Բացարձակի համընդգրկուն միմոզա ծաղիկը
ՄԻՄՈԶԱ ԱՄԱՉԿՈՏ բույսը շատ լուսասեր է և չի վախենում ուղիղ ճառագայթներից։ Հարկ է նշել, որ mimosa pudica-ն պետք է պահել փոքր երեխաների համար անհասանելի բարձրության վրա։ Այն, որ ծաղիկը ծալում է իր տերևները՝ ի պատասխան ցանկացած հպման, նրանց կողմից կարող է ընկալվել որպես խաղ։ Բույսը որոշակի էներգիա է ծախսում, ուստի հաճախակի դիպչելը կարող է հանգեցնել նրա չորացմանը:
Սա այդ ծաղկի մասին Վիքիպեդիայի գրառումն է։ Ծաղկի այդ հատկությունը՝ տերևները ծալելը, իհարկե խաղ չէ, այլ ինքնապաշտպանական գործողություն, ինչպես որ ոզնու կամ կրիայի կծկվելն է։
ԳԱՂՏՆԱԽՈՐՀՈՒՐԴԻ հոգևոր դաշտում էլի՛ մի բան կա, որ պաշտպանվում է մեզանից։ Այն, որ մեր ճանաչողությունը թիզ առ թիզ կամ մղոն առ մղոն մեկնում, գիտականորեն արձանագրում է մեր շուրջն եղած ամեն ինչ՝ դա մեր հաղթանակն է- մենք ԱՆՀԱՅՏԸ ՀԱՅՏՆԻ ենք դարձնում։ Բայց պատկերացնենք մի տիեզերական հսկա՜, լուսեղեն , ոգեղեն անմատչելի ժայռածերպերում աճող էդելվեյս կոչվող ծաղիկ, որին իմացության ալպինիստները, դժվարությամբ մագլցելով ու վերջապես տեղ հասնելով, լուսանկարում են բոլոր կողմերից և․․․ծաղկի լուսանկարված ամեն հատված նախ խունանում է, ապա ոչնչանում, անհետանում․․․
ԳԻՏԵԼԻՔԸ, քաղցկեղի պես խորանալով, տարածվելով ԱՆՀԱՅՏԻ տիրույթում, յուրացնում է այն, դարձնում Հայտնի, դարձնում․․․ մետաֆիզիկական դիակ։ Առաջին քրիստոնեական աստվածաբան Պողոս առաքյալն ինչու՞ է ասում․ «Գիրը սպանում է», ինչու՞ Հիսուս Քրիստոս գրավոր ոչինչ չի թողել,- ըստ ավանդության, Նա ավազների վրա միայն մի անգամ ինչ-որ բաներ է գրոտել ու ապա նորից ջնջել․․․ «Գրով սպանելու» մասին ես մի բան ունեմ․
ԲԱՌԸ
Գիրը սպանում է։
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼ
Բառը իմ մեղքն է-
Անհայտությունից իմ մեջ որսալով,
ես նրան մարմին տվեցի մի օր
ու նա ճեփ-ճերմակ թղթին մահացավ,
ու հուղարկավոր տառերի շարքը
տողերով անցավ․․․
Եվ հիմա այսպես՝
մի ձկնորսի պես
նստած եմ հոգուս ծովի եզերքին
ու արձագանքն եմ որսում ափից ափ
զարկվող Խորհրդի,
գրի առնում այն — մի փոխակերպման
գործի՜ք եմ մթին ․․․
Անտիպ
Կամ՝ պոեզիայի մասին այս եմ գրել․
Պոեզիա աղջիկն ինքն է՛լ
չի նայում իր աչքերին,
չի նայում հայելու մեջ,
խուսափում է սրտդող։
Հենց նայի՝ կմահանա,
կքարանա տող առ տող ․․․
Եվ մի նայիր աչքերին,
միայն երգն իր լսիր ․․․
Պոեզիան Սաֆոն է և
Գորգոնը միաժամանակ։
Աթենասի դուստրն է՝
նրա գլխից ծնված․․․
Դառն իմաստություն է և
նրբություն անբասիր։
Դու մի նայիր աչքերին,
միայն երգն իր լսիր ․․․
«Տեսադաշտեր» ժողովածու, 2024թ․
Այո, զի «պոեզիայի աղջկա» դեպքում է՛լ կարող է գործել «գորգոն Մեդուզայի օրենքը»․․․
Բա այդ ինչու՞ է մտքի տիտանների կողմից Ոգու «ինքնափորփրումը» պատմության մեջ հայտնի դեպքերում ավարտվել ողբերգությամբ՝ խելագարությամբ։ Որովհետև կատարվել է այն նույն բանն, ինչ տեղի ունեցավ գորգոն Մեդուզայի հետ։ Գորգոն Մեդուզան իր հայացքն ամեն կենդանի բանի ուղղելով ոչնչացնում էր այն և մի անգամ հայելու մեջ այդ «օձագիսակ տիկինը» տեսավ հենց ինքն իրեն (կարծեմ Պերսևսն էր՝ հայելին պահեց նրա առաջ) ու․․․ սպանեց արդեն ինքն իրեն։ Ես այդ մասին ևս մի բանաստեղծություն ունեմ․
ԳՈՐԳՈՆ ՄԵԴՈՒԶԱՅԻ ՄԱՀԸ
Մեդուզան զմայլված նայեց հայելու մեջ,
օձեղեն խոպոպները մատներով հարդարելով,
զի ամեն դեպքում մի կին էր Մեդուզան՝
հայելու հանդեպ իր
վաղնջական սիրով ․․․
Շփեց այտերը, ձեռքը
տարավ ալ շրթներկին։
Նայեց բիբերի խորքը,երկչոտ
զննեց վիհը Մեղքի ․․․
Կռվում էին երկու «ես» —
խու՜լ ինքնահակասում ․․․
Մութ տենդի մեջ զգում էր՝
ոնց է շունչը պակասում։
Սմքեցին ու վայր իջան
խոպոպներն օձեղեն։
Մա՛հ կա հայելու մեջ –
միշտ այդպես է եղել ․․․
«Տեսադաշտեր» ժողովածու, 2024թ․
Ճանաչողության միջոցը՝ գիտակցությունը, հենց որ կարողանա «ետ շրջվել» ու սևեռվել իր ակունքի վրա՝ անմիջապես «կցամաքեցնի» այն, այն՝ ինչ պատահել է մտքի ձախողված, խելագարված տիտանների հետ, ովքեր Բացարձակ Ոգուց «չարտոնված» մտասևեռումներ են արել․․․
Արգելված է անառակ որդու պես ներխուժել այն կալվածքները, որոնք ՀԱՅՐԱԿԱՆ են։ Արգելված է Քամի պես զննել սեփական հոր մերկությունը։ Աստված սիրում է մեզ հայրաբար, բայց ունի․․․ «ինտիմ» տիրույթներ, որոնք մեզ ՝ Իր որդիների համար թույլատրված չեն։ Այս մասին գրել եմ․
ՔԱՄ
Միայն հագուստիդ
քղանցքն եմ տեսնում ՝
ծոպերիզն ոսկե
Քո պատմուճանի —
ու մի քանի նախշ՝
սրտով իմ ՝ թղթին ․․․
Հայացքս սակայն
ավելի խրթին
բանի է ձգտում։
Բայց անիծյալ է
իմ բերկրությունը —
որդու ինչի՞ն է
հոր մերկությունը ․․․
Մի՛ թող ամաչեմ,
հանի՜ր ինձանից
հանդգնությունս,
ներիր ու ասա,
ասա՝ Քամը չե՜ս ․․․
«Տեսադաշտեր» ժողովածու, 2024թ․
Ամեն ինչին ուժ տվողը Բարձրյալն է, և երբ Իր ուժը շրջվում է Իր իսկ դեմ ՝ պատժվում և չեզոքացվում է, ինչպես որ Լյուցիֆերի կամ Անկյալ հրեշտակի դեպքում եղավ․
ԼՅՈՒՑԻՖԵՐ ԿԱՄ ԱՆԿՅԱԼ ՀՐԵՇՏԱԿ
Փառաբանման շուրջպար-պտույտ,
հրեշտակներ ան»Ես» ճախրող —
հանց թիթեռներ՝ մի ծաղկի շուրջ,
նույն բույրի շուրջ մերձող, ախորժ ․․․
Շուրջպար-պտու՜յտ փառաբանման՝
ի շուրջ Լուսո Հոծ Կենտրոնի,
ուր ամեն մի զատ հրեշտակ
չէր կարծում , որ իր լույսն ունի ․․․
Զի ամենքի լույսն զգեցյալ
անդրադարձն էր Հոծ Կենտրոնից
բխյալ լույսի — էմանացիան
անսպառ ու աննվազ Իր։
Բայց ահա մեկը նրանցից
լուսոլորտը իր նկատեց՝
լուսաօղակն էլիպսածիր –
«Ես -զա՛տ — ԵՍ եմ» ,- այսպես դատեց․․․
Եվ տատանվեց խոտորընթաց
և թերացավ փառատրության
խմբերգի մեջ — ու մթնդած
ձայնարկությամբ լլկեց շղթան․․․
Ապա զրկված Կենտրոնաձիգ
պահող ուժից՝ պոկվեց ծիրից
Արարչական ու վընգոցով
վա՜ր շպրտվեց Դասից Վերին ․․․
«Տեսադաշտեր» ժողովածու, 2024թ․
Զավեն Բեկյան





