Խոշոր աչքերով, վայելչակազմ երիտասարդ կինն էկրանից պատմում է Արցախի մասին։ Դահլիճում նստածները կարկամել են։ Մի պահ, և ծափերը խառնվում են արցունքներին։ Հադրութցի Վերա Սաֆարյանն է՝ արցախյան ազատամարտիկ Արտյուշա Սաֆարյանի դուստրը, «Միսիս Եվրոպա-2022» գեղեցկության մրցույթի երկրորդ մրցանակակիրը։
Վերա Սաֆարյանը ardi.am-ի զրուցակիցն է։
— Վե՛րա, 44-օրյա պատերազմից հետո ընտանիքով հաստատվեցիր Երևանում, աշխատանք գտար։ Պատմի՛ր, խնդրում եմ, Հադրութի քո տան մասին։ Կարոտու՞մ ես։
— Մենք երկու տուն ունեինք․ մեկը մամային պետությունն էր տվել՝ որպես ազատամարտիկի կնոջ, մյուսը պապենականն էր։ Մորս որոշումն էր մնալ հորս ծնողների կողքին ու խնամել նրանց։ Ռմբակոծությունից փլված հին պատերով երկհարկանի շենք էր։ Երբ անձրև էր գալիս, մենք տաշտեր էինք շարում անընդհատ կաթող տանիքի տակ։ Մեր տունն անտառի եզրին էր․ վայրի կենդանիներ կային ու պատերազմից մնացած ականներ։ Մաման միշտ զգուշացնում էր այդ մասին ինձ ու եղբորս, բայց, միևնույն է, մենք մեծանում էինք սարերում։ Այդպես էր, մինչև ձմռան մի օր եղբայրս վնասվեց պայթած ռումբից պատրաստված սահնակը քշելիս։
Պապիս մահից հետո Վերա տատս պակասեցրեց կենդանիների թիվը։ Մի կով ունեինք, որին շատ էի սիրում և միշտ, տատիցս թաքուն, այգու ամենալավ խնձորն էի տալիս։ Հիշում եմ մեր փայտե վառարանը, թոնրի գաթայի ու ժենգյալով հացի բույրը։ Տատս այնքան շատ էր գաթա թխում, որ բոլոր բարեկամներին բաժին էր հանում։
Քաղաքի ամենասիրուն հատվածում պապան հողատարածք էր գնել, որը, ցավոք, չկարողացանք մշակել։
Պատերազմից առաջ երազ էի տեսել, իբր փորձում եմ հավաքել մեր տան լուսանկարները, և հանկարծ թուրքերը բացում են դուռը։ Պատերազմի օրերին, երբ արդեն Հադրութը դատարկվել էր, ադրբեջանցիներն ինձ տեսանյութ ուղարկեցին, թե ինչպես են մտել մեր տուն։ Ես երազս տեսա արթմնի։
Մինչ օրս Արցախ չեմ գնացել։ Հիշողություններս չեն թողնում։ Միգուցե պատճառն այն է, որ մեր տան ճանապարհը փակ է։
— Հայրիկդ զոհվել է մինչև ծնվելդ։ Կյանքիդ ձեռքբերումների մասին խոսելիս միշտ հիշատակում ես նրա ազդեցության մասին։ Դա ի՞նչ կապ է։
— Երբ փոքր էի, մտածում էի ՝ պապան նկարի մեջ է ապրում։ Հետո հասկացա, որ զոհվել է։ Իմ շրջապատում անհայր երեխաներ շատ կային․ ես անգամ չէի զարմանում։ Գերեզմանատան ճանապարհը ցեխոտ էր ու քարուքանդ։ Մաման, ինձ գրկած ու եղբորս ձեռքը բռնած, շաբաթը երկու-երեք անգամ այցելում էր նրան։
Հայրիկիս շատ էր սիրում․ մինչև Հադրութից հեռանալը պահում էր նրա զինվորական շորերն ու ամեն տարի արևին էր տալիս։ Դարակներից մեկում հորս բուշլատն էր, որի գրպանում մաման միշտ գումար էր թողնում մեզ համար։
Հայրիկիս նկարը փակցված էր մեր դպրոցի պատին, եղբորս դասարանը նրա անունով էր։ Ինձ համար նա միշտ ներկա է եղել։ Ասում են, որ շատ էր ուզում աղջիկ ունենալ, նրան երես տալ։ Հորս ցանկությամբ տատիս անունով են ինձ կոչել՝ Վերա։
Ես շատ շատերին հարցուփորձ եմ արել հորս մասին, եղել եմ այն դիրքերում, որտեղ նա է կռվել։ Դասակի հրամանատար էր․ թշնամու հարձակման ժամանակ զինվորներին հանել է դիրքից ու մենակ մնացել մինչև վերջին շունչը։
Բարձրահասակ էր հայրս։ Տատս կատակով պատմում էր, որ մի որոշ ժամանակ բանակից այնքան ծուռումուռ ու տառասխալներով նամակներ էր գրում, որ ինքը սկսել է կասկածել, թե գրողն ուրիշ մեկն է։ Երբ ընտանիքի մասին հարցեր է տվել՝ իրականությունը պարզելու համար, հայրս խոստովանել է, որ ընկել է տանկից ու կոտրել ձեռքը։
Զինվորական ընկերները նրան «Ժելեզնի» էին անվանում։ Այդ անունը ստացել էր դեռ դպրոցական տարիքում, երբ կռվի ժամանակ ուժեղ հարվածից անմիջապես հետո ոտքի էր կանգնել։
Եղբորս հիշելով՝ պապան կարմիր ու կապույտ կազմերով գրքեր ուներ․ նա շատ էր կարդում։ Մի առիթով ընկերուհիս տարել էր նրա կապույտ գիրքը՝ «Լեո»-ն, պատերազմից հետո վերադարձրեց։ Այն քիչ իրերից է, որ կարողացանք փրկել։
Պապան առաջիններից էր կամավորագրվել հայոց բանակին։ Հորս տուն գալու ժամին մամաս դրսում կրակ էր վառում, կաթսայի մեջ ջուր եռացնում։ Միայն լողանալուց ու հագուստը փոխելուց հետո էր նա ներս մտնում։
Միասին երեք տարի ապրեցին, բայց արդեն 30 տարի է, երբ մաման խոսում է ամուսնու մասին, աչքերը փայլում են։ Միշտ սիրով է հիշում այն օրը, երբ պապան վերադարձել էր դիրքից, գրկել իրեն, ծոցից հանել սարի ծաղիկն ու չամիչը։ Չամիչ շատ էր սիրում։ Ոչ մի տեղ նման կիրք ու հավատարմություն չեմ տեսել։ Երևան տեղափոխվելուն պես թվայնացրի հորս լուսանկարներն ու նվիրեցի մամային։
-Քեզ նմանեցնու՞մ են հայրիկին։
-Այո՛, հորս պես ոտքերս ուժեղ եմ դնում գետնին (ծիծաղում է․- հեղ․)։ Առհասարակ ֆիզիկապես ուժեղ եմ։ Բնավորությամբ տարբեր ենք։ Ես առաջին հերթին իմ ու ընտանիքիս մասին եմ մտածում, երբեք չեմ զոհաբերում ինձ հանուն ինչ-որ բանի, իսկ պապան մտահոգվում էր բոլորի մասին։ Ինձ միշտ ասում են՝ բացի քեզնից՝ հայրդ բոլորին ինչ–որ բանով օգնեց, ինչ-որ բան տվեց։ Իսկ ես պատասխանում եմ՝ նա ինձ տվել է ամենակարևորը՝ իմ կյանքը։
-Վե՛րա, մասնագիտությամբ լեզվաբան ես, զբաղվել ես մանկավարժությամբ։ Ինչու՞ որոշեցիր զինվորական ծառայության անցնել։ Ի՞նչ դժվարությունների է հանդիպում բանակում ծառայող կինը։
-Պարզ իրականություն է՝ չունես հայր, ազդեցիկ բարեկամներ, որոնք քո կյանքը կդասավորեն։ Իսկ ես մայր էի ու պիտի երեխայիս ապրուստն ապահովեի։
Պաշտպանության բանակում երկու տարվա ծառայությունը մեծ փորձ էր ինձ համար։ Հանդիպում ես տարբեր մտածելակերպով ու դաստիարակությամբ մարդկանց։ Մեկը հարգում է ծառայելու քո որոշումը, մյուսը՝ քննադատում ու վերապահումով մոտենում։ Բանակում ծառայող կինը պետք է բոլորին հավասար ընդունի, հավատարիմ մնա իր սկզբունքներին։
-Կցանկանայի՞ր զինվորականի կյանքին վերադառնալ։
— Անկեղծ ասած՝ ոչ․ ծառայությունը խլում է էներգիադ, նյարդերդ, արդյունքում տուժում է ընտանիքդ։
-Պատերազմի օրերին որպես զինվորական ես եղել Հադրութի դիրքում։ Ի՞նչ զգացողություններ էին։
— Ոչինչ չի կարող պատերազմից ավելի վատ լինել։ Սարսափելի է տեսնել քեզնից տարիքով փոքր տղաների մահը և չկարողանալ նրանց օգնել։ Պատահել է՝ անճարությունից դուրս եմ եկել խրամատից, նայել եմ երկնքին ու գոռացել Աստծուն՝ այս ի՞նչ ես անում։ Անմարդկային էր այն, ինչ տեղի էր ունենում։ Երբ մեզ՝ կին զինվորականներիս Հադրութից տեղափոխող մեքենան հետդարձին խոցվեց, հասկացա, որ Աստծո կամքով մենք պետք է ապրենք, թեև՝ մեղքի զգացումով։
Շատերը գիտեին, թե ես բուժքույր եմ։ Մայրս էր բուժքույր, նրանից էի սովորել դեղերի նշանակությունը, ներարկելն ու վիրակապելը։ Առաջին զինվորը, որին օգնել եմ, Դավիթն էր, որն աչքերի, գլխի ու կրծքի շրջանում ծանր վնասվածքներ ուներ։ Մինչև հիվանդանոց հասնելը խոսել եմ հետը, որ գիտակցությունը չկորցնի։ Հեռուստատեսային մի հաղորդումից հետո Դավիթն ինձ գտավ ու ասաց, որ հիշում էր իմ ձայնը։ Այդ ամենն այնքան հուզիչ էր․ ծանր վիրավորումից հետո նա ապրեց ու ապացուցեց, որ պատերազմից հետո կյանքը շարունակվում է։
-Արցախի ապագան ինչպե՞ս ես տեսնում։
-Ցավոք, ոչ ոք հենց այնպես մեր հողերը չի վերադարձնելու… Հազարավոր ընտանիքներ, վախը սրտում, ապրում են այնտեղ՝ չթողնելով իրենց հայրենիքը։
Արցախում պատմությունն անընդհատ կրկնվում է։ Մի սերունդ մեծանում է, հասնում կյանքը վայելելու շրջանին, ու էլի պատերազմ է սկսվում։ Ճիշտ ռազմավարություն է պետք, վերջապես խաղաղություն է պետք։
-Խոսենք մոդելային կարիերայից։ Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել «Միսիս Եվրոպա-2022» մրցույթին։ Ըստ քեզ՝ ի՞նչը քո մեջ ամենաշատը գնահատեց ժյուրին։
-Սովորում էի Աննա Դեմիրխանյանի մոդելային դպրոցում, նրա առաջարկով էլ հայտ ներկայացրի։ Ժյուրին ամեն ինչի հանդեպ ուշադիր էր՝ հագուստի, պահվածքի, քո երկրի պատմության իմացության։ Ես խոսեցի որպես քաղաքացի, որպես մայր, որն ապրում է պատերազմող երկրում։ Բոլորն այնքան լուրջ էին ինձ վերաբերվում (ժպտում է․- հեղ․)։
Եվրոպացիների համար արտաքին գեղեցկությունն այնքան կարևոր չէ։ Նրանք ուզում էին տեսնել քո մարդ, կին տեսակը, քո դերը հասարակության, երեխայի դաստիարակության և այլ հարցերում։ Ոչ բոլոր աղջիկներն էին գեղեցկադեմ, բայց երբ լսում էիր նրանց կյանքի ու ծրագրերի մասին, նրանք քո աչքին փոխվում էին։
-Ինձ անձամբ տպավորել է հատկապես հայկական հարսանեկան սպիտակ տարազը։ Ի՞նչ սկզբունքով էիր ընտրել։
-Նախ՝ բրդե նախշերով այս տարազը կրել են արքայական ընտանիքի աղջիկները, հետաքրքիր էր նաև այն փաստը, որ դրա հետ գլխանոց չեն կրում։ Ըստ ավանդույթի՝ փեսան պետք է տեսներ հարսի արձակ վարսերը։ Ես հագուստը լրացրի ճակատազարդով։
-Վե՛րա, մրցույթի գլխավոր պայմաններից մեկն էր մայր լինելը։ Ի՞նչ է փոխել մայրությունը քո մեջ։
-Ես 20 տարեկանում եմ մայրացել, մեծացել եմ երեխայիս հետ։ Մենք ասես քույր-եղբայր լինենք․ խոսում ենք դեսից-դենից, իրար հույս տալիս։ Այն գիտակցումը, որ դու մայր ես, պատասխանատու ես նրա համար, ում լույս աշխարհ ես բերել, ինձ մեծ ուժ է տալիս։ Ուժ՝ ամեն առավոտ շուտ արթնանալու, առանց հոգնելու մինչև ուշ երեկո աշխատելու, քանի որ գիտես՝ տանը կլոր աչքերով մեկը քեզ հարցնելու է․ «Մա՛մ, ինձ ի՞նչ ես բերել»։
Ինձ թվում է՝ եթե մայր չլինեի, դժվար թե այս ամենին հասնեի։ Երբ գեղեցկության մրցույթից վերադարձա, որդիս պատմեց, որ ուսուցիչն իրեն կանգնեցրել է դասարանի մեջտեղում ու հայտարարել, որ Ալեքսանդրի մայրիկը մեր երկրի դրոշը բարձրացրել է երկրորդ հորիզոնականում։ Բոլորը ծափահարել էին։ Տղաս էլ խոստացավ, որ իր սպորտում ինձ համար մեդալ է բերելու։
Որքան էլ երեխային ուղղություն ցույց տաս, նա միշտ քեզ է կրկնօրինակում։
-Ինչպիսի՞ն է վիցե-գեղեցկուհու առօրյան, սննդակարգը, մաշկի խնամքը։ Համամի՞տ ես մոդելյոր Կոկո Շանելի այն տարածված մտքին, որ կինը նույնիսկ աղբ թափելիս պետք է հրաշալի տեսք ունենա։
-Դե, ամեն ինչ կախված է տրամադրությունից, հոգեվիճակից։ Կարող ես հարմար հագնվել, բայց լինել գեղեցիկ։ Հատուկ սննդակարգ չեմ պահում, շաբաթվա մեջ հնարավորինս ժամանակ եմ գտնում մարզասրահ գնալու։ Յոթ տարի զբաղվում եմ յոգայով։ Իրական կյանքում քիչ եմ շպարվում, աշխատանքային խիստ գրաֆիկի պատճառով երբեմն շպարվում եմ ճանապարհին՝ տաքսու մեջ (ժպտում է․- հեղ․)։ Հանգստյան օրերս հատկացնում եմ երեխայիս։
-Քո կարծիքով՝ ո՞րն է արցախցի կանանց գեղեցկության գաղտնիքը։
-Իրականում արցախցի աղջիկները թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ տարբերվում են։ Մեր համայնքները փոքր են, բոլորը միմյանց ճանաչում են, շատ ընտանիքներ ավանդապաշտ են։ Արցախում ամեն քայլափոխի հանդիպում ես միջահասակ ու բարձրահասակ աղջիկների։ Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված, միգուցե՝ բնության մեջ ու բնությանը մոտ ապրելով։ Օրինակ՝ ես ամբողջ կյանքում աղբյուրի ջուր եմ խմել։
-Գեղեցկության չափանիշներն այսօր շատ են փոխվել։ Ինչպե՞ս ես վերաբերվում պլաստիկ միջամտություններին։
-Կարծում եմ՝ մարդն առաջին հերթին ինքն իրեն պետք է դուր գա։ Իսկ մոդելային ասպարեզում աշխատելով՝ դու պետք է հասկանաս քո «թերությունները» և շտկես դրանք։ Եթե կան բարդույթներ, որոնք խանգարում են քեզ լիարժեք ապրել, և կա դրանցից ազատվելու հնարավորություն, ապա ինչու՞ ոչ։
-Խոսենք քո ոճի մասին։ Ի՞նչ ես կարծում՝ այսօր հայկական նորաձևությունը համաշխարհային մասշտաբով մրցունա՞կ է։
— Կյանքի բերումով շփվել եմ շատ տաղանդավոր դիզայներների հետ, որոնք բարձր ճաշակ կարող են թելադրել։ Սակայն միջոցներ չունենալու պատճառով առաջ չեն գնում։ Ինչ վերաբերում է իմ ոճին, չեմ վախենում կերպարանափոխությունից։ Նաև չեմ պատկերացնում իմ կյանքն առանց բարձրակրունկների ու զգեստների։
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես։
-Տարբեր ոլորտներից հրավերներ եմ ստանում։ Վերջերս Երևանի պետական համալսարանում էի, որտեղ սկիզբ դրվեց անապահով ընտանիքների աջակցության մի ծրագրի, որում նաև ես եմ ընդգրկված։ Արտերկրում աշխատելու առաջարկներ նույնպես եղել են, բայց հրաժարվել եմ։ Անկեղծ ասած՝ ինձ ավելի ապահով եմ զգում իմ հայրենիքում։ Բացի դրանից՝ երեխայիս չեմ ուզում երկար ժամանակ մենակ թողնել։
-Եթե ամփոփենք քո անցած ճանապարհը, ի վերջո, ո՞վ է Վերա Սաֆարյանը։
-Մի աղջիկ, որը փոքրուց հասկացել է, թե ինչ է ուզում, որի կյանքում չարությունն ու բամբասանքը տեղ չունեն։ Մի աղջիկ, որը հավատում էր, որ մարդն աշխարհը տեսնում է իր աչքերի գույնով։
Անի Անտոնյան
No Comments