ԳրաԴաշտ

Արվեստի երկարակեցության բանաձևը, ներսն ու դուրսը

20.02.2025

Ardi.am-ի հյուրը բանաստեղծ Զավեն Բեկյանն է։

Խորհրդային տարիներ, հետխորհրդային տարիներ, անկախության թոհուբոհ, ներքաղաքական վայրիվերումներ, պատերազմ, հետո էլի պատերազմ, հաղթանակ ու պարտություն։ Ինչպիսի՞ն է եղել Ձեր արձագանքը՝ որպես գրող, բանաստեղծ, քաղաքացի, մեր երկրի անցած տասնամյակների պատմական այս շրջադարձերին։

-Ես այդ իրադարձություններին, իրավիճակներին հիմնականում արձագանքել եմ մամուլում, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ եմ տպագրել «Գրական թերթում», «Հրապարակ» օրաթերթում։ Իմ բանաստեղծություններում ևս անդրադարձել եմ այդ հարցերին, բայց դրանք այդ ժամանակներում հրատարակած գրքերիս մեջ չեմ մտցրել։ Մի «սկզբունք» եմ ունեցել՝ այն, ինչ կարելի է ասել հրապարակախոսությամբ, պոեզիայի ժողովածուներ չպետք է մտնի։ Բայց այդ տեսակի բանաստեղծություններ, այնուամենայնիվ, շատ են գրվել, դրանք տեղադրել եմ ֆեյսբուքյան իմ էջին։

-Ժամանակի՞ց է վերցնում գրողը նյութը։ Եվ իր հերթին վավերագի՞րն է իր ժամանակի։

-Ինչպես ասացի, ժամանակից վերցրած նյութերի հիման վրա բանաստեղծություններ շատ եմ գրել, բայց բանաստեղծական ժողովածուներիս մեջ չեմ մտցրել։ Իմ բանաստեղծության տեսակը գլխավորապես խոհափիլիսոփայականն է, որն իր նյութը վերցնում է Հավերժությունից։ Ես ժամանակին «Անժամության վայր» վերնագրով բանաստեղծությունների մի ժողովածու եմ տպագրել․․․ Ուզում եմ ասել՝ իմ այն բանաստեղծությունները, որոնց ես հավանում եմ և որոնց ես տպագրվելու իրավունք եմ տալիս, ծնվում են «անժամությունից»։ Չարենցն ասում է․ «Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր», բայց նա մի խորհուրդ էլ է տվել իր «Գիրք Ճանապարհի» գրքում․ «Խորհուրդ չի ընդունում ապագայի երգը» — ես հենց Չարենցի ա՛յս խորհուրդն եմ «հավանել»․․․

-Ո՞ր դեպքում է ստեղծագործությունը պահպանում իր կարևորությունն ու արդիականությունը սերնդե- սերունդ։ Արվեստի հարատևման գաղտնիքը, ըստ Ձեզ, ինչո՞ւմ է։

-Մի օրինակ բերեմ։ Որպեսզի տիեզերական արբանյակը մեծ տարածություններ հաղթահարի՝ պետք է նրա տանող հրթիռը աէրոդինամիկայի օրենքների համաձայն շրջհոսելի ձև ունենա և հատուկ որակի վառելիք։ Ստեղծագործության անմահության կամ գոնե երկարակեցության պայմանները, հրթիռի նմանությամբ, երկուսն են՝ բարձրարվեստ գեղեցկություն, կատարելություն (դա իր «շրջհոսելի» ձևն է ), ինչպիսիք են, ասենք, Մեծարենցի, Տերյանի բանաստեղծությունները և ԲԱՆԻՎ հղացված բովանդակություն (սա էլ ՝ իր «հատուկ որակի վառելիքը»), այսինքն` ոչ սոցիալ-կենցաղային ասելիքի վրա հենված բովանդակություն։ Թեմաները պետք է «հավերժ-մարդկային» լինեն՝ սեր, ծնունդ, մահ և այլն։ Տեսեք, այսօր Ֆրիկը գրեթե միայն գրապատմական արժեք ունի, իսկ ի՞նչ պոեզիա ենք դարեր հետո էլ կլանված կարդում, իհարկե՝ Նարեկացի, Քուչակ, Շնորհալի․․․


-Ինքներդ ո՞ւմ եք կարդում, վերադառնում ժամանակ առ ժամանակ․․․ Ժամանակակից, դասական, հայ, կամ օտար:

-Քիչ եմ վերընթերցում։ Ավելի շատ․․․ մտածում եմ, քան որևէ բան նայում կամ գիրք ընթերցում։ Լրիվորեն «ներքին հոգևոր ռեսուրսներով» եմ տարված և դրա արդյունքում վերջերս շատ խոհագրություններ են գրվում, որոնց մեծ մասը հրապարակել եք Ardi.am գրամշակութային կայքում և որոնք վերջերս լույս են տեսել առանձին գրքով՝ «Բանաստեղծության «ներսը» և «դուրսը» խորագրով, և մի այդպիսի խոհագրությունների ժողովածու էլ արդեն կիսով չափ պատրաստ է։ Եթե ցանկանայի վերընթերցել, կկարդայի Նարեկացի, Մեծարենց, Ռիլկե, Սեն-Ժոն Պերս, Պոլ Վալերի և այլն։ Այս և նախասիրած այլ պոետների գրքերը երբեմն ձեռքս եմ վերցնում, թերթում, մի քանի բան կարդում:

-Որտեղի՞ց եք «վերցնում» պոեզիան, բառը, լիցքը ինչպե՞ս են ծնվում։

-Դա ոչ գիտակցական, «անվերահսկելի» բան է, նույն․․․ հղիության ցավերն են, որոնք սակայն կանխատեսված չեն ոչ «իննամսյակով», ոչ էլ որևէ մի այլ բանով։ Այդ «ծննդյան ցավերը» (ներողություն այս համեմատությունը չարաշահելու համար) կարող են հանկարծակի սկսվել, ասենք, տրանսպորտում, և բախտս բերել է, որ չնայած առաջացած տարիքիս, «ծնված» ամբողջական տեքստը դեռ կարողանում եմ մտապահել և շտապել հասնել թղթին կամ համակարգիչին:

-Շա՞տ է տարբեր այն նյութը, որ տալիս եք բանաստեղծություններով, և նյութը, որ խոհափիլիսոփայական վերլուծությունների միջոցով եք հասցնում ընթերցողին։

-Ոչ, ամեն ինչի մեջ, ամեն գրածիս մեջ ես միևնույնն եմ։

-Ի՞նչ է պետք, որ գրողը գտնի իր ընթերցողին։ Անցյալում ինչպե՞ս էր, և ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնում գրողը հիմա։

-Պետք է․․․ որ ընթերցո՛ղը գտնի իր գրողին, իսկ դա գովազդի շնորհիվ է։ Մեծ դեր ունի հեռուստատեսությունը, գրաքննադատական հոդվածներում «տեղի արժանանալը», հարցազրույցները․․․ Եթե սրանք չկան՝ նոր ծնված մի Շեքսպիր կարող է անհայտ մնալ և ոնց եկել է՝ այնպես էլ անհետանալ․․․ Թումանյանն ասում էր՝ պախրան (եղջերուն –Զ․ Բ․) ինքն է սարքում իր եղջյուրները (այսինքն՝ ծառաբներին հպելով՝ ձև տալիս դրանց- Զ․ Բ․), ուզում էր ասել, որ սկսնակ բանաստեղծներին խորհուրդ տալն անօգուտ է, սկսնակը ինքը պիտի աշխատի իր վրա։ Հիմա գրողը ինքը պիտի զբաղվի իր «գովազդով»՝ սերտ հարաբերություններ հաստատի գրաքննադատների, ԶԼՄ-ների հետ և այլն, այլապես, եթե համեստ կամ անհոգ եղավ այս հարցում, ոտքից գլուխ կորած է․․․ ինչպես Զավեն Բեկյանը․․․

-Եթե նախկինում գրաքննություն կար, արգելված գրքեր կային, հիմա ով ինչ ուզում տպագրում է։ Լա՞վ է, թե՞ պետք է լինի «վերին մի ատյան», որ կասի՝ սա մի կարդացեք, սա կարդացեք։ Ի վերջո, գրականության պատմության մեջ մնալու է արժեքավորը, մնայունը։

-Գրական «արտադրանքի» այսօրվա «հեղեղի» մեջ անիմաստ, անօգուտ բան է գրական խոտանի դեմ պայքարելը։ Վատը շատ է, և վատը քննադատելն անհնարին և անիմաստ բան է։ Պետք է պարզապես լա՛վը վեր հանել, ի ցույց դնել։ Դա գրաքննադատները պետք է անեն, բայց վերջիններս այսօր փոքրաթիվ են, փոքրաթիվ լինելով էլ՝ խուսափում են գրել այսօրվա հեղինակների մասին, որպեսզի գլխացավանքի, կռիվների մեջ չընկնեն։ Կա ավելի վատ տեսակը՝ որ գրախոսություններ է գրում բաժակաճառի պես, երևի հեղինակը սրանց խմացնում էլ է․․․ Այստեղ հիշեցի Հրանտ Մաթևոսյանի հերոսին՝ Ռոստոմին, որ անտառապահի կերպարի մասին, մոտավորապես, այսպես է ասում․ «Սրա-նրա դռանը մի բաժակ արաղի համար ոտքը կախ գցածի փոխարեն ես անտառապահի պաշտոնը բարձրացրեցի Ռոստոմ Սարգսյանի ձիավոր աստիճանին»․․․

-Ինչպե՞ս կգնահատեք մեր օրերի գրական մամուլը։

-Գրական մամուլ գրեթե չկա, «Գրական թերթն» է, «Նորք» հանդեսը, որոնք տարածում քիչ ունեն, իսկ ես կթվարկեի ոչ հեռու անցյալի բազմաթիվ գրական պարբերականների՝ «Անդին» , «Նարցիս» և այլն։ Նախկինում ամեն տարի այս թվարկածս հանդեսներում ես մի գրքի ծավալ էի տպագրում, չնայած շատ տպագրվելն էլ ճիշտ բան չի։ Այսօր գրական կայքերն են շատ, երևի այդպես էլ պիտի լինի, թղթե հանդեսները պիտի վերանան, ամեն ինչ վիրտուալ է դառնում, և վաղն էլ գուցե վիրտուալ մի հեղինակ՝ արհեստական բանականությունը, դուրս մղի ասպարեզից մեզ՝ բնական բանականության տեր գրողներիս․․․

-Ինչո՞ւ գրողներն ու գրականագետները իրար չեն սիրում․ այս հարցը նախկինում էի հաճախ էի տալիս գրողներ։ Դուք ի՞նչ կպատասխանեիք։

-Մեծ մասամբ այդպես է, որովհետև գրականագետներից, գրաքննադատներից շատերը… դրանք ձախողված գրողներ են և ինչ-որ չափով քինախնդիր են իրենց «հացը խլած» գրողների հանդեպ։ Ես «սիրելի գրականագետներ» ունեմ սակայն՝ օրինակ,երջանկահիշատակ Ալեքսանդր Թոփչյանը և այսօրվաններից նրանք, ովքեր համապատասխանում են Հրանտ Մաթևոսյանի վեպի Ռոստոմի «սահմանած չափանիշներին»։

-Կարողանում եք ինքներդ Ձեզ կողքից նայել, գնահատել կամ քննադատել։ Ձեր ո՞ր ստեղծագործությունը, շարք կամ գիրքը կառանձնացնեիք։

-ԴԺվարությամբ։ Կողքից հայացք, լավ գրաքննադատ է պետք, ինչից զուրկ եմ։ Իմ թվով տասնմեկ բանաստեղծական ժողովածուներից հավանում եմ առաջինը՝ «Պսակբացեք», 1990թ․ և վերջին երկուսը՝ «Գիսաստղ կյանք», 2020թ․, և «Տեսադաշտեր», 2024թ․։

-Առաջիկա ծրագրերի, սպասվող նորությունների մասին․․․

-Տպագրության պատրաստ ունեմ երեք գիրք, երկու բանաստեղծական ժողովածու (երկու՝ որովհետև դրանցից մեկն այսպես կոչված՝ «անտիպոեզիա» է) և մի մանկական բանաստեղծությունների ժողովածու։ Քիչ-քիչ ստվարանում է նաև խոհագրություններիս երկրորդ գիրքը։

Զրուցեց Արմինե Սարգսյանը