Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

«Արվեստը մեծ առումով աշխարհը բուժելու հուսահատ փորձ է»

22.01.2022

Անատոլի Հովհաննիսյանի «Գնում եմ կորեմ»  բանաստեղծությունների ժողովածուն 2021-ի տարեվերջից ընթերցողի սեղանին է։ Այն գրողի հինգերորդ գիրքն է։ Լույս է ընծայել  «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ «Արդի» մատենաշարով։  Գրքում տեղ են գտել նաև մի շարք գրական գործիչների վերլուծությունները՝ նվիրված Հովհաննիսյանի ստեղծագործություններին։ Ժամանակավորապես Ֆրանսիայում ապրող բանաստեղծը մեր հարցերին պատասխանել է հեռավար՝ Լիոնից Երևան։  

— Ի՞նչ սկզբունքով է կազմվել «Գնում եմ կորեմ» ժողովածուն։

— Ժամանակագրական․ առաջին ժողովածուից ներառվել է մոտ երկու տասնյակ բանաստեղծություն, երկրորդ և երրորդ գրքերը գրեթե ամբողջությամբ։ Սա հատընտիր չէ. մեր նպատակն էր ներկայացնել, թե «որտեղից է գալիս և ուր է գնում այս պոեզիան»։

— Ինչո՞ւ «Գնում եմ կորեմ»․․․ Վերնագրի ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված։

— Ստեղծագործողը ներշնչման պահին և հետո նույն մարդը չէ․ այնպես որ հիմա Ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Իմ բանաստեղծությունների մեծ մասը գրել եմ կեսքուն-կեսարթուն։ Այս վերնագիրն էլ «եկավ» նույն կերպ։ Ինչու է այդպես՝ ես չգիտեմ։ Կենցաղային առումով բացատրություն ունի՞ բանաստեղծությունն ինքը։

— Բանաստեղծությունը «բուժո՞ւմ է»․․․ հեղինակին, ընթերցողին, աշխարհը։

— Այո, արվեստը մեծ առումով աշխարհը բուժելու հուսահատ փորձ է, և յուրաքանչյուր հեղինակ այդ ճանապարհը հաղթահարում է այնքան, որքան թույլ է տալիս՝ ա) ճակատագիրը և բ) Աստծու՝  նրան տված շնորհը։ Ստեղծագործությունը հեղինակին չի բուժում, այլ նրանից քամում է վերջին ուժերը, թեև տալիս է նաև գոհունակության ոչ երկրային մի զգացում։

— «Հայելին» աշխա՞րհը, թե՞ սեփական դիմագիծը տեսնելու համար է։

— Ստեղծագործողի պարագայում (իմ պարագայում) գրելը ծվատող զգացողություններից ազատվելու փորձ է։ Իսկ եթե ուժեղ հույզերի փոթորիկի մեջ մարդը «կարողանում» է նախընտրելի ձևով ներկայանալ, ապա դա թատրոն է վատ իմաստով և ոչ մի կապ չունի այն ազնիվ ուղու հետ, որի ճամփորդն է յուրաքանչյուր ստեղծագործող։ «Հայելին» աշխարհի քեզ  տրված ժամանակի համայնապատկերին նկարագիրդ ներկայացնելու փորձ է։

— Ի՞նչ կասեք ընթերցողին, որ գուցե չկա գրքում, կամ մտավախություն ունեք, որ տեղ չի հասնի։

— Արվեստագետը բարձր իմաստով  ընդամենը միջոց է, որով երկնային ճշմարտությունը հասնում է երկիր։ Մնացած «մտավախությունները», թե ինչ-որ բան չի հասկացվի երկրային զուտ նյութատեխնիկական բնագավառին առնչվող բաներ են, որ արվեստի հետ կապ չունեն։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

Հ․Գ․ Գրքի խմբագիր Նշան Աբասյանն ուշագրավ դիտարկում է անում գրքի վերնագրի հետ կապված․ «Ծ­նո­ղից նեղսր­տած ե­րե­խա­ներն են հա­ճախ ի­րենց խռովքն այդ­պես ար­տա­հայ­տում. «Գ­նում եմ կո­րեմ»։ Եվ երբ այս դարձ­վածքն «ընտ­րում» է ար­դեն բա­նաս­տեղ­ծը, այն և՛ ցավ, և՛ ջեր­մութ­յուն է ծնում մար­դու սրտում»:

No Comments

Leave a Reply