Բութը` որպես տրոհության նշան, իր որոշ կիրառություններով մոտ է թվում ստորակետին, ինչը հաճախ կետադրական սխալների է հանգեցնում։ Պետք է հիշել, որ բութը բառերի ավելի անմիջական հարաբերություն է ընդգծում և ավելի թույլ, ավելի «զգայուն» տրոհում է ապահովում՝ մի տեսակ ուշադրություն հրավիրելու, որևէ նուրբ քերականական կապ «հուշելու»։ Եթե ստորակետը գլխավորապես կիրառում ենք հենց տարբեր խոսքային միավորներ իրարից անջատելու, առանձնացնելու համար (թվարկում, խոսքի աստիճանական զարգացում, քերականորեն հավասարազոր գործողությունների հաջորդականություն և այլն), ապա բութը հարաբերություն է շեշտում, կապ է ընդգծում։
Բութը կիրառվում է՝
1․ Բացահայտիչը բացահայտյալից տրոհելու համար․
Եղբայրս՝ Տիգրանը, դպրոցում բացառիկ առաջադիմություն էր ցուցաբերում։
Հակոբը՝ ընկերս, սովորում է բժշկական համալսարանում։
Ծնթ․—Բացահայտիչը նախադասության մյուս մասից անջատելու համար դրվում է ստորակետ, սակայն արտասանական դադարի անհնարինության դեպքում ստորակետ չի դրվում, օրինակ՝
Եղբորս՝ Տիգրանի վերարկուն է սա։
Տիգրանը՝ եղբայրս է առաջինը ներս մտել։
Ներսում՝ հյուրասենյակում նստած՝ նա անհամբեր սպասում էր հյուրի գալուստին։
2․ Նախադաս մասնական բացահայտիչից հետո և հետադասից առաջ․
Որպես բժիշկ՝ Հակոբյանը հիացնում է բոլորին։
Հակոբյանը՝ որպես բժիշկ, հիացնում է բոլորին։
3․ Տրոհվող նախադաս դերբայական դարձվածից հետո և հետադասից առաջ․
Ավարտելով ցանքսը՝ նա հոգնաբեկ ճանապարհ բռնեց դեպի տուն։
Նա հոգնաբեկ ճանապարհ բռնեց դեպի տուն՝ հայացքը հառած աստղազարդ երկնքին։
Ծնթ․ 1 — Միջադաս դերբայական դարձվածը երկու կողմից տրոհվում է ստորակետերով․ «Նա, ավարտելով ցանքս, հոգնաբեկ ճանապարհ բռնեց դեպի տուն»։
Ծնթ․ 2— Շաղկապին հաջորդող դերբայական դարձվածը կարելի է համարել թե՛ նախադաս, թե՛ միջադաս՝ կիրառելով այս կամ այն կետադրությունը․
Ա) Նա ցանքսն ավարտեց և հայացքը հառած աստղազարդ երկնքին՝ ճանապարհ բռնեց դեպի տուն։
Բ) Նա ցանքսն ավարտեց և, հայացքը հառած աստղազարդ երկնքին, ճանապարհ բռնեց տուն։
4․ Ըստ, նայած, չնայած, համապատասխան, համաձայն և նման կապերով ձևավորված նախադաս կամ հետադաս լրացումների տրոհման համար․
Ըստ նախնական տեղեկությունների՝ Վարդանը վթարի պահին դեպքի վայրում չէր եղել։
Վարդանը վթարի պահին դեպքի վայրում չէր եղել՝ չնայած ոմանց պնդումներին։
Ծնթ․ — Միջադաս կիրառության դեպքում նշված լրացումները երկու կողմից տրոհվում են ստորակետերով․ «Վարդանը, չնայած ոմանց պնդումներին, վթարի պահին դեպքի վայրում չէր եղել»։
5․ Անորոշ առումով թվարկված բազմակի ենթականերից առաջ․
Նյութական խոսքի մասերն են՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ։
Երկարության չափման միավորներ են՝ միլիմետր, սանտիմետր, մետր և այլն։
6․ Թվարկումից առաջ, եթե թվարկումը քերականորեն շարունակում է իրեն նախորդող նախադասությունը․
Կառավարման խորհուրդը քննարկեց՝
ա) ընկերության գործունեության առաջնային ուղղությունները,
բ) գործադիր տնօրենի լիազորությունները,
գ) աշխատանքային հաստիքները։
Ծնթ․ — Եթե թվարկմանը նախորդող նախադասությունը քերականորեն ավարտուն է, ապա թվարկումից առաջ դրվում է միջակետ․
Կառավարման խորհուրդը քննարկեց հետևյալ հարցերը․
ա․ ընկերության գործունեության առաջնային ուղղություններ,
բ․ գործադիր տնօրենի լիազորություններ,
գ․ աշխատանքային հաստիքներ։
7․ Նախադասության մեջ իրար չկապվող, բայց իրար հաջորդող բառերի միջև՝ իմաստային շփոթումից խուսափելու համար։
Դանդաղ ու աննկատելի՝ այգեստանը վերածվում էր գյուղակի։
Նրա՝ Արտաշատ գալու օրը ես տանը չէի։
Կանգնած՝ Արամը զարմացրեց բոլորին իր թիկնեղ հասակով։
8․ Թվարկում արտահայտող կամ մեկնաբանության նախորդող բառերի վրա՝ նախ, ապա, առաջին, երկրորդ այսպիսով, այն է, օրինակ, այսինքն, ուրեմն և այլն․
Նախ՝ դուք նրան սխալ եք հասկացել, երկրորդ՝ եթե անգամ սխալվել է, այդ սխալն ուղղելու հնարավորություն ունի։
Զբոսաշրջիկները Երևանից ուղևորվեցին դեպի ծիծաղի մայրաքաղաք, այն է՝ Գյումրի։
9․ Նախադասության մեջ կամ վերնագրերում զեղչված բառի փոխարեն։
Մեկը՝ թելադրում, մյուսը գրում է։
Մեսրոպ Մաշտոցը՝ մանկավարժ։
Գեղամին թվում էր՝ երազ է տեսնում։
10․ Հակիրճ արտահայտված ուրիշի ուղղակի խոսքը տրոհելու համար․
Արամն ասաց՝ կգամ։
Արմենն ասում էր՝ չեմ գա։
11․ Չկապակցված խոսքում՝ տեղեկույթ պահանջող բառի կամ բառակապակցության վրա․
Տնօրեն՝ Պողոս Պողոսյան
Փոխտնօրեն՝ Պետրոս Պետրոսյան
12․ Հետադաս նպատակի պարագայից առաջ, եթե այն անմիջապես չի հաջորդում ստորոգյալին․
Արամը գնում էր խանութ՝ հացի։
Նշան Աբասյան