Հովիկ Հովեյանը միֆի, անմեկնելիի, անիմանալիի խորհուրդներով տարված հորինող է: Իր ներաշխարհի որոնումներին հետամուտ` նա այսօրվա ապրումի սաղմերը շոշափում-երևան է հանում հնամենի պատմության խորաշերտերում, որոնց միջից երևակվում են հեռավոր ժամանակների՝ առարկայորեն հստակ պատկերները՝ մերօրյա տագնապների արձագանքներով:
Հովեյանն անվերջ փնտրտուքի մեջ է. գտնում ու չի գտնում ինքն իրեն, իր նախահայրերի, արքաների, տոտեմի շավիղները: Որոնումները նրան տանում են նախնյաց ծովերի աղե հիշողության կածաններով: Յոթերորդ, թե չգիտես որերորդ դարում Հովեյանի ժամանակացույցը դուրս է ելնում արեգակնային պտուտածիրից ու տրվում ինքնագլուխ չափուձևումների սլացքին. նրա ժամացույցով «Աշունն անց է մի փունջ» մայրամուտ, հիացում կամ ավերակ, «Օվկիանոսն անց է // Մի վերջին գետամեջ…», «Ժամանակն անց է // Մի ողջ անժամանակություն…»:
Ինքնաորոնումի ուղին բանաստեղծին տանում է դեպի Արագած և Սյունյաց սարեր, «դեպի կողմերը Հնդու» և Արևելք, դեպի «Կրեմլի ուշացած պարիսպներն» ու սելջուկի ոտնահետքով ապականված տարածությունները: Չվերջացող այս ճանապարհին նրա կանգառները բազում են ու տարաբնույթ: «Փշաքաղված խաչերով» լեցուն Եփրատի ափին, օրինակ, Հովեյանի կանգառը արաբ ձկնորսի ձեռամբ ափ հանված տատի հետ նախասահմանված հանդիպումով է պատճառաբանված.
Արաբ ձկնորսը
Խաչ էր որսում…
Այս մեկն
Իմ տատն էր`
Արնոտ թեփուկներով…
Վաղ շրջանի գործերում Հովեյանն առավել «անվրդով» էր բանաստեղծացնում տատին («Ալ գոգնոցը տատս էր»), բայց և անժխտելի է, որ գոգնոցը, այնուամենայնիվ, ալ էր` արնագույն, այնինչ կարող էր լինել նաև երփնազան-ծիածանափայլ:
Երկնային ու երկրային սահմանագծերում երփնազան-ծիածանափայլի չգտնումից ելք փնտրող բանաստեղծը ճարպիկ մի հնարքով իր (մե՛ր) համեստ բույնն է հյուսում Փրկչի տիրույթներում և փաստորեն նախանշում ինքնափրկման ամենահավաստի ուղին.
Հիսուս Քրիստոս`
Երկնքի ու Երկրի միջև
Անվերջորեն ծավալվող
Ձեռագիր մատյան…
Եվ ես`
Տողադարձդ
Չնչին…
Հովեյանի բանաստեղծություններում ժամանակակից ու անգամ ոչ պոետիկ աղմուկը տարերայնորեն մխրճվում է քնարական գանձերի միջնադար և հասնում դրանից էլ անդին` իր պտույտի մեջ առնելով նախաջրհեղեղյան առեղծվածային ժամանակներից մինչև «թափանցիկ» նախընտրականը, մագաղաթաբույր ծիսանվագներից մինչև մերսեդեսի շչակներն ու «ջազի հատապտուղներից պատրաստված կոկտեյլները», անցյալի մարմրող թափառական երազներից մինչև մոնիթորինգային վազքերը ծավալվող անցուդարձերը: Տեղ-տեղ քնարական ներդաշնակությունը վերածվում է քաղաքական ձևախեղումների համապատկերն իր վրա կրող կտավի, ապա և՝ Փարաջանովյան կինոդրվագի արտանկարի:
Քանի որ ամենայն բանաստեղծականի մեջ գեղեցկագույնը թախծաբույր ռոմանտիկան է, ուստի բանաստեղծ Հովեյանը կախվում է «պատշգամբի համբերանքից թամանյանական» ու այդ փրկօղակով ափ դուրս գալիս բանաստեղծության բյուրեղացումների չապականված կղզյակներում:
Նրա գրքերը՝ պատմական ու նախապատմական ժամանակներն ակնարկող վերնագրերով (Հիշողության կավ, Ուրարտական անձրևներ, Վրիպած ջրհեղեղ, Անժամանակություն և այլն) հուշում են, որ դրանց էջերում ընթերցողը գտնելու է անհայտ ու անմեկնելի ինչ-որ ժամանակների կամ անժամանակների ընթացագրությունը:
Վերջին շրջանում՝ «Նեոհայկական ֆուտյուր» վերնագրի ներքո ներկայացվող բանաստեղծությունների շարքում, մենք տեսնում-հայտնաբերում ենք փոքր-ինչ անսովոր Հովիկ Հովեյանին: Իհարկե, նա նախապատմական շրջափուլերում, երկրագնդի անդրկեղևային բազմաշերտերում նախաձեռնած իր բանաստեղծական պեղումների մեջ խիստ պահպանողական չէ և իր գրչածայրը հաճախ է լիցքավորում ժամանակակից պատկերների ու հոգեձևերի մելանով: Բայց սովորաբար այդ պարագաներում նրա պոեզիան հնչում է բոհեմական, սաքսոֆոնաջազային վարիացիաների ռիթմերով.
Երբ մանուկ էի, մատներս կերավ
Ստեղնաշարը դաշնամուրի…
Պատանությանս օրերին ջութակի աղեղն
Անգթորեն կուրծքս խոցեց…
Հետո մնացի կիթառի տեղատարափի տակ,
Եվ պատսպարանս միայն սաքսոֆոնի
Նկուղը եղավ…
Հիմա Գևորգ Դաբաղյանի
Եղեգնախոս շամբուտներում
Մենավոր սոսափ եմ
Դուդուկի…
Մինչդեռ «ֆուտյուրներում» մեր առջև հառնում է նոր «այսօրապատում», որը չի առնչվում բոհեմի, մայրաքաղաքային նրբաքիմք հասարակության, ինչ-որ տեղ քաղքենիորեն շքեղ հովեյանական քնարերգության հետ: Մենք տեսնում ենք նոր «այսօրապատում», որը հողեղեն է, կոպիտ, ասֆալտամերձ, հմայաթափ.
Ամազոնից մի քիչ հարավ՝
Տեղատարափ թութակների,
Մեր շեն կյանքը էս ի՞նչ դառավ՝
Զբոսանավ ախմախների:
Սխա՛լ, սխա՛լ աններելի՝
Իրանում՝ նավթ, Դանիայում՝ նավ,
Հայաստանում կարկուտն էլի
Ծիրանի սաղ բերքը տարավ:
Ամազոնից մի քիչ հարավ
Շլդո մի հայ դաչա առավ…
Արա վա՜յ-վա՜յ. հա՛ֆ-հա՛ֆ, հա՛ֆ-հա՛ֆ…
Հովեյանին ծանոթ ընթերցողը, մի քիչ շփոթված այս ոչ գրական բառատարափից ու խառնափնթոր գույների խաչաձևումներից, այնուամենայնիվ վերագտնում է ինքն իրեն ու արձանագրում, որ հեղինակը որոշել է արտածել նոր անհայտներով մի բանաձև, որին հասնելու-հանգուցալուծելու գաղտնագրերին պետք է սպասել, թերևս, առաջիկա ժողովածուներում, քանզի ինքը՝ Հովեյանն է խոստովանում.
Թանգարանի մուտքի դռան
մանրամասն եմ,
Բացուփակվելս զարկերակիս սիրո
խոստովանությունն է
Պեղումներիս ուշացմանը…
Հավելենք, որ առաջիկայում Ardi.am-ը կհրապարակի Հովիկ Հովեյանի անտիպ բանաստեղծություններից: Դրանք ընդգրկված են նրա նոր ժողովածուում, որը լույս կտեսնի օրերս: Այս անգամ ևս Հովեյանի բանաստեղծության արմատը ձգվում է դեպի նախնիների պատմության խորքերը, դիցապաշտական ժամանակները, օտարի զոհասեղանին դրված մեր ինքության վավերագիր-մասունքներն ու խրամատում նահատակված մերօրյա զինվորի սրբազան մարմինը, որի միջով էլ անցնում է ապուպապերի ոսկրին կապող թել-զարկերակը՝ միտված հավերժին ու անմահությանը:
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարը՝ Հովիկ Հովեյանի ֆեյսբուքյան էջից
No Comments