Մարդկային հարաբերությունների խոցելիություն, մահվան անխուսափելիության ազդեցություն և ներքին վախեր․ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում բեմադրվել է ֆրանսիացի դրամատուրգ Ֆլորիան Զելլերի «Եթե դու մեռնեիր» հոգեբանական դրաման։ Զելլերի պիեսներում առանցքային թեմաներն են ճշմարտության և ստի փոխհարաբերությունները։ Նա հաճախ անդրադառնում է ընտանիքի շրջանակներում առկա հավերժական հակասությանը՝ այն համոզմանը, թե ընտանիքը ճշմարտության նկատմամբ առավել բաց և ընկալունակ միջավայր է։ Սակայն Զելլերը ցույց է տալիս հակառակը․ հենց ընտանիքի ներսում է հաճախ ստի և խաբեության մեխանիզմը գործում առավել խորը։ Հեղինակի պիեսներում կին կերպարները հաճախ հանդես են գալիս որպես հիշողության կրողներ և ճշմարտության որոնողներ։
«Եթե դու մեռնեիր» ներկայացումն իր կառուցվածքով և հոգեբանական խտությամբ հանդիսատեսին կանգնեցնում է երկու զուգահեռ իրականությունների միջև, որտեղ անցյալն ու ներկան մշուշոտ սահմաններով խաչվում են։ Ներկայացման կառուցվածքը կարելի է բնորոշել որպես երկակի ժամանակա-հոգեբանական հյուսվածք, որն ըստ գերմանացի նշանավոր թատերագետ ու տեսաբան Հանս-Թիես Լեյմանի պոստդրամատիկական թատրոնի մեկնաբանության, խախտում է պատմողական գծայնությունը և հանդիսատեսին դարձնում ոչ թե հետևող, այլ ընկալման գործընթացի մասնակից։


Բեմադրիչ Տաթևիկ Մելքոնյանը՝ իրեն բնորոշ ռեժիսորական խորը զգացողությամբ և ինքնատիպ լուծումներով, կարողացել է ստեղծել բեմական տարածք, որտեղ իրականությունն ու երևակայությունը մշտապես իրար կողքի են։ Բեմադրիչի մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ բեմական իրականությունը հասել է գիտակցականի տիրույթ։ Հարկ է նշել, որ հանդիսատեսի համար ներկայացումը վերածվում է ինտելեկտուալ փորձի՝ հանելուկի, քննության, հետաքննության։
Ներկայացման գործողությունները ծավալվում են երկու աշխարհներում՝առաջինում Պիեռը դեռ կենդանի է, և ընտանեկան լարվածությունը գագաթնակետին է հասնում։ Երկրորդում Պիեռն արդեն մահացած է, և Աննան՝ նրա կինը, փորձում է վերակառուցել անցյալի ճեղքված հատվածները՝ զրուցելով Դանիելի և Լորայի հետ։ Այս ներկայացումը հիշեցնում է, որ գիտակցությունը երբեք գծային չէ․ անցյալը մշտապես ներխուժում է ներկա՝ փոխելով ընկալման շրջանակները։ Դրա շնորհիվ է նաև, որ հանդիսատեսը ոչ թե պարզապես հետևում է պատմությանը, այլ ապրում է այն՝ նույն մոլորությամբ ու կասկածներով, ինչ հերոսները։ Ժամանակի և հիշողության այս մշուշոտությունը հիշեցնում է ֆրանսիացի փիլիսոփա Անրի Բերգսոնի «տևողության» գաղափարը, ըստ որի անցյալն ու ներկան մշտապես համաժամանակյա են գիտակցության մեջ։

Ներկայացման առանցքում Աննայի կերպարն է․ նա վերջերս այրիացել է և իր մահացած ամուսնու՝ Պիեռի գրասեղանի մեջ գտնում է վերջինիս գրած պիեսի տեքստերը։ Այդ տեքստերը սկսում են Աննային հետապնդել ու մղել կասկածների․ գուցե Պիեռը սիրահարվել էր Լորա անունով դերասանուհուն։ Գուցե նա պատրաստվում էր լքել կնոջը հենց այն պահին, երբ վթարը խլեց նրա կյանքը։ Պիեռի լավագույն ընկեր Դանիելի օգնությամբ Աննան սկսում է «հետաքննություն»՝ փորձելով գտնել այն պատասխաններն ու իմաստները, որոնք, կարծես, մահը տարել էր իր հետ։
Այս ներկայացման հիմքում ընկած խորքային թեման սիրել չկարողանալու մարդկային վիճակն է։ Զելլերը ցույց է տալիս, որ ցավը միշտ չի գալիս բացահայտ դավաճանությունից․ երբեմն այն ծնվում է լռությունից, չասված խոսքերից, սխալ ընկալումներից։ Անկախ նրանից՝ հերոսները թաքցնո՞ւմ են ճշմարտությունը, թե՞ բացահայտում այն, ցավն անխուսափելի է։ Աննայի կասկածները Պիեռի դավաճանության շուրջ դառնում են ոչ թե կոնկրետ փաստի արձագանք, այլ նրա ներաշխարհի փլուզման արտահայտություն։ Զելլերի դրաման կարծես ասում է․ մենք ցավ ենք պատճառում մեզ ամենամոտ մարդկանց ոչ միայն այն պատճառով, ինչ անում ենք, այլ նաև՝ ինչ չենք կարողանում զգալ։


Մի քանի տող էլ դերակատարների մասին։ Տաթև Հովակիմյանի, Հարություն Հովհաննիսյանի, Թելման Խաչատրյանի և Վալենտինա Դավիթավյանի խաղը առանձնանում էր հոգեբանական հստակությամբ։ Դերակատարները զգացողության նրբերանգները փոխանցում էին առանց գերխաղի՝ պահելով ամբողջ ներքին լարվածությունը։
Ժամանակակից աշխարհում Ֆլորիան Զելլերի առաջ բերած թեմաները ձեռք են բերում նոր համատեքստ․ մարդկանց գիտակցությունը հեղեղված է սոցիալական ցանցերով հաճախ տարածվող կեղծ տեղեկատվությամբ, որն օգտագործվում է քաղաքական նպատակներով և սոցիալական ազդեցություն ձեռք բերելու համար։ Ճշմարտությունը դառնում է ավելի ու ավելի հարաբերական՝ ոչ միայն մետաֆիզիկական իմաստով, այլև՝ օբյեկտիվ․ փաստերը խեղաթյուրվում են, իսկ ստերը շրջանառվում են՝ ձևավորելով նոր տեսակի գիտակցական միջավայր, որտեղ ճշմարտությունը մշտապես սահում է ձեռքից։ Սա համահունչ է փիլիսոփա, սոցիոլոգ Ժան Բոդրիյարի «սիմուլյացիայի» տեսությանը, ըստ որի՝ ճշմարտությունն ու սուտը փոխարինվում են նշանների շրջանառությամբ, որոնք դառնում են նոր իրականության հիմք
Վովա Արզումանյան