոսկանյանի մասունքները։

Դերասանուհու հովհարը, լուսանկարը՝ մետաղյա շրջանակով, թիթեռնակերպ կախազարդը ներկայացնող ցուցափեղկը պատմում է այդ իրերի տիրուհու բեղմնավոր կյանքի այս կամ այն դրվագի մասին։

Արուս Ոսկանյանի հովհարը և լուսանկարը

***

Արուս Ոսկանյանի կախազարդը

Հետաքրքիր և զարմանալի պատմություն է կապված փոքրիկ ձեռագիր գրքույկի հետ, որը ցուցադրված է նշված իրերի կողքին։ Դա Եղիշե Չարենցի ձեռագրով պոեմ է՝ «Գովք Արուսին» վերնագրով, որն անկեղծ հիացումի ու գնահատանքի վավերագիր է՝ նվիրված հայ բեմի թագուհուն։

Ե Չարենցի ձեռագիր գրքույկի կազմը

Չարենցը թողել է նաև իր պատգամը Արուս Ոսկանյանին գրքույկի երրորդ էջում․ այդ բանաստեղծությունները հրատարակելու իրավունք ունեն միայն ինքը և Արուսը։ Ուրիշ ոչ ոք, իրենցից բացի։

«Սիրելի Արուս! Խնդրում եմ այս պոեմս, քանի դեռ չի հրատարակված, վոչ-վոքի թույլ չտալ արտագրելու։ Իսկ տպագրության իրավունքը պատկանում է  միայն անձամբ քեզ՝ եթե յես ներկա չլինեմ,- և ինձ։

Չարենց

1936․VI.22

Յերևան»։

(Ընդգծումները, ուղղագրությունը, կետադրությունը այս և հետագա մեջբերումներում պահպանված են՝ ըստ չարենցյան բնագրի)։

Վերը հիշատակված էջը՝ Չարենցի ձեռագրով

Ձեռագիր գրքույկն ունի բնաբան՝ Վահան Տերյանի տողերը․

«Չկա քեզնից գերիչ յերազ,

Քո անունից անուշ անուն․․․

                       Վահան Տերյան»։

Գրքի տիտղոսաթերթը հետևյալ բովանդակությամբ է․

«Գովք Արուսին

Հայկական Մելպոմենի Չքնաղագույն Դիցուհուն

Գրեց Նայիրյան Պոետ Չարենց Յեղիշե

Մեղապարտ դպիր Քերթողական Արվեստի

Ի Մայր քաղաքն Հայոց Յերևան և ի թվական Հայոց ՌՅԼԶ»։

Ընթերցողների համար երկար ժամանակ անհայտ է մնացել Չարենցի ձոնը։ Արուսի և Չարենցի մահվանից տասնամյակներ անց՝ 1983 թ․, բանաստեղծի դուստրը՝ Անահիտ Չարենցը հրատարակել է այս հուզիչ պոեմը «Անտիպ և չհավաքված երկեր» ժողովածուում։

Չարենցն Արուս Ոսկանյանի տաղանդով հիացումից զատ այս քերթվածքում նաև թատերագիտական դիտարկումներ է կատարել՝ համեմատելով նրան հայ բեմի մյուս հսկաների՝ Ադամյանի, Սիրանույշի, Հրաչյայի հետ և ավարտել իր ձոնը հետևյալ տողերով․

Ի՜նչ ցնծությամբ վես

Դափնեպսակ է բերում

Միշտ ժողովուրդը քեզ։

Եվ Չարենցի քնարով,-

Իբրև անմահ գուսան,-

Փառք է երգում չմարող՝

Քեզ՝ Նայիրյան Մուսան․․․

Կարինե Ռաֆայելյան

ԳԱԹ ցուցանմուշների լուսանկարները՝ հեղինակի