Կոնստանտին Օրբելյանն իրականացրել է Վինչենցո Բելինիի «Պուրիտաններ» օպերայի ձայնագրությունը աշխարհահռչակ «Դելոս» ստուդիայում: Համաշխարհային երաժշտական կյանքում դա նշանակալի իրադարձություն է, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «Դելոսը» առանձնապես չի զբաղվում օպերաների ձայնագրությամբ։ Ինչպես տեղեկացնում է fanfarearchive.com-ը՝ Չիկագոյի համալսարանի արվեստագիտության պրոֆեսոր Հենրի Ֆոգելի հավաստմամբ՝ «Դելոսի» այս ձայնագրությունը Վ. Բելինիի «Պուրիտաններ» օպերայի լավագույն ձայնագրություններից մեկն է։ Այն կյանքի է կոչվել Կոնստանտին Օրբելյանի հեղինակության ու ջանքերի շնորհիվ: Օպերայի ձայնագրության գլխավոր դրդապատճառներից մեկն էլ գլխավոր դերակատարի՝ տենոր Լոուրենս Բրաունլիի մասնակցությունն է: Համաշխարհային երաժշտագետների կարծիքով՝ Բրաունլին նույն շարքում է կանգնած Լուչիանո Պավարոտիի, Ջուզեպե դի Ստեֆանոյի, Ալֆրեդո Կրաուսի հետ։ Կարևոր է փաստել նաև ձայնագրության մեջ ընդգրկված երգչուհուն՝ սոպրանո Սառա Քոբուրնին, ով հանդես է գալիս Էլվիրայի դերերգով և համարվում է լավագույն օպերային ձայներից մեկը:
Վ. Բելլինի «Պուրիտաններ» օպերան այս ձայնագրության մեջ ներկայացված է առանց կրճատումների և բելկանտո ոճի երաժշտասերների համար կարող է հիանալի նվեր լինել:
Հենրի Ֆոգելի բնորոշմամբ՝ Օրբելյանն այս ձայնագրությամբ փաստում է, որ համաշխարհային օպերային արվեստի գլուխգործոցը հնարավոր է ներկայացնել լավագույնս՝ նրբորեն զգալով և վերարտադրելով կոմպոզիտորի հույզերն ու երաժշտական փիլիսոփայությունը:
«Պուրիտանները» Վինչենցո Բելինիի երեք գործողությամբ օպերան է, որը կոմպոզիտորի վերջին ավարտուն ստեղծագործությունն է։ Իտալերեն լիբրետտոն գրել է Կարլո Պեպոլին՝ ֆրանսիացի դրամատուրգներ Ժակ-Ֆրանսուա Անսելոյի և Ժոզեֆ-Քսավիեր Սանտինի «Կլորգլխանիներն ու կավալերները» պիեսի հիման վրա։ Առաջնախաղը կայացել է 1835-ի հունվարի 25-ին Փարիզի «Իտալական թատրոնում»։ Դասվում է Բելինիի լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր էլ պարբերաբար բեմադրվում է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։
Լիլիա Շատվերյան
No Comments