Հատկապես ամռան ամիսներին Երևանի փողոցներում օրվա տարբեր ժամերի շատ երաժիշտներ են հանդես գալիս։ Փողոցային երաժիշտներն էլ երաժշտությամբ կենդանացնում են մայթերը, այգիները, երբեմն էլ՝ խառնվում մեր մտքերին ու անցող-դարձողների տրամադրություններին։ Նրանք ունեն բեմ՝ առանց վարագույրների, ունկնդիր՝ առանց տոմսի, և նվագում են առանց դիմակների։ Կարևորը՝ անկեղծ նվիրումով։ Ոմանք երաժշտական կրթություն են ստացել, ոմանք էլ ինքնուս են։ Նրանց միավորում է երաժշտությունը, բայց յուրաքանչյուրն առանձնահատուկ է իր մոտեցումներում։ Մի շարք ճանաչված երաժիշտներ ու երաժշտական խմբեր իրենց ճանապարհը հենց փողոցային կատարումներից են սկսել։
Իտալական ռոքի պայծառ ներկայացուցիչներից է «Մանեսկին» խումբը, որին մեծ ճանաչում բերեց 2017 թվականի X Factor-ի իտալական տարբերակում մասնակցությունը և հատկապես 2021 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում տարած հաղթանակը: Խումբն իր ճանապարհն սկսել է 2016-ին, երբ խմբի անդամները հանդես էին գալիս Հռոմի Կոլի Պորտուենսիի շրջանի փողոցներում՝ ուրախացնելով անցորդներին իրենց ինքնատիպ կատարումներով։ Նրանց ստեղծագործական վերելքը սկսվեց արդեն 2017-ից․ Sony Music լեյբլի աջակցությամբ խումբը թողարկեց իր դեբյուտային սինգլը՝ դրանով բացելով իր արագ վերելքի էջը։



Բրիտանական ճանաչված երգիչ և երգահան Էդ Շիրանը ևս հետաքրքիր ճանապարհ է անցել. նախքան համաշխարհային հիթ-շքերթները գլխավորելը Շիրանը սովորական փողոցային երաժիշտ էր։ Նա ցերեկները նվագում էր փողոցներում՝ պատահական անցորդների համար, իսկ գիշերները երբեմն ստիպված էր քնել մետրոյի կայարաններում։ Սակայն դժվարությունները չընկճեցին նրան: Շիրանը ոչ միայն չհանձնվեց, այլև կարողացավ հասնել փառքի գագաթնակետին. նրա վերջին ալբոմը՝ Equals-ը, դարձավ գլոբալ սենսացիա՝ հայտմվելով բազում միջազգային հիթ շքերթների առաջին հորիզոնականում:
Նույնքան ոգեշնչող է Ջորջ Մայքլի անցած փառքի ճանապարհը։ Wham! փոփ դուետի համահիմնադիրը Էնդրյու Ռիջլիի հետ 1981 թվականին միավորվելով՝ ստեղծեց երաժշտական մի երևույթ, որը հետագայում դուրս եկավ Մեծ Բրիտանիայի սահմաններից։ Իսկ մինչ այդ Մայքլն իր երաժշտական տաղանդով գրավում էր Լոնդոնի մետրոյի ուղևորների ուշադրությունը՝ կատարելով տարբեր բրիտանական ռոք խմբերի, այդ թվում Queen-ի 39 երգերը։ Այս համեստ, բայց ազնիվ սկիզբը դարձավ նրա փառավոր կարիերայի առաջին էջը։
Եվ իհարկե չենք կարող չխոսել բլյուզի թագավոր Ռայլի Բի Քինգի՝ BB King-ի մասին: ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում գտնվող իր հայրենի Իտա Բինա քաղաքի փողոցներում կիթառով ելույթներ ունեցող երիտասարդը աստիճանաբար դարձավ ամերիկյան բլյուզի ամենատպավորիչ ձայներից մեկը։ Նա նվագում էր ջազային երեկոներին, իսկ երկրպագուների բանակը աճում էր քաղաքից քաղաք։ Ժամանակի ընթացքում Քինգը դարձավ ռադիոյի սիրված դիջեյ և ստացավ BB King մականունը՝ Beale Street Blues Boy-ի կրճատ տարբերակը՝ ի պատիվ Մեմֆիսի այն հայտնի փողոցի, որտեղ տարիներ շարունակ երգել է։
Այս բոլոր պատմությունները վկայում են մի պարզ, բայց հզոր ճշմարտություն․ փառքի ճամփան հաճախ սկսվում է ոչ թե մեծ բեմերից, այլ փողոցներից և ուղեկցվում է աշխատասիրությամբ, հավատով և անհավանական նվիրումով։
Վովա Արզումանյան